Կորոնավիրուս, պատերազմ, անորոշ ապագա. երիտասարդությունն այլևս խոցելի խումբ է

 

 

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ՝  2000 թվականից սկսած օգոստոսի 12-ը նշվում է որպես Երիտասարդության միջազգային օր:  Այն  նպատակ ունի կարևորել երիտասարդության դերն ու նշանակությունը երկրի զարգացման ու առաջընթացի գործում, ինչպես նաև  բարձրացնել հանրության տեղեկացվածությունը երիտասարդությանն առնչվող հարցերի վերաբերյալ: Այս տարի  օրն անցնում է  «Սերունդների համերաշխություն. աշխարհ՝ բոլոր տարիքի մարդկանց համար» խորագրի ներքո: 

 

 

Երիտասարդությունն ու ժամանակակից մարտահրավերները

 

Ժամանակակից աշխարհը լրջագույն մարտահրավերներ նետեց ու շարունակում է նետել երիտասարդությանը: Հատկապես վերջին տարիներն իրական փորձություն էին երիտասարդների համար, քանզի այդ ամենը խորը և անդառնալի հետք թողեց իրենց ապագայի ու հետագա անելիքների վրա: 2020 թվականին աշխարհը բախվեց այս դարի ամենալրջագույն փորձությանը՝ կորոնավիրուսի պանդեմիային, որը գլխիվայր շուռ տվեց բոլորիս կյանքն ու էական փոփոխություններ մտցրեց առօրյայում և ապագան ծրագրելու հարցում: Կորոնավիրուսի թերևս ամենամեծ «պատգամն» այն էր, որ դու չես քո ապագան կերտողը և պլաններդ մի րոպեում կարող են ձախովել:

 

 

Տարիքային բոլոր խմբերն, անշուշտ, այս արհավիրքի դիմաց խոցելի են, բայց ամենից խոցելի խումբը թերևս երիտասարդությունն էր, քանի որ, նախևառաջ, հիմնովին խաթարվեց կրթություն ստանալու նրանց իրավունքը: Այո, պետությունները փորձեցին շատ արագ արձագանքել փոփոխություններին, կրթությունը դարձավ հեռավար, նախակրթարանները, դպրոցներն ու բուհերը արագ նոր մեթոդաբանություն մշակեցին օնլայն դասավանդման համար, բայց, անշուշտ, և այդ մասին փաստում են նաև մասնագետները, դա բացասաբար ազդեց կրթության որակի վրա:

 

 

Կորոնավիրուսը զրկեց երիտասարդներին ժամանակակից աշխարհի կողմից տրված սոցիալիզացիայի և կարիերան կառուցելու լավագույն հնարավորություններից մեկից՝ արտերկրում ուսումը շարունակելու տարբերակներից, նվազագույնի հասցրեց շփումը հասակակիցների հետ: Առաջին դասարանցիներն իրենց համադասարանցիներին տեսնում էին միայն համակարգչով, ուսուցիչը դասավանդում էր օնլայն:

 

 

Եթե ուսում ստանալու ավանդական մոդելն  այսօր ամբողջությամբ վերականգնվել է, նույնը չի կարելի ասել կրթության ոլորտի այլ ասպարեզների մասին: Պանդեմիայից երկու տարի անց, կորոնավիրուսը վերջնական չհաղթահարված լինելու ֆոնին, երիտասարդները, օրինակ, դեռ մեծ դժվարություններ ունեն ուսումն արտերկրում շարունակելու հարցում և այս իմաստով հեռահար պլաններ կազմելու հնարավորությունից:

 

 

Աշխատանք գտնելու հարցում երիտասարդ կանայք ավելի վատ վիճակում են, քան երիտասարդ տղամարդիկ

 

 

Աշխարհում աշխատանք գտնելու չկարողացող երիտասարդների թիվն այս տարի կհասնի 73 միլիոնի, ինչը վեց միլիոնով ավելի է, քան մինչև COVID-19 համաճարակի սկիզբը, փաստում են Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ)  կողմից  օրերս հրապարակված  «Երիտասարդների զբաղվածության համաշխարհային միտումները 2022 թվականին»։  

 

 

