Ինչպիսի՞ քվոտա է առաջարկվում Ընտրական օրենսդրության բարեփոխումների հայեցակարգով
Սեպտեմբերի 28-ին ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովն իր հերթական նիստում հաստատեց Ընտրական օրենսդրության բարեփոխումների հայեցակարգը: Հայեցակարգը հասանելի է հետևյալ հղումով։
Հայեցակարգի նախաբանում նշվում է , որ այն պատրաստվել է հրատապ ռեժիմով՝ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ առաջնահերթ խնդիրների լուծումներ մշակելու և ազատ ու ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար որոշակիորեն բարելավված իրավական հիմքեր ապահովելու նպատակով։
Նշվում է նաև, որ հայեցակարգում ներառված առաջարկությունների հիմքում ընկած են եղել ՀՀ կառավարության 2018 թ․ ծրագիրը, նախորդ մի քանի ընտրությունների առնչությամբ Վենետիկի հանձնաժողովի («Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի ) կողմից տրված կարծիքները, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի կողմից կազմված զեկույցները, դիտորդական կազմակերպությունների զեկույցները, խորհրդարանական խմբակցությունների կողմից քննարկված առաջարկությունները և սույն հայեցակարգի մշակման գործընթացում հանրային քննարկումների ու հանդիպումների ընթացքում (այդ թվում՝ արտախորհրդարանական քաղաքական ուժերի կողմից) ներկայացված և գրավոր ստացված առաջարկությունները։
Ի՞նչ էին առաջարկում ՀԿ-ները
Հիշեցնենք, որ հայեցակարգի մշակման փուլում ավելի քան 40 հասարական կազմակերպություններ դիմել էին բաց նամակով՝ ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովին և ՀՀ Ազգային ժողովում ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ձևավորված աշխատանքային խմբին: Նամակում,մասնավորապես, առաջարկվում էր.
– ներառել ընտրական բարեփոխումների հայեցակարգում՝ ընտրովի մարմիններում կանանց և տղամարդկանց հավասար մասնակցությունն երաշխավորող մեխանիզմների ապահովման հարցը, այդ թվում ՀՀ ընտրական օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ և 10-րդ կետերով` կուսակցությունների ցուցակներում սեռերի 30/70 համամասնությունը սահմանող քվոտայի բարելավման խնդիրը:
Նամակում նաև շեշտադրվում է ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելու անհրաժեշտության հարցը, քանի որ համամասնական ընտրությունների ընթացքում ցանկացած տիպի «բաց» ցուցակների կիրառումը լուրջ ու անհաղթահարելի խոչընդոտ են հանդիսանում կին թեկնածուների համար:
Բաց նամակին հաջորդած հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոննիսյանի և շահագրգիռ ՀԿ-ների հանդիպմանը առաջարկներն ավելի են հստակեցվել: Մասնավորապես, կանանց ՀԿ-ների կողմից առաջարկվել էր.
- ՀՀ ընտրական օրենսգրքում ամրագրված 30/70 համամասնության փոխարեն ֆիքսել 40/60 կամ 50/50 համամասնությունը, ինչն ավելի համահունչ է միջազգային փաստաթղթերով ամրագրված փաստաթղթերին:
- Երաշխավորել սահմանված քվոտայի իրագործումը դե-ֆակտո ընտրված Ազգային ժողովի կազմում:
Ի՞նչ էին առաջարկում պատգամավորները
Ավելի ուշ, ՀՀ Ազգային ժողովում ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված աշխատանքային խումբն ՝ անդրադառնալով քվոտայի հարցին, որոշել էր առաջարկել կառավարությանը, որ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար գործի 2021 թվականից ուժի մեջ մտնող Ընտրական օրենսգրքի դրույթը, ըստ որի կուսակցությունների ցուցակներում թեկնածուների սեռերի համամասնությունը 30/70 պետք է լինի: Նշված դրույթն ապահովելու է, որ քաղաքական ուժերի համամասնական ցուցակներում յուրաքանչյուր երրորդը կամ 33% -ը կին լինի: Առաջարկվում է նաև ամրագրել օրենսգրքում, որ հաջորդ ընտրություններին, որոնք նախատեսվում է անցկացնել 2024 թվականին, կին եւ տղամարդ թեկնածուների համամասնությունը լինի 40/60 տոկոս կամ ցուցակներում յուրաքանչյուր 5-ից երկուսը կլինեն կին:
Ի՞նչ է առաջարկում հրապարակված հայեցակարգը
Հրապարակված հայեցակարգով առաջարկվում է ամրագրել 30/70 համամասնությունը կուսակցությունների ընտրական ցուցակներում , սակայն գործող օրենսգրքի համեմատ կարևոր հավելում է արված, ըստ որի արդեն իսկ ընտրված խմբակցություններում յուրաքանչյուր սեռի ներկայացվածությունը նույնպես պետք է առնվազն 30 տոկոս լինի: Եթե հաշվի առնենք, որ հայեցակարգով առաջարկվում է հրաժարվել «բաց» ցուցակներից, ապա կարելի է ակնկալել, որ նշված դրույթով նորընտիր խորհրդարանում յուրաքանչյուր սեռի պատգամավորների ոչ պակաս քան 30%-անոց ներկայությունն ապահոված կլինի:
Հայեցակարգով, մասնավորապես, առաջարկվում է.
