ԳԱԼԱ-ի աղջիկները. «Եթե ոչ ես, ապա՝ ո՞վ»

Հոկտեմբերի 2-ին Գյումրիում կայանալիք ՏԻՄ ընտրություններին առաջին անգամ մասնակցություն են ունենալու մի շարք նոր քաղաքական ուժեր: Դրանց թվում է նաև   «Գաղափարակից լիբերալների ալյանս» կուսակցությունը` ԳԱԼԱ-ն, որի Ընտրական ցուցակում 22 թեկնածուներից  7-ը կանայք են (32%):  Ցուցակի  առաջին տասնյակում երեք կին թեկնածու կա.  3-րդ հորիզոնականում Քրիստինա Մկրտչյանը, ով հանդիսանում է Galatv.am  կայքի գլխավոր խմբագիր, 5-րդ հորիզոնականում Արմենուհի Վարդանյանը  և 7-րդ հորիզոնականում  Հերմինե Մկրտչյանը: Երեքն էլ  անկախության հասակակիցներն են,   լրագրող են,   «ԳԱԼԱ» կուսակցության անդամ են, «Թիմ ռեսուրս» քաղաքացիական նախաձեռնությունների  կենտրոն ՀԿ –ի անդամ են:

 

WomenNet-ի հետ զրույցում Արմենուհի Վարդանյանն ու Հերմինե Մկրտչյանը ներկայացրեցին իրենց սպասելիքները, իրականացվելիք ծրագրերն ու մոտեցումները ընտրական գործընթացների մասով:

 

 

Արմենուհի Վարդանյան.

«Հայրենիքն այն փոքրիկն է, ով ծնողների ձեռքը բռնած հեռանում է Հայաստանից, կտրվում իր արմատներից»

ԳԱԼԱ-ի ցուցակի 5-րդ հորիզոնականում ներկայացված Արմենուհի Վարդանյանի մասնակցությունը ընտրական գործընթացներին կարելի է տեղավորել մեկ նախադասության մեջ. «Ես չեմ ուզում հեռանալ, ես ուզում եմ պայքարել՝ հանուն դեռ չարտագաղթած «հայրենիքի»». Սա է այն լուրջ հիմնավորումը, որ իրեն տարավ դեպի քաղաքական գործընթաց.

 

«Գյումրին Հայաստանի այն բնակավայրն է, որը վերջին տարիներին իր ընդգծված դիրքորոշումն է հայտնում գործող իշխանությունների նկատմամբ և դա արտահայտվում է համապետական ընտրությունների ժամանակ՝ իշխող  կուսակցությանը  տրված ցածր  տոկոսների տեսքով:  Չնայած այս հանգամանքին, գործող վարչախումբը հարկ չի համարում դեմքով ուղղվել դեպի Գյումրին և գյումրեցին, փորձել հասկանալ պատճառները՝ ինչո՞ւ է, որ գյումրեցին ընդդիմադիր կեցվածքով է հանդես գալիս: Փոխարենը ճիշտ հակառակն է տեղի ունենում. Գյումրում խորանում է աղքատությունը, ավելանում գործազուրկների թիվը, մարդիկ գերադասում են լքել քաղաքը:  Վերջին տասը  տարիներին միայն Գյումրիից հեռացել է շուրջ 26.000 մարդ: Համեմատության համար նշեմ, որ օրինակ Արթիկ քաղաքում ապրում է 18.000 մարդ:  Կարծում եմ՝ յուրաքանչյուրին հասկանալի է, որ այս տեմպերով շարունակել կնշանակի վտանգել շատ ու շատ բաներ: Իսկ ես անտարբեր քաղաքացի չեմ»,- նշեց Արմենուհին:

 

Ասում է, որ իրեն ճանաչողները կփաստեն, որ ինքը քաղաքացու այն տեսակը չէ, որ ինչ-որ մեկի օրակարգով առաջ շարժվի: Առհասարակ` ԳԱԼԱ-ի թիմի ներկայացուցիչները, Արմենուհու խոսքով, անհատականություններ են՝ համարձակ, վճռական  և հենց իրենք են որոշում օրակարգը, իրենք են թելադրում իրենց ասելիքը, այլ ոչ թե շարժվում ուրիշների խաղի կանոններով: Իսկ Գյումրու, գյումրեցու շահը, նրա խոսքով, հետևյալն է՝ կորցնելու քաղաք չունեն.

