Կանանց նկատմամբ բռնությունը թանկ է նստում աշխարհի վրա

ՄԱԿ-ի  տվյալների  համաձայն՝  աշխարհում  յուրաքանչյուր  երրորդ  կին բախվում  է  ֆիզիկական  և  սեռական  բռնության  այս  կամ  այն դրսևորմանը,  լինի  դա սեռական բռնություն,  ծեծ  թե  ոտնձգություններ աշխատավայրում: 18 տարեկանից ցածր աղջիկների  յուրաքանչյուր 10-ից մեկը հարկադիր սեռական հարաբերությունների զոհ է: Այսօր 603  միլիոն կանայք ապրում են երկրներում,  որտեղ բռնությունն ընտանիքում չի համարվում հանցագործություն: Մինչդեռ յուրաքանչյուր յոթերորդ սպանությունն աշխարհում կատարվում է ընտանիքի ներսում: Այսօր ավելի շատ մարդ է զոհվում ընտանեկան բռնության հետեւանքով, քան պարերազմների  եւ հակամարտությունների ժամանակ… Այս ամենը շատ թանկ է նստում աշխարհի վրա.  համաշխարհային տնտեսության կորուստները կազմում են տարեկան 8 տրիլիոն դոլար… 

 

Դիտել ՄԱԿ-Կանայք ինֆոգրաֆիկան այստեղ

 

Այս տվյալները ՄԱԿ-ի  Կանանց  դրության  հանձնաժողովի  59-րդ  նստաշրջանի ընթացքում հնչեցված մտահոգիչ   թվերի ու փաստերի մի մասն են միայն: Կանանց նկատմամբ բռնությունը՝ 1995-ին ընդունված Պեկինի գործողությունների ծրագրի  խնդրահարույց բնագավառներից է  եւ պատահական չէ, որ այն  Պեկին+20 ամփոփմանը նվիրված  նստաշրջանի կենտրոնական թեմաներից մեկն էր:  Քննարկումներն այս հարցի շուրջ ընթանում էին  եւ  կառավարական մակարդակով հանդիպումներին,  եւ զուգահեռ անցնող ՀԿ-ների  միջոցառումների ընթացքում:   Առավել քան տպավորիչ էին  պատմություններն , որոնք ներկայացնում էին  իրավապաշտպան ՀԿ-ներն՝ պատմելով իրենց կողմից կատարվող աշխատանքների մասին:

Փաստերն  ամենուրեք են: Հիշատակվում էր Նոր Դելիում ավտոբուսի մեջ երիտասարդ կնոջ խմբակային բռնաբարության դեպքը, որը  մեծ աղմուկ բարձրացրեց Հնդկաստանում: Հարավային Սուդանում կանայք հարձակման են ենթարկվում քաղաքացիական պատերազմի երկու կողմերի կողմից: Իրաքում կանանց ստրկացնում են սեռական շահագործման նպատակով ,  ամերիկյան քոլեջներում  աղջկների 83% սեռական ոտնձգությունների են ենթարկվում: Եվրամիության երկրների կանանց 40-50% աշխատավայրում բախվում են  սեռական ոտնձգության տարբեր ձևերի: Ռուսաստանի իրավապաշտպանների ներկայացմամբ  երկրում ամեն տարի  14 հազար կին է զոհվում ընտանեկան բռնությունից…

 

20 տարի առաջ շատ քիչ բան էր հայտնի բռնության չափերի մասին: Չնայած այն ձեռքբերումների, որոնք կանայք ունեցել են կրթության, առողջապահության և նույնիսկ քաղաքական իշխանության ոլորտում, կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունն ամբողջ աշխարհում «շարունակվում է ահազանգող չափերով», մտահոգություն հայտնեց  ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը:

 

Ըստ Պեկինի գագաթնաժողովի  մասնակցածների՝ թերևս ամենամեծ փոփոխությունը, որ եղել է, դա այն է, որ կանանց նկատմամբ բռնությունը  այժմ ուշադրության կենտրոնում է և քննարկվում է: «Իրականում այսօր ավելի մեծ ուշադրություն է դարձվում կանանց նկատմամբ բռնության խնդրին»,- ասաց Շառլոտ Բանչը՝ ֆեմինիստ գիտնական, ով ներկա է եղել Պեկինի համաժողովին: Ճշմարտությունն այն է, որ սա մի բարդ հարց է, որը չի կարող հեշտությամբ լուծվել:

