Բռնություն և վաղ ամուսնություն․ Հայաստանում երեխաների իրավունքները մասնակի են պաշտպանվում

 

Հայաստանը մասնակի է կատարում ՄԱԿ-ի երեխայի իրավունքների հարցերով կոմիտեի եզրափակիչ դիտարկումները, որոնք վերաբերում են Երեխայի իրավունքների կոնվենցիայի պահանջների կատարմանը։ Այս եզրակացությունն ենք կարդում Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից հրապարակված զեկույցում։

 

 

Ուսումնասիրության հեղինակ Նարինե Սոլոմոնյանը վերլուծել է Հայաստանին ուղղված եզրափակիչ երեք դիտարկումների կատարման ընթացքը՝ նպատակ ունենալով վեր հանել Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը և ներկայացնել առաջարկություններ մասամբ կատարված կամ չկատարված պարտավորությունների կատարման ուղղությամբ: Անդրադառնանք զեկույցում տեղ գտած՝ երեխաների նկատմամբ բռնության և վաղ ամուսնության խնդիրներին։

 

Բռնություն ընտանիքում և դպրոցում

 

 

Կոմիտեն մտահոգություն է հայտնել երեխաների նկատմամբ ընտանիքում և հանրակրթական հաստատություններում վատ վերաբերմունքի և բռնության դրսևորումների վերաբերյալ։ Ու թեև Հայաստանում ընդունվել է ընտանեկան բռնության մասին օրենքը, զեկույցի հեղինակի գնահատմամբ՝ ՀՀ օրենքը խիստ թերի է, որպեսզի լիարժեքորեն ապահովի ընտանեկան բռնությունից տուժած երեխայի պաշտպանությունը, երեխան հաճախ բախվում է կրկնակի զոհացման իրական ռիսկերի։ «Մասնավորապես, բռնությանն ականատես, բռնության միջավայրում գտնվող երեխան չի ճանաչվում բռնությունից տուժած, հետևապես դուրս է մնում պետության հոգածությունից, չեն գործում երեխայի հանդեպ բռնության դեպքի մասին տեղեկությունն օպերատիվ հաղորդելու, բռնության միջավայրից երեխային անհապաղ հեռացնելու, երեխայի ընտանեկան բռնության դեպքերով ընտանիքի անդամի իրավունքների սահմանափակում կիրառելու առանձին ընթացակարգեր»,- նշված է զեկույցում։

 

 

Հանրակրթական միջավայրում բռնության բոլոր ձևերի և դրանց բացառման մասին իրազեկվածության բարձրացման նպատակով 2021 թվականի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ-ն իրականացրել է ուսումնական հաստատություններում բռնության և բուլլինգի նվազեցմանն ուղղված մի շարք միջոցառումներ, վերապատրաստել է շուրջ 7000 ուսուցիչների, նախաձեռնվել է հանրակրթական ուսումնական հաստատություններում երեխաների հանդեպ կամ նրանց միջև բռնության կասկածելի դեպքերի հայտնաբերման, ուղղորդման և արձագանքման ընթացակարգերի մշակման գործընթաց։

 

 

Զեկույցում նշվում է, որ 2020 թվականից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվում է «Ընտանիքներին, կանանց և երեխաներին աջակցություն» ծրագիրը, որի շրջանակներում ընտանիքում բռնության ենթարկված անձանց անհրաժեշտ ծառայություններ տրամադրելու նպատակով գործում են աջակցության կենտրոններ, ապաստարաններ, ինչպես նաև ժամանակավոր աջակցություն է տրամադրվում ընտանեկան բռնության ենթարկված անձանց։

 

 

Զեկույցի հեղինակի գնահատմամբ՝ թեև կատարվել են օրենսդրական փոփոխություններ, և իրականացվել են սոցիալական բնույթի, ինչպես նաև հանրային իրազեկման բազմաթիվ ծրագրեր, այնուամենայնիվ, սահմանափակ գործողություններ են իրականացվում երեխաների նկատմամբ բռնությունների դեպքերի կանխարգելման, վաղ հայտնաբերման և հաղորդման վերաբերյալ։

 

 

