Ինչու՞ է պետք պայքարել գենդերային կարծրատիպերի դեմ

 

Անցած տարվա վերջում  Ընդդեմ գենդերային բռնության 16-օրյակի շրջանակում  «Երկիր մեդիա» հեռուստաալիքով հաղորդումների շարք հեռարձակվեց, որոնց ընթացքում  քննարկվեցին  գենդերային հավասարությանը վերաբերող առանցքային հիմնախնդիրներ: Խոսվեց ընտանեկան բռնության և պտղի սեռի խտրական ընտրության մասին հասարակության , քաղաքականության և տնտեսության մեջ,  անվտանգության ոլորտում կանանց դերի և կարգավիճակի մասին: Բոլոր քննարկումների ժամանակ  կարմիր թելով  մի տեսակետ էր անցնում. այն է, որ  կնոջ նկատմամբ խտրականությունը պայմանավորված է նախևառաջ գենդերային կարծրատիպերով:

 

Ի՞նչ են ներկայացնում իրենցից գենդերային կարծրատիպերը, ի՞նչ մեխանիզմներով են դրանք ձևավորվում և վերարտադրվում, ի՞նչ հետևանքներ ունենում, ինչպե՞ս են ներազդում կանանց և տղամարդկանց վարքի վրա: Այս հարցերի պատասխանները քաջ ծանոթ են մասնագետներին, սակայն  հանրության լայն շրջանակների համար հավելյալ  պարզաբանման կարիք ունեն:

 

Գենդերային կարծրատիպերը մշակույթում ընդհանրացված բավական կայուն պատկերացումներ են կանանց և տղամարդկանց և համապատասխանաբար նրանց վարքի վերաբերյալ: Կարծրատիպերը ձևավորվում են ժամանակի ընթացքում կրոնի, բանահյուսության, առասպելաբանության, պատմական փորձի և տնտեսական զարգացման ներգործությամբ: Դրանք կարող են տարբերվել տարբեր մշակույթներում, տարբեր հասարակություններում և նույնիսկ նույն հասարակության տարբեր սոցիալական խավերի մոտ: Շատերը դրանք շփոթում են ազգային մտածելակերպի , մենթալիտետի հետ: Սակայն մենթալիտետը անփոփոխ է, այն ազգի էութենական բնութագրիչն է, իսկ կարծրատիպերը կարող են փոփոխվել ժամանակի ընթացքում քարոզչության, գովազդի, սոցիալ-քաղաքական տարբեր գաղափարների ներգործությամբ:

 

Յուրաքանչյուր հասարակություն «տղամարդկային»-ի և «կանացի»-ի վերաբերյալ յուրահատուկ չափորոշիչներ ունի, որոնց համապատասխան էլ սոցիալական տարբեր ինստիտուտների միջոցով կերտվում են «իսկական տղամարդկանց» և «իսկական կանանց» կերպարները: Դրանց շարքում առանձնահատուկ տեղ ունեն կրթական համակարգի ինստիտուտները և ԶԼՄ-ները:

 

Կարծրատիպերը սերմանվում են վաղ մանկությունից: Դպրոցում դա ավելի շատ կապված է դասագրքերի բովանդակության և ուսուցիչների գենդերային կարծրատիպերի հետ: Այս պահին մտաբերեցի իմ զրույցը Էջմիածնի դպրոցներից մեկի ուսուցչուհու հետ, ով ասում էր, որ իր ուշադրության կենտրոնում հիմնականում տղա երեխաներն են, քանի որ նրանցից  է կախված ազգի ապագան: Իմ դիտարկմանը, որ չէ որ աղջիկները հաճախ ավելի լավ են սովորում, նա պատասխանեց.  « Աղջիկները կամուսնանան և հավանաբար ամուսինների արգելքի պատճառով այլևս չեն աշխատի»:

 

Ինչ վերաբերում է դասագրքերին, հատկանշական է  «Հայոց պատմության» դասագրքերի օրինակը, որոնցում խիստ ընդգծված անհավասարակշռություն կա կին և տղամարդ պատմական դեմքերի ներկայացման հարցում: Գերակշռում են տղամարդիկ կամ տղամարդկային զբաղմունքների խորհրդանիշները: Կանայք, հայտնվելով պատմության ստվերում, դուրս են մնում նաև քաղաքականությունից և ձեռնարկատիրությունից, և երեխաների գիտակցության մեջ ամրագրվում է պատկերացում, թե այդ ոլորտներում դեր կարող են ունենալ միայն տղամարդիկ: Սովորողների գիտակցության մեջ ձևավորվում է միայն ակտիվ, նվաճող, պաշտպանող, ստեղծագործող տղամարդու կերպարը: Կարծիք է ձևավորվում, թե կանայք մշակույթում որևէ ներդրում չեն ունեցել և չունեն: Կանայք հիշատակվում են միայն այն դեպքում, երբ հանդես են գալիս տղամարդուն՝ հայրենիքի պաշտպանին հատուկ գործառույթներով (Փառանձեմ թագուհի, Այծեմնիկ, Սոսե մայրիկ…):

