Ֆերմերական կոնգրեսը՝ երկխոսության հարթակ գյուղի խնդիրները լուծելու նպատակով

Այսօր  Երևանում տեղի ունեցած  Ֆերմերական  կոնգրեսը, որը կազմակերպել էին Օքսֆամ-ի հայաստանյան գրասենյակը Հայաստանի գյուղատնտեսական դաշինքի հետ համատեղ, առաջինն էր հանրապետությունում իր ձեւաչափով:  Կոնգրեսին  մասնակցել են  հանրապետության  մարզերից  ժամանած  շուրջ հարյուր ֆերմերներ և կոոպերատիվների ներկայացուցիչներ ,  ինչպես  նաև ոլորտի զարգացման գործում ներգրավված տեղական  և միջազգային կազմակերպություններ: Միջոցառմանը մասնակցել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: 

 

Ողջունելով  ներկաներին  ՕՔՍՖԱՄ-ի  հայաստանյան  գրասենյակի  տնօրեն Մարգարիտա Հակոբյանը նշեց, որ միջոցառման  նպատակն է Հայաստանում  գտնվող  բոլոր ֆերմերների և ասոցիացիաների համար ստեղծել  երկխոսության  հարթակ,  նրանց  հնարավորություն  տալ  բարձրաձայնելու իրենց  գործունեության  ընթացքում  հանդիպող  խնդիրները: Նա նաև հույս  հայտնեց, որ նման ձևաչափով միջոցառումները կկրեն շարունակական բնույթ:

 

Անդրադառնալով  ԵՄ-ի  աջակցությամբ իրականացվող «Հարավային Կովկասում պարենային անվտանգության բարելավում ազգային ռազմավարությունների և մանր ֆերմերական արտադրության միջոցով» ծրագրին, որի շրջանակում անցկացվում է ֆերմերական կոնգրեսը,  տիկին Հակոբյանն ասաց.

 

-Ծրագրի  հիմնական  բաղադրիչներն ուղղված են Հայաստանի  գյուղատնտեսական  ոլորտում տեղական  ֆերմերական  արտադրության  զարգացմանը  և պարենային  անվտանգությանը, որի մեջ ներառվում են նաև սննդի անվտանգությունն ու  սնուցումը:

Նրա խոսքով, ծրագրի կարևոր բաղադրիչներից  մեկն էլ  աջակցությունն է գյուղատնտեսական  դաշինքին, որը ստեղծվել է 2011-ին Օքսֆամ կազմակերպության նախաձեռնությամբ  և միավորում է գյուղատնտեսական  ոլորտում  բազմամյա փորձ  և հմտություններ ունեցող 15-ից ավել   կազմակերպություններ:

 

Կոնգրեսի մասնակիցներին ողջունեց  նաև ՀՀ գյուղատնտեսության  նախարար Իգնատի Առաքելյանը: Նա  իր ելույթում  նշեց, որ կոնգրեսում  հնչեցրած խնդիրներն ու առաջարկությունները հետագայում  կարող են  ընդգրկվել 2018 թվականի գյուղատնտեսության  զարգացմանն ուղղված ծրագրերում: Այնուհետև ասաց, որ ընթացիկ տարում կշարունակվեն պարարտանյութերի  և գարնանացան սերմացուի սուբսիդավորման  ծրագրերը, կպահպանվեն գներն ու ծավալները,նախկինում դիզվառելիքի սուբսիդավորման համար հատկացվող  և պարարտանյութերի ծրագրից մրցույթի արդյունքում տնտեսված գումարները կուղղվեն գյուղտեխնիկայի ձեռքբերման ծրագրի սուբսիդավորմանը:

 

Անդրադառնալով  գյուղտեխնիկայի  լիզինգային  ծրագրին Ի.Առաքելյանն ասաց.

 

-Ծրագրի հաստատումից  հետո կկիրառվի էժան  ֆինանսական  գործիք և գյուղացիական  տնտեսություններին  կտրամադրվի լիզինգային  գյուղտեխնիկա  ցածր տոկոսային  վարկով, ֆինանսական  սահմանափակում  չի լինելու, և ֆերմերները կարող են  ընտրել այն  գյուղտեխնիկան, որը ցանկանում են: Լինելու է 20  տոկոս  կանխավճար, իսկ  կախված, թե  ինչ տեխնիկա է  գնվելու 3-10 տարվա  կտրվածքով, տոկոսը  տարեկան  կկազմի 2-3 –ի սահմաններում և մինչև 3-ից 10 տարի մարման ժամկետ: Այն  տնտեսությունները, որոնք  կունենան  համապատասխան կարողություններ  վճարելու մայր գումար և չնչին  տոկոս, կկարողանան  գնել  գյուղտեխնիկա:

Նախարարը  կարևորեց  նաև  ոռոգման կաթիլային համակարգի և հակակարկտային ցանցերի ներդրումը` միաժամանակ նշեց,  որ մասնագիտացված ընկերությունների հետ հաշվարկներ են իրականացվում այս համակարգերի ներդրման հարցում երկարաժամկետ և էժան վարկային ռեսուրսների ներգրավման հնարավորությունն ուսումնասիրելու նպատակով: Նա ընդգծեց  նաև ագրարային ոլորտում բարձրակարգ մասնագետների պատրաստման  անհրաժեշտությունը, սննդամթերքի որակի և անվտանգության ուղղությամբ լայնամաշտաբ աշխատանքների իրականացումը,  պարտադիր սպանդանոցային մորթի անցման հարցը, որի վերաբերյալ որոշումն այս պահին շրջանառության մեջ է և բուսաբուծության ոլորտում սերմնաբուծարանների, իսկ անասնաբուծության ոլորտում` տոհմաբուծարանների կայացումը:

 

Իգնատի Առաքլեյանն անդրադառնալով սահմանամերձ համայնքներում գյուղատնտեսության զարգացման ծրագրերի ներդման  հարցին ասաց, որ այդ  հարցով հատուկ ծրագիր չկա, սակայն դրա հետ կապված  առաջիկա  խորհրդակցության  ժամանակ կքննարկվի   այդ  գյուղերի աշխատանքի, աշխատատեղերի  խնդիրը, որպեսզի  հասկանան, թե  սահմանամերձ համայնքն ինչի հնարավորություն ունի, մարդիկ ինչով են ուզում զբաղվել:

 

Ելույթից  հետո  Իգնատ Առաքելյանը պատասխանեց միջոցառման  մասնակիցների բազմաբնույթ  հարցերին, որոնք  վերաբերում էին գյուղատնտեսության  վարկավորմանը գյուղմթերքի և սերմերի ներկրումներին, գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերմանը, օրգանական գյուղատնտեսությանը, կաթի գնագոյացմանը, ինչպես նաև կոոպերացիայի զարգացմանը: Հատկանշական է,որ բոլոր հարցերը հնչեցնում էին միայն տղամարդիկ, իսկ  սահմանամերձ շրջաններից  կին ֆերմերները,ովքեր ներկա էին  կոնգրեսին, ավելի պասիվ էին, թեև ասելիք անշուշտ ունեին: Միայն Նունե Ավագյանը Գոմք համայնքից հարցրեց նախարարին  գյուղատնտեսական վարկերի մասին, որոնք  դժվար հասանելի են կանանց, որոնք չեն կարողանում լուծել գրավի հարցը երբ հողի և անշարժ գույքի սեփականատեր են հանդիսացող տղամարդիկ մեկնում են արտագնա աշխատանքի: 

 

Գյուղատնտեսական դաշինքի անդամ  «Բի Էս Սի» բիզնեսի աջակցման կենտրոնի տնօրեն, Գյուղատնտեսական դաշինքի անդամ Սամվել Գևորգյանն առանձին,  լրագրողներին  տված  հարցազրույցի  ընթացքում ասաց, որ գյուղատնտեսության ոլորտի ամենամեծ մարտահրավերն այն է, թե ինչպես  գյուղացիական տնտեսությունները դարձնել բիզնես-մոդել, որտեղ բիզնես մտածողությունը կիշխի, ոչ թե «յոլա գնալու» գործելաոճը:

-Արտասահմանյան զարգացած երկրներում գյուղատնտեսությունն առաջ է գնում միայն այն դեպքում, երբ ֆերմերային տնտեսությունները բիզնես-մոդել են ներդնում գյուղացիական տնտեսությունների զարգացման հեռանկարների հիմքում և ներկայացնում են այդ ոլորտի ռազմավարական մոտեցումները: Ինչ վերաբերում է  ֆերմերներին, ապա նրանց մոտ առաջին հերթին պակասում են բիզնեսի վերաբերյալ գիտելիքները: Երկրորդ խնդիրը  մտածելակերպն է, որը եկել է դեռևս Խորհրդային Միության ժամանակաշրջանից,- ասաց նա:

 

Անուշ Ներսիսյան

Դիտումների քանակը` 3042

Գլխավոր էջ