Մրցավազք 2017. Քանի՞ կին կհատի եզրագիծը խորհրդանական ընտրություններին

 

Այսօր աշխարհում յուրաքանչյուր հինգերորդ պատգամավորը կին է , իսկ Հայաստանում խոսքը գնում է միայն տասից մեկի մասին: Նույնիսկ այդ ավելի քան համեստ արդյունքին հնարավոր է եղել հասնել Ընտրական օրենսգրքում ամրագրված գենդերային քվոտաների շնորհիվ: Այլ հարց է, թե որքանով են դրանք եղել արդյունավետ: Խնդիրն առավել քան արդիական է ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին: 

 

«Ջենտլմեններ կան, տեղ չկա…»

 

ՄԱԿ-ի տվյալներով՝ քվոտավորման սկզբունքն այս կամ այն տեսքով այսօր կիրառվում է աշխարհի երկրների գրեթե կեսում, ինչը չի բացառում այդ միջոցին դեմ արտահայտվողների առկայությունն ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց շրջանում: Տղամարդիկ, որպես կանոն, հարցադրում են անում. «Ո՞վ է մեղավոր, որ տղամարդն առաջինն է եզրագիծը հատում»: Հակափաստարկն այս դեպքում մեկն է.  «Իսկ ո՞վ է մեղավոր, որ տղամարդիկ ուղիղ գծով են վազում, իսկ կանանցը՝  խոչընդոտներով վազք  է»: Կանանց շրջանում քվոտաներին , որպես կանոն, դեմ են նրանք, ովքեր քաղաքական կարիերայում արդեն իսկ որոշակի  հաջողությունների են հասել, և այդ պատճառով անհրաժեշտ են համարում նշել, որ քվոտաները վիրավորական են կանանց  համար: Ի պատասխան քվոտայի կողմնակիցները նկատում են. արդյո՞ք կարելի է վիրավորական համարել հավասարության և արդարության համար պայքարը:

 

Կանանց  հասարակական սեկտորում քվոտաների անհրաժեշտությունը հաճախ հայտնի անեկդոտի միջոցով են նկարագրում. «Ավտոբուս մի կին է բարձրանում: Նայում-տեսնում է՝ տեղ չկա: Նկատելով, որ շատ տեղերում բնավ ոչ տարեց տղամարդիկ են տեղավորվել՝ կինը մի քանի կանգառ հույս է ունենում, որ իրեն ինչ-որ մեկը կզիջի իր տեղը: Եվ երբ դա տեղի չի ունենում, նեղացած բացականչում է. «Մի՞թե այստեղ ջենտլմեններ չկան»: Ուղևորներից մեկը պատասխանում է. «Ջենտլմեններ կան, տեղ չկա…»:

 

Քվոտաներին դեմ արտահայտվողների սիրած փաստարկն այն է, որ քվոտավորումն արհեստական գործընթաց է, իսկ նրանք իբր բնականոն  գործընթացների կողմնակից են: նշենք, որ հայ ընտրողներն այդ հարցում շատ ավելի առաջադեմ են, քան քաղաքական գործիչները: Այսպես, 2008թ-ից սկսած գրեթե բոլոր սոցհարցումների տվյալներով՝ հարցվածների 60%-ից ավելին  քվոտաների կիրառման օգտին է արտահայտվում: Ընդ որում, քվոտայի օպտիմալ չափը մեծամասնությունը նշում է 30-50% -ի սահմաններում: Երիտասարդությունն այս պարագայում  ավելի արմատական քայլերի կողմնակից է՝  50/50 պահանջ  առաջ քաշելով:

 

Իրականում  Հայաստանում քվոտաների  «կողմ» կամ «դեմ»   հարցադրումն, ըստ էության, կորցրել է իր արդիականությունը՝ ինչպես պետական  գենդերային քաղաքականության հայեցակարգում, այնպես էլ  Ընտրական օրենսգրքում քվոտավորման սկզբունքի  ամրագրման պահից: Այնուամենայնիվ քվոտաների չափն ու դրանց կիրառման արդյունավետությունը Հայաստանում շարունակում է սուր քննարկումների առարկա մնալ:

 

Ինչո՞ւ են 30% քվոտան հետաձգել մինչև հաջորդ ընտրություններ

 

