Ընտրությունները կանցկացվեն պարզ համամասնական ընտրակարգով, առանց ռեյտինգային ցուցակների
Դրվագներ խորհրդարանական քննարկումներից
Ապրիլի 1-ին Ազգային ժողովը 24-ժամյա ռեժիմով երկու ընթերցմաբ և ամբողջությամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է հրաժարվել այսպես կոչված «ռեյտինգային» կամ տարածքային ցուցակներից և անցնել պարզ համամասնական ընտրակարգի, այն է փակ կուսակցական ցուցակներով: Դա նշանակում է, որ հունիսի 20-ին սպասվող ընտրություններում ընտրողները քվեարկելու են միայն կուսակցությունների օգտին։ Հիշեցնենք, որ նախորդ ընտրություններում բացի փակ համապետական ցուցակից, որով քաղաքացիներն ընտրում էին կուսակցություններին, կային նաև բաց տարածքային ցուցակներ, որոնցով ընտրողները քվեարկում էին նաև իրենց ընտրական տարածքում առաջադրված կոնկրետ թեկնածի օգտին։
Ինչպես հայտնի է, բացի այս փոփոխությունից, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության կողմից շրջանառության մեջ էր դրվել փոփոխություների ավելի մեծ փաթեթ, որով, ի դեպ, գենդերային քվոտայի բարձրացում էր նախատեսված: Ընդունված նախագիծն անդրադառնում է միայն ընտրակաևգի փոփոխության հարցին, և հնարավոր է պատգամավորներն առաջիկայում անդրադառնան նաև ամբողջական փաթեթին, չնայած դեռևս պարզ չէ, Ազգային ժողովը ինչ ժամկետներում կկարողանա քննարկել ու ընդունել այդ փաթեթը։
Մասնավորապես, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի պնդմամբ, քննարկվող փոքր նախագծով փոփոխություն է կատարվում միայն համամասնական ընտրակարգի վերաբերյալ դրույթներում, սակայն «դա չի նշանակում հրաժարում ամբողջ Ընտրական օրենսգրքից. առաջիկայում քննարկելու ենք համապարփակ փաթեթը»:
Ընտրակարգի հետ կապված շտապողականությունը օրինագծի հեղինակները բացատրում են նրանով, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է հասցնի հարմարեցնել ընտրությունների հետ կապված կազմակերպչական աշխատանքը խաղի նոր կանոններին, որոնք սահմանվում են ընդունված փոփոխություններով:
Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խաղից առաջ խաղի կանոններ փոխելն անընդունելի է համարում, դեմ է նաև փակ ցուցակներին: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, նախագծի համահեղինակ Վահագն Հովակիմյանը հակադարձում է՝ խաղի կանոնները ոչ թե փոխվում, այլ հստակեցվում ու պարզեցվում են, քանի որ հարցումները ցույց են տի, որ քաղաքացիների համար ռեյտինգային համակարգն անհասկանալի է։
Նախագծի հարակից զեկուցող, Արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը հայտարարեց, որ դեռևս 2019 թվականին Կառավարությունը ռազմավարություն է ընդունել, որում նշված էր թեկնածուների տարածքային ցուցակների վերացումն ու պարզ համամասնականի անցումը, ուստի սա ամենևին էլ անսպասելի փոփոխություն չէ․
«Հաշվի առնելով, որ տարածքային ընտրական ցուցակների մեխանիզմի առկայությունը համամասնական ընտրակարգում ըստ էության ներդնում է մեծամասնական ընտրակարգի տարրեր, այս առումով նշեմ, որ մեծամասնական ընտրակարգը տարիներ ի վեր հետևողականորեն քննադատվել է Վենետիկի հանձնաժողովի կողմից, մասնավորապես նաև արձանագրվել է, որ մեծամասնական ընտրակարգով անկախ թեկնածուները կարող են կապեր հաստատել կամ ազդել գործարարների կամ իրենց առանձին շահերը հետապնդող այլ շրջանակների հետ», – ասաց նա։
