Gender Gap Index-2016՝ Անհավասարությունը Հայաստանում վերացված է 67 տոկոսով
Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակել է 2016–ի Գենդերային ճեղքվածքի գլոբալ զեկույցը (Global Gender Gap Report 2016 ) , ըստ որի Հայաստանը զբաղեցրել է 102–րդ տեղը 144 երկրների թվում ՝ լավացնելով դիրքերը վարկանիշային ցանկում երեք կետով անցյալ տարվա համեմատ,երբ զբաղեցնում էր 105–րդ տեղը 145 երկրների շարքում:
Նշենք, որ Գենդերային ճեղքվածքի ցուցանիշը հաշվարկվում է Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից 2006 թվականից չորս առանցքային ոլորտներում՝ տնտեսություն, քաղաքականություն, կրթություն և առողջապահություն: Ցուցանիշը, ըստ էության, արտացոլում է կանանց ու տղամարդկանց հնարավորությունների միջեւ եղած տարբերությունը նշված ոլորտներից յուրաքանչյուրում: Անցած տարիների ընթացքում Հայաստանը վատթարացնում էր իր դիրքերը՝ 71-րդ տեղից 128 երկրից ( 2007) մինչեւ 105-րդ տեղը 145 երկրներից ( 2015 ): Վարկանիշի արժեքով , որը հաշվարկվում է 0 –ից (անհավասարություն )մինչեւ 1 (հավասարություն )սահմաններում, այդ ընթացքում արձանագրված առաջընթացը ընդամենը 0,003 էր: Այս տարի վարկանիշի արժեքը աճել է անցյալ տարվա համեմատ 0,662 մինչեւ 0.669: Դա նշանակում է, որ գենդերային անհավասարությունը Հայստանում վերացված է 68 տոկոսով:
Նշենք, որ վարկանիշի միջին արժեքն աշխարհում 0.68 է, այսինքն անահավասարությունը աշխարհում հաղթահարված է միջինում 68 տոկոսով: Վարկանիշային աղյուսակի առաջին տեղը զբաղեցնող Իսլանդիայի դեպքում գենդերային բացը վերացված է 87.4 տոկոսով: Ընդհանուր առմամբ, 144 երկրից 65-ը վերացրել են անհավասարությունը 70-80 տոկոսով, եւս 65-ը ՝ 60-70 տոկոսով եւ 10 երկիր 50-60 տոկոսով: 50-ից ցածր ցուցանիշ ոչմի երկիր չունի:
Ո՞ր ոլորտների հաշվին է Հայաստանը բարելավել իր դիրքերը: Առավել բարենպաստ են կրթության ոլորտի ցուցանիշները՝ կրթության մատչելիության առումով Գենդերային ճեղքվածքի ցուցանիշը Հայաստանում նվազագույն է, ինչը վարկանիշային ցուցակում ապահովում է Հայաստանին 27-րդ տեղը , անցյալ տարի Հայաստանը 35 –րդ տեղում էր:
Տնտեսական գործունեության ոլորտում գենդերային անհավասարակշռության ցուցանիշներով (տղամարդկանց և կանանց զբաղվածության մակարդակի հարաբերակցություն, հավասար վարձատրությունը հավասար աշխատանքի դիմաց և այլն) Հայաստանը վարկանիշի արժեքով առաջադիմել է եւ 69 –րդ տեղում է, անցյալ տարի 79 – րդ տեղում էր:
Գենդերային ճեղքվածքի ցուցանիշի կառուցվածքում առավել խնդրահարույց են քաղաքականության և առողջապահության ոլորտները, թեպետ վարկանիշի արժեքը այդ ոլորտներում չի փոխվել: Առողջապահության ոլորտում Հայաստանը 143-րդ տեղում է, անցյալ տարի 144-րդ տեղում էր: Այս ոլորտում վարկանիշի կառուցվածքում հաշվի է առնվում նորածինների սեռերի հարաբերակցությունը եւ հենց այդ ցուցանիշի զգալի շեղման հետեւանքով է Հայաստանը զբաղեցնում , ըստ էության, վերջին տեղը: Հիշեցնենք, որ Հայաստանում նորածինների սեռերի հարաբերակցությունը զգալի շեղված է բնականոնի համեմատ պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների պատճառով:
Քաղաքական մասնակցության ցուցանիշներով (կանանց ու տղամարդկանց ներկայացվածություն կառավարման մարմիններում) Հայաստանը եւ՛ անցյալ տարի, եւ՛ այս տարի 125-րդ տեղում է: Հիշեցնենք, որ խորհրդարաններում կանանց ներկայացվածության միջին ցուցանիշը այժմ արդեն համարյա 23 % է, իսկ Հայաստանում այն ավելի քան կրկնակի ցածր է՝ 10 տոկոս է, ինչը չի կարող չանդրդառնալ երկրի վարկանիշի վրա:
Նշենք, որ Gender Gap Index -ը աշխարհում կարեւորվում է նրանով, որ բացահայտում է կանանց ներուժի անարդյունավետ օգտագործումը տվյալ երկրի զարգացման գործընթացներում եւ ցույց է տալիս գենդերային անհավասարության և երկրի մրցունակության միջև անմիջական կապը:
Ինչպես եւ նախորդ տարիներին Հյուսիսային Եվրոպայի երկրները կրկին առաջ են անցել աշխարհի մյուս պետություններից առաջատար դիրքեր զբաղեցնելով վարկանիշային ցուցակում: Առաջին հնգյակում են ՝ Իսլանդիան, Ֆինլանդիան, Նորվեգիան, Շվեդիան եւ Ռուանդան: Ցուցակը եզրափակում են Սիրիան, Պակիստանը եւ Յեմենը: Վրաստանը զբաղեցրել է 90-րդ տեղը, անցյալ տարի 85-րդն էր , Ադրբեջանը՝ 86-րդ , անցյալ տարի 94-րդն էր, Ռուսաստանը, ինչպես եւ անցյալ տարի 75-րդ տեղում է: Ընդհանուր առմամբ , 68 երկիր վատթարացրել են իրենց դիրքերը, 74-ը լավացրել, այսինքն նվազեցրել գենդերային ճեղքվածքը: «Այդ պատճառով միանշանակ ասել, թե գենդերային հավասարության համար բարենպաստ տարի է եղել, չի կարելի», – փաստում են զեկույցի հեղինակները:
Հայաստանի տվյալներն առավել մանրամասն այստեղ
Զեկույցն ամբողջությամբ այստեղ
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Պատրա՞ստ եք սպասել 229 տարի գենդերային անհավասարությունը հաղթահարելու համար
Դիտումների քանակը` 4548