«Տարեց լինելը մեր ապագան է, ուրեմն այնպես անենք, որ ունենանք հնարավորինս լավ ու առողջ ապագա»…
Երևանում մեկնարկեց գերիատրիայի (ծերաբուժության) երկրորդ միջազգային կոնգրեսը
«Եթե գոյություն ունի մանկաբուժություն, հետևաբար, պետք է գոյություն ունենա մի մասնագիտություն, որը զբաղվում է տարեցներով: Ստացվում է, որ երեխաներով զբաղվող բժիշկներ կան, իսկ տարեցներով մասնագիտացած բժիշկներ չկան»,- WomenNet.am-ի հետ զրույցում ասում է «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Լիլիթ Մուրադյանը: Նրա խոսքով, ԱՄՆ-ում, եվրոպայում այլ զարգացած երկրներում այդ փորձը կա և նրանք ունեն առանձին մասնագիտություն՝ գերիատր (ծերաբույժ):
Այսօր «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա» ՀԿ-ն, «Գերիատրիայի և գերոնտոլոգիայի հայկական ասոցիացիան» և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը մեկնարկեցին երկրորդ միջազգային համաժողովը՝ ուղղված ծերաբուժության խնդիրներին և Հայաստանում ծերաբուժության զարգացմանը։ Համաժողովի այս տարվա կարգախոսն է՝ «Կյանք տանք տարիներին և ոչ թե միայն տարիներ՝ կյանքին»։
Լիլիթ Մուրադյանի դիտարկմամբ, քանի որ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կանխատեսումներով 2050 թվականին տարեցների թիվը գերազանցելու է երիտասարդներին, մենք փաստի առաջ ենք կանգնելու, հետևապես արդիական է դառնում գերիատրիայի և գերոնտոլոգիայի զարգացումը և՜ բժշկական ծառայությունների ներդման, և՜ սոցիալական ծառայությունների տեսանկյունից:
Համաժողովի ընթացքում Մեծ Բրիտանիայից, Իսրայելից, ԱՄՆ-ից, Ռուսաստանի Դաշնությունից ժամանած հայտնի մասնագետները ներկայացրեցին տարեց հասակին բնորոշ հիվանդությունների առանձնահատկությունները։
Իսրայելից ժամանած Աննա Գիչկան, ով մասնագիտությամբ գերիատոր է, ասաց, որ ծերացումն ու դրա տարբեր փուլերոմ գտնվող տարեց մարդիկ ունեն ֆիզիոլոգիական և հոգեբանական մի շարք առանձնահատկություններ, որոնք հաշվի առնելով էլ պետք է կազմակերպել նրանց խնամքն ու բուժօգնությունը: Նրա խոսքով, միջավայրն էլ, որտեղ ապրում է տարեց մարդը, պետք է հարմարեցնել նրան. «Մենք փորձում ենք անընդհատ գեղեցկացնել մեր տունը, նոր իրերով կահավորել, գորգեր փռել, բայց հատկապես՝ գորգերը մեծ վտանգ են ներկայցնում տարեցների համար, նրանք կարող են սայթաքել ու վայր ընկնել՝ կոտրելով մարմնի մասերը, որոնք ծերության պատճառով փխրուն են դարձել: Հայաստանում հատկապես՝ շատ գեղեցիկ գորգեր կան և բնակարաններում հաճախ են գորգ փռում, բայց այն ամենն, ինչ խանգարում է նրանց տեղաշարժմանը, պետք է ճանապարհից հեռացնել»:Աննա Գիչկան ուշադրություն է հրավիրում նաև զուգարանի, լոգարանի կահավորանքին, որտեղ սալիկապատ է և սայթաքելու վտանգն ավելի մեծ է:
Համաժողովին ներկա պրոֆեսոր Ֆինբար Մարտինը WomenNet.am-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանը համարվում է ծերացող երկիր, հետևապես առողջապահության համակարգն էլ պետք է ապագայի վերաբերյալ իր կանխատեսումները, ծրագրերն ու ռազմավարությունները մշակելիս այս փաստը աչքի առաջ ունենա:
