«Հավասարության սերունդ» ֆորում. Հայաստանն ընտրվեց «Տեխնոլոգիաներ և նորարարություն» կոալիցիայի առաջնորդ երկիր
Հուլիսի 1-ին Հայաստանն ընտրվեց «Հավասարության սերունդ» ֆորումի շրջանակներում ձևավորված «Տեխնոլոգիաներ և նորարարություն» գործողությունների կոալիցիայի առաջնորդ երկիր, այս մասին է հայտնում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը:
«Հավասարության սերունդ» ֆորումը գործում է Գենդերային հավասարության և կանանց առաջխաղացման պատասխանատու մարմնի՝ ՄԱԿ-Կանայք կառույցի (UN-Women), ինչպես նաև Ֆրանսիայի և Մեքսիկայի կառավարությունների նախաձեռնությամբ՝ քաղաքացիական հասարակության հետ սերտ համագործակցությամբ։
Նախաձեռնությունը միտված է պետությունների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության համագործակցության խթանմանը՝ Կանանց հարցերով համաշխարհային չորրորդ համաժողովի և դրա շրջանակներում ընդունված Պեկինի հռչակագրի և Գործողությունների ծրագրի 25-րդ տարելիցի համատեքստում։
Ֆորումը կառուցված է 6 թեմատիկ կոալիցիաների շուրջ, որոնք միտված են գենդերային հավասարության և կանանց իրավունքների կենսագործմանը և խթանմանը տնտեսական հզորացման, առողջապահության, կլիմայի, ինչպես նաև գենդերային բռնության կանխարգելման, ֆեմինիստական շարժումների և առաջնորդության ոլորտներում։
Կոալիցիաների առաջնորդների կազմում ընդգրկված են թվով 20 երկրներ, ՄԱԿ համակարգի մաս կազմող և միջազգային այլ կառույցներ, բարեգործական կառույցներ, ինչպես նաև ոլորտում հայտնի հասարակական կազմակերպություններ։
Առաջնորդների ընտրությունը կայացվել է համապատասխան թեմատիկ ոլորտում թեկնածուների հանձնառության դրսևորման, ոլորտում արձանագրած առաջընթացի և այլ չափանիշների հիման վրա։ Տեխնոլոգիաների և նորարարության ուղղությամբ թեմատիկ կոալիցիայի համար առաջնորդության իր թեկնածությունն առաջադրելիս՝ Հայաստանը ներկայացրել է ՀՀ կառավարության առաջնահերթություններն` ուղղված կանանց իրավունքների պաշտպանության, քաղաքական և տնտեսական ոլորտներում կանանց դերի բարձրացմանը, ինչպես նաև տեխնոլոգիաների ու նորարարության ոլորտներում ՀՀ արձանագրած առաջընթացն ու հանձնառությունները։
«Տեխնոլոգիաների և նորարարության» թեմատիկ կոալիցիայի աշխատանքներն ուղղորդվելու են առաջնորդ ընտրված 3 երկրների՝ Հայաստանի, Ֆինլանդիայի և Թունիսի կողմից, ՄԱԿ մանկական հիմնադրամի /UNICEF/ և Հեռահաղորդակցության միջազգային միության /ITU/ հետ համագործակցությամբ։
«Հավասարության սերունդ» ֆորումի շրջանակներում նախաձեռնվում է նաև Կանանց, խաղաղության, անվտանգության և մարդասիրական գործողության վերաբերյալ նորարարական համաձայնագրի մշակումը, որը միտված է ռեսուրսների ներդրմանը` խաղաղության, անվտանգության և մարդասիրական գործողությունների ապահովման նպատակով։ Համաձայնագիրը կամրապնդի արդեն իսկ առկա նախաձեռնությունների և համագործակցությունների համակարգումը՝ վերահաստատելով կանանց և երիտասարդների մասնակցության կարևորությունը խաղաղության, անվտանգության և մարդասիրական գործընթացներին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Կանանց, խաղաղության և անվտանգության վերաբերյալ 1325 բանաձևի ընդունումից 20 տարի անց։
Հավելյալ տեղեկատվությունը հասանելի է «Հավասարության սերունդ» ֆորումի կայքում։
Հիշեցնենք, որ «Հավասարության սերունդը» գլոբալ ֆորումը նախատեսվում էր անցկացնել 2020 թվականին Մեխիկոյում և Փարիզում, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով այն տեղափոխվել է հաջորդ տարի և անցկացվելու է 2021 թվականի առաջին կեսին:
«Հավասարության սերունդը» ֆորումը քաղաքացիական հասարակության գլոբալ միջոցառում է, որը կազմակերպում է ՄԱԿ-Կանայք կառույցը՝ Ֆրանսիայի և Մեքսիկայի կառավարությունների հետ համագործակցությամբ: Համաժողովի նպատակն է նոր լիցք հաղորդել ողջ աշխարհի ֆեմինիստական և կանանց շարժումներին, համախմբել երիտասարդ առաջնորդներին, այդ թվում՝ տղամարդկանց, «Գործողությունների կոալիցիաների» շուրջ:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Պեկին+ 25. «Կանանց իրավունքների ոլորտում առաջընթացն այնքան էլ հեռուն չի գնացել»
«Աշխարհը չի կարող այդքան քիչ կին ունենալ իշխանության մեջ». զեկույց
Մարտի 8-ի կարգախոսը՝ «Ես հավասարության սերունդն եմ. իրագործե՛նք կանանց իրավունքները»
ՄԱԿ-ը կրճատել է Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 64-րդ նստաշրջանը կորոնավիրուսի պատճառով
Դիտումների քանակը` 2212