Աղջիկները՝ հանուն մարդասիրական գաղափարների. Հայաստանում անցկացվեց բացառիկ հեքըթոն
Hacking for humanity – մարդասիրական այս կոչի ներքո «Girls in Tech» հասարակական կազմակերպությունը արդեն տաս տարի սոցիալական նորարարության հեքըթոններ է անցկացնում աշխարհի տարբեր ծայրերում՝ նպատակ դնելով միավորել բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող կանանց գլոբալ խնդիրների լուծման համար: Հայաստանում առաջին անգամ նման հեքըթոն անցկացվեց բոլորովին վերջերս: ISTC Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում հավաքվել էին մրցութային առաջին փուլը հաղթահարած և իրենց գաղափարով հեքըթոնի մասնակցության հնարավորություն ստացած 12 թիմեր՝ Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից։
Միջոցառման նախաձեռնողը Girls in Tech Հայաստան ՀԿ-ն էր, որը մասնակցության գլխավոր նախապայման էր սահմանել թիմերում առնվազն 50 % կանանց և աղջիկների ներգրավումը, սակայն արդյունքում շուրջ 70 մասնակիցներից ավելի քան 50-ը իգական սեռի ներկայացուցիչներ էին։
Girls in Tech -Հայաստանի հիմնադիր Սեդա Պապոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ «Girls in Tech» -ը ամբողջ աշխարհում հասարակական հիմունքներով գործող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 10 տարի առաջ՝ Սան Ֆրանցիսկոյում: Նպատակը մեկն էր՝ փորձել վերացնել կանանց և աղջիկների նկատմամբ խտրականությունը՝ նաև տեխնոլոգիների ոլորտում: Նախաձեռնությունը շատ արագ համակիրներ գտավ ու տարածվեց ողջ աշխարհում՝ ապացուցելով, որ կանանց նկատմամբ խտրականությունը, որ կա ողջ աշխարհում գրեթե բոլոր ոլորտներում, շատ ավելի նկատելի և զգալի է հենց ՏՏ ոլորտում»,- պատմում է Girls in Tech Հայաստանի հիմնադիր Սեդա Պապոյանը և հպարտությամբ նշում՝ 10 տարի անց շարժումն ավելի քան 60 մասնաճյուղ ունի՝ աշխարհի 35 երկրներում:
2016 թվականին Սեդան որոշեց լրջորեն զբաղվել ՏՏ ոլորտում կանանց ներգրավվածության խնդրով և կապեր հաստատեց Girls in Tech-ի գլխամասային գրասենյակի հետ: Տարեվերջին մասնաճյուղը պաշտոնապես գրանցվեց նաև Հայաստանում՝ հնարավորություն ստանալով օգտագործել ցանցի հնարավորություններն ու ռեսուրսները.
