Կանանց նկատմամբ կանխակալ վերաբերմունքը պահպանվում է․ ՄԱԶԾ զեկույց
- Աշխարհի բնակչության կեսը կարծում է, որ տղամարդիկ ավելի լավ քաղաքական առաջնորդներ են:
- Հարցված 10 մարդկանցից 9-ը կանխակալ վերաբերմունք ունեն կանանց նկատմամբ։
- Հարցված հինգ մարդուց երկուսը հավատում է, որ տղամարդիկ ավելի լավ բիզնես են անում, քան կանայք։
Վերջին մեկ տասնամյակում կանանց նկատմամբ կանխակալ վերաբերմունքի հարցում բարելավում չի եղել՝ չնայած հանուն կանանց իրավունքների իրականացվող գլոբալ և տեղական հզոր արշավներին, ինչպիսին MeToo-ն է, որն արագորեն տարածվել էր սոցիալական ցանցերում 2017 թվականից՝ քննադատելով սեռական բռնություններն ու ոտնձգությունները աշխատավայրում։ Նման եզրակացության են եկել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հեղինակները վերջերս հրապարակած զեկույցում, որը վերնագրված է «Հաղթահարել գենդերային կողմնակալությունը՝ տեղաշարժելով սոցիալական նորմերը դեպի գենդերային հավասարություն»՝ հիմնվելով Գենդերային սոցիալական նորմերի ինդեքսի վրա։ Զեկույցում նշվում է, որ գենդերային կողմնակալության հարցում առաջընթացի բացակայությունը պայմանավորված է ընդհանուր առմամբ մարդկային զարգացման ցուցանիշների նվազմամբ, ինչն էլ իր հերթին COVID-19 համավարակի հետևանք է։
Գենդերային կողմնակալությունը լուրջ խնդիր է ողջ աշխարհում։ Զեկույցում թարմացվել է Գենդերային սոցիալական նորմերի ինդեքսը (GSNI), որը գնահատում է կանխակալ վերաբերմունքը կանանց և նրանց դերի նկատմամբ չորս առանցքային հարթություններում՝ քաղաքական, կրթական, տնտեսական ոլորտ և ֆիզիկական անձեռնմխելիություն։ Ինդեքսի հաշվարկման համար օգտագործվում են Արժեքների համաշխարհային հետազոտության տվյալները (World Values Survey /WVS), որոնք ցույց են տալիս, թե ինչպես են փոփոխվում արժեքներն ու համոզմունքները ողջ աշխարհում:
Նույնիսկ այն երկրներում, որտեղ գենդերային կողմնակալության դրսևորումները նվազագույն չափով են առկա, մարդկանց ավելի քան մեկ քառորդը ցուցաբերում է կողմնակալության առնվազն մեկ դրսևորում կանանց նկատմամբ։ Սա ցույց է տալիս, որ կանանց նկատմամբ կանխակալ վերաբերմունքն առկա է տարբեր տարածաշրջաններում, տարբեր եկամուտ ու մշակույթ ունեցող երկրներում, ինչն այդ երևույթը գլոբալ նշանակության խնդիր է դարձնում։
Ըստ զեկույցում ներառված տվյալների․
- Հարցված 10 մարդկանցից 9-ը կողմնակալ վերաբերմունք ունեն կանանց նկատմամբ։ Ընդ որում, նախապաշարմունքները արմատացած են և՛ կանանց, և՛ տղամարդկանց շրջանում, ինչը վկայում է այն մասին, որ կարծրատիպերը հավասարապես ազդում են և՛ կանանց, և՛ տղամարդկանց վրա ։
- Աշխարհի բնակչության 49 %-ը դեռ կարծում է, որ տղամարդիկ ավելի լավ քաղաքական առաջնորդներ են, քան կանայք, միայն 27 %-ն է հավատում՝ ժողովրդավարության համար կարևոր է, որ կանայք ու տղամարդիկ ունենան նույն իրավունքները։
- Պետությունների ղեկավարների միայն 11 %-ը և կառավարությունների ղեկավարների 9 %-ն են կանայք։ Նախարարների կաբինետներում կանայք կազմում են ընդամենը 22 %, ընդ որում նրանց մեծամասնությունը ղեկավարում են կանանց, երեխաների, երիտասարդների, տարեցների, հաշմանադամություն ունեցողների, բնապահպանական հարցերի գերատեսչությունները։ Նույնիսկ երբ կանայք հասնում են ղեկավար պաշտոնների, գենդերային կողմնակալությունը հանգեցնում է անհավասար վերաբերմունքի։
- Աշխարհի բնակչության մոտ կեսը՝ 46 %-ը կարծում է, որ տղամարդկանց աշխատանքի իրավունքն ավելի կարևոր է, քան կանանց, 43 %-ը համարում է, որ տղամարդիկ ավելի լավ գործարարներ են։
- Հարցվածների 28%-ը կարծում է, որ տղամարդկանց համար բարձրագույն կրթությունն ավելի կարևոր է։ Դրա հետ մեկտեղ, կրթության ոլորտում գենդերային հավասարությանն ուղղված քաղաքականությունն արդյունավետ է գնահատվում, քանի որ գենդերային բացերը զգալիորեն փակված են։
- Թեև զեկույցի հեղինականերն ընդգծում են, որ կրթության ոլորտում խզման փակումը կնվազեցնի կանանց ու տղամարդկանց եկամուտների անհավասարությունը, սակայն նույնիսկ այն 59 երկրներում, որտեղ կանայք ավելի կրթված են, քան տղամարդիկ, եկամուտների տարբերությունը կազմում է 39 %։
Գենդերային կողմնակալության բոլոր դրսևորումներն էլ վնասակար են, բայց որևէ մեկն այդքան ուղղակի ազդեցություն չունի կանանց բարեկեցության վրա, որքան կանանց ու աղջիկների նկատմամբ բռնությունը։
Ուշագրավ է, որ բնակչության մեկ քառորդն արդարացի է համարում տղամարդու կողմից կնոջ նկատմամբ բռնությունը; Ակնհայտ է, որ կանանց նկատմամաբ բռնության նման սոցիալական ընկալումը բերում է բռնության արդարացման, ինչն էլ դժվարացնում է կանանց կողմից դրա դատապարտումը, սահմանափակում է աջակցության մեխանիզմները։
Փորձագետները կողմնակալ վերաբերմունքը համարում են Կայուն զարգացման նպատակներով (ԿԶՆ) նախանշված գենդերային հավասարության հասնելու, կանանց ու աղջիկների հզորացման հիմնական խոչընդոտը։
Կարևորելով գենդերային կողմնակալ սոցիալական նորմերին անդրադառնալու անհրաժեշտությունը զեկույցի հեղինակները ընդգծում են, որ այդ նորմերն են թերագնահատում կանանց կարողությունները, կաշկանդում կանանց ընտրությունը և հնարավորությունները՝ սահմանելով, թե ինչպիսի վարքագիծ է ակնկալվում կանանցից, ինչպիսին պետք է լինեն, ինչ պետք է անեն։
«Նախապաշարմունքները խոչընդոտներ են ստեղծում կանանց համար և աշխարհի շատ երկրներում «ապամոնտաժում» են կանանց իրավունքները», – նշում են զեկույցի հեղինակները և ընդծում , որ սոցիալական նորմերը, որոնք խաթարում են կանանց իրավունքները, լրջորեն վնասում են ողջ հասարակությանը՝ խոչընդոտելով մարդկային զարգացումը։
Զեկույցին աբողջությամբ կարելի է ծանոթանալ այստեղ
Դիտումների քանակը` 777