Eurimages-ը Երևանում. Գենդերային հավասարություն կինոյի ոլորտում մինչև 2020 թվականը
Երևանում մարտի 13-16-ը տեղի կունենա Եվրիմաժի /Eurimages կառավարման խորհրդի 150-րդ նիստը, որին ներկա են լինելու Եվրիմաժի նախագահ Կատրին Թրոտմանը, գործդիր տնօրեն Ռոբերտո Օլլան և 65-հոգանոց աշխատանքային խումբը (անդամ երկրների ներկայացուցիչներ)։
Միջոցառման շրջանակներում մարտի 13-ին, 19:00-ին «Մոսկվա» կ/թ-ում կկայանա «Գենդերային հավասարություն կինոյի ոլորտում» խորագրով ֆորում-հանրային քննարկում և ֆիլմի դիտում։ Համաձայն Եվրիմաժի որդեգրած ռազմավարության՝ անդամ պետությունները քայլեր են ձեռնարկում կինոյի ոլորտում մինչև 2020 թվականը գենդերային հավասարություն ապահովելու նպատակով։
Բանախոսներն են՝
Այրիս Զապպե-Հելլեր – Եվրիմաժի գենդերային հարցերով աշխատանքային խմբի նախագահ
Նվարդ Մանասյան – UNICEF Հայաստանի Գենդերային հավասարության հարցերով պատասխանատու
Մարիամ Օհանյան – ԿԻՆ կինոփառատոնի հիմնադիր տնօրեն
Անի Որսկանյան – կինոպրոդյուսեր
Դիանա Կարդումյան – կինոռեժիսոր
Սեդա Գրիգորյան – մոդերատոր։
Միջոցառման սկզբում բացման խոսքով հանդես կգան Եվրիմաժի գործադիր տնօրեն Ռոբերտ Օլլան և Եվրիմաժի հայաստանյան ներկայացուցիչ, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Սուսաննա Հարությունյանը:
Քննարկմանը կհաջորդի հարցուպատասխան բանախոսների հետ, որից հետո տեղի կունենա Դիանա Կարդումյանի «Տոմբե» կարճամետրաժ ֆիլմի ցուցադրությունը:
Դերերում՝ Նարինե Գրիգորյան, Տաթև Հովակիմյան, Տաթև Ղազարյան, Արմեն Մարգարյան:
Կառան «Ոսկե Ձկնիկ» ճաշարանում ափսե լվացող է աշխատում: Նրա կյանքը նման է մոխրագույն օրերի անվերջ շարանի՝ հեռու մեծ քաղաքի կանչող լույսերից: Կառան ամեն գիշեր ոտքով, միայնակ վերադառնում է տուն, որպեսզի գումար խնայի ընտանիքի համար: Մի անգամ անսպասելի մի միջադեպ կոտրում է նրա միօրինակ առօրյայի ընթացքը:
Միջոցառումն իրականացվում է ՀՀ Մշակույթի Նախարարության և Հայաստանի Ազգային Կինոկենտրոնի կողմից:
Քննարկման աշխատանքային լեզուն անգլերենն է, կտրամադրվեն հայերեն համաժամանակյա թարգմանության սարքեր: Ֆիլմը հայերեն է, անգլերեն ենթագրերով:
Միջոցառման ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է:
***
Եվրիմաժը /Eurimages/ հիմնադրվել է 1989 թվականին՝ Ստրասբուրգում որպես Եվրոպայի խորհրդի մշակութային աջակցության հիմնադրամ: Ներկայումս կազմակերպությանն անդամագրված է 37 երկիր: Հայաստանը անդամակցել է կազմակերպությանը 2016 թվականին: Եվրիմաժն աջակցում է եվրոպական տեսալսողական արդյունաբերությանը երեք ուղղություններով՝ ֆիլմի համատեղ արտադրության, դիստրիբյուցիայի և ցուցադրության համար: Եվրիմաժում Հայաստանի ազգային ներկայացուցիչներն են՝ Սուսաննա Հարությունյանը, Վրեժ Քասունին:
Դիտումների քանակը` 2433