Դավիթ Հարությունյան. «ճիշտ, ամուր, հայկական ընտանիքի հիմքը բռնությունը չէ»

  

 

«Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնությանենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագիծը, որի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրություն կա, երկուշաբթի օրը կդրվի հանրային քննարկման: Այս մասին երեկ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

 

«Ճանապարհը, որը մենք բռնել ենք, համարում ենք խիստ կարևոր և աշխարհի 120 երկիր արդեն անցել է այդ ճանապարհը: Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ լինում են  հաճախ տարօրինակ մեկնաբանություններ օրենքի դրույթների վերաբերյալ, որոնք բացարձակապես որևէ աղերս չունեն այդ օրենքի հետ՝ մենք երկուշաբթի օրը Մատենադարանում կկազմակերպենք  հանրային քննարկում»,-նշեց արդարադատության նախարարը:

 

Դավիթ Հարությունյանն, անդրադառնալով վիճակագրությանը, նշեց, որ անգամ  պաշտոնական վիճակագրությունը ընտանեկան բռնության վերաբերյալ ինքնին անհանգստացնող է. «Իրականում կան բազում թաքնված դեպքեր, որոնք մտահոգիչ են, այդ դեպքերը բացահայտվում են տարբեր հետազոտություններով, սակայն անգամ պաշտոնական վիճակագրությունը մտահոգիչ է»:

 

Նրա խոսքերով՝ օրենքի նախագիծը լրամշակվել է, այդ պատճառով էլ ձգձգվել է դրա քննարկումը:  Առաջիկայում  նախագիծը հանրային քննարկման դնելուց հետո կներկայացվի կառավարություն, որից հետո` Ազգային ժողով: 

 

Դավիթ Հարությունյանը նշեց նաև, որ իրազեկության բարձրացման անհրաժեշտություն ևս կա և պետք է ստեղծվեն համապատասխան կենտրոններ, բացի այդ, կկրթեն ոստիկանության աշխատակիցներին.  «Այսինքն՝ լուրջ աշխատանք է մեզ սպասվում, բայց կարևորը օրենքն է: Նպատակը, որը դրել ենք, համարում ենք հույժ կարևոր»։

 

Ինչ վերաբերում է օրենքի նախագծի՝ իբր ավանդույթներին հակասելու մտահոգությանը, ապա Դավիթ Հարությունյանն ասաց. ««Ես չեմ կարող հանաձայնվել , որ կնոջը, երեխային ծեծելը մեր ազգային ավանդույթն է, դա շեղում է մեր ազգային ավանդույթներից, քանի որ ճիշտ, ամուր, հայկական ընտանիքի հիմքը բռնությունը չէ»:

 

Ինչ է փաստում պաշտոնական վիճակագրությունը

 

Նշենք, որ  վերջերս հրապարակված «Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտություն  2015-16»  զեկույցի համաձայն՝  15-49 տարեկան կանանց 6 %ը 15 տարեկանից սկսած երբևէ ենթարկվել է ֆիզիկական բռնության, իսկ 3 %-ը ենթարկվել է բռնության վերջին 12 ամիսների ընթացքում: Կանայք Արագածոտնում ամենաշատն են ենթարկվել ֆիզիկական բռնության վերջին 12 ամիսների ընթացքում (14 %):

 

Ինչ վերաբերում է սեռական բռնության դեպքերին, ապա 15-49 տարեկան կանանց 1 %-ը երբևէ ենթարկվել է սեռական բռնության, իսկ 1 %-ից պակասը ենթարկվել է բռնության վերջին 12 ամիսների ընթացքում: Կանայք Արագածոտնում ամենաշատն են ենթարկվել սեռական բռնության (4 %):

 

Ըստ զեկույցի՝  երբևէ ֆիզիկական կամ սեռական բռնության ենթարկված կանանց 29 %-ը բռնությունը դադարեցնելու նպատակով դիմել է օգնության, մինչդեռ կանանց նույնքան մասնաբաժինը երբեք չի դիմել օգնության, սակայն որևէ մեկին պատմել է բռնության մասին: Ֆիզիկական կամ սեռական բռնության ենթարկված տասը կանանցից չորսը երբեք չեն դիմել օգնության և ոչ մեկին չեն պատմել բռնության մասին:

 

Ինչ վերաբերում է ամուսնական բռնությանը, ապա երբևէ ամուսնացած յոթ կանանցից մեկն ամուսնու կողմից ենթարկվել է բռնության որևէ տեսակի՝ հոգեբանական , ֆիզիկական կամ սեռական: Կանանց 8 %-ը ենթարկվել է ամուսնական բռնության վերջին 12 ամիսների ընթացքում:

 

Զեկույցում նշվում է, որ Արարատում երբևէ ամուսնացած տասը կանանցից երեքը ենթարկվել են ամուսնական բռնության՝  համեմատած Սյունիքում կանանց մոտ 1 %ի հետ: Ամուսնու կողմից բռնության ենթարկված կանանց մասնաբաժինը նվազում է կնոջ կրթական մակարդակի աճին զուգընթաց՝  կազմելով 24 % հիմնական կրթություն ունեցող կանանց և 9 % բարձրագույն կրթություն ունեցող կանանց շրջանում:

 

Ընտանեկան բռնության մասին պաշտոնական վիճակագրությունը  պարբերաբար ներկայացնում է  նաև ՀՀ Քննչական կոմիտեն:  Սակայն,  ինչպես նշվում է  «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնությանենթարկված անձանց պաշտպանության մասին» օրինագծի հիմնավորման մեջ , ընտանեկան բռնությանը հատուկ է լատենտայնության բարձր մակարդակը, ինչը նշանակում է, որ ընտանեկան բռնության իրական պատկերն էլ ավելի մտահոգիչ է քան դա երևում է  վիճակագրական տվյալներից:  

 

Մ.Մարգարյան

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Ընտանեկան բռնությունը պաշտոնական թվերով

Ի՞նչ առաջարկություններ են ներկայացրել կանանց ՀԿ-ները ընտանեկան բռնության օրինագծի վերաբերյալ

 «Երեխաների  38 %ը ենթարկվում է ընտանիքում  ֆիզիկական պատժի որևէ տեսակի»

Պաշտոնապես հրապարակվել է Ընտանեկան բռնության մասին  օրինագիծը

Ե՞րբ կդադարի ընտանեկան բռնությունը

«Վերցրու, կտաս Լիանային, ինքն ա բռնության ենթարկվում»

Ընտանեկան բռնությունը և երեխաների պաշտպանությունը. ինչ է նախատեսում օրենքը

Երեխաների ձայնը

Դիտումների քանակը` 3204

Գլխավոր էջ