 

Քննարկումների ընթացքում որոշակի շեշտադրումներ արվեցին այս հարցի շուրջ: Առաջինը, օրենսդրական դաշտը եւ ընտանեկան բռնության դեմ օրենքների առկայություն: Այդ համատեքստում նշվեց, որ որոշ երկրներում գոյություն ունեն բռնությունն արդարացնող օրենքներ: Օրինակ, Նիգերիայում  օրենքը թույլ է տալիս տղամարդուն ծեծել կնոջը որոշ հանգամանքների բերումով: Սակայն նույնիսկ երբ օրենքները ադեկվատ են, զոհերը միշտ չէ որ հարմար են գտնում դիմել իրավապահ մարմիններին:

 

«Ոչ միայն օրենքներ ընդունել, այլ իրականացնել դրանք »

 

Ինչպես ասաց  իր ելույթում ՄԱԿ-Կանայք գործակալության գործադիր տնօրեն Ֆումզիլե Մլամբո Նգուկան, որպեսզի օրենքներն աշխատեն ողջ աշխարհի կառավարությունները պետք է համոզեն իրենց ոստիկաններին, դատավորներին և բժշկական անձնակազմին՝ կանանց նկատմամբ բռնությանն ավելի լրջորեն վերաբերվել:  «Ես հիասթափված եմ, ես պետք է ազնիվ լինեմ: Ես խնդրում եմ ոչ թե ավելի շատ օրենքներ ընդունել, այն իրականացնել դրանք», – ասաց նա:

 

«Հավասարությունը հիմա» – ի գործադիր տնօրեն Յասեմն Հասանի խոսքով,  կառավարություններին անհրաժեշտ է հիշեցնել, որ նրանք հանձնառություն են վերցրել օրենսդրական դաշտը ավելի արդար դարձնելու եւ մշակութային տարբերությունները չեն կարող արդարացում լինել ոչ մեկի համար:

 

Երկրորդը, նստաշրջանի ընթացքում շատ խոսվեց «ծայրահեղականության և պահպանողականության» ընդլայնման մասին, ինչն անշուշտ ուղղված է կանանց մարդու իրավուքների դեմ եւ կանանց առաջընթացին դիմադրության տարրեր է պարունակում: Իսկ Իսլամական պետության կողմից արվող բռնություններն ու առևանգումները նոր հրատապություն հաղորդում  այս խնդրին:

 

Ակադեմիկոս Դոկտոր Հուդսոնի դիտարկմամբ, բռնության տարբեր ձևերի առկայության պատճառը մասամբ այն է, որ այն հաստատում բոլոր կանանց նկատմամբ գերակայություն՝ անձնական և քաղաքական նպատակներով. «Կարծում եմ՝ կանանց նկատմամբ բռնությունն այնքան «օգտակար»  է որոշ տեսանկյուններից, որ հենց այդ պատճառով էլ այդքան դժվար է այն վերացնել»:

 

Հայաստանը  հիշատակվեց սելեկտիվ աբո?տների համատեքստում 

Խոսվեց նաե այն մասին, որ իգական սեռի հանդեպ բռնությունը կարող է սկսվել մինչև ծնվելը: Նշվեց, որ պտղի սեռով պայմանավորված աբորտները նվազել են որոշ երկրներում, ինչպիսին է Հարավային Կորեան, մինչդեռ այլ վայրերում բարձր է, քան երբևէ, օրինակ Հնդկաստանում, և գնալով աճում են Հայաստանում:

 

Սեռական ոտնձգությունների մասին նշվեց, որ դրանք ամենուրեք են: Միացյալ Նահանգներում 12-16 տարեկան աղջիկների 83 % ասել են, որ ենթարկվել են ոտնձգության տարբեր ձևերի հանրակրթական դպրոցներում: Նոր Դելիում 2010-ին արված հետազոտությունը պարզել էր, որ յուրաքանչյուր երեք կանանցից երկուսն ասել են, որ միայն վերջին տարվա մեջ ավելի քան երկու անգամ ոտնձգության են ենթարկվել:

 

