Գենդերային բյուջետավորման դասընթացներ. ինչի՞ համար են դրանք անհրաժեշտ

Կանանց ռեսուրսային կնետրոն հասարակական կազմակերպությունը ԱՄՆ  Ժողովրդավարական ազգային ինստիտուտի (NDI)  հետ համատեղ  կազմակերպում է  հունիսին դասընթացներ կանանց և գենդերային հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների անդամների/աշխատակիցների, ինչպես նաև թեմայով հետաքրքրված անհատների համար` նվիրված  գենդերային բյուջետավորմանը և տարբեր մակարդակներում բյուջեների գենդերային վերլուծությանը

 

Ի՞նչ է գենդերային բյուջետավորումը

 

Գենդերային բյուջետավորումը  անփոխարինելի գործիք է հանդիսանում սոցիալական և գենդերային արդարության խնդիրներով զբաղվող   մասնագետների ձեռքում:

 

Գենդերային բյուջետավորումը  միջոցառումների շարք է, որոնք ուղղված են բյուջեի բաղադրիչների  այնպիսի ձևավորմանը և վերլուծությանը, որպեսզի դրանք հնարավորինս հաշվի առնեն տարբեր սոցիալական խմբերի պատկանող կանանց և տղամարդկանց շահերը և կարիքները: Ընդ որում, գենդերային զգայուն և պատասխանատու բյուջեն այն մասին չէ, թե արդյո՞ք կանանց և տղամարդկանց համար հավասար գումար է ծախսվում: Կարեւորը պարզելն է արդյո՞ք ծախսված բյուջետային միջոցները համապատասխանում են կանանց և տղամարդկանց կարիքներին:

 

Գենդերային բյուջետավորման գործնթացը  ենթադրում է  գենդերային վերլուծություն, որը հնարավորություն է տալիս որոշել կանանց և տղամարդկանց տարբերությունները կախված նրանց գործունեությունից, կյանքի և կենսագործունեության պայմաններից, կարիքներից, ռեսուրսների հանդեպ ունեցած վերահասկողությունից և դրանց հասանելիությունից, ինչպես նաև զարգացման և որոշումների կայացման վրա ներազդելու նրանց  հնարավորություններից:

 

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ գենդերային զգայուն բյուջետավորումը կարևոր խթան է հանդիսանում պետական, հասարակական և մասնավոր հատվածների բոլոր մակարդակներում գենդերային հիմնախնդիրների լուծման համար: Դասընթացների շրջանակում մասնագետները ներկայացնելու են    Ավստրիայում, Շվեդիայում, Իսպանիայում, ինչպես նաև Հնդկաստանում իրականացված գենդերային բյուջետավորման ծրագրերի հաջող և ակնհայտորեն արդյունավետ փորձը եւ  ցույց են տալու թե ինչպես կարելի է տեղայնացնել  այդ փորձը  նաև Հայաստանում: Հետսովետական երկրները, ինչպիսիք են Ղրղզստանը և Ղազախստանը, նույնպես կարող են օրինակ ծառայել գենդերային բյուջետավորման իրականացման տեսանկյունից:

 

Հաջողված փորձ

 

Գենդերային բյուջետավորման հաջողված   օրինակ է հանդիսանում  GenderAlp-ը տրանսազգային ծրագիրը, որն իրականացվում է Ավստրիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում և Սլովենիայում և ուղղված է բյուջետային ռեսուրսների ծախսերի օպտիմալ պլանավորմանը: Ծրագրի  նպատակն է իրականացնել հանրային ծախսերի գենդերային զգայուն վերլուծություն ազգային, տեղական և տարածաշրջանային մակարդակներում: Վերլուծության համար հիմք են հանդիսանում  երկու կարեւոր  հարցադրումները.

 

1.Որո՞նք են կին և տղամարդ քաղաքացիների կարիքները:

2.Ինչպես են հանրային կառավարման մարմինները արձագանքում կանանց և տղամարդկանց կարիքներին (հիմնվելով քաղաքական որոշումների, իրականացված տնտեսական միջոցառումների և մատուցած ծառայությունների վրա):

 

Բնակչության կարիքները  դիտարկվում են   3 հիմնական ուղղություններով. երեխաների և դեռահասների խնամքի կազմակերպումը, վարձատրվող և տնային աշխատանքի հարաբերակցությունը, տարեցների խնամքի և աջակցության կազմակերպումը:

 

Գենդերային վերծուծությունը կատարվում է   հետեւյալ  չափորոշիչների միջոցով. առկա գենդերային հիմնախնդիրները,  անուղղակի կամ թաքնված գենդերային հիմնախնդիրները, միջավայրային գենդերային հիմնախնդիրները:

 

Նշված մոտեցումների  շնորհիվ  GenderAlp-ը տրանսազգային ծրագիրը նպաստում է   գենդերային հավասարության և արդարության ապահովմանը:

 

 

Ինչպե՞ս մասնակցել գենդերային բյուջետավորման դասընթացներին 

 

Դասընթացները կազմակերպվելու են  Երևանում և ՀՀ մարզերում  և, կախված լսարանի փորձից ու գիտելիքներից, կլինեն մեկօրյա կամ երկօրյա:

 

Դասընթացի ավարտին մասնակիցները ձեռք կբերեն համապարփակ գիտելիք գենդերային բյուջեի, տարբեր ոլորտներում և մակարդակներում բյուջետավորման գործընթացների եւ գործող  բյուջեների գենդերային վերլուծություն իրականացնելու մասին:

 

Դասընթացները վարելու են համապատասխան թեմաներով ԱՄՆ Ժողովրդավարական ազգային ինստիտուտի կողմից վերապատրաստում անցած մասնագետները՝ Սիրան Հովհաննիսյանը և Քնարիկ Մկրտչյանը:

 

Առաջիկա  դասընթացը տեղի է ունենալու հունիսի 25-ին, ժամը 11:00 – 17:00 Կանանց ռեսուրսային կենտրոնի գրասենյակում:

 

Մասնակցելու համար անհրաժեշտ է.

նախօրոք գրանցում  qnarik@womenofarmenia.org էլ. հասցեով

կամ  094 56 56 26 հեռախոսահամարով:

 

Գրանցման վերջնաժամկետը հունիսի 23-ն է:

 

Դասընթացի ավարտին մասնակիցներին կշնորհվեն վկայականներ:

Կանանց ռեսուրսային կենտրոն

Դիտումների քանակը` 4106

Գլխավոր էջ