 

«Մենք  իշխանության շահերը  չենք պատրաստվում սպասարկել՝ մեր քաղաքը կորցնելու գնով: Մենք կորցնում ենք մեր հայրենիքը, երբ մեր հայրենիքի մի մասնիկը՝ ՀՀ քաղաքացին, փակում է բնակարանի դուռն ու գուցե անվերադարձ լքում իր քաղաքը: Հայրենիքն ինձ համար սարն ու քարը չէ, հրապարակներն ու փողոցները չեն, Արարատն ու Սևանը չէ, հայրենիքն այն փոքրիկն է, ով ծնողների ձեռքը բռնած հեռանում է Հայաստանից, կտրվում իր արմատներից…Հեռանում է մեր բոլորի ապագան: Ես չեմ ուզում հեռանալ, ես ուզում եմ պայքարել՝ հանուն դեռ չարտագաղթած «հայրենիքի» :  Եթե ոչ ես, ապա՝ ո՞վ. այսպես ենք մտածել՝ մասնակցության  որոշում կայացնելուց առաջ»,- շեշտեց նա:

 

Արմենուհին հստակ գիտակցում է` Գյումրու ՏԻՄ ընտրություններն այս առումով հանգրվանային և շատ կարևոր նշանակություն ունեն: Եվ վստահ է, որ փոփոխությունների սկիզբը դրվելու է Գյումրիից, ու եթե գործող ռեժիմին «ոչ» ասելով բան չի փոխվել իրեն քաղաքում, այս անգամ իշխանությունների ձեռքից գյումրեցին խլելու է Գյումրիի կառավարման ղեկը:

 

«Մենք            ասում ենք՝ Հայաստանի ազատության ամրոցը՝ Գյումրին, պետք է հանձնել գյումրեցուն: Երբ տեղի կունենա այս բեկումնային իրադարձությունը, այդ ժամանակ Երևանի և մյուս քաղաքաների բնակիչները կսկսեն մտածել, թե ինչպես կարելի է կիրառել Գյումրիի փորձը և կսկսեն հավատալ՝ երկիրը քանդող, թալանող, քաղացուն կեղեքող ցանակացած  իշխանավորի պարտությունն անխուսափելի է»,- համոզմունք հայտնեց նա:

 

Անդրադառնալով այն հանգամանքին, որ ԳԱԼԱ-ի ընտրական ցուցակում կին թեկնածուները այլ քաղաքական ուժերի ցուցակների համեմատ շատ են, Արմենուհին նշեց, որ դա ամենևին էլ տուրք չէ օրենքի պահանջին, քանզի ոչ միայն ԳԱԼԱ կուսակցությունում, այլ նաև ԳԱԼԱ հեռուստաընկերությունում կանայք իսկապես բավականին ակտիվ են, ակտիվ լրագրողական գործունեությամբ են զբաղվում: Եվ Գյումրիում իրենց տեսնելով հաճախ են ասում «ԳԱԼԱ-ի աղջիկները»:

 

«Այս արտահայտությունը ասոցացվում է  վճռականության, համարձակության, սկզբունքայնության հետ»,- հպարտ ժպտալով պարզաբանեց մեր զրուցակիցը:

 

Արմենուհին նաև վստահություն հայտնեց, որ իր լրագրողական գործունեությունն ամենևին խանգարող հանգամանք չի հանդիսանա քաղաքական հետագա գործունեության համար.