 

Գենդերային հավասարության անհրաժեշտության մասին դպրոցական տարիքում խոսվում է միայն «Հասարակագիտություն» առարկայի դասագրքերում, սակայն ինչպես է այն դասավանդվում ու բացատրվում  գենդերային թեմատիկայով  վերապատրաստում չանցած ուսուցիչների կողմից՝ մեծ հարց է:

 

Գենդերային կարծրատիպերի վերարտադրման հարցում կարևոր ազդեցություն ունեն նաև ԶԼՄ-ները: Ընդ որում դրանք կարող են նաև նույնքան կարևոր դեր խաղալ  կարծրատիպերի փոփոխման կամ հաղթահարման գործում; Հատկապես,  էկրանային տեխնոլոգիաները՝ հեռուստատեսությունն ու ինտերնետը, քանի որ արդի փուլում անհատը չափազանց շատ է ենթարկվում տեսալսողական մշակույթի ազդեցությանը:

 

Վերարտադրելով ավանդական գենդերային կարծրատիպերը, հասարակական գիտակցության մեջ ամրապնդում են կնոջ և տղամարդու իդեալի, կնոջ և տղամարդու հասարակական դերի մասին առկա պատկերացումները, ընդ որում, հաճախ կատարելով այս կամ այն գերիշխող քաղաքական ուժի պատվերը: Համաշխարհային պրակտիկայում ընդունված է, որ գենդերային կարծրատիպերի նկատմամբ վերաբերմունքը կախված է նրանից, թե որ քաղաքական ուժն է տվյալ պահին գտնվում իշխանության ղեկին` պահպանողական արժեքներ դավանող որևէ կուսակցություն, ազատական բարեփոխումներ իրագործող կուսակցությունը, սոցիալ-դեմոկրատները թե կոմունիստները: Ըստ այդմ,  ԶԼՄ-ները ազգային կամ պետական գաղափարախոսության ազդեցությամբ կարող են իդեալականացնել տնային տնտեսությամբ զբաղվող տանտիկնոջը կամ էլ աշխատավոր կնոջը, լավ մասնագետին, փորձագետին և այլն: Նույնը վերաբերվում է տղամարդկանց: ԶԼՄ-ների միջոցով կերտված տղամարդու իդեալական կերպարը կարող է լինել, օրինակ, պատերազմի կամ աշխատանքի հերոսը, հաջողակ ձեռնարկատերը, մարզիկը կամ  էլ քրեական աշխարհի ներկայացուցիչը:

 

ԶԼՄ-ների կողմից կերտվող  իդեալները իրականում  անհասանելի են և’ կանանց, և’ տղամարդկանց համար, և հաճախ լուրջ հոգեբանական հիմնախնդիրների, անլիարժեքության բարդույթի, անիմաստ և ուժերի գերլարում պահանջող մրցակցության պատճառ են դառնում: Օրինակ,  երիտասարդ աղջիկների արտաքին գեղեցկության չափազանց շեշտադրումը, գեղեցկության սեքսուալացումը, հատուկ չափորոշիչների գովազդումը բացասաբար են ազդում նրանց վրա: Ֆիզիկապես ուժեղ, հարուստ, կյանքի բոլոր հաճույքները վայելող, «կանանց տիրակալ» կամ քաղաքական մեծ կշիռ ունեցող տղամարդու կերպարը, որը հաճախ գովազդվում է ԶԼՄ-ներում, համանման դժվարություններ է առաջացնում պատանիների և տղամարդկանց մեջ և երբեմն լուրջ հոգեբանական ցնցումների պատճառ դառնում:

 

Առանձին  ուշադրության են արժանի  հեռուստատեսությամբ ցուցադրվող հայկական արտադրության սերիալները, որոնք  խեղված արժեքներ են ձևավորում՝ ամենաաղավաղված ինստիտուտը ընտանիքն է, ամուսին-կին կամ տղամարդ-կին հարաբերություններում քարոզվում է տղամարդ բռնարարի կերպարը, իսկ կանանց դեպքում գերիշխում է չաշխատող և միայն ամուսնության հարցով մտահոգ կնոջ կերպարը:

 

ԶԼՄ-ները կարող են «լռության շրջապտույտ» ստեղծել կանանց կերպարների շուրջ, արդյունքում ունենք հետևյալ պատկերը. 86%-ը այն մարդկանց, ում մասին կարդում են հայկական լրատվամիջոցներում, տղամարդիկ են,  ողջ տեղեկատվական հոսքի միայն 10%-ն է հատկացված կանանց,  փորձագիտական կարծիքը նույնպես պատկանում է տղամարդկանց՝ 8 տղամարդ փորձագետ և միայն 1 կին փորձագետ հարաբերակցությամբ:

 

ԶԼՄ-ներում հաճախ են հայտնվում  բացարձակ սեքսիստական կլիշեներ: Հատկապես կին քաղաքական գործիչներն են թիրախավորվում նման ձևով.