Կանանց նկատմամբ բռնությունը սովորաբար մնում է չբացահայտված: Օրինակ, Եվրամիության 28 երկրներում անցկացված հետազոտությունը ցույց էր տվել, որ կանանց միայն 14 %-ն է հայտնում ընտանեկան բռնության մասին ոստիկանությանը:

 

«Կանանց նկատմամբ բռնությունն ունի համաճարակային չափեր և առկա է աշխարհի յուրաքանչյուր երկրում, սակայն, այդուհանդերձ, այն դեռ լիարժեք առաջնահերթություն չէ շատ կառավարությունների համար», – ասաց «Կանայք զարգացման մեջ» կազմակերպության նախագահ (AWID)  Լիդիա Ալպիզարը:

 

Կանանց նկատմամբ բռնությունը դիտարկվում է որպես կայուն զարգացմանը խոչընդոտող գործոն: Այդ համատեքստում քննարկման մասնակիցները հույս հայտնեցին, որ ընդդեմ կանանց նկատմամբ բռնության պայքարը նոր թափ կառնի Հազարամյակի զարգացման նպատակների նոր փուլի հետ, որի վերաբերյալ կառավարությունները պետք է համաձաւյնության գան այս տարվա սեպտեմբերին եւ որը հայտնի է որպես Կայուն Զարգացման Նպատակներ: Նոր նպատակները  ներառում են հատուկ պահանջ կանանց հավասար իրավունքնների եւ հնարավորությունների մասով, այդ թվում նաեւ այն, թե ինչպես են իգական սեռի ներկայացուցիչները  պաշտպանված բռնությունից:

 

Օրենք ընդդեմ ֆեմիցիդի

 

Հատկանշական է, որ նստաշրջանի մասնակիցների մոտ մեծ ոգեւորություն առաջացրեց այն լուրը, որ  Բրազիլիայի նախագահ  Դիլմա Ռուսսեֆը հենց այդ օրերին ստորագրեց կանանց ու աղջիկների սպանությունների համար առավել խիստ պատիժներ սահմանող օրենք:  Այժմ ընտանեկան բռնության հետեւանքով կնոջ սպանությունը  կպատժվի Բրազիլիայում 12 – ից 30 տարի ազատազրկմամբ:

 

Նոր օրենքը նաեւ  սահմանում է  քրեական  օրենսգրքում  ֆեմիցիդ (femicide) հասկացությունը՝  հանցագործության  նոր տեսակ, ինչը նշանակում է կնոջ  սպանություն՝  ընտանեկան բռնության կամ  կանանց նկատմամբ խտրականության  հողի վրա:

 

Բրազիլիայի նախագահը նշում է , որ օրական երկրում  15  կին է սպանվում, եւ նոր օրենքը  ընտանեկան բռնության  նկատմամբ  «զրոյական հանդուրժողականության»  քաղաքականության մի մասն է միայն  եւ այն ազդակ է հանդիսանում կանանց համար, որ պետությունը նրանց պաշտպանելու է: Նշենք, որ նման օրենքներ կան Լատինական Ամերիկայի գրեթե բոլոր երկրներում:

 

Երեւան-Նյու Յորք

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Պանդեմիայի հասնող կանանց նկատմամբ բռնությունը/ ինֆոգրաֆիկա եւ ֆիլմ

 

 

«Մենք սպասում ենք ձեզ, տիկին Գլխավոր քարտուղար»…

 

«Առնվազն 700 տարի կպահանջվի լրատվամիջոցներում գենդերային հավասարությանը հասնելու համար»

 

«Յուրաքանչյուր կին, յուրաքանչյուր երեխա». հաջողվել է փրկել 2,4 մլն. կյանք

 

«Կանայք քաղաքականության մեջ – 2015». ներկայացվեց նոր քարտեզը

 

Բիզնեսը հավասարություն է ենթադրում

 

ՄԱԿ- ը հավակնոտ նպատակ հռչակեց՝ մինչև 2030թ. հասնել գենդերային հավասարության

 

Կանանց երթը Նյու Յորքում « Մոլորակ 50/50» կարգախոսով

 

«Կապանքներից ազատենք կանանց ներուժը հանուն բոլորի համար ապահով ապագայի»

 

Դիտումների քանակը` 4894

Գլխավոր էջ