Առաջարկներ ՀՀ Կառավարությանը կանանց քաղաքական մասնակցությունն ընդլայնելու վերաբերյալ
ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ -ի հայաստանյան գրասենյակների նախաձեռնությամբ ստեղծված եւ 2011-ից գործող Գենդերային թեմատիկ խումբը, որը միավորում է խնդրով զբաղվող պետական, միջազգային եւ հասարակական կառույցների ներկայացուցիչներին ու փորձագետներին, հանդես է եկել կանանց քաղաքական մասնակցությունն ընդլայնելու վերաբերյալ մի շարք առաջարկներով : Առաջարկների մեծ մասը վերաբերվում է Ընտրական օրենսգրքում փոփոխություններին : Դրանք ներկայացվել են ՀՀ Վարչապետին կից Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման հարցերով խորհրդին: Նշենք, որ առաջարկները ներկայացվել են մինչ Ընտրական օրենսգրքի նոր նախագծի հրապարակումը, սակայն չենք կորցրել իրենց արդիականությունը, քանի որ նշված հարցերով նախագծում առկա մոտեցումները փոփոխության չեն ենթարկվել:
Ներկայացնում ենք առաջարկներն ամբողջությամբ.
Գենդերային թեմատիկ խմբի անդամները`
– քննարկելով ընտրական գործընթացներում կանանց մասնակցության բարձրացման հիմնախնդիրը,
– հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում գործող օրենքներն ու փաստաթղթերը կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման վերաբերյալ,
– ի նկատի ունենալով մի շարք միջազգային փաստաթղթերի շրջանակում Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները` կանանց քաղաքական իրավունքների լիարժեք իրացման և որոշումների ընդունման մակարդակում, այդ թվում` ընտրովի մարմիններում, կանանց ներկայացվածության որոշակի ցուցանիշներ ապահովելու վերաբերյալ,
– վերլուծելով Հայաստանում 1995-ից տեղի ունեցած բոլոր խորհրդարանական և ՏԻՄ ընտրությունների փորձը և հիմնվելով կանանց քաղաքական մասնակցության վերաբերյալ հանրապետությունում անցկացված հետազոտությունների արդյունքների վրա,
– հաշվի առնելով այն, որ ուժի մեջ մտած ՀՀ Սահմանադրության փոփոխությունների համատեքստում արդեն իսկ սկիզբ է առել ՀՀ Ընտրական օրենսգրքի բարեփոխման գործընթացը,
հանդես են գալիս մի շարք առաջարկություններով, որոնք նպատակաուղղված են ընտրովի մարմիններում կանանց ներկայացվածության բարձրացմանը.
- Փոփոխության ենթարկել գործող ՀՀ Ընտրական օրենսգրքի Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուների առաջադրմանը վերաբերող 108-րդ հոդվածի 2-րդ կետով (Ընտրական օրենսգրքի նոր նախագծով հոդված 84, կետ3 եւ 9 ) ամրագրված դրույթը, այն է.
«…Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով կուսակցության, կուսակցությունների դաշինքի և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ընտրական ցուցակի 2-րդ համարից սկսած ցանկացած ամբողջ թվով հնգյակներում (2-6, 2-11, 2-16 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 80 տոկոսը…»,
դրա փոխարեն ամրագրելով հետևյալ ձևակերպումը`
«…Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով կուսակցության, կուսակցությունների դաշինքի և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ընտրական ցուցակի 1-ին համարից սկսած ցանկացած ամբողջ թվով եռյակներում (1-3, 1-6, 1-9 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 70 տոկոսը…»:
- Նախատեսել մեխանիզմներ, որոնք երաշխավորում են քվոտայի պահպանումը ընտրական գործընթացի բոլոր փուլերում և դե-ֆակտո ընտրված մարմնում, մասնավորապես, ամրագրելով ՀՀ Ընտրական օրենսգրքում կամ նախատեսելով այլ ընթացակարգերով հետևյալ դրույթը.