 

«Վստահաբար կարող եմ պնդել, որ շարունակելու եմ իմ գործունեությունը ԳԱԼԱ ՀԸ-ում: Ինչո՞ւ եմ վստահ, որ չի խանգարի իմ անաչառ գործունեությանը,  որովհետև մեկը մյուսի տրամաբանական շարունակությունն է լինելու: Իմ պայքարի տրամաբանությունը, թիրախը փոփոխության ենթակա չէ և չի կարող լինել: Ոչինչ չի փոխվելու: Առհասարակ եթե հարցնեիք էլ, թե 11 տարի առաջ ու հետո, հիմա՝ նախընտրական քարոզարշավի շրջանակներում ինչ որ բան փոխվե՞լ է, ես կասեմ՝ միանշանակ ոչ: Հանդիպումներ քաղաքացիների հետ եղել են միշտ,  նրանց խնդիրները միշտ եղել են մեր գործունեության օրակարգում: Մարդիկ վստահում են ԳԱԼԱ-ի թիմին և այսօր, երբ մենք հայտ ենք ներկայացրել՝ մասնակցել ընտրական պրոցեսներին,  այդ վստահությունը, տաք շնչառությունը զգում ենք մեր թիկունքին»,- ասաց թեկնածուն:

 

Գնահատելով Գյումրու գործող ավագանու գործունեությունը, նա նշեց, որ հասարակությունը, ցավոք, չի պատկերացնում դրա իրական գործառույթները, որովհետև մինչ օրս չի տեսել այնպիսի ավագանի, որն իր գործունեությամբ կսպասարկի ոչ թե քաղաքապետի, այլ քաղաքացու շահը: Գումրիում, նրա խոսքով, ավագանին չի եղել այն մարմինը, որը ունակ է պահանջատիրոջ դիրքերից հանդես գալ: Ավելին` Տեղական ինքնակառավարման  ինստիտուտը կայացած չէ Հայաստանում.

 

«Ես չեմ կարող մատնանշել մի բնակավայր, որտեղ ավագանին գործոն է, այլ ոչ թե գործիք: Հոկտեմբերի 3-ից հետո վստահ եմ, հպարտորեն կասեմ, որ Հայաստանի այն եզակի բնակավայրը, որտեղ ավագանին  է թելադրողը, ավագանին է այն մարմինը, որը ստիպում է գործող քաղաքապետին ոչ թե սպասարկել իշխանությունների շահը, այլ ժողովրդի, դա Գյումրին է»,- հավելեց Արմենուհին:

 

Հերմինե Մկրտչյան.

«Նպատակը մեկն  է՝ աշխատել ի նպաստ քաղաքի ու քաղաքացու»

 «Գյումրին Հայաստանի այն արժանապատիվ քաղաքն է, որը տարիներ շարունակ «Ոչ» է ասում ՀՀ իշխանությանը, իսկ գյումրեցուն ոչ-ոք չի կարող թելադրել իր կամքը: Համոզված եմ` հոկտեմբերի 2-ը լինելու է հենց այն օրը, երբ հերթական անգամ հաղթելու է գյումրեցու վճռական «Ոչ»-ը` այս անգամ ուղղված  իշխող  Բալասանյան դաշինքին եւ բոլոր այն ուժերին  , որոնք  սպասարկում են իշխանության շահը, և իրենց «ընդդիմադիր» կեցվածքով կոչված են շփոթության մեջ դնելու գյումրեցիներին»,- WomenNet-ի հետ զրույցում նշեց Հերմինեն: Վերջինս հարկ  համարեց նշել, որ այստեղ հնարավոր չէ մարդկանց մոլորության մեջ դնելով՝ ձայներ կորզել, քանի որ տեղում իրավիճակին մարդիկ շատ լավ տիրապետում են:

 

Ինչ վերաբերում է կոնկրետ իր մասնակցությանը և ԳԱԼԱ կուսակցության ընտրական ցուցակի առաջին հորիզոնականներում ընդգրկվելուն, Հերմինեն նշեց, որ  դա եղել է իր որոշումը, ինչը բխել է ԳԱԼԱ-ի թիմի նկատմամբ գյումրեցիների ունեցած վստահությունից, որն էլ իրենց ստիպել է, դրդել է գնալու այդ քայլին:

 

Հերմինեից էլ  հետաքրքրվեցինք. ԳԱԼԱ-ի ընտրական ցուցակում կին թեկնածուները շատ են, իսկապե՞ս կուսակցությունը կարևորում է կանանց ձայնը:

 

«Մեր  թիմում միշտ էլ կանայք ունեն առանձնահատուկ դեր և նշանակություն, և անհամեստ չի լինի, եթե ասեմ, որ Գյումրիում գրեթե բոլորն են ճանաչում ԳԱԼԱ-ի իգական սեռի ներկայացուցիչներին: Ճանաչում են, քանի որ տարբեր ժամանակահատվածներում մեր թիմի կանայք աչքի են ընկել իրենց վճռական, պայքարող տեսակով, ու կին թեկնածուներից յուրաքանչյուրն առանձնանում է իր գործելաոճով, և պատճառն այն է, որ մեզ մոտ ամեն մեկս ազատ ենք մեր գործողություններում»,- ընդգծեց նա:

 

Ինչ վերաբերում է այն տեսանկյունին, թե լրագրողը քաղաքական դաշտ մտնելով այլևս անաչառ լրագրությամբ զբաղվել չի կարող, հետաքրքրվեցինք, թե ի՟նչ ծրագրեր ունի թեկնածուն հետագայի համար` շարունակելու՞  է լրագրությամբ զբաղվել ավագանիում  ընտրվելուց  հետո, թե քաղաքականությունն ու համայնքի խնդիրները առաջնային կլինեն:

 

«Լինելով ավագանու կազմում, բնականաբար շարունակելու եմ իմ լրագրողական աշխատանքը, քանի որ երկու պարագայում էլ նպատակը նույնն է՝ աշխատել ի նպաստ քաղաքի ու քաղաքացու: Ու վստահ եմ` մեկը մյուսին օգնելու է, ու ոչ թե խանգարելու, քանի որ քաղաքացին այսօր տարբեր պետական կառույցների փոխարեն դիմում է մեզ՝ մեր թիմին, ու ԳԱԼԱ-ին է տեսնում իր խնդիրը լուծողի դերում: Այսինքն այնպես չէ, որ մինչ օրս որպես լրագրող զուտ խնդիր բարձրացնողի դիրքերից եմ հանդես եկել, վաղուց արդեն մենք այլ գործառույթ ենք իրականացնում: Եթե ունես ազնիվ նպատակներ, ապա բնական է, որ ունեցած բոլոր լծակներդ ծառայեցնելու ես ի շահ ՀՀ քաղաքացու: Իսկ իմ լրագրողական գործունեության մեջ որևէ բան չի փոխվելու, քանի որ շարունակելու եմ աշխատել այնպես, ինչպես մինչ օրս եղել է»:

 

Անդրադառնալով Գյումրու գործող ավագանու գործունեությանը, Հերմինեն նշեց, որ ցավալի է , բայց փաստ` Գյումրու ավագանին մինչ օրս եղել է կամակատար, ավագանու անդամների մեծ մասը, բացառությամբ մեկի, աշխատել են թելադրանքով, ծառայելով ոչ թե ժողովրդին, այլ քաղաքապետին: Եվ դա է պատճառը, որ ժողովուրդն այսօր չունի վստահություն քաղաքային իշխանությոնների նկատմամբ, մարդիկ չեն ճանաչում ավագանու անդամներին, ինչն իր կարծիքով խեղկատակություն է.

 

«ԳԱԼԱ-ի թիմը որակ է փոխելու Գյումրիում, մենք իշխանությունը վերադարձելու ենք ժողովրդին , ու ցույց ենք տալու, որ կամակատարները մեզ մոտ տեղ չունեն: Վստահ եմ` Գյումրեցու վստահությամբ դա մեզ կհաջողվի»,- հավելեց մեր  վճռական զրուցակիցը:

 

Լիա Խոջոյան

Դիտումների քանակը` 3436

Գլխավոր էջ