Պատերազմի ընթացքում երեխաների հետ աշխատանքը փրկօղակի էր նման․ Գոհարիկ Տիգրանյան

 

«Սեպտեմբերի 27–ի առավոտյան, երբ սկսվեց պատերազմը, միայն մի միտք ունեի՝ ուզում էի օգտակար լինել սահմանին, ինչով կարող եմ, անգամ՝ ուտելիք պատրաստելով։ Հաջորդ երկու օրերը խորը անպետքության զգացումի 48 ժամեր էին»,– հիշելով Արցախյան 44–օրյա պատերազմը՝ ասում է Գոհարիկ Տիգրանյանը, ում պատերազմը կարճ ժամանակ անց պետքական դարձրեց տարբեր տեղերում՝ Արցախից տարհանված անձանց կացարանով ապահովման գործընթացից՝ մինչև Հայաստանում ժամանակավորապես ապաստանած արցախցի երեխաների համար ուսուցչություն։

 

 

Բայց այդ ամենը հետո էր․«Երբ պատերազմից ընդամենը 4 օր անց ընկերուհուս դիմեցի ու ստացա առաջարկ՝ մասնակցելու մի քննարկման, հասկացա, որ գնում եմ անհայտ ուղղությամբ, չգիտեի, թե ինչ պետք է անեմ։ Երբ տեղում էի, հասկացա, որ մարդիկ հավաքվել  և քննարկում էին Արցախից տեղահանվածների կեցության խնդրի լուծման տարբերակները։ Կարճ ժամանակ պահանջվեց հասկանալու, որ այդ պահից սկսած ինքս ևս պետք է զբաղվեի այդ խնդրի կարգավորմամբ»,– հիշում է նա։

 

 

Այդ ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում արդեն ձևավորվել էր մասնագետների և կամավորների խումբ, որի հիմնական գործառույթը Արցախից տեղահանված անձանց ժամանակավոր կացարաններով ապահովելն էր։ Գոհարիկը հիշում է, որ սկզբում թերահավատորեն էր վերաբերում իր կարողություններին, քանի որ աշխատանքը կապված էր մարդկային շփումների, անվերջ և անընդհատ թվացող հեռախոսային զանգերի, բանակցությունների հետ, իսկ ինքն իրեն միշտ ինտրովերտ է համարել։ Օրեր անց, սակայն հասկացավ, որ սեփական անձի մասին իր պատկերացումները սխալ են եղել․

 

 

«Հանկարծ հասկացա, որ մարդկային ամենաբարդ, հուզիչ պատմություններն ու զանգերն ինձ էին բաժին հասնում։ Ամեն զանգ՝ կացարանի խնդրանքով, մի ընտանիքի պատմություն էր՝ հաճախ կորուստներով ու սարսափներով։ Մի օր գործընկերներիցս մեկը ինձ հեռախոսահամար տվեց և ասաց, որ պետք է զանգահարել քաղաքացուն։ Երբ հարցերցի՝ ինչո՞ւ հենց ես, ասաց՝ «Զոհվածի կին է, բայց ամուսնու զոհվելու մասին դեռ չգիտի։ Նրա հետ խոսելու համար զգայուն ու ուժեղ է պետք լինել, քեզ նման»։ Դրանից հետո իմ ուժերին կասկածելու իրավունք չունեի»,– ասում է Գոհարիկը։

 

 

Կամավորական խմբում աշխատանքի առաջին շաբաթվա ընթացքում Գոհարիկը շուրջ 300 զանգ է ընդունել այն ընտանիքներից, ովքեր կացարան չունեին։ Խոստովանում է՝ դեպքեր են եղել, երբ բառ ասելն անգամ բարդ է եղել՝ հարազատ, սիրելի ու տուն կորցրած մարդկանց։

 

 

Հեկտեմբերի վերջից Գոհարիկը սկսեց աշխատել թիրախային խմբերի հետ՝ վիրավոր զինծառայողների ընտանիքների և հղի կանանց համար կացարաններ գտնելով։ Երբ կացարանների համակարգման խումբը համալրվեց նոր կամավորներով, Գոհարիկը հնարավորություն ստացավ նաև այլ տեղում օգտակար լինելու․ Շաբաթական երկու անգամ «Քաղաքականություն և հասարակություն» էր դասավանդում ժամանակավոր կացարաններից մեկում ապաստանած երեխաներին․

 

 

«Երեխաների հետ աշխատանքը ինձ օգնում էր վերացարկվել բոլոր այն պատմություններից, որոնք լսում էի կացարանների համակարգման խմբում։ Այդ աշխատանքն իմ փրկօղակն էր դարձել։ Փոքրիկների հետ աշխատելիս վախեր շատ ունեի․ խուսափում էի այն թեմաներից, որոնք կապված էին պատերազմի հետ։ Հիմա մտածում եմ՝ մենք ուղղակի արեցինք դա՝ դասասենյակի պատերից դուրս թողնելով պատերազմը»,– ասում է Գոհարիկը։

 

 

Ըստ նրա՝ Արցախյան 44–օրյա պատերազմը կոտրեց այն կարծրատիպը, թե կնոջ կարիքը ամենավերջում է զգացվելու։ Ինքն աշխատել է բազմաթիվ կանանց հետ, ովքեր կիսել են իր հետ առօրյա և չեն մտածել անձնական ապրումների մասին․

 

 

«Ես տեսել եմ կանանց ապրումները, ովքեր աշխատում էին ինձ հետ և կարող եմ ասել, որ երբեմն ինձ համար էլ անհասկանալի էր թվում՝ ինչպես ենք կարողանում մարսել այն ամենն, ինչ բերում էր տվյալ օրն իր հետ։ Ինձ թվում է՝ մեզանից յուրաքանչյուրն այս ընթացքում վերանայեց իր պատկերացումները սեփական ուժերի նկատմամբ»,– ասում է Գոհարիկը։

 

 

 Շուշանիկ Փափազյան

Դիտումների քանակը` 624

Գլխավոր էջ