Gender Gap Index . Գենդերային անհավասարությունը Հայաստանում խորացել է
Համաշխարհային տնտեսական ֆորումի հոկտեմբերի 28-ին հրապարակված 2014-ի Գենդերային ճեղքվացքի գլոբալ զեկույցի (Global Gender Gap Report 2014 ) տվյալներով Հայաստանը 142 երկրների թվում զբաղեցրել է 103-րդ տեղը՝վատթարացնելով իր դիրքերը վարկանիշային ցանկում անցյալ տարվա համեմատ 8 կետով: Նշենք, որ Վրաստանը զբաղեցրել է 85-րդ տեղը, Ադրբեջանը՝ 94-րդ:
Անցյալ տարի Հայաստանը Գենդերային ճեղքվածքի ցուցանիշով (Gender Gap Index) 136 երկրների ցանկում 94-րդ տեղում էր: Նշենք, որ Գենդերային ճեղքվածքի ցուցանիշը հաշվարկվում է Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից չորս առանցքային ոլորտներում՝ տնտեսություն, քաղաքականություն, կրթություն և առողջապահություն: Ցուցանիշը, ըստ էության, արտացոլում է կանանց ու տղամարդկանց հնարավորությունների միջեւ եղած տարբերությունը նշված ոլորտներից յուրաքանչյուրում:
Առավել բարենպաստ են կրթության ոլորտի ցուցանիշները՝ կրթության մատչելիության առումով Գենդերային ճեղքվածքի ցուցանիշը նվազագույն է, ինչը վարկանիշային ցուցակում ապահովում է Հայաստանին 31-րդ տեղը , թեպետ այստեղ էլ վատթարացում կա, անցյալ տարի Հայաստանը 29 –րդ տեղում էր:
Տնտեսական գործունեության ոլորտում գենդերային անհավասարակշռության ցուցանիշներով (տղամարդկանց և կանանց զբաղվածության մակարդակի հարաբերակցություն, հավասար վարձատրությունը հավասար աշխատանքի դիմաց և այլն) Հայաստանը պահապանել անցյալ տարվա դիրքերը,մնալով 82 – րդ տեղում:
Գենդերային ճեղքվածքի ցուցանիշի կառուցվածքում առավել խնդրահարույց են քաղաքականության և առողջապահության ոլորտները: Առողջապահության ոլորտում Հայաստանը 142-րդ տեղում է անցյալ տարի 131-րդ տեղում էր: Դա հիմնականում նորածինների սեռերի հարաբերակցության ցուցանիշի զգալի խախտման հետեւանք է, որը առաջանում է Հայաստանում տարածված պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների պատճառով:
Քաղաքական մասնակցության ցուցանիշներով (կանանց ու տղամարդկանց ներկայացվածություն կառավարման մարմիններում) Հայաստանը անցյալ տարի 115-րդ տեղում է, այս տարի 123-րդն է: Առաջին հայացքից կարող է թվալ, որ Հայաստանի իրավիճակը կանանց ու տղամարդկանց ներկայացվածության առումով մեկ տարում չի փոխվել, սակայն աշխարհը առաջ է գնացել: Օրինակ խորհրդարաններում կանանց ներկայացվածության միջին ցուցանիշը այժմ արդեն 22 % է, իսկ Հայաստանում այն կրկնակի ցածր է՝ 10,8 տոկոս է, ինչը չի կարող չանդրդառնալ երկրի վարկանիշի վրա:
Նշենք, որ Gender Gap Index -ը աշխարհում կարեւորվում է նրանով, որ բացահայտում է կանանց ներուժի անարդյունավետ օգտագործումը տվյալ երկրի զարգացման գործընթացներում եւ ցույց է տալիս գենդերային անհավասարակշռության և երկրի մրցունակության միջև անմիջական կապը:
Նշենք, որ Հյուսիսային Եվրոպայի երկրները կրկին առաջ են անցել աշխարհի մյուս պետություններից առաջատար դիրքեր զբաղեցնելով վարկանիշային ցուցակում:Առջին հնգյակում են՝ Իսլանդիան, Ֆինլանդիան, նորվեգիան Շվեցիան, Դանիան: Ցուցակւ եզրափակում են Յեմենը եւ Պակիստանը:
Հայաստանի տվյալներն առավել մանրամասն այստեղ
Դիտումների քանակը` 10516