«ՀՀ-ում պաշտոնական վիճակագրությունը չի արտացոլում երեխաների ընտանեկան բռնության դեպքերի իրական թիվը, քանի որ երեխայի նկատմամբ բռնության դրսևորումներին հատուկ է առավել բարձր լատենտայնությունը»,- նշվում է զեկույցում՝ ներկայացնելով վիճակագրություն, համաձայն որի, 2021 թվականին անչափահասների նկատմամբ բռնության 34 դեպք է գրանցվել, իսկ 2022 թվականի հուլիսի դրությամբ՝ 33 դեպք։ Եթե անցած տարի մեծ է եղել սեռական բնույթի հանցագործությունների թիվը (2021 թ.՝ 16 դեպք, 2022 թ.՝ 7 դեպք), ապա այս տարի շատացել են ֆիզիկական բռնության, մասնավորապես՝ ծեծի դեպքերը։ «Ըստ վիճակագրության՝ գրանցված դեպքերը թեև նվազել են, բայց ավելացել են ահազանգերը բռնության ենթարկված երեխաներից: Ոստիկանության ներկայացուցչի կարծիքով՝ երեխաներն այսօր ավելի տեղեկացված են, ավելի շատ բան գիտեն իրենց իրավունքների մասին»,- արձանագրված է զեկույցում։

 

 

 

Վաղ ամուսնություններ

 

 

Երեխաների նկատմամբ կիրառվող վնասական պրակտիկայից Կոմիտեն առանձնացրել է Հայաստանի եզդիական համայնքի աղջիկների վաղ ամուսնության խնդիրը։ «Եզդի համայնքում աղջիկներն ամուսնանում են 14-15 տարեկանում՝ չստանալով կրթություն և կյանքի համապատասխան փորձառություն, ինչն էլ, իր հերթին. հանգեցնում է մեկուսացած կյանք վարելուն և կյանքի տարբեր ոլորտներում աղջիկների և կանանց չինտեգրվելուն»,- նշված է զեկույցում։

 

Լուսանկարը՝ Yazidis.info-ի

 

ՀՀ քրեական օրենսգրքում ամրագրված է, որ սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ քրեորեն պատժելի է: Այնուամենայնիվ, եզդիական համայնքում շարունակվում են վաղ ամուսնությունները, և եթե դեպքը բացահայտվում է, և գործը հասնում է դատարանում, հաճախ արդեն ամուսնացած զույգը դատարան է ներկայանում նորածին երեխայի հետ։ «Պետական մարմիններում չկա որևէ ընթացակարգ, որը հնարավորություն կտար վերահսկել` ամուսնությունները պարտադրված են, թե ոչ: Բացի դրանից՝ շատ տարածված են չգրանցված ամուսնությունները, ինչը ավելի է բարդացնում վերահսկողությունը»,- նշված է զեկույցում:

 

 

Այս ոլորտում մոտեցումը փոխելու համար իրականացվել են նաև կրթական ծրագրեր, մասնավորապես Կրթության և գիտության նախարարության կողմից երաշխավորված ծրագրի և ուսումնական նյութերի հիման վրա 2008 թվականից դասավանդվում է «Առողջ ապրելակերպ» դասընթացը։ Դրանում ներառված են վերարտադրողական առողջության և սեռական դաստիարակության վերաբերյալ թեմաներ, որոնցից են՝ «Սեռական հասունացում», «Սեր», «Սերը որպես սեռերի ներդաշնակ փոխհարաբերությունների հիմք», «Վերարտադրողական առողջություն», «Անխոհեմ սեռական վարքագծի հնարավոր հետևանքները», «Սեռավարակներ, ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ի կանխարգելում» և այլն:

 

 

 

Եզդի աղջիկներին վաղ ամուսնություններից և հարկադիր ամուսնություններից պաշտպանելու նպատակով Կոմիետի առաջարկությունն, ըստ զեկույցի, մասամբ է կատարվել պետության կողից։ Զեկույցի հեղինակն առաջարկում է եզդի աղջիկների շրջանում շարունակել կրթական ծրագրերի իրականացումը, մշակել և հետևողականորեն իրականացնել եզդի աղջիկների առևանգումների դեմ ուղղված ծրագրային քաղաքականությունը:

 

 

Զեկույցում անդրադարձ կա նաև երեխայի լավագույն շահի ապահովմանն ու լսված լինելու իրավունքին, խտրականության արգելքին, ընտանեկան միջավայրին և այլընտրանքային խնամքին, երեխաների կրթությանը, ժամանցին և մշակութային միջոցառումներին, ինչպես նաև հաշմանդամությանը, տարրական առողջությանն ու բարեկեցությանն ուղղված միջոցառումներին։

 

 

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղումով։

 

 

Արման Ղարիբյան

 

 

 

Դիտումների քանակը` 653

Գլխավոր էջ