«Իմ քայլը պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի խոսքով, առաջարկվող փոփոխությունները որևէ քաղաքական ուժի համար անակնկալ չէին:
«Մենք հիմա խոսում ենք տարածքային ցուցակները հանելու մասին: Դա ոչ թե որևէ քաղաքական ուժի կամակորությունն է, այլ ընդամենը նպատակ ունի ձևավորելու այնպիսի ընտրակարգ, որը համապատասխանում է Սահմանադրությամբ ամրագրված՝ Ազգային ժողովը համամասնական ընտրակարգով ձևավորելու մեխանիզմին»:
Օրինագծի հեղինակների կարծիքով, տարածքային ցուցակներից հրաժարումը կնպաստի, որ համայնքներում քվեարկեն ծրագրերի և ոչ թե անձերի կամ հեղինակությունների օգտին։ Ընդդիմախոսների հիմնական մտահոգութունն այն է, որ տարածքային ցուցակների հրաժարումը կնվազեցնի մարզերի ներկայացվածությունը խորհրդարանում:
Անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ՝ նկատելով, որ ինքն անձամբ ընտրվել է վարկանիշային համակարգով, այնուամենայնիվ նշեց, որ այն հեռու է քաղաքական և գաղափարական պայքարից։ Մյուս կողմից, պատգամավորը նաև համոզված է՝ ռեյտինգային ցուցակներից հրաժարվելը նվազեցնելու է մարզային ներկայացվածությունը խորհրդարանում։
«Իմ շատ գործընկերները, որոնք ռեյտինգային ընտրակարգով են ընտրվել, ես շատ քչերին եմ տեսնում, ովքեր գնում են ընտրատարածքներ, ովքեր գնում են այնտեղ, որտեղ գնացել քվե են ուզել ու հետ են եկել ու այս ավանդույթը տարիներ շարունակ մեր խորհրդարանում իշխել է։ Եվ հիմա իմ մտավախությունն այն է, որ մենք կտրվելու ենք մարզերից և սա լինելու է միայն մայրաքաղաքային խորհրդարան, որտեղ մեծապես լինելու են ներկայացված այն մարդիկ, ովքեր որ քաղաքականապես ավելի ընկալելի, հասանելի, հաճելի են քաղաքական թիմին»,-նշում է Թովմասյանը։
Անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը մտահոգութուն հայտնեց, ոչ միայն մարզերի ներկայացուցիչների, այլ նաև փակ ցուցակներով ընտրվածների վերբերյալ, ովքեր, իր կարծիքով, միայն կուսակցության և ոչ թե ընտրողների շահերին են հետամուտ լինելու.
«Սա մասնակի փոփոխություն է, որովհետև մարզային քվոտա գոյություն չունի: Անընդհատ ասել եմ, որ պետք է պարտադիր մարզային քվոտա լինի: Միշտ ասվել է՝ կքննարկենք: Այսօր նման հարց առհասարակ չկա: Ինչպիսի՞ ցուցակ պետք է կազմեն հաջորդ թեկնածուները, ինչպիսի՞ ցուցակներով պետք է գան քաղաքական գործիչները, որևէ կերպ որևէ մեկին հասկանալի չէ և ի՞նչ պետք է անենք իրապես․մեկ անձի դեմքով մի ամբողջ զանգված բերենք Ազգային ժողով, որը երկրի որևէ խնդրին չի անդրադառնալու, բացի կոնկրետ իր կուսակցության շահերից ելնելով որևէ նախագծի կողմ կամ դեմ քվեարկելուց»,-ասում է Հովսեփյանը։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը, արձագանքելով մարզերի ներկայացվածության մասին մտահոգություններին, կարծում է , որ կուսակցություններն իրենց ներսում կարող են այդ հարցը լուծել.