«Առաջին հայացքից թվում է՝ հայաստանյան ՏՏ ոլորտում կանայք և աղջիկները շատ լուրջ խնդիրներ չունեն: Իրականում, սակայն, ոլորտում մի շարք խորքային խնդիրներ կան, որոնց լուծմանն էլ ուղղված են մեր աշխատանքները: Առաջին խնդիրը, որին բախվում են աղջիկները, կրթական պրոցեսում հանդիպող խտրականությունն է, որի պատճառով էլ հաճախ աղջիկները թողնում են ոլորտը: Ամեն ինչ սկսվում է դպրոցից. երբ աղջիկն ընտրում է տեխնոլոգիաների ոլորտը, շատ հաճախ ստիպված է դեմ գնալ հասարակական կարծիքին, ընդունված կարծրատիպերին: Արդեն մասնագիտական կրթության մեջ, հատկապես, երբ աղջիկները կարողանում են ինքնադրսևորվել, ինչ-որ փուլում նրանց, միևնույն է, ասում են՝ «դա քո խելքի բանը չէ»: Եթե աղջիկներին, այնուամենայնիվ, հաջողվում է հաղթահարել այս խոչընդոտները և հասնել աշխատաշուկա, միևնույն է՝ նրանց, հիմնականում, բաժին են հասնում ոլորտի երկրորդական դերերը: Բուն ինժեներության և ծրագրավորման մեջ շատ քչերն են հայտնվում, որովհետև կանանց նկատմամբ վստահության պակաս կա»,- ասում է Սեդան:
Առաջնորդող դերերում կանանց պակասը զուտ հայկական ֆենոմեն չէ. այսպես է ամբողջ աշխարհում: Առաջնային օղակներում կանանց ներգրավվածության ամենաբարձր տոկոսը՝ մինչև 20 %, ԱՄՆ-ում ու Մեծ Բրիտանիայում է:
Girls in Tech-ը աշխատում է հիմքում ունենալով անգլերեն 3 E (engage, educate, empower) տառերի գաղափարախոսությունը՝ ներգրավվել, կրթել և ոգեշնչել: Սեդան համոզված է՝ եթե կանայք ունեն ցանկություն և կարողություն՝ աշխատելու և ստեղծելու՝ անկախ ոլորտից, նրանք պետք է ունենան դրա հավասար իրավունքը: Հենց այս գաղափարախոսությունն էր ընկած Hacking for humanity հեքըթոնի հիմքում:
Տարվա սկզբից նույն խորագրով միջոցառումներ են իրականացվել աշխարհի տարբեր երկրներում, հիմա հերթը Հայաստանինն է.
«Հեքըթոնին մասնակցության բաց հրավեր է եղել, միակ նախապայմանը թիմերում աղջիկների առնվազն 50 % ներգրավվածությունն էր: Արդյունքում՝ ստացված հայտերի 80 %-ը աղջիկների կողմից է: Սա արդեն ցուցանիշ է, ոչ միայն կանանց հետաքրքրվածության առումով, այլև՝ ընձեռնված հնարավորության բացառիկության:
Բաց հայտարարությանն արձագանքել էին 55 գաղափարների հեղինակներ, ինչպես նաև՝ 51 անհատներ, ովքեր դեռ չունեին սեփական գաղափարներ, սակայն պատրաստ էին աջակցել թիմերին՝ իրենց գիտելիքներով և փորձով»,- պատմում է Girls in Tech Հայաստանի հիմնադիրը:
Նրա խոսքքով, մասնակցության հրավեր ստացավ 10 գաղափար, որոնց միացան նաև Կոլբա Լաբի կրթական նախաձեռնության ընթացքում աչքի ընկած ևս երկու գաղափարներ: Թեմաները շատ տարբեր էին՝ առողջապահությունից՝ մինչև բնապահպանություն, գիտելիքի կառավարումից՝ մինչև նորարարական հյուրընկալություն:
Հեքըթոնի մյուս բացառիկությունն էլ այն է, որ մասնակիցներն իրենց գաղափարները զարգացրել և ավելի իրատեսական հիմքերի վրա են դրել արդեն փորձառու մենթորների օգնությամբ: Հայաստանում, որտեղ մենթորության ինստիտուտը դեռ սաղմնային փուլում է, սա կարևոր նախադեպ է:
