ՏԻՄ ընտրություններ. առաջարկվում է անցնել համամասնական ընտրակարգի

 

 

 Ցուցակի յուրաքանչյուր երրորդ թեկնածուն պետք է կին լինի

 

Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունը մի քանի օր առաջ՝ փետրվարի 17-ին,   հրապարակել է  e-draft.am  կայքում  Ընտրական օրենսգրքում և  մի շարք այլ օրենքներում   փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը։ Խոսքը «Կուսակցությունների մասին», «ՏԻՄ-երի մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին»  օրենքներում փոփոխությունների մասին է:

 

Փաթեթով առաջարկվում է 4 000-ից ավելի ընտրող ունեցող ինչպես նաև մինչև 4000 ընտրող ունեցող  բազմաբնակավայր համայնքներում կատարել անցում համայնքի ավագանու ընտրության համամասնական ընտրակարգի։ Օրինագծերի հեղինակները հիմնավորում են, որ այդպես օրենսդրական մակարդակով համայնքի ներկայացուցչական մարմնի համար կընձեռվեն մրցակցային պայմաններ, կապահովվի լայն  քաղաքական ներգրավվածություն և ուժերի հարաբերակցություն:

 

Նախագծերով ամրագրվել են համայնքի ղեկավարի անուղղակի ընտրության կառուցակարգերը, այն է՝ համայնքի ավագանու կողմից համայնքի ղեկավար ընտրելու մեխանիզմները: Դրանով պայմանավորված՝ համայնքի ավագանին իր կազմից կընտրի և կնշանակի համայնքի ղեկավարին, հետևաբար՝ համայնքի ղեկավարն էլ իր հերթին պատասխանատվություն կկրի համայնքի ավագանու առջև: 4000-ից ավելի ընտրող ունեցող  համայնքների ղեկավարների համար կգործի համայնքի ղեկավարի պաշտոնանկության,  այն՝  է համայնքի ավագանու կողմից վերջինիս անվստահություն հայտնելու ինստիտուտը:

 

Թե քանի համայնքի վրա են տարածվելու օրենսդրական փոփոխությունները, հստակ չէ։ Նախագծում այս մասով նշվում է. Հայաստանի համայնքների ընտրողների թվաքանակի վիճակագրությունը ցույց է տալիս, որ համայնքների զգալի մասն ունի 4 000-ից ավելի ընտրողներ, ինչն արդարացիորեն փաստում է այն մասին, որ արժանահավատ կլինի համայնքի ավագանու համամասնական ընտրակարգի անցումը սահմանել հենց նշված կատեգորիայի համայնքների մասով:

 

Փոփոխություններով առաջարկվում է ավելացնել նաև ավագանու կազմում ընդգրկված անդամների թիվը, օրինակ եթե 4-10 հազար ընտրող ունեցող համայնքների ավգանու անդամների թիվն առաջարկվում է  հասցնել 15-ի՝ գործող 9-ի և 11-ի փոխարեն, 10-25 հազար անդամ ունեցող համայնքներինը՝ 21 անդամի, գործող 15-ի փոխարեն, 25 հազարից ավելի ընտրող ունեցող համայնքների ավագանու անդամների թիվը՝ 33-ի, գործող 15-ի փոխարեն։ Նկատենք, որ այս պահին միայն  Գյումրու և Վանաձորի ավագանու անդամների թիվն է 33։

 

Օրինագծերի փաթեթով առաջարկվում է, որ Յուրաքանչյուր կուսակցություն (կուսակցությունների դաշինք) իրավունք ունի առաջադրելու միայն մեկ ընտրական ցուցակ: Երևանի ավագանու ընտրության դեպքում ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկվում է առնվազն 25 թեկնածու, իսկ մնացած համայնքների ավագանիների ընտրությունների դեպքում` առնվազն 15 թեկնածու: Ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների թիվը չի կարող գերազանցել համայնքների ավագանիների անդամների մանդատների թվի համար սույն օրենսգրքով սահմանված թվի եռապատիկը:

 

Համամասնական ցուցակի համար գենդերային քվոտավարում է նախատեսված, ըստ որի յուրաքանչյուր սեռի թեկնածուների թիվը չպետք է գերազանցի 70 տոկոսը:  «Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ընտրական ցուցակի 1-ին համարից սկսած` ցանկացած ամբողջ թվով եռյակներում (1-3, 1-6, 1-9 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 70 տոկոսը»,-մանրամասնում է օրինագիծը։

 

Ի դեպ, ցուցակում ընդգրկվելու համար պարտադիր պայման չէ կուսակցական լինելը։ Օրինագիծը սահմանում է՝  ընտրական ցուցակում կարող են ընդգրկվել նաև այդ կուսակցության անդամ չհանդիսացող անձինք, որոնց թիվը չի կարող գերազանցել այդ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների ընդհանուր թվի 30 տոկոսը:

 

Առաջարկվող այս փոփոխության շնորհիվ, կարելի է ակնկալել, որ ՏԻՄ մարմիններում կավելանա կանանց ներկայացվածությունը։ Այս տարվա հունվարի 1-ի դրությամբ, WomenNet.am-ին տրամադրած պաշտոնական տեղեկատվության համաձայն, Հայաստանի 502 համայնքներից միայն 9-ի ղեկավարներն են կանայք։ Համայնքների ավագանիների թվով 3668 անդամներից միայն 392-ը կանայք են:

 

«Այդ օրինագիծը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվելու պարագայում՝ մեր գնահատմամբ ՏԻՄ-երում կականց թիվը ոչ միայն չի նվազի, այլ կաճի»,-WomenNet.am-ի հարցմանն ի պատասխան նշել են Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունից։

 

Համայնքների ավագանիների ընտրություններին մասնակցելու մասին կուսակցության (կուսակցությունների դաշինքի) դիմումին կից ներկայացվում են նաև ընտրական ցուցակը, որում համարակալմամբ նշվում են թեկնածուների ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը, սեռը, կուսակցական պատկանելությունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, հաշվառման վայրը, աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը)։

 

Փաթեթում ներառված դրույթների վերաբերյալ  քաղաքացիները կարող են իրենց կարծիքը, դիտարկումները, մտահոգություններն ու անհամաձայնությունները ներկայացնել մինչև մարտի 3-ը։ Այս պահին միակ դիտարկումը վերաբերում է քաղաքացիական հասարակության մասնակցության հնարավորությանը։ Նախագիծը քվեարկել է 50 մարդ, որից 48 տոկսը՝ դեմ, 51 տոկոսը՝ կողմ։

 

Հ. Կարապետյան

Դիտումների քանակը` 2072

Գլխավոր էջ