Կառավարությունը հաստատեց նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը. այն կներկայացվի Ազգային ժողով

Այսօր կայացած  նիստում ՀՀ կառավարությունը հաստատեց Ընտրական օրենսգրքի նոր նախագիծը և կներկայացնի այն Ազգային ժողով:

 

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց, որ նախագծի վերջնական տարբերակը կձևավորվի ակտիվ քաղաքական քննարկումների միջոցով, որոնց հիմնական բեռը պետք է տեղափոխվի քաղաքական դաշտ, այդ իսկ պատճառով էլ քննարկումների մեծ մասը կկայանան Ազգային ժողովում: «Այսպիսով՝ ազդարարում ենք հանրային քննարկումների փուլը, որը պետք է տեղի ունենա խորհրդարանում: Քննարկումները  կշարունակվեն մինչեւ հունիսի 1-ը, երբ, համաձայն Սահմանադրության փոփոխությունների, պետք է ուժի մեջ մտնի նոր Ընտրական օրենսգիրքը»,- ասել է  Հարությունյանը:

 

Ակնկալվում է, որ Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները կսկսվեն մարտի 14-17-ին կայանալիք հերթական քառօրյայի ժամանակ:
«Նախագծում ընդունել ենք հիմնականում վերջին երկու ընտրությունների արդյունքներով ներկայացված ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտողություններն և առաջարկությունները»,- ասաց Հարությունյանը:

 

Նա  շեշտադրել  է  Ընտրական օրենսգրքում տեղ գտած  առնվազն  երկու կարևոր նորամուծություն: Մասնավորապես, առաջարկվում է Երևանի օրինակով, այժմ նաև Գյումրու և Վանաձորի ավագանիները ընտրել  համամասնական ընտրակարգով, իսկ քաղաքապետները կընտրվեն արդեն ավագանու կողմից, ինչպես Երևանում: Ընդ որում, առաջարկվում է, որ երկու քաղաքներում էլ ավագանու կազմը լինի 33 հոգի: Բացի երեք մեծ քաղաքներից՝ այլ համայնքների ղեկավարների և ավագանու ընտրությունը և դրա քվեարկության ընթացակարգը մնացել է նույնը:

 

«Սա առաջին քայլն է, և  կարծում եմ, որ այս ցանկը հետագայում կընդլայնվի, ու մենք կգնանք քաղաքական ուժերի դերի մեծացման համայնքներում»,- ասել է  Դավիթ Հարությունյանը:

 

Մյուս նորամուծությունը, որը անմիջապես  բխում է   Սահմանադրությունից, ԱԺ-ն պետք է ձևավորվի համամասնական ընտրությունների արդյունքում, մեծամասնականի տարբերակն այլևս չի նախատեսվում:

 

Խորհրդարանական ընտրությունները միակ համապետական ընտրություններն են: Դրանք տեղի են ունենալու բացառապես համամասնական ընտրակարգով (կուսակցական ցուցակներով): Յուրաքանչյուր կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք պետք է առաջադրի թեկնածուների մեկ համապետական ընտրական ցուցակ և մեկական ցուցակ՝ յուրաքանչյուր տարածքի համար :   Ցուցակների մեջ ընդգրկված   թեկանածուների սեռային համամասնությունը չի փոխվել , այն   20/80 է կազմում ( առավել մանրամասն այստեղ) :

 

41 ընտրատարածքի փոխարեն այժմ լինելու են 13 ընտրական տարածքներ՝ 4-ը Երևանում, 9-ը` մարզերում: Վայոց ձորն ու Սյունիքը այսուհետ մեկ տարածք են կազմելու: Երևանի տարածքում կազմավորվելու են 4 ընտրական տարածքներ:

 

Ըստ նախագծի` նոր Ազգային ժողովում լինելու է նվազագույնը 101 պատգամավոր:

 

Ընտրական  օրենսգրքով սահմանված է նաև կայուն խորհրդարանական մեծամասնության մոդելը, որը կազմելու է պատգամավորների 54 տոկոս:

 

Եթե ԱԺ ընտրությունների արդյունքում որևէ ուժ չստանա մանդատների 54 տոկոսը (առնվազն 53 մանդատ), ընդունվում է մանդատների բաշխման նախնական որոշում, որից հետո երեք օրվա ընթացքում ընտրական շեմը հաղթահարած ցանկացած կուսակցություն կամ դաշինք կարող է քաղաքական կոալիցիա կազմել առավելագույնը երկու կուսակցությունների հետ՝ եթե նրանց օգտին տրված ձայների գումարը բավարար է մանդատների ընդհանուր թվի 54 տոկոսը ստանալու համար, և նրանք վարչապետի թեկնածուի վերաբերյալ համաձայնության են եկել:

Հակառակ դեպքում նախատեսվում է քվեարկությունից 21 օր հետո անցկացնել Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլը, որին մասնակցելու իրավունք ունեն առաջին փուլում առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցություններն ու դաշինքները:

Երկրորդ փուլում հաղթած կուսակցությունը կամ դաշինքը ստանում է այնքան մանդատ, որ իր պատգամավորների ընդհանուր թիվը կազմի ԱԺ-ի 54 տոկոսը: Եթե հաղթող ուժը (լինի առաջին, թե երկրորդ փուլի արդյունքում) ստանում է մանդատների 2/3-ից ավելին, այդ դեպքում մանդատներ են բաշխվում մյուս ուժերին, որ ունենան ԱԺ-ի առնվազն 1/3-ը:

 

Օրենսգրքով  առաջարկվում է  երաշխավորված տեղեր  հատկացնել  առավել խոշոր 4 ազգային փոքրամասնություններին:

 

Դավիթ Հարությունյանի խոսքով` նոր Ընտրական օրենսգրքի վերաբերյալ որևէ առաջարակ չի մնալու առանց ուշադրության:  Նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ քննարկմանը:

 

Ընտրական օրենսգրքի նախագիծը եւ ուղեկցող բոլոր փաստաթղթերը հասանելի են ՀՀ Կառավարութան կայքում .

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

Ի՞նչ է նախատեսում Ընտրական օրենսգիրքը կուսակցությունների ցուցակներում կանանց ներկայացվածության մասով

Կառավարությունը հաստատեց նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը. այն կներկայացվի Ազգային ժողով

Կանանց ներկայացվածությունը ՀՀ Ազգային ժողովում. կրկնակի ցածր քան միջինը աշխարհի խորհրդարաններում / ինֆոգրաֆիկա

Կանայք Հայաստանի Կառավարությունում. թվացյալ հավասարություն

Կանայք Հայաստանի իշխանությունում/ ինֆոգրաֆիկա-2016

Համայնքների խոշորացման արդյունքում ավագանու կին անդամների թիվը կրճատվել է/ լրացված

Քանի՞ կին պատգամավոր պետք է ներկայացված լինի Ազգային ժողովում:

2015-ի ընթացքում կին համայնքապետեր չեն ընտրվել

Նատալյա Վուտովա. «Կանայք պետք է ավելի շատ ներգրավված լինեն պետական պաշտոններում»

Խորհրդարանական կանայք. ինչպե՞ս են քվեարկել, ի՞նչ նախաձեռնություններով հանդես եկել

ՏԻՄ ընտրություններ-2016 եւ կանայք

 

Դիտումների քանակը` 3685

Գլխավոր էջ