Gender Gap Index 2018. Հայաստանը զբաղեցրել է 98-րդ տեղը

Առնվազն  202 տարի կպահանջվի , որպեսզի աշխարհում տղամարդկանց ու կանանց իրավունքների լիարժեք հավասարություն լինի։ Նման եզրակացության է եկել Համաշխարհային  տնտեսական  ֆորումն իր   հրապարակած 2018-ի Գենդերային խզման գլոբալ  զեկույցում   (Global Gender Gap Report 2018 )։

 

 

Հիշեցնենք, որ գենդերային խզման  ցուցանիշը հաշվարկվում է Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից  2006 թվականից   4 առանցքային ոլորտներում՝  տնտեսական մասնակցություն և մասնագիտական աճի հնարավորություններ, կրթություն, առողջապահություն, ինչպես նաև քաղաքական մասնակցություն: Ցուցանիշը, ըստ էության,  արտացոլում է կանանց ու տղամարդկանց  հնարավորությունների միջև եղած  տարբերությունը  նշված ոլորտներից յուրաքանչյուրում: 

 

Մեկ տարվա ընթացքում ողջ աշխարհում քաղաքականության, առողջապահության, կրթության ոլորնտերում գենդերային հավասարության ցուցանիշները բարելավվել են 0.1 տոկոսով, ինչը նշանակում է, որ այդ ոլորտներում  հավասարության հասնելու համար ևս 108 տարի է պետք։ 

Սակայն տնտեսության ոլորտում գենդերային խզման առումով լուրջ խնդիր կա, այն ամենախնդրահարույցն է։ ՄԱԿ-կանայք կառույցի տարածաշրջանային կառույցի ղեկավար Աննա Կարին  Ջատֆորսը այս առումով նկատել է, որ 202 տարին շատ երկար է «տնտեսական արդարության» հասնելու համար։

 

Հայաստանը զբաղեցրել է 98-րդ տեղը՝ նախորդ տարվա 97-ի փոխարեն

 

 

Ըստ  այս տարվա զեկույցի, 149 երկրների շարքում Հայաստանը 98-րդն է։ Համեմատության համար նշենք, որ 2017-ին Հայաստանը զբաղեցրել էր  97-րդ տեղը աշխարհի 144 երկրների շարքում։  

 

 

Գենդերային խզման  ցուցանիշի  4 առանցքային ոլորտներից երեքում Հայաստանը հետընթաց է ունեցել։

 

 

 

Քաղաքական մասնակցության ցուցանիշներով (կանանց ու տղամարդկանց ներկայացվածություն կառավարման մարմիններում) Հայաստանը այս տարի հետընթաց է ունեցել՝ իր դիրքերը զիջել  է 4 կետով, 111-րդ տեղից տեղափոխվելով 115-րդ հորիզոնական։ Ընդ որում, կանայք խորհրդարանում ներկայացվածության մակարդակով Հայաստանը 96-րդ տեղում է, գործադիր մարմնում ներկայացվածության ցուցանիշով՝ 109-րդ տեղում է։  Նշենք, որ զեկույցի մեջ տեղ են գտել  2017-ի խորհրդարանական ընտրությունների ցուցանիշները, որոնք անցյալ տարի ապահովել էին Հայաստանի առաջընթացը, սակայն պետք է  հաշվի առնել այն համգամանքը, որ աշխարհն մեկ տարվա ընթացքում ավելի առաջ է գնացել օրենսդիր և գործադիր մարմիններում  կանանց ներկայացվածության առումով:  

 

 

Տնտեսության մեջ կանանց և տղամարդկանց հավասարության առումով Հայաստանը վաթարացրել է դիրքերը՝ նախորդ տարվա 71-րդ հորիզոնականի փոխարեն զբաղեցնելով  73-րդ տեղը։ Երրորդ տարին անընդմեջ այս ոլորտում հետընթաց է գրանցվում,  2016-ին Հայաստանը 69-րդ հորիզոնականում էր։

 

Գենդերային  հավասարության ամենալավ պատկերը կրթության ոլորտում է, այստեղ Հայաստանն առաջընթաց է գրանցել՝ նախորդ տարվա 42-րդ տեղից տեղափոխվելով 35-ը 149 երկրների շարքում։

 

Գենդերային խզման 4 ոլորտներից Հայաստանը ամենից վատ ներկայացված է առողջապահության ոլորտում, 149 երկրների թվում զբաղեցնում է 148-րդ տեղը։ Նախորդ տարի էլ նախավերջին՝ 143-րդ տեղում էր։

 

 

Այս ոլորտում վարկանիշի  կառուցվածքում հաշվի է առնվում   նորածինների սեռերի հարաբերակցությունը և հենց այդ  ցուցանիշի  զգալի շեղման   հետևանքով է Հայաստանը  զբաղեցնում, ըստ էության, համարյա վերջին տեղը: Հիշեցնենք, որ Հայաստանում նորածինների սեռերի հարաբերակցությունը  զգալի շեղված է բնականոնի  համեմատ  պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների պատճառով: Նման վատ ցուցանիշով Հայաստանն ընդգրկված է այնպիսի քառյակում, որի կազմում են Հնդկաստանը, Չինաստանն ու Ադրբեջանը։

 

Հետխորհրդային երկրների շրջանում գենդերային հավասարության հարցերով Հայաստանից առաջ են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Բելառուսը (28-րդ տեղ), Ղազախստանը (60 տեղ), Ռուսաստանը (75-րդ տեղ), Ադրբեջանը (97-րդ տեղ),  Ուկրաինան (65-րդ տեղ), Ղրղզստանը (86-րդ տեղ)։ Հարևան Վրաստանը մեկ հորիզոնականով զիջում է Հայաստանին, 99-րդ տեղում է։

 

 

Համաշխարհային ինդեքսի առաջատարներն են Իսլանդիան, Նորվեգիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Նիկարագուան։ Վերջին տեղերում են Չադը, Սիրիան, Իրաքը, Պակիստանն ու Եմենը։ Զեկույցում առաջին անգամ  ներառվել են Սիերա Լիոնեն, Տոգոն, Կոնգոն, Օմանը, Իրաքը։

 

 

 

Հ. Կարապետյան

 

 

Դիտումների քանակը` 1631

Գլխավոր էջ