«Քանի որ բնակչությունը ծերանում է, ձեր բժիշկները, առողջապահության մասնագետները պետք է իրենց մտածողությունը փոխեն: Առաջինը՝ նրանք պետք է իմանան, որ տարեց մարդիկ ամենակարևոր հարցն են: Տարեց հասակին բնորոշ հիվանդություններ են առաջանում և մասնագետները պետք է իմանան դրան բնորոշ առանձնահատկությունները, որպեսզի կարողանան ճիշտ վարել, ճիշտ բուժել»,-ասաց պրոֆեսորը՝ նշելով, որ տարեցների պարագայում ճիշտ մոտեցում չէ կենտրոնանալ ու բուժել միայն մեկ հիվանդություն… Մեր հարցին՝ ի՞նչ պետք է անել, որ բնակչությունը հնարավորինս առողջ ծերանա, Ֆինբար Մարտինը պատասխանեց. «Դա կախված է անհատներից և հասարակությունից: Անհատներն ի՞նչ են անում: Ծխում են, ցածր եկամուտով պայմանավորված՝ վատ սնվում, ֆիզիկական ակտիվությամբ քիչ են զբաղվում և այդ ամենը, բնականաբար, դեր խաղում է»: Պրոֆեսորը նաև թվարկեց մեր տարածաշրջանին բնորոշ առողջական խնդիրներ՝ նշելով, որ սրտանոթային հիվանդությունները լուրջ վնասներ են հասցնում տարեցների առողջությանը: Ըստ նրա, մեր երկրում խնդիր է նաև տարեցների պատվաստման հարցը. «Տարեցներն անպայման պետք է պատվաստվեն մի շարք հիվանդությունների դեմ, այդ ամենը կնպաստի, որպեսզի մահացությունը նվազի»:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը նշեց, որ 2020-2024 թվականների ռազմավարության շրջանակներում նախատեսվում են մի շարք ծրագրեր. առաջինը՝ տարիների ընթացքում հրաժարվել մեծ հաստատություններից՝ տուն-ինտերնատներից անցնելով համայնքահեն փոքր տների։ Ըստ փոխնախարարի, երկրորդ կարևոր ծրագիրը, որը պետությունը իրականացնում է, այսպես կոչված «ցերեկային ակումբների» գաղափարն է, որոնք լինելու են բազմազան՝ առողջ ապրելակերպի, ակտիվ ծերության շուրջ։
«Մեկ այլ շատ կարևոր ծրագիր է սերունդների համերաշխության ակումբների գոյությունը, որի օրինակ կարող են հանդիսանալ ակումբները, որտեղ տարեցները կարող են իրենց գիտելիքները փոխանցել ավելի փոքր տարիքի քաղաքացիներին՝ դասապատրաստման կամ այլ միջոցներով»,-ասաց պարոն Գասպարյանը:
Նրա տվյալներով, այս պահին ՀՀ բնակչության 14 տոկոսը՝ 420 000 մարդ, 63-ն անց են. նրանցից 48 000-ն աշխատում են: Հայաստանի հինգ տուն-ինտերնատներում կա 1210 տարեց, որոնց խնամքը կազմակերպելու համար այս տարի, հատկացվել է 2 մլրդ 148 մլն դրամ: Բացի այդ, 4900 տարեցների համար էլ տնային խնամք է տարվում:
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփն ասաց, որ տարեցները միշտ նշանակալի դեր են խաղացել հասարակության մեջ` որպես առաջնորդներ, խնամատարներ և ավանդույթի պահպանողներ, այդուհանդերձ նրանք նաև շատ խոցելի են. «Շատերը հայտնվում են աղքատության մեջ, հաշմանդամություն են ձեռք բերում կամ բախվում են խտրականության… Հայաստանը, միջազգային չափանիշներով, ծերացող բնակչություն ունի. 2018-ին երկրում 65+ բնակչության մասնաբաժինը կազմել է 11,6%, և, ՄԱԿ-ի կանխատեսումներով, մինչև 2050 թվականը այն կհասնի 23%-ի… Տարեց լինելը մեր ապագան է։ Եկեք այնպես անենք, որ ունենանք հնարավորինս լավ, առողջ և պտղաբեր ապագա։ Եկեք կյանք տանք տարիներին և ոչ թե միայն տարիներ՝ կյանքին»:
Լուսինե Բուդաղյան
Դիտումների քանակը` 923