«Կուսակցությունների ցուցակներում քվոտայից օգտվող թեկնածուի ինքնաբացարկի միջոցով մանդատից հրաժարվելու դեպքում նրա տեղը պետք է զբաղեցնի ցուցակում ընդգրկված քվոտայից օգտվող հաջորդ թեկնածուն»:
- Փոփոխության ենթարկել նաև գործող ՀՀ Ընտրական օրենսգրքի Երևանի ավագանու անդամի թեկնածուների առաջադրմանը և գրանցմանը վերաբերող 155-րդ հոդվածի 2-րդ կետով (Ընտրական օրենսգրքի նոր նախագծով հոդված 128, կետ2 ) ամրագրված դրույթը, այն է.
«…Կուսակցության, կուսակցությունների դաշինքի և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ընտրական ցուցակի 2-րդ համարից սկսած` ցանկացած ամբողջ թվով հնգյակներում (2-6, 2-11, 2-16 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 80 տոկոսը…»,
դրա փոխարեն ամրագրելով հետևյալ ձևակերպումը `
«…Կուսակցության, կուսակցությունների դաշինքի և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ընտրական ցուցակի 1-ին համարից սկսած` ցանկացած ամբողջ թվով եռյակներում (1-3, 1-6, 1-9 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 70 տոկոսը…»:
- Հանրապետության խոշոր քաղաքային և խոշորացված համայնքների ՏԻՄ ընտրություններում անցում կատարել համամասնական կամ խառը ընտրակարգին` ամրագրելով հետևյալ դրույթները.
– «կուսակցությունների ցուցակներում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 70 տոկոսը» և
– «կուսակցությունների ցուցակներում քվոտայից օգտվող թեկնածուի ինքնաբացարկի միջոցով մանդատից հրաժարվելու դեպքում նրա տեղը պետք է զբաղեցնի ցուցակում ընդգրկված քվոտայից օգտվող հաջորդ թեկնածուն»:
- ՀՀ Ընտրական օրենսգրքում վերը նշված փոփոխությունները զուգորդել կանանց քաղաքական մասնակցության ընդլայնմանն ուղղված այլ աջակցող միջոցների կիրառմամբ, այդ թվում`
– ներդնել կանանց առաջընթացն ապահովող կուսակցությունների խրախուսման մեխանիզմներ, դրանով իսկ աջակցելով համապատասխան քաղաքականության և կանանց կադրային ռեզերվի ձևավորմանը կուսակցությունների ներսում,
– տարածել և կիրառել հանրապետության ՀԿ-ների կողմից կուտակված դրական փորձն ու հաջողված մոդելները` կին լիդերների բացահայտման և քաղաքականության մեջ նրանց ներգրավման, ընտրական գործընթացներում կանանց կարողությունների ու հմտությունների զարգացման և նրանց աջակցման ուղղությամբ,
– բացառել սեռով պայմանավորված խտրականության դրսևորումները քաղաքական դաշտում և նպաստել կանանց քաղաքական մասնակցության վերաբերյալ բացասական կարծրատիպերի հաղթահարմանը` ԶԼՄ-ների ակտիվ ներգրավմամբ:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
ՀԿ-ների ուղերձը կանանց քաղաքական մասնակցությունը ընդլայնելու վերաբերյալ
«Պահպանել ընտրված կանանց տեղերը կանանց համար»…
Ինչո՞ւ չաշխատեց քվոտայի մեխանիզմը
Ուղերձ կանանց քաղաքական մասնակցությունը ընդլայնելու վերաբերյալ
Ի՞նչ է նախատեսում Ընտրական օրենսգիրքը կուսակցությունների ցուցակներում կանանց ներկայացվածության մասով
Կառավարությունը հաստատեց նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը. այն կներկայացվի Ազգային ժողով
Կանայք Հայաստանի Կառավարությունում. թվացյալ հավասարություն
Կանայք Հայաստանի իշխանությունում/ ինֆոգրաֆիկա-2016
Համայնքների խոշորացման արդյունքում ավագանու կին անդամների թիվը կրճատվել է/ լրացված
Քանի՞ կին պատգամավոր պետք է ներկայացված լինի Ազգային ժողովում:
2015-ի ընթացքում կին համայնքապետեր չեն ընտրվել
Նատալյա Վուտովա. «Կանայք պետք է ավելի շատ ներգրավված լինեն պետական պաշտոններում»
Խորհրդարանական կանայք. ինչպե՞ս են քվեարկել, ի՞նչ նախաձեռնություններով հանդես եկել
ՏԻՄ ընտրություններ-2016 եւ կանայք
Դիտումների քանակը` 3743