-Էապես վերանայել ԸՕ նախատեսված արդյունքների ամփոփման կարգավորումները62՝ սահմանելով պարզ համամասնական ընտրակարգ նախապես ֆիքսված (փակ) կուսակցական ցուցակների հիման վրա…
-Տարբեր սեռերի առավել հավասարակշռված ներկայացվածությունը խրախուսելու անհրաժեշտությունից ելնելով ԱԺ ընտրակարգով նախատեսել փոփոխություններ՝ սահմանելով, որ յուրաքանչյուր ընտրական ցուցակի առաջին մասում 1-ին համարից սկսած՝ ցանկացած ամբողջ թվով եռյակներում (1-3, 1-6, 1-9 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 70 տոկոսը: Նման կարգավորում նախատեսված էր նաև ընթացիկ ԸՕ-ով, որն ուժի մեջ պետք է մտներ 2022 թվականից հետո: Սեռերի համամասնության միջև եղած խզման պակասեցումը ոչ միայն Հայաստանի միջազգային արտավորությունների մաս է, բայց նաև խորհրդարանական բոլոր խմբակցությունների միջև ձեռք բերված կոնսենսուսի արդյունք:
– Առանձին դրույթով պետք է նաև կարգավորվի խմբակցություններում ներկայացված յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների համամասնությունը՝ առնվազն 30 տոկոս:
Հիշեցնենք, որ գործող օրենսգրքով ամրագրված է խմբակցություններում յուրաքանչյուր սեռի առնվազն 25%-անոց ներկայությունը, և այս առումով վերջին դրույթն, ըստ էության, մի փոքր առաջընթաց է, քանի որ երաշխավորում է, որ դե-ֆակտո ընտրված Ազգային ժողովում առնվազն 30% կին պատգամավոր կլինի: Ինչ վերաբերում է ավելիին, ապա դա արդեն կուսակցությունների բարի կամքից է կախված լինելու…
Նշենք, որ ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը հրապարակվել է ՀՀ Կառավարության e-draft կայքում և բաց է առաջարկությունների համար մինչև հոկտեմբերի 20 -ը :
WomenNet.am
Կարդացեք թեմայի շուրջ.
«Հայեցակարգն երաշխավորում է Ազգային ժողովում կանանց ներկայացվածության 30 տոկոսը»
Բաց նամակ ընտրություններում կանանց մասնակցության վերաբերյալ
Կառավարական հանձնաժողովը հակված է կյանքի կոչել 30/70 համամասնությունը սահմանող քվոտան
Պատգամավորներն առաջարկում են կիրառել 33%-անոց քվոտան արտահերթ խորհրդարանական ընտրություններում
«Քվոտան պետք է բարձրանա». քննարկում կառավարությունում ընտրական բարեփոխումների շուրջ
«Բաց ցուցակները կանանց մասնակցության ամենամեծ խոչընդոտն են»
Միացե՛ք. Բաց նամակ ընտրական օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ
Դիտումների քանակը` 3628