Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ կստանան բոլոր մայրերը
Ժողովրդագրական իրավիճակը բարելավելու նպատակով 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ կստանան բոլոր մայրերը, այդ թվում չաշխատող մայրերը, ընդ որում ոչ միայն գյուղաբնակ, ինչպես գործող կարգավորմամբ, այլև քաղաքաբնակները։
Խնամքի նպաստ կստանան նաև այն մայրերը, որոնք աշխատում են, սակայն որոշում են չօգտվել խնամքի արձակուրդի իրավունքից և ցանկանում են վերադառնալ աշխատանքի:
Մինչ այսօր գործող կարգավորման համաձայն, եթե վարձու աշխատող ծնողը չի գտնվում երեխայի խնամքի արձակուրդում, նա խնամքի նպաստ չէր ստանում։ Այսուհետ, եթե ծնողը կգնա աշխատանքի մինչև երեխայի 2 տարեկան դառնալը, միևնույն է, պետությունը նրան խնամքի նպաստ կվճարի, ընդ որում ավելի բարձր, քան եթե նա մնար տանը: Այդ փոփոխությամբ պետությունը փորձում է խթանել ծնողի վերադարձն աշխատանքի։
2023 թվականից ծնված երեխաների համար չաշխատող ծնողը կամ խնամքի արձակուրդում գտնվող ծնողը կստանա 31,600 դրամ, իսկ աշխատող և խնամքի արձակուրդում չգտնվող ծնողը կստանա 37․500 դրամ։ Խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողի համար նպաստը կկազմի՝ 69,100 դրամ:
Փոփոխությունները վերաբերում են 2023 թվականի հունվարի 1-ից հետո ծնված երեխաներին:
Հիշեցնենք, որ օրենքով հայրերը նույնպես կարող են դիմել երեխայի խնամքի նպաստ ստանալու համար:
Մինչև երեխայի 1 տարին լրանալը ծնողը կարող է դիմել երեխայի խնամքի նպաստի համար և նրան հետադարձով կվճարեն նախորդ ամիսների համար։ Եթե ընտանիքում ծնվում են 1-ից ավելի երեխաներ, խնամքի նպաստը վճարվում է յուրաքանչյուր երեխայի համար առանձին;
Դիտումների քանակը` 1189