Նախորդ տարի նոր Ընտրական օրենսգրքի շուրջ դեբատների արդյունքում կուսակցությունների համամասնական ցուցակներում հնարավոր եղավ սեռերի 30/70 հարաբերակցություն գրանցել, սակայն օրինագծի հեղինակները հետաձգեցին  այդ դրույթի իրականացումը մինչև 2021թ-ը: Արդյունքում անցումային դրույթների համաձայն՝ 2017թ-ի խորհրդարանական ընտրություններին 25/75 հարաբերակցությունը կգործի: Որևէ համոզիչ բացատրություն, թե ինչո՞ւ կուսակցությունների ընտրական ցուցակներում պետք է 30 տոկոսանոց քվոտան հետաձգվի մինչև հաջորդ ընտրություններ, այդպես էլ չհնչեց: «Դանդաղ, բայց հաստատուն քայլերի» կողմնակիցների բացատրություններն այս համատեքստում համոզիչ չեն, քանի որ 1995թ-ից հետո անցած քսանից ավել տարվա ընթացքում Ազգային ժողովում կանանց ներկայացվածությունն ավելացել է ընդամենը 4 տոկոսային կետով՝ առաջին գումարման խորհրդարանում եղած 6%-ից մինչև գործող հինգերորդում հասնելով 10%-ի:

 

Ոչ այնքան հիմնավորված են հղումները, թե քաղաքական կուսակցությունները չեն հաղթահարի քվոտայի չափազանց կտրուկ աճը և չեն կարողանա ցուցակներում խորհրդարանային աշխատանքի համար պատրաստված կանանց բավարար թիվ ապահովել ցուցակներում: Նախորդ աշնանը համամասնական համակարգով անցկացված ՏԻՄ ընտրությունները հանրապետության երկու խոշոր քաղաքաներում՝ Գյումրիում և Վանաձորում, ցույց են տվել, որ կուսակցությունների մեծ մասը «գերակատարել էր» 25/75 հարաբերակցության վերաբերյալ Ընտրական օրենսգրքի պահանջը և իրենց ցուցակներում միջինում 30% կանանց է ներկայացրել, ընդ որում, շատ կուսակցություններ կանանց ներառել էին  առաջին եռյակում:

 

Ինչ վերաբերում է  գալիք խորհրդարանական ընտրություններին  մասնակից կուսակցություններին ու բլոկերին, ապա  գրեթե բոլորը  «գերակատարել են» օրենքի պահանջը՝ իրենց ցուցակներում 28-38% կին ներառելով: Այլ հարց է , որ մեծ մասը օրենքով նշված 1-4 տեղերից նախընտրել են  ներկայացնել  կանանց 4-րդ հորիզոնականից սկսած, բայց  միջինում 9 կուսակցությունների և բլոկերի ցուցակներում ներկայացված կանանց թիվը կազմում է գրեթե 30%: Այսինքն, ստացվում է, որ 30%-անոց քվոտայի  հետաձգելն իմաստ չուներ, հատկապես, եթե հաշվի առնենք, որ կանանց թիվը կուսակցություններում, իրենց իսկ հրապարակած տվյալների համաձայն, տատանվում է 40-ից մինչև 70%:  Իսկ  թե այդ կանանցից քանիսն են պատրաստ աշխատելու խորհրդարանում, ապա չէր խանգարի նույն հարցադրումը տղամարդկանց վերաբերյալ հնչեցնել: Նաև հիշեցնել,  որ  կանանց կրթական մակարդակը հանրապետությունում  ավելի բարձր է, քան տղամարդկանցը, և եթե կիրթ ու պատրաստված կանայք կուսակցություններից դուրս են, ապա դա ոչ թե կանանց, այլ կուսակցությունների խնդիրն է: Ի դեպ, միջազգային պրակտիկայի համաձայն՝ քվոտաները հիանալի խթան են, որպեսզի կուսակցությունները մտահոգվեն իրենց կադրային քաղաքականությամբ,  լինեն դա կանայք, թե տղամարդիկ:

 

Ինչպե՞ս կաշխատի քվոտան գալիք խորհրդարանական ընտրություններին

 

Նախորդ ընտրությունների պրակտիկան ցույց է տվել, որ բավական չէ քվոտան միայն օրենսդրորեն ամրագրելը, անհրաժեշտ է դրա արդյունավետությունը երաշխավորող մեխանիզմ ապահովել: Ինչո՞ւ ենք մենք ընտրությունների արդյունքում ամեն անգամ քվոտայով սահմանված շեմից կրկնակի պակաս արդյունք ստանում: Ի դեպ, կին քաղաքական գործիչների միասնական կարծիքով, ում հետ մենք զրուցել ենք նախորդ ընտրություններից հետո, առանց քվոտայի արդյունքը շատ ավելի վատը կարող էր լինել, և հավանաբար նրանք հիմքեր ունեն նման բան պնդելու:

 

2012-ի  ընտրություններում օրենսդրորեն ամրագրված 20%-անոց գենդերային քվոտայի պայմաններում ընտրություններին մասնակցող կուսակցությունները միջինում իրենց ցուցակներում 23% կին են ներառել, սակայն դե ֆակտո խորհրդարան է անցել ընդամենը 10.7% -ը:  Բանն այն է, որ նախատեսված քվոտան չի գործել կանանց ինքնաբացարկների դեպքում: Կանանց  դուրս մղման մեխանիզմն աշխատել է ընտրություններից անմիջապես հետո, երբ կուսակցական ցուցակներով խորհրդարան անցած կանայք սկսել են անհայտ պատճառներով հրաժարվել մանդատներից, իսկ նրանց տեղը տղամարդիկ են անցել: ԿԸՀ տվյալներով՝ մանդատից հրաժարվելու դիմում էր ստացվել 26 կնոջից:

 

Նոր խմբագրությամբ ընտրական օրենսգրքում այդ մեխանիզմը չեզոքացվել է երկու դրույթով: Դրանցից մեկը պարտավորեցնում է. ինքնաբացարկ հայտարարած կնոջ փոխարեն ցուցակում մանդատը ստանում է ցուցակի հաջորդ կինը: Այդ դրույթն աշխատում է այն դեպքում, երբ կանանց թիվը խմբակցությունում ինքնաբացարկի արդյունքում կրճատվում է մինչև 20%: Եվս մեկ դրույթ երաշխավորում է խմբակցությունում կանանց նվազագույն  ներկայացվածությունը, այսինքն՝ առանց կանանց խմբակցություններ այժմ խորհդարանում չեն լինելու:

 

Այնուամենայնիվ,  գալիք խորհրդարանական ընտրություններից սպասումներն այնքան էլ լավատեսական չեն: Խնդիրն այն է, որ համապետական, կամ փակ ցուցակներից զատ խորհրդարանական ընտրությունների գործում են նաև տարածքային, կամ, այսպես կոչված,  բաց ցուցակներ, որոնցում կանայք թեկուզև ներկայացված են՝ քվոտայի համաձայն, սակայն ընտրված լինելու նրանց շանսերը մոտավորապես այնպիսին են, ինչպես մեծամասնական համակարգում:  Եթե հաշվի առնենք, որ նախորդ ընտրություններին մեծամասնական ընտրակարգով իրենց թեկնածությունն առաջադրած 11 կանանցից խորհրդարան անցան միայն երկուսը, տարածքային ցուցակների դեպքում  բեկումնային փոփոխության պետք չէ սպասել: Այսինքն,  քվոտայով նախատեսված 25% կանանց ապահովումը խորհրդարանում մեծ հարցականի տակ է, քանի որ մանդատների բաշխումը տեղի է ունենալու՝ հաշվի առնելով երկու ցուցակները՝ բացն ու փակը:

 

Այսօր աշխարհի միապալատ խորհրդարաններում կանանց թիվը միջինում կազմում է 23%, իսկ աշխարհում ամենացածր ցուցանիշը խաղաղօվկիանոսյան ավազանի երկրներում է՝ 13.1%: Հարց է առաջանում. որքա՞ն ժամանակ կպահանջվի Հայաստանին աշխարհում գոնե միջին ցուցանիշին հասնելու համար, էլ չենք խոսում  մինչև 2030թ-ը ՄԱԿ նախանշած 50/50 նշաձողի մասին: Հաշվի առնելով մինչ այժմ արձանագրված տեմպերը  դեռ երկար ենք սպասելու, նվազագույնը 200 տարի  …

 

Թամարա Հովնաթանյան

 

***

 

Հոդվածը պատրաստվել է «Հայաստանում գենդերային հավասարության խթանումը և գենդերային բռնության դեմ պայքարը՝ հանրային կարծիքի փոփոխության միջոցով» ծրագրի շրջանակներում, որն իրականացվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատան և Եվրոպական Միության պատվիրակության ֆինանսավորմամբ:Հոդվածում արտահայտված տեսակետները հեղինակինն են և կարող են չհամընկնել ծրագիրը ֆինանսավորող կողմերի տեսակետների հետ:

Դիտումների քանակը` 3493

Գլխավոր էջ