Գայանե Մելքումյան. «Ամեն մեկս մեր հնարավորությունների չափով  պետք է պայքարենք համավարակի և պատերազմի հետևանքների դեմ»

«Արտակարգ իրավիճակում բոլորիս գործողություններն են կարևոր, ամեն մեկս  մեր հնարավորությունների չափով պետք է մեր ջանքերը ներդնենք համավարակի և պատերազմի հետևանքների դեմ պայքարում», – ասում է Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու անդամ Գայանե Մելքումյանը, ով երկար տարիներ բուժքույր է աշխատում համայնքի պոլիկլինիկայում: Ասում է, իմ հնարավորությունը մարդկանց հետ խոսելն է, նրանց իրազեկելը, զգուշացնելը, գիտելիքներ տալով բերել այն մտքին, որ ամեն մեկս պետք է պաշտպանենք մեզ և մեր հարազատներին, ինչն էլ արել եմ և շարունակում եմ մինչ օրս:

 

 

Պատերազմի ծանր օրերին Գայանեն համայնքի բոլոր բնակիչների հետ միասին իրենց հնարավորությունների չափով են օգնել  փորձանքի մեջ հայտնված հայրենակիցներին: Գայանեն ակտիվ աշխատել է Ջրվեժում ապաստան գտած արցախցիների հետ.

 

 

-Մեր համայնք են եկել 1246 մարդ, նրանք  բոլորն էլ հաշվառվել են պոլիկլինիկայում և ստացել անհրաժեշտ սպասարկում: Նախ դեղորայք ենք տրամադրել խրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց` շաքարային դիաբետը, ճնշում  և այլն: Եղել են դեպքեր, երբ  աչքի կամ սրտի վիրահատության ենք ուղեգրել,- ասում է նա  և ավելացնում,- հիմնականում սթրեսների հարցերով են մեզ մոտ եկել, դիմողներն այնքան շատ էին, որ անգամ սթրես կենտրոնից մասնագետներ հրավիրելու կարիք եղավ,  մարդիկ  ունեին այդ խնդիրը,  զրուցեցին հոգեբանի հետ, իմ կարծիքով  դրական արդյունքով գնացին:

 

 

Համայնքի երիտասարդներն էլ առաջին անհրաժեշտության ապրանքներ են հասցրել  Արցախ: Մարդիկ եկեղեցի են տարել ով ինչ կարող էր.

 

 

-Մեր գյուղ եկած ընտանիքների մի մասը իրենց բարեկամների մոտ էին մնում, շատերին էլ  դիմավորել էին անծանոթ մարդիկ  և իրենց տուն տարել… Մենք էլ հարևաններով հավաքվել էինք, խոսել, տեսել ով ինչով կարող է օգնել` հագուստ, կոշիկ , ծածկոցներ, սպսք, կաթսաներ` տարել ենք եկեզեցի: Այնտեղ հրավիրում էին փախստականներին զրուցում նրանց հետ,  հասկանում ով ինչի կարիք ունի և   օգնությունը տրամադրում:   Հիմա  համայնքում ապրում են այն արցախցիները, որոնց  գյուղերը մնացել են Ադրբեջանին` 56 ընտանիք, 173 անձ:  Համայնքապետարանը պարենային օգնություն էր տրամադրել, ինչպես նաև գումարային աջակցություն  ցուցաբերել, որով էլ  բնակարանների վարձերն են վճարել:  Հետագայում,  երևի թե, դա էլ չեն կարող տալ,- ասում է նա և ավելացնում, որ արտագաղթածների աշխատանքի խնդիրն էլ մնում է չլուծված,- ցավոք, ոչ բոլորն են կարողացել աշխատանք գտնել, միայն մի քանիսը տեղավորվել են խանութում, խմորեղենի արտադրամասում  կան արցախցի կանայք…  

 

 

Համավարակի աճի հետ կապված, ասում է, միշտ  մարդկանց հետ խոսել է, նրանց իրազեկել է, զգուշացրել, բացատրել, որ ամեն մեկս պետք է պաշտպանենք մեզ և մեր հարազատներին: Որպես բուժքույր հենց սկզբից, երբ կորոնավիրուսի առաջին դեպքերը գրանցվեցին Հայաստանում,  նա կազմակերպել է հանդիպումներ դպրոցի ուսուցիչների, աշակերտների, ինչպես նաև համայնքապետարանում և համայնքի բնակիչների հետ` խոսել է Covid-19-ի վտանգների և ռիսկերի և դրանից պաշտպանվելու ձևերի մասին:

 

 

Պատմում է, որ  համաճարակի սկզբում մարդկանց շատ դժվար էր համոզել վարակից պաշտպանվելու համար միջոցներ ձեռնարկել և հիշում է մի դեպք, երբ նրան այդպես էլ չի հաջողվել իր համագյուղացուն համոզել որպեսզի  խնջույք չկազմակերպի.