Զեկույցի գնհատականներով  COVID-19 համաճարակը քաոս և բազմաթիվ լրացուցիչ մարտահրավերներ  է առաջացրել աշխատաշուկաների վրա ողջ աշխարհում, հատկապես 15-24 տարեկան երիտասարդներն են  բախվել աշխատանք գտնելու լուրջ խնդիրների հետ՝ շատ ավելի հաճախ, քան միջին տարիքի և տարեցները: Մեծացել է նաև գենդերային բացը. աշխատանք գտնելու հարցում երիտասարդ կանայք ավելի վատ վիճակում են, քան երիտասարդ տղամարդիկ։ Աշխարհում տասը երիտասարդ կանանցից միայն երեքն  այս տարի աշխատանք կունենան, մինչդեռ երիտասարդ տղամարդկանց մոտ այդ ցուցանիշը մոտենում է հիսուն տոկոսին: «Գենդերային տարբերությունն առավել ցայտուն է ցածր միջին եկամուտ ունեցող երկրներում (17,3%) և ամենաքիչը բարձր եկամուտ ունեցող երկրներում (2,3%)», – ասվում է զեկույցում:

 

 

«Բարդ է… բացի այդ, թևաթափ վիճակ է»

 

 

Ակնհայտ է, որ համավարակը մեծ ազդեցություն է  ունեցել նաև կրթական  համակարգի վրա՝ սահմանափակելով  երիտասարդների ուսում ստանալու հնարավորությունները, խաթարելով իրենց պլանները : WomenNet.m-ի հետ զրույցում Աննա Կարապետյանը (22 տարեկան) կիսվեց իր պատմությամբ.

 

 

«2020 թվականի աշնանը ես արդեն պետք է լինեի Պրահայում, շարունակելու ուսումն տեղի հաամալսարաններից մեկում: Ավելորդ է ասել, որ եվրոպական լավագույն բուհերից մեկում սովորելու ծրագիրս, ինչպես նաև ջանքերս մեկ տարի չէ, որ ինձնից ժամանակ ու ուժեր խլել: Բոլոր փուլերն անցա, անգամ հնարավորություն ունեի առաջին կիսամյակից հետո, եթե լավ արդյունքներ գրանցեի, ուսման վճարի փոխհատուցում ստանալ, թեև ես գտել էի մի տուրիստական գործակալություն, որտեղ պետք է օրական մի քանի ժամով զբաղվածությանս հարցը լուծեի… բայց կորոնավիրուսը բոլոր ծրագրերը չեղարկեց, ու հիմա, երկու տարի անց, ես նորից պետք է այդ ճանապարհն անցնեմ, սկսելով ամենասկզբից, որպեսզի հնարավորություն ունենամ մեկնել Պրահա: Հիմա շատ դժվար է, որովհետև ես Երևանում բուհն ավարտեցի, արդեն անցել եմ աշխատանքի, ընտանեկան այլ հարցեր կան, որոնք այն ժամանակ չկային ու չէին շեղում ինձ ուսումս արտերկրում ստանալու մտքից: Չգիտեմ, բարդ է… բացի այդ, թևաթափ վիճակ է՝ իսկ եթե ես նորից այդ ճանապարհն անցնեմ, ու կորոնավիրուսը կամ մեկ այլ հանգամանք նորից խանգարի՞: Ստացվեց, որ պանդեմիան իմ ամբողջ կյանքի վրա լուրջ ազդեցություն ունեցավ, ու իմ նման հազարավորները կան աշխարհում»…

 

 

Ինչպես փաստում են , երիտասարդության վրա համավարակի ազդեցությանը վերաբերող  ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից  2020-2021թթ-ին  Հայաստանում իրականացված հետազոտության տվյալները, հարցված երիտասարդների 47%-ը որպես ամենամեծ ազդեցություն նշել է անցումը հեռավար կրթությանը, 37%-ը՝ սոցիալական շփումների սահմանափակումը, իսկ 35%-ը՝ ազատ տեղաշարժման սահմանափակումները։

 

 

Հետազոտության հեղինակների գնահատականներով, համավարակի հետևանքով երիտասարդների շրջանում ի հայտ են եկել վարքային և հուզական շեղումներ, որոնք նկատելի են նաև սոցիալական հարաբերություններում․ երիտասարդներն ընդհանուր առմամբ չեն կարողանում ստեղծել մինիմալ սոցիալական կապեր, ավելի ագրեսիվ են և նեղացկոտ։ Այսինքն, հեռավար աշխատելու և սովորելու արդյունքում տուժել են շփման հմտությունների զարգացումը, հուզական կապի ստեղծումը, ինչը բացատրվում է նրանով, որ երիտասարդները սկսել են աշխատել և սովորել իրենց առօրյա միջավայրից մեկուսացած պայմաններում։

 

 

 

