«Արդյո՞ք երբևէ առնչվել եք կողմնակալ վերաբերմունքի հետ՝ կին լինելու պատճառով». ֆեյսբուքյան հարցում

 

Գենդերային կողմնակալություն. ինչպե՞ս է այն դրսևորովում, ինչպես  է  ազդում մեր կյանքի որակի ու առօրյայի վրա և ինչո՞ւ է մեր հասարակությունը նույն հարցի, երևույթի, աշխատանքի կամ այլնի հետ կապված տարբերակված պահանջներ դնում կանանց և տղամարդկանց առջև: Ու թեև  տղամարդիկ նույնպես գենդերային կողմնակալության թիրախում են երբեմն հայտնվում, բայց փորձն ու գենդերային կարծրատիպերի մասին ուսումնասիրությունները  ցույց են տալիս, որ կողմնակալ վերաբերմունքից ավելի շատ կանայք են  տուժում:

 

 

WomenNet.am -ը հարցում անցկացրեց սոցիալական ցանցի հայաստանյան սեգմենտում կանանց նկատմամբ կողմնակալության դրսևորումների վերաբերյալ… Պատասխանները բազմաթիվ էին, բայց կենտրոնացած միանման խնդիրների շուրջ, օրինակ՝  կողմնակալ վերաբերմունքի պատճառով կին աշխատողը ավելի քիչ է վարձատրվել քան նույն պարտականությունները կատարող տղամարդ-գործընկերը…  Մեկ այլ դեպքում կին լինելը խոչընդոտ է հանդիսացել կարիերայի,  երազած մասնագիտության կամ աշխատանքի ընտրության հարցերում, դեպքեր են մատնանշվել երբ կողմնակալությունն արգելափակել է կնոջ մուտքը քաղաքական դաշտ և նույնիսկ խանգարել  կառուցել անձնական երջանկությունը… 

 

 

WomenNet.am-ը փորձել է ամփոփել օգտատերերի մատնանշված խնդիրները…

 

 

 

«Տղամարդիկ հաճախ են ավել վճարվում, քան կանայք»

 

 

 «Ես բախվել եմ այդպիսի իրավիճակի, երբ նույն պարտականությունները կատարելու պարագայում իմ և գոևծընկերոջս վարձատրությունն անհավասար է… Անմիջապես հարցը բարձրացրել եմ, և քնի որ լուծում չի եղել, դուրս եկել աշխատանքից: Երկար ժամանակ ինձ փոխարինող չէր գտնում, ով էլ եկավ այնքան գործ չէր անում, ինչքան ես, բայց ես ավելի բարձր աշխատավարձով տեղավորվեցի այլ աշխատանքի»:

 

 

«Հայտնի ընկերություններից մեկում նույն աշխատանքի համար կանանց վճարում են 10 հազար  դրամ պակաս՝ նույն ժամային գրաֆիկը, նույն գործը, նույն հանգստյան օրերը»:

 

 

«Շատ եմ լսել, որ նույն պաշտոնում տղամարդիկ հաճախ կրկնակի ավել են վճարվում` անգամ թերի գիտելիքներով»:

 

 

«Կողմնակալ վերաբերմունք է զգացվում աղջիկ ուսանողների հանդեպ»…

 

 

«Սովորել եմ ԱԻՆ ակադեմիայում, նախորդ տարիներին աղջիկ դիմորդներն անհամեմատ քիչ էին, հիմա շատացել են, բայց միևնույն է կողմնակալ վերաբերմունք է զգացվում աղջիկ ուսանողների հանդեպ՝ հատկապես տղամարդ դասախոսների շրջանում: Ոչ մի կերպ չեն ընդունում, որ աղջիկն էլ  կարող է գնա փրկարար ջոկատում աշխատել, պատկերացնում են միայն  որպես օպերատոր ու զարմանում, երբ ջոկատի անուն ես տալիս»:

 

 

