Հայաստանում փորձում են անցում կատարել դեպի առողջ և ակտիվ ծերություն

Հոկտեմբերի 1-ը  ողջ աշխարհում նշվում է որպես  տարեցների միջազգային օր:  Հայաստանում  63 տարեկան և բարձր տարիքի մարդկանց թիվը կազմում է մշտական բնակչության ընդհանուր թվի 12,9 տոկոսը՝ շուրջ 387 000 մարդ:

 

Միջազգային չափանիշներով  երկիրը  ծերացած  է համարվում է,  եթե 65 և ավելի տարիք ունեցող ազգաբնակրության թիվը հատում է  12 տոկոսը:  Վերջին տարիներին  Հայաստանում  բնակչության  ընդհանուր թվաքանակում տարեցների թվի ավելացման միտում է նկատվում: Եթե 90-ական թվականների համեմատ   այդ թիվը կրկնապատկվել է , ապա   2024-ին , ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կանխատեսնումներով , 65-ից բարձր տարիք ունեցողները կկազմեն բնակչության 2օ%-ը: Բնակչության շրջանում տարեցների թվի ավելացումը պայմանավորված է ծնելիության նվազմամբ, արտագաղթով, նաև երկարակեցության միտումներով, ինչը կապված է առողջապահության զարգացման հետ: Տարեցների թվի աճը նաև նշանակում է , որ  բնակչության շրջանում աշխատող տարիքի մարդկանց  թիվն է նվազում, ինչը լուրջ տնտեսական խնդիրներ է  ստեղծում  պետության համար:

 

 

Ահա այս ուղղությամբ լուծումներ գտնելու համար  Կառավարությունը որոշել է  փոխել  տարեցների նկատմամբ իր քաղաքականությունը՝ այսուհետ  չսահմանափակվելով նրանց նկատմամբ միայն սոցիալական պաշտպանությամբ ու խնամքով: Հինգշաբթի օրը կայացած կառավարության   նիստում  վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց քննարկել տարեցներին  աշխատաշուկայում ընդգրկելու հնարավորությունը: 

 

 

«1992թ-ից ՄԱԿ-ը հոկտեմբերի 1-ը հռչակել է որպես  Տարեցների միջազգային օր, և այսօրվա հրամայականը մեզ ստիպում է տարեցների սոցիալական պաշտպանության բնագավառում սոցիալական պաշտպանությունից ու խնամքից անցում կատարել դեպի առողջ և ակտիվ ծերացմանն ուղղված գործողությունների իրականացում»,- ասաց Կարեն Կարապետյանը:

 

 

Հաշվի առնելով վերը նշվածը, ինչպես նաև տարեցների նկատմամբ վարվող քաղաքականության մեջ սկզբունքորեն նոր մոտեցումներ որդեգրելու անհրաժեշտությունը, վարչապետը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարեց մեկամսյա ժամկետում քննարկել տարեց անձանց` աշխատաշուկայում, ընդգրկվելու հնարավորության հարցերը։ Նա միաժամանակ նշեց, որ պետք է ուսումնասիրել միջազգային փորձը և ներկայացնել համապատասխան առաջարկություններ` Սոցիալական այլընտրանքային ծառայությունների (ինչպես օրինակ ցերեկային կենտրոններ և տնային խնամք) համակարգի ներդրման ուղղությամբ։

 

 

Նշենք, որ 2017 թվականի մայիսին ՀՀ Կառավարությունը հավանության է արժանացրեց «Ծերացման հետևանքների հաղթահարման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարությունը և ռազմավարության իրականացման 2017-2021 թվականների միջոցառումների ծրագիրը», որի նպատակն է ստեղծել բարենպաստ և առողջ միջավայր տարեց մարդկանց համար՝ ապահովելով նրանց արժանապատիվ ծերացման գործընթացը:

 

 

Մինչ օրս պետական քաղաքականության հիմնական  շեշտը դրվում էր  տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կազմակերպությունների գործունեության վրա:  Այսօր Հայաստանում գործում է տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի ծառայություն մատուցող 12 հաստատություն, այդ թվում՝ 7 ոչ պետական:Բոլոր հաստատություններում միասին խնամվում է շուրջ 1380 մարդ, որոնցից  728-ը՝ կին: իսկ տնային պայմաններում սպասարկվում է ՝ շուրջ 4000 մարդ, սոցիալական հոգածության ցերեկային կոնտրոններ են հաճախում՝ 2030-ը:Հանրապետությունում առկա 4 սոցիալական տներում բնակվում և ծառայություններ է ստանում 60 տարեց անձ»,-սահմանափակեց բանախոսը:

 

 

Կենսաթոշակառուների թիվը մեր երկրում,  ըստ վիճակագրության,  2016- ին տարեվերջին կենսաթոշակառուների թվաքանակը կազմել է 468 528 մարդ, որոնցից աշխատանքային կենսաթոշակառուների թվաքանակը կազմել է 466 170: Կենսաթոշակառուներին նշանակված կենսաթոշակի միջին չափը կազմել է 40 396.9 դրամ: համեմատության համար նշենք, որ 2015 թվականին կենսաթոշակառուների թվաքանակը կազմել է 465 802 մարդ:

 

Տեղեկացնենք, որ համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի՝ տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է 63 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 25 տարվա աշխատանքային ստաժ: 63 տարին լրացած անձին տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է նաև 25 տարվա աշխատանքային ստաժից պակաս ստաժի առկայության դեպքում, եթե նա ունի առնվազն 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ:

 

Տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքից մեկ տարի շուտ՝ 62 տարեկանում, տարիքային կենսաթոշակ նշանակվում է, եթե անձն ունի առնվազն 35 տարվա աշխատանքային ստաժ և չի աշխատում: Կենսաթոշակի իրավունք տվող տարիքը թե’ կանանց, և թե’  տղամարդկանց համար նույնն է:

 

Կյանքի միջին տեւողությունը Հայասատանում  տղամարդկանց շրջանում կազմում է 72 տարեկան, իսկ կանանց ՝ 78 տարեկան:   Ի դեպ,  հանրապետությունում բնակվում է 100 տարին լրացած 85 մարդ, ամենատարեց բնակիչը ապրում է Գեղարքունիքի Երանոս գյուղում՝ 115 տարեկան, իսկ Երևանում 100 և ավելի բարձր տարիքի 22 բնակիչ կա:

 

Մ. Մարգարյան

 

Լուսանկարը՝ Լիլիան Գալստյանի    «Մեր տարեցները » շարքից

 

Դիտումների քանակը` 3948

Գլխավոր էջ