Ի դեպ, առկա է վիճակագրորեն նշանակալի կապ սոցիալական շփումների սահմանափակումների ընկալումների միջև ըստ սեռի։ Աղջիկների 46%-ը նշել է, որ սոցիալական շփումների սահմանափակումները խանգարել են իրենց բնականոն կյանքին և գործունեությանը, իսկ տղաների միայն 29%-ն է համաձայն դրա հետ:

 

 

 

Հետազոտությունն իրականացրել է   «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան» հիմնադրամը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի կողմից ֆինանսավորվող «Երիտասարդների առողջության և մասնակցության խթանում» ծրագրի շրջանակում ` Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի պատվերով։

 

 

 

Պատերազմի հետևանքները…

 

 

Ցանկացած փոփոխություն, անգաամ դրական, մարդու օրգանիզմի համար սթրես է, պնդում են մասնագետները: Ամիսների տարբերությամբ երկու լրջագույն փորձություն, երկուսն էլ բացասական, ուղղակի չէր կարող չազդել մարդկանց ապրումների, հուզումների, ֆիզիկական և հոգեկան առողջության վրա:  Այս առումով,  ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից 2020-2021 թթ. իրականացված  « COVID-19-ի պայմաններում երիտասարդների հոգեկան առողջությունը» համապետական ներկայացուցչական հետազոտությունն  անդրադարձել է  է  ոչ միայն  կորոնավիրուսի համավարակի, այլ նաև  Արցախում ռազմական գործողությունների պատճառով  16–24 տարեկան երիտասարդների շրջանում հայտնաբերված հոգեկան առողջության խնդիրներին, դրանց դրսևորման ձևերին, կարճաժամկետ ու երկարաժամկետ նպատակներին, մտահոգություններին։

 

 

 

Հտազոտության տվյալները փաստում են, որ թե՛ կորոնավիրուսի համավարակը, թե՛ Արցախում ռազմական գործողությունները 2020 թվականի աշնանը կրկնակի ազդեցություն են ունեցել երիտասարդների հոգեկան առողջության վրա։  Կորոնավիրուսի համավարակի ժամանակ առաջացած խնդիրներն ավելի են խորացել Արցախում ռազմական գործողությունների արդյունքում։ Ճգնաժամերի  համատեքստում բարձրացել է տագնապի, վախի, հուսահատության զգացումը:

 

 

Հարցվածների մեծամասնությունը (93%) նշել է, որ անձամբ իրենք կամ իրենց շրջապատից որևէ մեկը ներգրավված է եղել 2020թ․ Արցախում ռազմական գործողություններում. ընկերները (70%), ազգականները/բարեկամները (63%):

 

 

 

Այն հարցին, թե վերջին շրջանում  որքան հաճախ եք զգացել հետևյալ հուզական և վարքային իրավիճակները, հարցված երիտասարդները ամենից շատ նշել են, որ ունեցել են ընկճվածության և հուսալքության զգացում (62%), որին հաջորդում են հետաքրքրության և հաճույքի պակասը արված աշխատանքից (60%) ու հոգնածությունը, էներգիայի կորուստը (58%)։ Ըստ ստացված տվյալների, աղջիկները (74%) ավելի շատ են զգացել ընկճվածություն և հուսալքություն՝ ի տարբերություն տղաների (52%)։ Իգական սեռի ներկայացուցիչները նաև ավելի շատ են ունեցել հետաքրքրության և հաճույքի պակաս արված աշխատանքից՝ համեմատած արական սեռի ներկայացուցիչների հետ (67% և 53% համապատասխանաբար):

 

 

 

Վերոնշյալ շեղումներին գումարվում է նաև վախի, տագնապի, անվստահության, անապահովության և մեղքի զգացումները, ինչը կարող է ավելի լուրջ փսիխոսոմատիկ խնդիրներ առաջացնել երիտասարդների շրջանում՝ մասնավորապես, գլխացավեր, անհանգստություններ, անորոշություն, որոնք անհրաժեշտություն են առաջացնում հոգեբանական և հոգեբուժական միջամտության։ 

 

 

 

Հարցվածների 63%-ը նշել է, որ հարցմանը նախորդող վերջին 2 շաբաթվա ընթացքում ունեցել է տարբեր իրադարձությունների շուրջ չափից շատ անհանգստություն, որոնցից 19%-ը գրեթե ամեն օր է այն զգացել ։  Հետաքրքրական է, որ աղջիկներն ավելի շատ են ունեցել տարբեր իրադարձությունների շուրջ չափից շատ անհանգստություն (68%)՝ ի տարբերություն տղաների (58%)։ Հարցման մասնակիցների 22%-ն էլ նշել է, որ գրեթե ամեն օր ունեցել է վախի զգացում, որ կարող է սարսափելի բան տեղի  ունենալ։ Այս զգացումը նույնպես ավելի շատ ունեցել են աղջիկները (70%), քան տղաները (44%)։