«Ուսանող տղաները , նույնիսկ ավելի ցածր գիտելիքներով, ավելի լավ գնահատականներ են  հաճախ ստանում, քան աղջիկ ուսանողները։ Հետո այդ ամենը շարունակվում է ողջ կարիերայի ընթացքում, տղամարդը դառնում է ղեկավար, իսկ կինը, լավագույն դեպքում, օգնական։ Նույն պաշտոնի հասնելու համար կինը պետք է եռապատիկ ավել աշխատի»…

 

 


«Երբեմն միայն թվում է, թե այս երևույթները վերացել են»…  

 

 

«Աշխատանքում այդպես ակնհայտ չեմ բախվել կողմնակալ վերաբերմունքի, բայց առօրյայում հաճախ…Եթե դու աղջիկ ես ու չես ամուսնացել, բոլորը իրենց սուրբ պարտականությունն են համարում կարեկցել՝ ասելով, որ ինքը մեղավոր չի՝ ուղղակի  ուզող չունի (կամ մի քիչ այլ տեքստով), իսկ եթե տղա է, ընտրության իրավունքն իրենն է՝  չի ուզում ամուսնանա և վերջ։ Կամ եթե աղջիկն է ուշ  ժամին  տուն գալիս՝ համապատասխան պիտակը պատրաստ է,  իսկ եթե տղա է,  ամեն ինչ նորմալ է՝  լիքը գործ ունի, շրջապատ, գործ, էս- էն։  Ցավոք սրտի, երբեմն միայն թվում է, թե այս երևույթները վերացել են կամ վերացման փուլում են, իրականում այդպես  չէ՝ նույնկերպ կան ու շարունակվում են, անկախ մարդու տարիքից»:

 

 

«Եթե աղջիկ ունենալուց այդքան էլ ուրախ չեն լինում, իսկ տղա ունենալուց աշխարհով մեկ են լինում ու «թագավոր» անվանում մինչև կյանքի վերջ, ապա կանանց նկատմամբ կողմնակալ վերաբերմունքի վրա զարմանալն անիմաստ է»:

 

 

 

«Ինչո՞ւ է մեր հասարակությունը հանգիստ ընդունում այն, որ ամուսնալուծված տղամարդը ցանկանում է կրկին ընտանիք կազմել ու երջանկանալ,  ու այդ հարցը բոլորովին նորմալ է, ոչ մի զարմանք չի առաջացնում,  իսկ երբ ամուսնալուծված կինն է փորձում նույն ճանապարհով առաջ շարժվել, դա դառնում է հանրային քննարկման հարց և դուրս գալիս անձնական տիրույթից: Չգիտես ինչու ծանոթ ու նույնիսկ անծանոթ շրջապատն է  իրեն իրավունք վերապահում, որ դու իր «պետքեներ»-ով ապրես…

 

 

«Մի քանի տարվա ընդմիջումից հետո հյուր ես գնում հարազատ քաղաք ու ծանոթների մեծ մասը «մխիթարում են», որ երեք աղջիկ ունես՝ ասելով ոչինչ, մի քանի տարի հետո տղա էլ կունենաս, ծրագրել էիր երրորդ աղջիկը, թե՞ պատահական եղավ, ո՞նց ես գլուխ հանում էս երեք մանր երեխեքից և այլն… Արդյունքում,  հանգստանալու փոխարեն դեպրեսիայի մեջ ես ընկնում ու զզված օրերդ հաշվում, թե երբ ես ետ գնալու»:

 

 

 «Տեսնես գալու է օրը, որ վերանա Հայաստանում կանանց պիտակավորելու սովորությունը,  թե բա «բաժանված կին», « տանը մնացած աղջիկ», «չբեր կին» … Գուցե  տղամարդկանց էլ են պիտակավորում, բայց, կարծում եմ, իրենց ազատությունը  սահմանափակելու փորձերն ավելի քիչ են… 

 

 

 «Շատ ենք խոսում կողմնակալ վերաբերմունքից կամ կարծրատիպերից, կանայք են հիմնականում բողոքում դրանց ազդեցությունից, բայց արի ու տես՝ կանայք են ամենից շատ կարծրատիպային վարքագիծ դրսևորում… Բայց դա երևի քննարկման բոլորովին այլ թեմա է…» 

 

 

Լիա Խոջոյան

 

Դիտումների քանակը` 652

Գլխավոր էջ