Առավել մեծ թվով կին թեկնածուներ են առաջադրվել Ջերմուկում, Վաղարշապատում, Խոյում/ ինֆոգրաֆիկա
Դեկտեմբերի 5-ին ՏԻՄ համամասնական ընտրություններ են նշանակված Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Շիրակի, Լոռիի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի 36 խոշորացված և խոշորացվող համայնքներում։ Քվեարկության օրվան ընդառաջ WomenNet.am-ն ուսումնասիրել ու վերլուծել է ընտրությունների մասնակից քաղաքական ուժերի՝ կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների առաջադրած համամասնական ցուցակները՝ ըստ կանանց ներկայացվածության:
ԿԸՀ տվյալներով, 36 փնջերում համամասնական ցուցակներ են առաջադրել 44 կուսակցություններ ու դաշինքներ, որոնց կազմում ընդգրկված է 4357 թեկնածու: Նրանցից 1147-ը կա մ թեկնածուների 33.2 %-ը կանայք են։
Ջերմուկ համայնքում կանայք կազմում են թեկնածուների ընդհանուր թվի 40.5%-ը։
Ուսումնասիրելով առանձին համայնքներում քաղաքական ուժերի առաջադրած ընտրացուցակները՝ ըստ սեռի, WomenNet.am-ը պարզել է, որ առավել մեծ թվով կին թեկնածուներ առաջադրված են Վայոց Ձորի Ջերմուկ համայնքում։ Այստեղ կանայք կազմում են թեկնածուների ընդհանուր թվի 40.5%-ը։ Ջերմուկում ՏԻՄ ընտրություններին մասնակցում է երեք ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ապրելու երկիր» կուսակցությունները և «Մեր համայնքը» դաշինքը։ «Ապրելու երկիր»-ն առողջարանային Ջերմուկի քաղաքապետի պաշտոնում կին թեկնածու է առաջադրել՝ Սյուզանն Ավետիսյանին։
Կանանց ներկայացվածության բարձր ցուցանիշով Ջերմուկին հետևում են Վաղարշապատը՝ 36.3% և Խոյը՝ 36.2%: Հիշեցնենք, որ Վաղարշապատում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջադրած ցուցակը գլխավորում է գործող քաղաքապետ Դիաննա Գասպարյանը։
Նշենք, որ դեկտեմբերի 5-ին կայանալիք ընտրություններում միայն երեք ընտրացուցակ են կանայք գլխավորում։ Շիրակի մարզի Ամասիա համայնքում «Ամասիա-Արփի» կուսակցությունների դաշինքի ցուցակը գլխավորում է Ջեմմա Հարությունյանը։ Նա Ամասիա համայնքի ղեկավարի պաշտոնակատարն է։ Այս համայնքում երեք քաղաքակն ուժերի կողմից առաջադրվել է ավագանու 98 թեկնածու, որից 34-ը կամ 34.7 %-ը կանայք են։ Կանանց մասնակցությունը 34-35% է ընդհանուր թվով 4 համայնքում:
Կանայք առավել քիչ են ներկայացված Արմավիրի մարզի Բաղրամյան փնջում ընտրապայքարի մեջ մտած քաղաքական ուժերի ընտրացուցակներում։ «Քաղաքացիական պայմանագիր», «Արդար Հայաստան» կուսակցություններն ու «Մեր Բաղրամյան» կուսակցությունների դաշինքն ընդհանուր առմամբ առաջադրել են 74 թեկնածու, որից 23-ը կամ 31%-ը կանայք են։ Կանայք համեմատաբար ցածր՝ 31.2 % ներկայացվածություն ունեն Արմավիրի Արաքս ու Շիրակի մարզի Աշոցք համայնքի ՏԻՄ ընտրությունների մասնակից քաղաքական ուժերի ընտրացուցակներում։ 31.3 և 31.4% ցուցանիշներով նրանց հետևում են համապատասխանաբար Գառնին ու Եղեգնաձորը։ Կանանց ներկայացվածությունը 31-32% է կազմում ընդհանուր թվով 8 համայնքներում:
Ընտրություններին մասնակցող 36 համայնքներից կեսում կին թեկնածուները 32-33% են կազմում:
Ընտրապայքարն առավել մրցակցային է Վանաձորում
Պայքարն առավել մրցակցային է Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքում, որտեղ ավագանու կազմում ընդգրկվելու, ապա նաև քաղաքապետի պաշտոնը ձեռք բերելու համար պայքարում է տասը քաղաքական ուժ։
Արարատի մարզկենտրոն Արտաշատում ընտրացուցակներ է առաջադրել վեց քաղաքական ուժ, Մարտունիում, Նաիրիում էլ քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են վեցական կուսակցություն և դաշինք, Վաղարշապատում, Արթիկում, Եղեգնաձորում պայքարի մեջ են մտած հնգական քաղաքական ուժեր։
Դեկտեմբերի 5-ի ընտրություններին առավել ակտիվ մասնակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ ընտրացուցակներ աաջադրելով գրեթե բոլոր փնջերում։ Միայն Սևանում է, որ ՔՊ-ն ընտրացուցակ չի առաջադրել։
Տասնմեկ համայնքում սեփական ընտրացուցակով մասնակցում է ՀՅԴ-ն, տասը համայնքում՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը, իննում՝ «Հանրապետություն»-ը, հինգում՝ «Հայրենիք»-ը, չորսում՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։
Շատ են քաղաքական ուժերը՝ հատկապես կուսակցությունների դաշինքները, որոնք ընտրացուցակ են առաջադրել ընդամենը մեկ համայնքում։ Այս դեպքերում թեկնածուները խմբված են մեկ անձի շուրջ՝ ինչպես օրինակ Վանաձորում «Մամիկոն Ասլանյան» դաշինք, Մասիսիում՝ Դավիթ Համբարձումյան» դաշինք, Ապարանում՝ Վարդենիսում՝ «Ահարոն Խաչատրյան» դաշինք, Նոր Հաճընում՝ Գագիկ Մաթևոսյան» դաշինք, Գավառում՝ «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինք, Եղեգնաձորում՝ «Դավիթ Հարությունյան» դաշինք, Փարաքարում՝ «Դավիթ Մինասյան» դաշինք, Ապարանում՝ «Կարեն Եղիազարյան» դաշինք և այլն։
Մեծամասնական ընտրակարգով ավագանի կընտրեն երկու համայնքում
Դեկտեմբերի 5-ին մեծամասնական կարգով ՏԻՄ ընտրություններ են նշանակված երկու համայնքում՝ Արագածոտնի մարզի Արևուտ ու Մեծաձոր գյուղերում։ Այստեղ ընտրելու են և համայնքի ղեկավար, և ավագանի։
Եզդիաբնակ երկու գյուղում էլ համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրված 5 թեկնածուների թվում կանայք չկան։
Արևուտում գործող ավագանին ունի հինգ անդամ, նրանց թվում կանայք չկան։ Ավագանու անդամի համար առաջադրված 8 թեկնածուների թվում էլ կանայք չկան։
Մեծաձորի գործող ավագանին 6 անդամ ունի, նրանցից 2-ը կանայք են։ Առաջադրված 8 թեկնածուներից չորսը կանայք են։
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 915