«Ես կարծում եմ ՝ նորմալ կուսակցությունը պետք է ինքն իր մեջ որոշի և բոլոր մարզերից էլ ունենա ներկայացուցիչներ, որովհետև դա է ընտրապայքարի տրամաբանությունը, եթե չունի, այդ մարզում պարտվելու է, որովհետև մարդիկ էլի կուզեն իրենց մարզից ինչ-որ մեկին ընտրեն»:
Առաջարկվող փոփոխությանը կողմ են արտահայտվել նաև «Իմ քայլը» խմբակցության կողմից ելույթ ունեցած կին պատգամավորերը, թեև իրենց փաստարկներում չեն նշել այն հանգամանքը, որ պարզ համամասնական ընտրակարգը որոշակի երաշխիք է տալիս կին թեկնածուներին՝ ընտրվելու առումով, իսկ ռեյտինգայինի դեպքում՝ անկախ կիրառվող քվոտայից, նման երաշխիք չկա:
Լիլիթ Ստեփանյանի խոսքով, «գործող օրենսգիրքը ոչ միայն չի ձևավորում միջավայր, որտեղ կապրի և կզարգանա քաղաքական ուժի ներքին ժողովրդավարությունը, այլև ստեղծում է նախապայմաններ, որ նույն թիմի տարբեր անդամների միջև ամենատարբեր հակասություններ ու տարաձայնություններ առաջանան՝ բացառելով քաղաքական սոլիդարությունը»:
Արփինե Դավոյանը շեշտադրեց կուսակցություններին հավատարիմ լինելու հանգամանքը. «Այս խորհրդարանում պիտի լինեն այնպիսի մարդիկ, որոնք ցանկացած պարագայում հավատարիմ կմնան այն գաղափարախոսությանը, որի համար եկել են այս դահլիճ: Կարծում եմ՝ այս ընտրություններում չենք ունենա այնպիսի մարդիկ, որոնք կգան անձնական շահեր պաշտպանելու»:
Արուսյակ Ջուլհակյանի բնորոշմամբ «մեծամասնական ընտրակարգը չարիք է», ռեյտինգային էլ նույն մեշամասնականն է: «Հորդորում եմ կողմ քվեարկել և արտահայտել քաղաքական կոնսենսուս առ այն, որ մեզ այս ընտրություններում պետք է քաղաքական պայքար, այլ ոչ թե թաղային հեղինակությունների պայքար», – նշեց նա:
Մեզ պարզ համամասնական ընտրակարգ է պետք, համոզված է Նազելի Բաղդասարյանը՝ նշելով, որ դա բխում է ժողովրդավարական հենքից, խորհրդարանական կառավարման մեր ձևաչափից: «Այս դեպքում է, որ մրցակցային են դառնում ծրագրերն ու գաղափարները: Մենք գնալու ենք այս ուղով՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ են պահանջում այլք: Մենք կողմ ենք քվեարկում և շարժվում ենք մեր ընտրած ճշմարիտ ուղով», – ասաց նա:
Նշենք, որ «Իմ քայլը» խմբակցության պաագամավորներ՝ Համազասպ Դանիելյանի, Վահագն Հովակիմյանի և որևէ խմբակցությունում չընդգրկված պատգամավորներ Արման Բաբաջանյանի և Սերգեյ Բագրատյանի հեղինակած նախագիծը ստացավ 82 կողմ ձայն։ Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանը» քվեարկությանը չմասնակցեց, իսկ «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորներն ընդհանրապես չէին ներկայացել նիստին։ Այս հանգամանքը հնարավորություն չի տալիս պնդելու, որ օրինագիծն ընդունվել է քաղաքական կոնսենսուսով:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Ընտրական օրենսգրքի նոր փոփոխություններով առաջարկվում է բարձրացնել գենդերային քվոտան
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ. «Կանայք պետք է ներկայացված լինեն ընտրական ցուցակի յուրաքանչյուր երկրորդ տեղում»
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդներ. Եթե երկրի բնակչության կեսը կանայք են, ապա դա պետք է արտացոլվի նաև քաղաքականության մեջ
«Կուսակցությունները պարտադրված են հավասար հնարավորություններ ստեղծել և՛ կանանց, և՛ տղամարդկանց համար»
«Կուսակցությունները պատասխանատու են կանանց քաղաքական առաջընթացն ապահովելու հարցում». քննարկում
Առաջարկ կուսակցությունների ցուցակներում թեկնածուների սեռերի առնվազն 40/60 համամասնություն ապահովելու մասին
Ինչպիսի՞ քվոտա է առաջարկվում Ընտրական օրենսդրության բարեփոխումների հայեցակարգով
Դիտումների քանակը` 869