Գայանե Մելքոմյան. «Մեզ բախտ է վիճակվել մեր երազած երկրի կառուցմանը մասնակից լինելու»
«Իմ քայլը» դաշինքի ցուցակով ներկայացված իրավաբան Գայանե Մելքոմյանը հայրենադարձի ընտանիքից է: Ծնվել է Անգլիայում: Չորս տարեկան էր, երբ ընտանիքը որոշեց հաստատվել Հայաստանում: 1991 թվականին անկախության հռչակումից հետո պարսկահայ Մելքոմյանների ընտանիքը հաշված օրեր անց եկավ հայրենիք՝ մշտական բնակության:
«Այդ տարիները Հայաստանի համար, իրոք, ծանր էին: Պատերազմի թեժ շրջանն էր, տնտեսական, սոցիալական ծանր պայմաններ, բայց մեր ընտանիքում այլընտրանքային տարբերակ չի էլ քննարկվել: Հայրս ասում էր՝ անկախ հայրենիք ունենք, ուրիշ տեղ այլևս անելիք չունենք: Ծնողներիս այդ որոշումը երբեք քննարկման թեմա չի դարձել: Այդպես էլ ձևավորվել է մեր հարաբերությունը Հայաստանի հետ: Իմ և երեք քույրերիս համար Հայաստանի նկատմամբ ունեցած զգացմունքը միայն հայրենասիրություն չէ. Մենք երբեք միտք չենք ունեցել՝ գնալ, այլ տեղ ապրելու մասին: Սա իմ տունն է, ես այստեղ եմ ինձ լավ զգում»,- ասում է Գայանեն:
Քաղաքացիական տարբեր նախաձեռնություններում առավել ակտիվ ներգրավվել է 2010 թվականից, «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության համահիմնադիր է: Ուսանողական տարիներից պայքարել է Երևանի կանաչ տարածքների պահպանման, ապօրինի շինությունների և պատմական շենքերի ապամոնտաժման դեմ.
«Այո, Հայաստանում շատ խնդիրներ կան, բայց դա նաև հնարավորություններ է ստեղծում: Մեզ բախտ է վիճակվել ոչ թե գալ, ապրել մի երկրում, որտեղ որևէ խնդիր չկա, այլև ապրել մի երկրում, որտեղ փոփոխություններ բերելու հնարավորություն կա: Մեզ բախտ է վիճակվել մեր երազած երկրի կառուցմանը մասնակից լինելու»,- ասում է Գայանեն:
«Իմ քայլը» դաշինքին միանալու մասին քննարկումները նախաձեռնել է հենց Գայանեն: Ինքն է իր աջակցությունն առաջարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներին: Պարզվել է՝ իրեն նույն առաջարկությամբ դիմելու մասին որոշում եղել է նաև կուսակցությունում:
«Երբ տարիներ շարունակ զբաղվում ես քաղաքի համար կարևոր խնդիրների բարձրաձայնմամբ, հասկանում ես, որ, միևնույն է, սահմանափակ հնարավորություններ ունես: Ես մտածեցի, որ, գուցե, սա այն հնարավրությունն է, որից զրկված ենք եղել տարիներ շարունակ: Սա հնարավորություն է խնդիրներն այլ հարթակում լուծելու համար: Մեր քաղաքացիական նախաձեռնությունների և փողոցային պայքարի հեռահար նպատակներից էր նաև քաղաքացիական բարձր գիտակցություն սերմանելը մարդկանց մեջ՝ մեր օրինակով, ցույց տալով, որ յուրաքանչյուրս կարող ենք տեր կանգնել մեր իրավունքներին: Երբ պարզ դարձավ, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ են լինելու, մտածեցի, որ սա հնարավորություն է՝ փոփոխություններ բերել ներսից, որոշումների կայացման փուլում, ոչ թե՝ դրանց հետևանքների դեմ պայքարի»,- պատմում է Գայանեն:
Նա համարում է, որ շատերի և հատկապես իր համար ստեղծվել է հնարավորությունների շրջան՝ քաղաքի հետ վարվեցողության, հարաբերվելու մշակույթ ձևավորելու, քաղաքի խնդիրները լուծելու, որոշումների կայացման և քաղաքականության մշակման համար: Զուգահեռաբար Գայանեն առաջակ ստացավ այլ քաղաքական ուժից, սակայն կարծում է, որ «Իմ քայլը» դաշինքը հեղափոխության տրամաբանությունը և արժեքները կրող հիմնական ուժն է:
Երևանի մեծագույն հիմնախնդիրը, ըստ Գայանեի, էկոլոգիական ծայրահեղ վատ վիճակն է, որը հետագայում բերելու է սոցիալական և առողջապահական լուրջ խնդիրների: Խոսքը ոչ միայն կանաչ տարածքների բացակայության մասին է, այլև օդի, մակերեսային ջրերի և հողի ախտոտվածության, փոշու և աղմուկի բարձր մակարդակի: Այս բոլոր խնդիրների լուծման համար լուրջ ռազմավարություն է պետք, որի մշակմանը օր առաջ ձեռնամուխ է լինելու «Իմ քայլը» դաշինքը:
Գայանեն համոզված է՝ ընտրակեղծարարության դեպքեր լինելու են: Ազատ և արդար ընտրություններ ունենալու համար միայն քաղաքական կամքի առկայությունը բավարար չէ, պետք է նաև մշակութային փոփոխություն լինի. «Եթե մարդիկ չեն պատկերացնում, թե ինչ են ընտրությունները, կամ ինչու է իրենց ձայնը կարևոր, նրանք նույն մոտեցումն են ցուցաբերելու: Ինքս լսել եմ դեպքերի մասին, երբ քաղաքացին մոտեցել է թեկնածուներին և ասել, թե քանի ձայն կարող է ապահովել այդ ուժի համար: Մշակույթի, վարքի փոփոխությունը ժամանակատար բան է: Այս համատեքստում, ցավոք, կարծում եմ, որ կունենանք և՛ բնական, և՛ պրովոկատիվ ընտրակեղծարարության դեպքեր: Միևնույն ժամանակ վստահ եմ, որ նման դեպքերը կբացահայտվեն և կպատժվեն խստագույնս: Ուզում եմ, որ ընտրությունների գնացող քաղաքացիները հասկանան, որ սա հնարավորություն է ինքնամաքրման, որ մեր վարքի փոփոխությամբ միայն կարող ենք հաստատել ազատ և արդար ընտրությունների համակարգ: Միևնույն ժամանակ վախենում եմ, որ կարող ենք բաց թողնել այդ հնարավորությունը»,- ասում է Գայանեն:
Սոնա Մարտիրոսյան
Դիտումների քանակը` 2576