Gender Gap Index-2016՝ Անհավասարությունը Հայաստանում վերացված է 67 տոկոսով

 

global-gender-gap-report-2016Համաշխարհային տնտեսական ֆորումը  հրապարակել է    2016–ի Գենդերային ճեղքվածքի գլոբալ զեկույցը   (Global Gender Gap Report 2016 ) , ըստ որի  Հայաստանը զբաղեցրել է 102–րդ  տեղը  144  երկրների թվում ՝ լավացնելով  դիրքերը  վարկանիշային ցանկում  երեք կետով  անցյալ տարվա համեմատ,երբ զբաղեցնում էր 105–րդ տեղը 145 երկրների շարքում:   

 

Նշենք, որ Գենդերային ճեղքվածքի ցուցանիշը հաշվարկվում է Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից  2006 թվականից   չորս առանցքային ոլորտներում՝ տնտեսություն, քաղաքականություն, կրթություն և առողջապահություն: Ցուցանիշը, ըստ էության,  արտացոլում է կանանց ու տղամարդկանց  հնարավորությունների միջեւ եղած  տարբերությունը  նշված ոլորտներից յուրաքանչյուրում: Անցած  տարիների ընթացքում Հայաստանը վատթարացնում էր  իր դիրքերը՝  71-րդ տեղից 128 երկրից ( 2007)  մինչեւ  105-րդ տեղը 145 երկրներից ( 2015 ): Վարկանիշի արժեքով , որը հաշվարկվում է 0 –ից (անհավասարություն )մինչեւ 1 (հավասարություն )սահմաններում, այդ ընթացքում  արձանագրված առաջընթացը  ընդամենը  0,003  էր: Այս տարի  վարկանիշի արժեքը աճել է անցյալ տարվա համեմատ 0,662  մինչեւ  0.669: Դա նշանակում է, որ գենդերային  անհավասարությունը  Հայստանում վերացված է 68 տոկոսով:

 

 

Նշենք, որ վարկանիշի միջին արժեքն աշխարհում 0.68 է, այսինքն  անահավասարությունը  աշխարհում հաղթահարված է  միջինում  68 տոկոսով: Վարկանիշային աղյուսակի առաջին տեղը զբաղեցնող Իսլանդիայի դեպքում գենդերային բացը վերացված  է  87.4 տոկոսով: Ընդհանուր առմամբ, 144 երկրից 65-ը վերացրել են անհավասարությունը 70-80 տոկոսով, եւս 65-ը ՝  60-70 տոկոսով եւ 10 երկիր  50-60 տոկոսով:  50-ից ցածր  ցուցանիշ ոչմի երկիր չունի:

 

 

Ո՞ր ոլորտների հաշվին է  Հայաստանը բարելավել իր դիրքերը: Առավել բարենպաստ են կրթության ոլորտի ցուցանիշները՝ կրթության մատչելիության առումով Գենդերային ճեղքվածքի ցուցանիշը Հայաստանում  նվազագույն է, ինչը վարկանիշային ցուցակում ապահովում է Հայաստանին 27-րդ տեղը ,   անցյալ տարի  Հայաստանը  35 –րդ տեղում էր:

 

 

Տնտեսական գործունեության ոլորտում գենդերային անհավասարակշռության  ցուցանիշներով (տղամարդկանց և կանանց զբաղվածության մակարդակի հարաբերակցություն, հավասար վարձատրությունը հավասար աշխատանքի դիմաց և այլն) Հայաստանը վարկանիշի արժեքով առաջադիմել է եւ 69 –րդ տեղում է, անցյալ տարի  79 – րդ տեղում էր:

 

 

Գենդերային ճեղքվածքի ցուցանիշի կառուցվածքում առավել խնդրահարույց են քաղաքականության և առողջապահության ոլորտները, թեպետ վարկանիշի արժեքը այդ ոլորտներում չի փոխվել: Առողջապահության ոլորտում Հայաստանը 143-րդ տեղում է, անցյալ տարի 144-րդ տեղում էր: Այս ոլորտում վարկանիշի  կառուցվածքում հաշվի է առնվում   նորածինների սեռերի հարաբերակցությունը եւ հենց այդ  ցուցանիշի  զգալի շեղման   հետեւանքով է Հայաստանը  զբաղեցնում , ըստ էության, վերջին տեղը: Հիշեցնենք, որ Հայաստանում նորածինների սեռերի հարաբերակցությունը  զգալի շեղված է բնականոնի  համեմատ  պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների պատճառով:

 

 

Քաղաքական մասնակցության ցուցանիշներով (կանանց ու տղամարդկանց ներկայացվածություն կառավարման մարմիններում) Հայաստանը եւ՛ անցյալ տարի, եւ՛  այս տարի  125-րդ տեղում է: Հիշեցնենք, որ խորհրդարաններում կանանց ներկայացվածության միջին  ցուցանիշը  այժմ արդեն համարյա  23 %  է, իսկ Հայաստանում այն ավելի քան կրկնակի ցածր է՝ 10 տոկոս է, ինչը չի կարող չանդրդառնալ երկրի վարկանիշի վրա:

 

Նշենք, որ Gender Gap Index -ը աշխարհում կարեւորվում է նրանով, որ   բացահայտում է   կանանց ներուժի անարդյունավետ օգտագործումը տվյալ երկրի  զարգացման գործընթացներում եւ    ցույց է տալիս  գենդերային անհավասարության և երկրի մրցունակության միջև անմիջական կապը:

 

Ինչպես եւ նախորդ տարիներին   Հյուսիսային Եվրոպայի երկրները կրկին առաջ են անցել աշխարհի մյուս պետություններից առաջատար դիրքեր  զբաղեցնելով վարկանիշային ցուցակում: Առաջին հնգյակում են   ՝ Իսլանդիան, Ֆինլանդիան,  Նորվեգիան, Շվեդիան  եւ  Ռուանդան: Ցուցակը եզրափակում են Սիրիան, Պակիստանը եւ Յեմենը:  Վրաստանը զբաղեցրել է 90-րդ տեղը,  անցյալ տարի 85-րդն էր , Ադրբեջանը՝ 86-րդ ,  անցյալ տարի  94-րդն էր, Ռուսաստանը,  ինչպես եւ անցյալ տարի 75-րդ տեղում է: Ընդհանուր առմամբ , 68 երկիր վատթարացրել են  իրենց դիրքերը, 74-ը  լավացրել, այսինքն նվազեցրել գենդերային ճեղքվածքը: «Այդ պատճառով միանշանակ ասել, թե գենդերային հավասարության համար բարենպաստ տարի է եղել, չի կարելի», – փաստում են զեկույցի հեղինակները:

 

Հայաստանի տվյալներն առավել մանրամասն այստեղ 

 

Զեկույցն ամբողջությամբ այստեղ

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Պատրա՞ստ եք սպասել 229 տարի գենդերային անհավասարությունը հաղթահարելու համար

 

Դիտումների քանակը` 4520

Գլխավոր էջ