Կին թեկնածուների թիվը քաղաքական ուժերի ցուցակներում 30 % է / ինֆոգրաֆիկա
Ընտրություններում առաջադրված քաղաքական ուժերի՝ 5 կուսակցությունների և 4 դաշինքների, համապետական ցուցակներում, ընդհանուր թվով, 29,5% կին թեկնածու է ներկայացված: Տարածքային ցուցակներով կին թեկնածուների թիվը 30.8 % է: Ստացվում է, որ 30/70 համամասնության հետաձգումը իմաստ չուներ, քանի որ կուսակցությունները այսօր էլ պատրաստ են ներգրավել իրենց ցուցակներում ավելի մեծ թվով կանանց, քան պահանջում է Ընտրական օրենսգրքի անցումային դրույթը: Հիշեցնենք, որ օրենքով ամրագրված է 25/75 համամասնության պահպանումը:
Այլ հարց է, որ քաղաքական ուժերը դեռևս պատրաստ չեն զիջել կանանց ավելի մեծ թվով տեղեր առաջին հնգյակում և տասնյակում՝ խիստ պահպանելով օրենքի տառն այս հարցում: Դրա փոխարեն, ինչպես ցույց է տալիս ցուցակների վերլուծությունը, համալրում են կին թեկնածուներով ցուցակների վերջին տասնյակները՝ հասցնելով առանձին դեպքերում կանանց ներկայացվածությունը 100%-ի:
Այսպիսով.
- Ընտրություններում մասնակցող քաղաքական ուժերի ցուցակներից ոչ մեկը կին չի գլխավորում:
- Կանայք չկան նաև երկրորդ հորիզոնականներում:
- Երեք քաղաքական ուժ ընդգրկել է կանանց 3-րդ հորիիզոնականում, մնացածը՝ 4-րդ տեղից սկսած:
- Առաջին տասնյակում գրեթե բոլորը 2 կին են ներկայացրել, և միայն մեկ կուսակցություն ընդգրկել է առաջին տասնյակում 3 կին:
Հիշեցնենք, որ ՀՀ Ընտրական օրենսգրքի անցումային դրույթներ բաժնում հոդված 144-ի 14 կետը սահմանում է. « Մինչև 2022 թվականի հունվարի 1-ը Ազգային ժողովի, Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանիների ընտրությունների ժամանակ կուսակցության, կուսակցությունների դաշինքի և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի համապետական ընտրական ցուցակի առաջին մասում 1-ին համարից սկսած՝ ցանկացած ամբողջ թվով քառյակներում (1-4, 1-8, 1-12 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 75 տոկոսը, իսկ ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) տարածքային ընտրական ցուցակում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 75 տոկոսը»:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
ՀՅԴ ցուցակի կանանց մեծ մասը կրթական համակարգից են
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակում կանայք 26% են կազմում
Կանանց ներկայացվածությունը Կոմկուսի համապետական ցուցակում օրենքի սահմաններում է՝ 25% է
ՀՀԿ-ն փորձել է կյանքի կոչել 30/70 համամասնությունն իր ցուցակում
Կոնգրես-ՀԺԿ դաշինք. հավասարություն առանձին վերցրած ընտրատարածքում
«Ծառուկյան» դաշինքի ցուցակում կին թեկնածուները 28% են կազմում
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակի 38% -ը կանայք են. ովքե՞ր են նրանք
Դիտումների քանակը` 2537