«Եթե մենք այն հասարակությունն ենք, որտեղ չկա բռնություն, այդ ո՞վ պիտի խլի մեր երեխային». Միքայել եպիսկոպոս Աջապահյան

Երեկ ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի հանրային քննարկմանն էր մասնակցում նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, ով նշեց, որ եկեղեցին է պատվիրել, որ ինքը ներկա գտնվի և ելույթ ունենա: Հոգևորականը նախ հանդարտության կոչ արեց հանդիպումը խանգարող անձանց, ապա անդրադարձավ բուն օրենքի նախագծին և ընտանեկան բռնություն երևույթին:

 

«Այստեղ ոչ մեկ չի ասում, որ ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենք պետք չէ, եթե այս օրենքին դեմ արտահայտվողներ կան, ուրեմն կարող եք ասել՝ այս հոդվածը ես կառաջարկեմ այս կերպ ձևակերպել, բայց ընդհանրապես օրենքի դեմ խոսելը չեմ կարծում, թե ընդունելի է»,- հայտարարեց Աջապահյանը:

 

Նա անդրադարձավ նաև  այն վախերին, թե իբր ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի ընդունումից հետո երեխաներին խլելու են ընտանիքներից (մինչ այդ ՀՀ Արդարադատության նախարարն արդեն իսկ հերքել էր այդ տեսակետը): «Այսօր բավականին մեծ թվով երեխաներ ունենք, որոնք ընտանիքում չեն մեծանում, քանի որ ընտանիքն ի վիճակի չէ ապահովել ոչ սոցիալական, ոչ էլ հոգևոր-բարոյական պայմաններ, իսկ ինձ համար երկրորդն ավելի կարևոր է: Եվ ուրեմն այդ ապաստարան բառն էլ վախենալու չէ: Ինչո՞ւ ենք մենք բևեռացված մոտենում այս հարցին և դավադրություն տեսնում: Ես օրինակ որևէիցե դավադրություն չեմ տեսնում: Առավել ևս այնպիսի դավադրություն, որ վաղը մեր երեխաներին պետք է խլեն մեզանից: Եթե մենք այն հասարակությունն ենք, որտեղ չկա բռնություն, այդ ո՞վ պիտի խլի մեր երեխային: Այն ընտանիքում որտեղ կա սեր և համերաշխություն, ոստիկանը պիտի գա այդ ընտանիքից երեխային տանի՞: Այդպիսի երևակայական հրեշների դեմ ենք պայքարո՞ւմ»:

 

Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցչի խոսքով՝ եթե մենք ստեղծենք բարոյական հասարակություն, որտեղ չի լինի բռնություն, այս օրենքը կմնա մեռած տառ: «Եթե ես նորմալ ընտանիք ունեմ, սիրող հայր եմ, սիրող ամուսին եմ, սիրող զավակ եմ, և սիրում եմ, սիրված եմ, էդ ընտանեկան բռնության կանխարգելման կամ չգիտեմ որ օրենքի ո՞ր հոդվածը ինձ պիտի վնասի․․․ Էնպես որ, երևակայական հրեշներ մի ստեղծեք, երևակայական հրեշների դեմ մի պայքարեք, միմյանց նկատմամբ հանդուրժող եղեք, միմյնաց մեջ թշնամի մի տեսեք և դավադրություն էլ առավել ևս մի տեսեք»:

 

Շիրակի թեմի առաջնորդը նշեց, որ բոլորն էլ ընտանեկան բռնության կանխարգելմանը կողմ են և ուրեմն օրենք ունենալուն էլ են կողմ: «Բայց այս օրենքն այս տեսքով մեզ չի բավարարում, լավ, հասկանալի է, այդ բոլոր բաները ժամանակի ընթացքում կարվեն»:

 

Հոգևորականը նշեց, որ եթե անգամ Հայաստանը միջազգային պարտավորություններ չունենար, քաղաքակիրթ երկիր լինելու համար անհրաժեշտ է, որպեսզի ունենանք ընտանեկան բռնության կանխարգելման օրենք: «Բայց ես ինքս էլ օրենքի այս մատուցմանը շատ կողնակից չեմ, որովհետև այստեղ ես կանխարգելումը չտեսա, ավելի շատ հետ միջոցառումներ են, երբ բռնությունն արդեն տեղի է ունեցել, բայց ինչպե՞ս անել, որ բանը չհասնի բռնության, կանխարգելումը դա է: Եվ ուրեմն փաթեթ պետք է լինի, որտեղ Կրթության, Սոցապ, Առողջապահության նախարարություններին և ինչու չէ, նաև եկեղեցուն հստակ առաջադրանքներ պետք է տրվեն, որպեսզի երբ մարդը դառնում է չափահաս և ընտանիք է կազմում, չունենա բռնության հակում ընտանիքի անդամների հանդեպ»,- կարծում է Աջապահյանը: Նրա խոսքով՝ երբ ընտանիքը սիրո վրա է հիմնվում, այդտեղ չի կարող լինել բռնություն: Եթե սեր չկա, չկա և ընտանիք:  

 

  Նշենք, որ Սրբազանի ելույթի ժամանակ օրինագծի ընդդիմախոսներից մեկը փորձեց ընդհատել նրան, սակայն ակտիվիստները սաստեցին նրան՝ ասելով, որ հոգեւորականին լսել է պետք:

          

Արման Ղարիբյան

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Oրենքի նախագիծը շատ երկար սպասված էր».  փաստաբանի գնահատական

Ընդդիմախոսները չփոխեցին նախարարի կարծիքը. օրենքը պետք է ընդունվի

«Եթե մենք այն հասարակությունն ենք, որտեղ չկա բռնություն, այդ ո՞վ պիտի խլի մեր երեխային». Միքայել եպիսկոպոս Աջապահյան

 Դավիթ Հարությունյան. «ճիշտ, ամուր, հայկական ընտանիքի հիմքը բռնությունը չէ»

Ընտանեկան բռնությունը պաշտոնական թվերով

Ի՞նչ առաջարկություններ են ներկայացրել կանանց ՀԿ-ները ընտանեկան բռնության օրինագծի վերաբերյալ

 «Երեխաների  38 %ը ենթարկվում է ընտանիքում  ֆիզիկական պատժի որևէ տեսակի»

Պաշտոնապես հրապարակվել է Ընտանեկան բռնության մասին  օրինագիծը

Ե՞րբ կդադարի ընտանեկան բռնությունը

«Վերցրու, կտաս Լիանային, ինքն ա բռնության ենթարկվում»

Ընտանեկան բռնությունը և երեխաների պաշտպանությունը. ինչ է նախատեսում օրենքը

Երեխաների ձայնը

Դիտումների քանակը` 3632

Գլխավոր էջ