Կանայք Հայաստանի Կառավարությունում. թվացյալ հավասարություն

Կանանց թիվը  ՀՀ  Կառավարության աշխատակազմում 2010-ից ի  վեր ավելացել է 39%-ից մինչև 45,8%, սակայն դա միայն թվացյալ հավասարություն է, քանի որ որոշումների ընդունման մակարդակում նրանք  պակասում են:  Դրա մասին են վկայում  քաղաքական և հայեցողական պաշտոններում կանանց ներկայացվածության մասին վերջին տվյալները:

 

Իհարկե, կան նախարարություններ, որտեղ մասնագիտական որոշումների համար պատասխանատու  վարչության պետերի զգալի մասը կանայք են (խոսքը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մասին է), բայց հստակ է ու անժխտելի՝ կանայք հազվագյուտ են  զբաղեցնում այնպիսի պաշտոններ, որոնք այս կամ այն բնագավառում քաղաքական և ռազմավարական նշանակության որոշումներ կայացնելու մակարդակ են համարվում:

 

Հայաստանի գործադիր իշխանության  քաղաքական պաշտոններում 20 նախարարներից ( ներառյալ աշխատակազմի ղեկավար-նախարարի) միայն 3-են կին (15%)՝ Արդարադատության նախարարը, Մշակույթի նախարարը և Սփյուռքի նախարարը: Դա մեծ ձեռքբերում է համարվում, քանի որ նախարարների կաբինետի կազմում  երբեք  երկուսից ավել կին-նախարար չի եղել:

 

Հետաքրքիր է, սակայն փաստ,  կին նախարարի ավելացման հետ մեկտեղ գրեթե կրկնակի պակասեց  կին  փոխնախարարների թիվը: Հայեցողական պաշտոններում մոտ  80 փոխնախարարներից  4-ն են կին (5%), թեպետ ոչ վաղ անցյալում նրանք 7- էին:

 

Ինչ վերաբերում է վարչապետի անմիջական շրջապատին, ապա փոխվարչապետը՝ Վաչե Գաբրիելյանն է, Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը Դավիթ Հարությունյանն է (վերջինիս երկու տեղակալներից մեկը  կին է): Հովիկ Աբրահամյանի չորս օգնականներից միայն մեկն է կին, իսկ ահա 9 խորհրդականների թվում կանայք  չկան: Անմիջական աշխատակազմից միայն մամուլի խոսնակն է կին:

 

Իրավիճակը քիչ թե շատ բարվոք է Կառավարության աշխատակազմի ստորաբաժանումներում՝ 21 ստորաբաժանումներից 7-ի պետերը կանայք են: Պետք է նշել, որ կանանց ներկայացվածությունը կառավարման մարմինների աշխատակազմերում չի դիտարկվում որպես կանանց մասնակցություն որոշումների ընդունման մակարդակում ՝ բացառությամբ քաղծառայության բարձրագույն պաշտոններից, որոնք որոշակի ազդեցություն ունեն որոշումների ընդունման գործընթացների վրա:

 

Ու թեպետ,   Նախարարությունների աշխատակազմերում  կանանց ամենաբարձր ներկայացվածությունը  Կրթության և  գիտության նախարարության կազմում  է՝ 67%, իսկ ամենացածրը ՝ տրանսպորտի և  կապի նախարարությունում ՝ 33%, սակայն քաղծառայության բարձրագույն պաշտոններ զբաղեցնող կանանց թիվը չի գերազանցում 14%-ը:

 

Ինչ վերաբերում է Կառավարությանն Առընթեր գործող վեց մարմիններին՝ ՀՀ Ոստիկանություն, Անշարժ գույքի կադաստր , Պետական գույքի կառավարում և այլն,  ապա այստեղ և ոչ մեկի ղեկավարը կին չէ:

 

Կանանց նման մասնակցությունը, ավելի ճիշտ՝ նրանց դե ֆակտո բացակայությունը գործադիրի կազմում հանգեցնում է նրան, որ կանայք ի պաշտոնե զրկված են նաև ներկայացված լինելու կարևոր հանձնաժողովներում: Օրինակ՝ ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովում, որի անդամները նախարարների տեղակալներ ու օգնականներ են, 25 անդամներից միայն 3-ն են  կանայք, այն էլ  ոչ կառավարության կազմից. «Հայկական կարմիր խաչի» ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը, «Ազնավուրը՝ Հայաստանին» կազմակերպության Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Մադլեն Մարտիրոսյանը  և «Հայ օգնության միություն» բարեգործական ՀԿ Հայաստանի շրջանային վարչության ատենապետուհի Նարինե Գալստյանը: Ավելորդ է նշել, որ վերջերս ստեղծված ՀՀ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում և ոչ մի կին չկա… Նույնիսկ ՀՀ վարչապետին կից  Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման հարցերով խորհրդի կազմում հավասարություն չկա. 18 անդամներից 5-ն են կին ( 28%):

 

Կառավարության միջանցքներով շրջայցն ավարտելով, հիշեցնենք, որ դեռևս  2011 թվականին  ընդունված ՀՀ գենդերային քաղաքականության  ռազմավարական ծրագրով (2011-2015 թ.թ.)  նախատեսվում էր.

 

«Ձեռնարկել հատուկ միջոցներ ապահովելու կանանց 30% ներկայացվածությունն օրենսդիր և գործադիր իշխանության մարմինների որոշումների ընդունման մակարդակներում»: Առ այսօր ծրագրի այս կետը դեռևս իրագործված չէ:

 

 Է. Մակարյան

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

 

Կանայք Հայաստանի Կառավարությունում. թվացյալ հավասարություն

Կանայք Հայաստանի իշխանությունում/ ինֆոգրաֆիկա-2016

Համայնքների խոշորացման արդյունքում ավագանու կին անդամների թիվը կրճատվել է/ լրացված

Քանի՞ կին պատգամավոր պետք է ներկայացված լինի Ազգային ժողովում:

2015-ի ընթացքում կին համայնքապետեր չեն ընտրվել

Նատալյա Վուտովա. «Կանայք պետք է ավելի շատ ներգրավված լինեն պետական պաշտոններում»

Խորհրդարանական կանայք. ինչպե՞ս են քվեարկել, ի՞նչ նախաձեռնություններով հանդես եկել

ՏԻՄ ընտրություններ-2016 եւ կանայք

 

Դիտումների քանակը` 4288

Գլխավոր էջ