 

 

-Մինչև հիմա էլ ականջներումս հնչում է  այդ  կնոջ խոսքեր, նա ոչ մի կերպ չէր համաձայնվում  հետ կանգնել իր ծննդյան օրը հավաքույթ անելու մտքից, նա շատ վստահ ասում էր, ես չեմ հավատում, էդպիսի հիվանդություն  գոյություն չունի, ի՞նչ կարող պատահի, ես գիտեմ, որ չեմ հիվանդանա:  Ծնուդը նշելուց  4 օր հետո նա և իր հարսը հիվանդացան կորոնավիրուսով` հյուրերից մեկից  էին վարակվել:  Հարսը երիտասարդ էր հեշտ հաղթահարեց,  բայց հոբելյարի  մոտ շատ ծանր ընթացք  ունեցավ`  մեկ ամսից ավել պառկեց հիվանդանոցում: Հիմա,  ասում է մահս եկավ աչքիս առաջ և բոլորին պատմում է թե ինչ ծանր օրեր  է ունեցել, ինչ դժվարությունների միջով է անցել:

 

 

Գայանեն տեղեկացրեց, որ իրենց համայնքում շատ շատերը հիվանդացան, մահերն էլ քիչ չեն եղել, նաև իր  հարազատներից մեկն է մահացել:  Ասում է, որ այս մեկ տարվա ընթացքում ոչ բոլորը սովորեցին  Covid-ի հետ  ապրել.  մարդկանց մի զգալի մասի համար այն դարձավ սովորոկան և սկսեցին պարզապես անտեսել և հիշում  է օրեր առաջ պատահած մի դեպք, որը սակայան եզակի չէ.

 

 

-Խանութում էի, երբ մի երիտասարդ ներս մտավ, շատ ինքնավստահ և առանց դիմակի,  նրա հետ մի փոքր զրույցից հետո միայն կարողացա  խանութից դուրս հրավիրել,  աշխատողին էլ զգուշացրեցի, որ ինքը  պիտի նկատողություն աներ և չթողնի ներս մտնեն նրանք ովքեր չեն պահպանում հակահամաճարակային կանոնները: Նման անտարբեր վերաբերմունք ունեցող մարդկանց և մյուսների  հանդուրժողականության պատճառով էլ չի հաջողվում հաղթահարել վարակը – ասում է նա և ավելացնում,- ինձ համար օրինակ է հեռուստացույցով տեսած Ճապոնիայի դեպքը, երբ խանութի աշխատողները հաճախորդների հետ միասին դուրս արեցին օրինախախտին: Թե չե մեզ մոտ անգամ խանութների դռներին են գրված   օրենքի պահանջը, «մուտքը միայն դիմակներով», անտեսում են  և կարծում են իրենք առավելություն ունեն մյուսների հանդեպ, լավ տղաներ են:

 

 

Գայանեի համար վերջին մեկ տարվա ընթացքում յուրաքանչյուր զրույցի մեջ Covid-ը մշտական թեմա է և չի լինում մի հանդիպում, մի զրույց, որի ընթացքում գոնե հինգ րոպե չխոսի համավարակից: Կարծում է,  որ մարդիկ  նույն խնդրի մասին անընդհատ խոսում են այն դեպքում, երբ երևույթը իրենց համար անհասկանալի է, կամ էլ սթրեսային վիճակում են, երկու դեպքում էլ նրանց հետ զրուցել և բացատրել է հարկավոր.

 

 

– Իմ տունը գյուղի վերջում է, աշխատանքիս վայրը գյուղի սկզբում և ես ամեն օր  այդ ամբողջ ճանապարհին անցնում եմ մարդկանց հետ զրուցելով, պատասխանելով նրանց բազմաթիվ  հարցերին, հորդորելով, որ ժամանակին դիմեն բժշկի:

 

 

Զրույցը լավատեսությամբ է եզրափակում.

 

-Տարին ծանր էր և կորուստներ էլ շատ ունեցանք, բայց վստահ եմ, ամեն ինչ լավ է լինելու…  

 

                                                            Կարինե Պետրոսյան

 

 

 

Դիտումների քանակը` 1780

Գլխավոր էջ