 

 

 

Ինչպե՞ս են հաղթահարում  երիտասարդներն  ճգնաժամերի պատճառով առաջացած իրենց տագնապաները: Հարցված երիտասարդների կեսից ավելին (57%) իրենց ունեցած հույզերը, մտահոգությունները և տագնապները կիսել են ընկերների և հարազատների հետ և այս հարցում  աղջիկների և տղաների պատասխանների մեջ տարբերություն չկա: Ապրումները հաղթահարելու հաջորդ տարածված միջոցները եղել են աղոթելը (27%) և համացանցում ժամանակ անցկացնելը (26%): Աղոթել են ավելի շատ աղջիկները (35%), քան՝ տղաները (20%)33։ Համացանցում նույնպես ավելի շատ ժամանակ են անցկացրել աղջիկները (32%), քան տղաները (21%): Հոգեբանի դիմելու ավելի մեծ ցանկություն ունեն իգական սեռի ներկայացուցիչները (16%), արական սեռի ներկայացուցիչների միայն 6% է ցանկանում դիմել հոգեբանի36։ Հարցված երիտասարդների 20%-ը նշել է, որ ոչնչի կարիք չունի։

 

 

 

Հետազոտությունը ի հայտ է բերում այն, որ երիտասարդները սթրեսի մեջ են, ճնշված, անորոշ, վատ են պատկերացնում իրենց ապագան, իսկ հուզումներն ու ապրումները այդ տարիքի համար բնորոշ ակնկալիքներն ու երազանքները մղել են հետին պլան՝ առաջ քաշելով և առաջնային դարձնելով խաղաղ և անվտանգ ապրելու ցանկությունը:

 

 

 

Հարցման հեղինակները փորձել են նաև  պարզել հայաստանյան երիտասարդների մոտակա  կարճաժամկետ, միջնաժամկետ նպատակաները, ծրագրերն ու երազանքները։ Երիտասարդների մեծամասնությունը առաջիկա ժամանակահատվածում ծրագրում է շարունակել ուսումը (39%)  և գտնել աշխատանք (26%) Հայաստանում, ընդ որում  աղջիկները (57%) ավելի հակված են շարունակել ուսումը՝ ի տարբերություն տղաների (36%):

 

 

 

Միջնաժամկետ ծրագրերում երիտասարդների 15%-ը ցանկանում է ընտանիք կազմել, իսկ հարցվածների ավելի քիչ բաժինը ցանկանում է գտնել աշխատանք արտերկրում (11%) և փոխել բնակավայրը (11%): Երիտասարդների 7%-ը միջնաժամկետ պլաններ չունի, իսկ 7%-ը դժվարանում է պատասխանել միջնաժամկետ պլանների մասին հարցին։

 

 

 

 

Ամփոփելով հետազոտության արդյունքները, ևս մեկ անգամ փաստվում է, որ կորոնավիրուսն ու պատերազմն Արցախում զգալի նշանակություն են ունեցել երիտասարդների կենսագործունեության և հոգեկան առողջության համար։ Վերջին իրադարձությունները փոխել են նաև երիտասարդների բնականոն կյանքը և գործունեությունը՝ առաջացնելով տարբեր մտահոգություններ։ Եվ նման պայմաններում էլ ավելի է առաջանում երիտասարդների հոգեկան առողջությանն ուղղված համալիր միջոցառումների իրականացման անհրաժեշտություն։ Անհրաժեշտ են կանխարգելիչ միջոցառումների իրականացում և հոգեկան առողջության վերաբերյալ հանրային քաղաքականության բարելավում:

 

 

 

Այսօր, առավել քան երբևէ, պետությունը պետք է ուշադրություն դարձնի երիտասարդների խնդիրներին, փորձի ուղորդել նրանց ու գոնե ինչ-որ կերպով աջակցել, ցույց տալ, որ նրանք միայնակ չեն իրենց հույզերի, խնդիրների ու ապագայի հանդեպ անորոշության զգացման մեջ…

 

 

Լիա Խոջոյան

 

 

Դիտումների քանակը` 728

Գլխավոր էջ