 

«…Բայց նաև կան կանայք, որ սեռական կյանքից չբավարարված` իրենց ճղելով նետվում են քաղաքական ասպարեզ»;

«Կինը միշտ մի քայլ պիտի հետ լինի կանգնած տղամարդուց…Նա թիկունքում պիտի լինի…» , ավելի չերևացող, բայց` գործունյա»;

«Կինը չպետք է խառնվի երկու տղամարդկանց խոսակցությանը, նույնիսկ պատգամավոր կինը…» և այլն:

 

Իհարկե, խոսքի ազատությունը մեծ արժեք է, բայց դա ԶԼՄ-ներին բացարձակապես չի ազատում գենդերային զգայուն մոեցումներ ցուցաբերելու պատասխանատվությունից, որն ի դեպ  ՀՀ  Գենդերային քաղաքականության հայեցակարգով և «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին ՀՀ օրենքով է ամրագրված:

 

ԶԼՄ-ների կողմից  վերարտադրվող գենդերային կարծրատիպերին  առանձնահատուկ անդրադարձ կա   Հայաստանի Հանրապետության կողմից ատանձնած մի շարք միջազգային  պարտավորություններում,  մասնավորապես  Պեկինի գործողությունների ծրագրի, Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին. ՄԱԿ-ի կոնվենցիայի շրջանակում: 

 

Ի՞նչ է պետք անել

 

Անցյալ տարի  Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեն  ՀՀ 5-րդ և 6-րդ պարբերական զեկույցները դիտարկելուց հետո անդրադարձ է կատարել  լրատվամիջոցներին  իր   եզրափակիչ դիտարկումներում՝  նշելով , որ ԶԼՄ-ները պետք է խթանեն կանանց` սոցիալական, տնտեսական և քաղաքական կյանքում որպես ակտիվ մասնակցի դրական ընկալումը և  պետությունը պետք է օժանդակի կանանց հավասարակշռված և ոչ կարծրատիպային կերպարի ստեղծմանը զանգվածային լրատվամիջոցներում: Անհրաժեշտ է, որ զանգվածային լրատվամիջոցները ձեռնպահ մնան կանանց` որպես անլիարժեք մարդկանց, կամ սեքսուալության օբյեկտ պատկերելուց, այլ ներկայացնեն նրանց որպես ստեղծագործ անհատներ, զարգացման գործընթացի առանցքային մասնակիցներ, որոնք իրենց ավանդն են բերում հասարակական կյանքի բոլոր ոլորտներում:

 

Կարևոր խնդիր է   անհանդուրժողության վերաբերմունքի  ձևավորումը  կանանց ու երեխաների նկատմամբ բռնության նկատմամբ:  Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ հայ հասարակությունը  հակված է արդարացնել բռնությունը:  Այս մասին են փաստում  2016-ին   հանրապետությունում   առաջին անգամ իրականացված  «Տղամարդիկ և գենդերային հավասարության հիմնախնդիրը Հայաստանում» հետոզոտության արդյունքները,ըստ որոնց    «Կինը ծեծի է արժանի որոշ դեպքերում » պնդմանը համաձայնել են հարցվածների 28%-ը: Այսինքն՝ հարցվածներից յուրաքանչյուր  4-րդը արդարացնում է բռնությունը:

 

ԶԼՄ-ները կարող են փոխել այդ վերաբերմունքը ՝  քարոզելով  ընտանեկան պարտականությունների հավասար բաշխման և փոխադարձ հարգանքի վրա կառուցվող ընտանիքի մոդելներ,   կարող են  նպաստել հավասարությանը ստեղծելով  կանանց դրական կերպարներ, որոնք  իրենց հարուստ կենսափորձն են բերում տարբեր  ոլորտներում:  

 

Անշուշտ կարծրատիպերի հաղթահարումը հեշտ գործ չէ, նաև ժամանակ պահանջող է: Սակայն այն արժե  իրագործել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կարծրատիպերից ազատ կանանց ու տղամարդկանց առաջընթացից կշահի հասարակությունը, կշահի երկիրը, որն ավելի լիարժեք կօգտագործի իր բոլոր քաղաքացիների ներուժը:

 

Լիլիթ Զաքարյան

 

***

 

Հոդվածը պատրաստվել է «Հայաստանում գենդերային հավասարության խթանումը և գենդերային բռնության դեմ պայքարը՝ հանրային կարծիքի փոփոխության միջոցով» ծրագրի շրջանակներում, որն իրականացվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատան և Եվրոպական Միության պատվիրակության ֆինանսավորմամբ:  Հոդվածում արտահայտված տեսակետները հեղինակինն են և կարող են չհամընկնել ծրագիրը ֆինանսավորող կողմերի տեսակետների հետ:

Դիտումների քանակը` 3111

Գլխավոր էջ