Կառավարությունը խուսափու՞մ է գենդերային տերմինաբանությունից
ՀՀ Կառավարության մարտի 26-ին կայանալիք նիստի օրակարգում միանգամից երկու հարց է ընդգրկված, որոնք վերաբերում են գենդերային քաղաքականությանը: Կառավարության հաստատման է դրված «Կանանց և տղամարդկանց իրավահավասարության քաղաքականության 2015 թ. միջոցառումների տարեկան ծրագիրը» եւ «Սեռի հատկանիշով բռնության կանխարգելման 2015թ. միջոցառումների տարեկան ծրագիրը»:
Նշենք, որ երկուսն էլ ամեն տարի ընդունվում են Հայաստանի Հանրապետության գենդերային քաղաքականության 2011-2015 թթ. ռազմավարական ծրագրի եւ Ընդդեմ գենդերային բռնության ազգային ծրագիրն ու ընդդեմ գենդերային բռնության 2011-2015 թթ. ռազմավարական ծրագրի շրջանակներում :
Այս տարի սակայն ուշագրավ մի տարբերություն կա: Այս անգամ կառավարությունը որոշել է հայացնել գենդերային տերմինաբանությունը, մի դեպքում փոխարինելով « գենդերային քաղաքականությունը» «կանանց և տղամարդկանց իրավահավասարության քաղաքականություն» բառակապակցությունով, մյուս դեպքում օգտագործելով գենդերային բռնություն տերմինի փոխարեն «սեռի հատկանիշով բռնություն»: Այս նույն փոփոխությունը կատարվել է նաեւ ծրագրերով նախատեսված միջոցառումների անվանումների եւ ծրագրերի հիմնավորումների մեջ:
Իհարկե, ծրագրի եւ առավել եւս գենդերային քաղաքականության բովանդակությունը դրանից չի փոխվում, սակայն անհասկանալի է կառավարության ձգտումը խուսափել միջազգայնորեն ընդունված տերմիններից, հատկապես, որ առաջարկվող «կանանց և տղամարդկանց իրավահավասարություն» հասկացությունը ճշգրիտ չի արտացոլում գենդերային քաղաքականության էությունը:
Հասկացությունների տարբերությունը պարզաբանելու համար WomenNet.am-ը զրուցեց կանանց ՀԿ-ների փորձագետներից մի քանիսի հետ: Մեր զրուցակիցների դիտարկմամբ, փոխարինումը համարժեք չէ , քանի որ պետության գենդերային քաղաքականության նպատակն է ոչ միայն ապահովել կանանց և տղամարդկանց իրավունքների հավասարությունը, այլև դրանց իրացման համար անհրաժեշտ հնարավորությունների հավասարությունը: Հայաստանում գործող օրենքներով կանանց և տղամարդկանց իրավահավասարության խնդիր, ըստ էության, գոյություն չունի, խնդիրը դե յուրե ամրագրված իրավունքների իրացման համար հավասար հնարավորությունների ապահովումն է: Այս առումով, փորձագետները կարծում են, որ ծ?ագ?ում զետեղված «կանանց և տղամարդկանց իրավահավասարություն» հասկացությունը աղճատում է խնդրի իմաստը, եւ թյուրըմբռնումներից խուսափելու համար գուցե անհրաժեշտություն չկար հայացնելու գենդերային տերմինաբանությունը: Հատկապես, որ ժամանակին, Պեկինի համաժողովից անմիջապես հետո, հայոց լեզվի մասնագետները փորձելով դա անել՝ հրաժարվել են այդ մտքից:
Մեր զրուցակիցները նաեւ ուշադրություն հրավիրեցին այն փաստի վրա , որ մինչ այսօր ընդունված ազգային ծրագրերում եւ խնդրին առնչվող ՄԱԿ-ի փաստաթղթերում, որոնց միացել է Հայաստանի Հանրապետությունը (Հազարամյակի զարգացման նպատակներ, Պեկինի գործողությունների ծրագիր, Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիա և այլն), օգտագործվում են «գենդերային հավասարություն» կամ «կանանց և տղամարդկանց հավասար իրավունքներ և հավասար հնարավորություններ» հասկացությունները: Իսկ բոլորովին վերջերս մարտի 9-20 –ը տեղի ունեցած ՄԱԿ-ի կանանց դրության հանձնաժողովի 59-րդ նստաշրջանում, որը նվիրված էր Պեկինի գործողությունների ծրագրի 20-ամյակին, բոլոր կառավարությունները հաստատեցին մինչեւ 2030թ. գենդերային հավասարությանը հասնելու իրենց ձգտումը:
Հույս ունենանք, որ ՀՀ կառավարության նորարարությունը տերմինների փոփոխության մասով այդ մտադրության վրա չի անդրադառնա: Համենայն դեպս , «Կանանց և տղամարդկանց իրավահավասարության քաղաքականության 2015 թ-ի միջոցառումների տարեկան ծրագրի» հիմնավորման մեջ նշված է , որ ծրագիրն նպատակուղղված է «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի, Պեկինի 4-րդ Համաշխարհային համաժողովի /1995թ./ հանձնարարականների, Եվրախորհրդի Կանանց և տղամարդկանց իրավահավասարության հանձնաժողովի փաստաթղթերի, ՄԱԿ-ի Հազարամյակի հռչակագրի պահանջների և Հայաստանի Հանրապետության միջազգային այլ փաստաթղթերով սահմանված պարտավորությունների կատարմանը:
Նշենք, որ հիմնավորման տեքստը, ընդհանուր առմամբ, համահունչ է միջազգային փաստաթղթերի մոտեցումներին: Մասնավորապես, Կառավարությունն ընդունում է, որ «չնայած կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների ամրագրմանը ՀՀ Սահմանադրության մեջ (14.1 հոդված), և սեռի սկզբունքով խտրականության արգելքին` գործնականում Հայաստանի Հանրապետութունում պահպանվում է սեռի սկզբունքով թաքնված խտրականությունը և այսօր հայ հասարակության վերաբերմունքը կանանց նկատմամբ չի համապատասխանում միջազգային գործընթացների (ժողովրդավարության ամրապնդման, իրավական և սոցիալական պետության ստեղծման) ժամանակակից զարգացմանը»:
Հիշատակվում է նաեւ այն փաստը, որ իշխանության մարմիններում կանանց ներկայացվածության առումով Հայաստանը դեռևս ետ է մնում ոչ միայն Եվրոպայի, այլև աշխարհի շատ երկրներից: Նշվում է, որ կանանց և տղամարդկանց անհավասարության հիմքը տնտեսական ոլորտում կանանց և տղամարդկանց անհավասար վիճակն է և հասարակության մեջ պահպանվող դերերի ավանդական ընկալումները:
Հիմնավորման մեջ նշված է նաեւ, որ առաջարկվող ծրագիրը ուղղված է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, բոլոր քաղաքացիների համար` անկախ սեռից, հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ձեռքբերմանը: Այն, ըստ հեղինակների, նպաստելու է հասարակական-քաղաքական և սոցիալ-տնտեսական կյանքի բոլոր ոլորտներում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ձեռքբերմանը: Այսինքն, «կանանց ու տղամարդկանց իրավահավասարություն« ասելով, հեղինակներն այնուամենայնիվ հասկացել են նաեւ հանարավորությունների հավասարություն:
Դրա հետ մեկտեղ ՀՀ Կառավարության կողմից դեռեւս 2010-ին ընդունված Գենդերային քաղաքականության հայեցակարգը հիշատակվում է հիմնավորման տեքստում որպես « ՀՀ կառավարության 2010 թվականի փետրվարի 11-ի նիստի N5 արձանագրային որոշմամբ ընդունված հայեցակարգ»: Այսինքն, ակնհայտ է, որ փաստաթուղթը կազմելիս հեղինակները նպատակ են ունեցել ամեն կերպ շրջանցել «գենդերային» բառը: Մի տեղ սակայն դա չի հաջողվել: Խոսքը տարբեր ոլորտներում քաղաքականության մշակման մեջ և քաղաքական պրակտիկայում գենդերային բաղադրիչի ներառման մասին է, ինչն, ինչպես մասնագետներն են փաստում, իրականում շատ դժվար է այլ բառով ներկայացնել:
Ցավալին այն է , որ ծրագրերը կյանքի կոչելու փոխարեն կառավարությունն ինքն իրեն խնդիրներ է ստեղծում՝ ժամանակ վատնելով գենդերային տերմինաբանությունը հայացնելու անհաջող փորձերի վրա :
Է. Մակարյան
Նյութում հիշատակված ծրագրերին եւ կից փաստաթղթերին կարող եք ծանոթանալ այստեղ.
Դիտումների քանակը` 5857