Gender Gap Report 2012. Հայաստանը նահանջել է գենդերային հավասարության ցուցանիշով / վիդեո

Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակել է «Աշխարհում գենդերային հավասարության ռեյտինգային աղյուսակը-2012» (The Global Gender Gap Report 2012) ամենամյա զեկույցը: Հայաստանը ցուցակի 92-րդ տեղում է՝ նահանջելով անցյալ տարվա համեմատ ութ կետով:

 

Հետազոտության մեջ  ներառված է 135 երկրի (որտեղ ապրում է մոլորակի բնակչության 90 տոկոսը) վերաբերյալ տեղեկատվություն: Նախորդ տարի զեկույցում ներառվել էր 132 երկիր, այս տարի ավելացել են Անգոլան, Թունիսն ու Զիմբաբվեն: Առաջին անգամ այս զեկույցը հրապարկվել է 2006-ին, այդ ժամանակ զեկույցում ներառված էր 111 երկիր:

 

Արդյունքները հիմնված են 4 հիմնական ոլորտներում (տնտեսությաւն, քաղաքականություն, առողջապահություն, կրթություն) կանանց և տղամարդկանց ներգրավվածության  վերաբերյալ  ցուցանիշների վրա:

 

Զեկույցի հեղինակները նշում են, որ իրենց նպատակն է պարզելու, թե կանանց ու տղամարդկանց միջև եղած «փոսը» որքանով է խորանում կամ հակառակը, և արդյոք կանայք կարողանում են հաղթահարել գենդերային անհավասարակշռությունը:  Այս տարվա զեկույցի  հիմնական եզրակացությունը՝ գենդերային կարծրատիպերը խոչընդոտում են տնտեսական զարգացումը:

 

 

Ընդհանուր առնմամբ, անցած տարվա ընթացքում կանանց ու տղամարդկանց հավասարության առումով 85 երկիր կարողացել են բարելավել իրենց դիրքերը, սակայն երկրներից ոչ մեկը րի կարողացել հասնել այս հարցում գենդերային հավասարության ցուցանիշի առավելագույն արժեքին :

 

 

Գենդերային հավասարության ռեյտինգը  գլխավորում է Իսլանդիան (0,86 ցուցանիշով): Առաջին տասնյակում են ՝ Ֆինլանդիան, Նորվեգիան, Շվեդիան, Իռլանդիան, Նոր Զելանդիան, Դանիան, Ֆիլիպինները, Նիկարագուան, Շվեյցարիան:

 

 

Հյուսիասային Եվրոպայի երկրների հաջողության գրավականն են՝ կանանց բարձր դիրքերը տնտեսական կյանքում, նրանց կարիերային աճի համար առկա բարենպաստ պայամանները: Այսպես, կանանց մասնակցության մասնաբաժինը աշխատանքի շուկայում այդ երկրներում ամենաբարձրն է աշխարհում, իսկ կանանց ու տղամարդկանց աշխատավարձերի տարբերությունն ամենացածրը, դրա հետ մեկտեղ կանայք բոլոր հնարավորույուններն ունեն ղեկավար պաշտոններ զբաղեցնելու: Զեկույցի հեղինակները շեշտում են, որ այդ ամենը հնարավոր է դարձել պետական հատուկ քաղաքականության շնորհիվ, որն և  ապահովում է կանանց ու տղամարդկանց համար  հավասար հնարավորություններ ռեսուրսների մատչելիության առումով:

 

Հայաստանը հիշյալ ցուցանիշների հիման վրա հայտնվել է ցուցակի 92-րդ տեղում:

 

ԱՊՀ անդամներից Ռուսաստանը հանգրվանել է 59-րդ հորիզոնականում, Ուկրաինան` 64-րդ, հարևան Վրաստանը, որն այլևս ԱՊՀ անդամ չէ, 85-րդ տեղում է, Տաջիկստանը`96-րդում, Ադրբեջանը` 99-րդում է, մյուս հարևանը` Թուրքիան 124-րդ տեղում է:

 

Ցուցակի վերջին տասնյակում են Եգիպտոսը, հարևան Իրանը, Մալին, Մարոկոն, Կոտ դ’ Իվուարը, Սաուդյան Արաբիան, Սիրիան, Չադը, Պակիստանը, Յեմենը:

 

 

Անդրդառանալով Հայաստանին նշենք, որ 2006 –ին մեր երկիրը զեկույցում ներառված չի եղել: 2007-ին 71-րդ տեղում էր, 2008-ին` 78, 2009-ին`90, 2010-ին` 84, 2011-ին` 84, իսկ այս տարի արդեն 92-րդում է:

 

 

Փաստորեն, ըստ զեկույցի հեղինակների, Հայաստանը նախորդ մի քանի տարիների համեմատ գենդերային հավասարության ցուցանիշով նահանջում է:

 

 

Ետընթացը հեղինակները բացատրում են տնտեսությունում կանանց ներգրավվածությամբ ու դրա համար անհրաժեշտ հնարավորությունների ցուցանիշի նվազմամբ:  Օրինակ, Հայաստանը այդ ցուցանիշով  այս տարի 76-րդ տեղում է, նախորդ տարվա 62-րդ տեղի փոխարեն: Նախորդ տարի Հայաստանի միավորները կազմում էին 0.658, իսկ այս տարի` 0,645:

 

Տնտեսության ոլորտում գենդերային հավասարության ցուցանիշը ստանալու համար հեղինակները հիմնվել են այնպիսի գործոնների վրա, ինչպիսիք են չափահաս կանանց գործազրկության մակարդակը, դուստերերի, այրիների ժառանգական իրավունքները, կանանց ներգրավածությունը սեփական բիզնեսին, վարկավորման ծրագրերին, կանանց ու տղամարդկանց աշխատավարձերի տարբերությունը  և այլն:

 

Հայաստանը ցածր դիրքերում է  կանանց քաղաքական մասնակցության ցուցանիշով , հատկապես կանանց ներկայացվածությամբ  քաղաքական որոշումների ընդունման մակարդակում` այս տարի  114-րդ տեղում է, նախորդ տարվա 108-րդի փոխարեն:

 

 

Միաժամանակ հեղինակները նշում են, որ Հայաստանը տարածաշրջանի չորս երկրներից մեկն է, որը առողջապահության մատչելիության և երկարակեցության ցուցանիշներով  միջինից ցածր  արդյունք է արձանագրել: Բավական բարձր են  Հայաստանի  դիրքերը կրթության ոլորտում՝ գենդերային հավասարության ցուցանիշով 25-րդն է, նախորդ տարվա 27-ի փոխարեն:

 

 

Զեկույցի հեղինակները նշում են, որ ցանկացած երկրի ու ինստիտուտի զարգացման բանալին մարդկային ներուժի, տաղանդների պահպանումն ու զարգացումն է: Մարդկային կապիտալի կեսը կանայք են: Ըստ այդմ կանանց և աղջիկների  կրթություն ստանալը, տաղանդը կատարելագործելը, գլոբալ տնտեսության, կրթության ու հասարակության մեջ առաջնորդ դառնալն երկիրն   առավել մրցունակ դարձնելու գործում հաջողության հասնելու հիմնական էլեմենտներից են: Կանանց ներուժի կատարելագործումը դարձել է ռազմավարական հրամայական բիզնեսի համար: Ֆորումն իր առաքելությունն է համարում լրացնել այս հարցերում եղած բացերն ու այդ առումով բարելավել աշխարհում առկա իրավիճակը:

 

 

Տղամարդկանց ու կանանց հավասարության հարցը կարելի է գրեթե փակված համարել առողջապահության ոլորտում, որտեղ  գենդերային հավասարության ցուցանիշը 96 տոկոս է, և կրթության ոլորտում` 93 տոկոս: Սակայն տնտեսության ու քաղաքականության ոլորտներում այդ ցուցանիշները զգալիորեն ցածր են հօգուտ տղամարդկանց, համապատասխանաբար 60 տոկոս և 20 տոկոս: Որևէ երկրում տնտեսության ոլորտում եղած այդ բացը լրացված չէ:

 

Պատրաստեց Հ. Կարապետյանը

 

 

Զեկույցին կարելի է ծանոթանալ այստեղ.

http://www.weforum.org/reports/global-gender-gap-report-2012

 

 

 

Դիտումների քանակը` 6381

Գլխավոր էջ