Երկօրյա հեքըթոնի ավարտին կանանց գործարարության մրցանակը՝ 600.000 դրամ, ստացավ #Pepen թիմը՝ Արմավիրի Այգեկ գյուղից, որը կրթական ստեղծագործ ծրագիր է իրականացնում՝ իր ստեղծած խաղալիքները բջջային հավելվածի օգնությամբ անիմացիայի վերածելու միջոցով։ Նույն թիմը ստացավ նաև Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի հատուկ մրցանակներից մեկը՝ ISTC co-working տարածքի եռամսյա անվճար օգտագործման հնարավորություն։
Գլխավոր մրցանակը` 1.000.000 դրամի չափով, բաժին հասավ #HostingForHumanity թիմին, որը պատրաստվում է տուրիզմի զարգացմանը նպաստել հյուրընկալ ընտանիքների և մշակութային փորձառության միջոցով: Գլխավոր մրցանակակիր Լուսինե Կարապետյանը Վայքից է: Հեքըթոնին դիմել էր միայնակ՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել թիմերից մեկին, կամ՝ ընթացքում գտնել համակիրների ու առանձին թիմ ձևավորել: Թիմը ձևավորվեց հենց տեղում. Լուսինեին միացավ ևս մեկ աղջիկ Վայքից և մեկ տղա՝ Գյումրուց: Այսպես գաղափարն ի սկզբանե ընդգրկեց երկու մարզ:
«Ես արվեստաբան եմ, ծրագրավորման ոլորտի հետ ոչ մի կապ չունեմ: Հեքըթոնի մասին տեղեկացա շատ պատահաբար: Ունեի գաղափար, որն առաջացել էր տուրիզմով հետաքրքրվող սովորական մարդու մոտ: Անհատական հայտ ներկայացրեցի, որովհետև չունեի թիմ: Հեէըթոնը ինձ մի քանի բան տվեց՝ ինքնավստահություն, ինքս իմ ուժերին հավատալու, ավելի կոնկրետ լինելու ունակություն, ինչպես նաև՝ մարտահրավեր՝ դուրս գալ իմ կոմֆորտ միջավայրից ու ինձ համար կոնֆլիկտային միջավայրում նոր բան ստեղծել, հմտանալ ծրագրավորման, տնտեսագիտության, բիզնես մենեջմենթի մեջ»,- պատմում է Լուսինեն:
Ժյուրին ընտրությունը կատարել էր՝ հաշվի առնելով երեք չափորոշիչ՝ գաղափարի տեխնոլոգիական լուծումը, դրա ազդեցությունը հասարակության կյանքի որակի վրա, ինչպես նաև՝ շարունակականությունն ու կայունությունը՝ որպես բիզնես նախագիծ:
Մրցանակներից անմասն չմնացին հեքըթոնի նաև մյուս մասնակիցները: Այսպես, օրինակ, ՁԻՀ-ի մյուս հատուկ նվերը բաժին հասավ Վանաձորի ավագ դպրոցներից մեկի ռոբոտաշինության խմբակի սաներին, ովքեր իրենց գաղափարը Երևան էին բերել ուսուցչուհու հետ․ #Help թիմը հնարավորություն ստացավ երկու ամիս անվճար օգտագործել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի co-working տարածքը։
Սան Ֆրանցիսկոյում գործող Founder Institute հեղինակավոր start-up աքսելերացիայի ծրագրի մասնակցության կրթաթոշակ ստացավ #Siroon թիմը, որը պատրաստվում է զարգացնել գեղեցկության սրահների, դրանցում ծառայություն մատուցող տարբեր մասնագետների հետ կապի հնարավորությունները՝ մեկ միասնական հարթակում։
Բրյուսելաբնակ բիզնես և թվային մարկետինգի էքսպերտ Լուսի Սեթյանի կողմից 6-ամսյա մենթորության հնարավորության ստացավ #WooChess թիմը, որը փորձում է նոր մակարդակի հասցնել շախմատի էլեկտրոնային ուսուցումը։
Girls in Tech Հայաստանի հիմնադիր Սեդա Պապոյանը ուրախ է, որ հեքըթոնը կարևոր եղավ ոչ միայն նյութական, շոշափելի արդյունքի իմաստով, այլև՝ ՏՏ ոլորտի կանանց ու աղջիկներին ոգևորելու, ոգեշնչելու: Այն, որ սրանից հետո մի քանի կին ավելի ակտիվ քայլեր կանի ոլորտում, Սեդայի համար այլևս ակնհայտ է:
Սոնա Մարտիրոսյան
Դիտումների քանակը` 4529