Ի՞նչ առաջարկություններ են ներկայացրել կանանց ՀԿ-ները ընտանեկան բռնության օրինագծի վերաբերյալ

ՀՀ Արդարադատության նախարարությունը մշակել և հրապարակել է «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերը: Նախագծի վերաբերյալ առաջարկներով հանդես գալու հնարավորություն ունեն խնդրի կարգավորմամբ մտահոգ շահագրգիռ կողմերը: Նախարարությունը նաև հանդիպում-քննարկումներ է կազմակերպել հասարակական կազմակերպությունների ներկայացուցչների հետ՝ լսելու նրանց դիրքորոշումները: WomenNet.am-ը զրուցեց «Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության փաստաբան Նոնա Գալստյանի հետ, ով մի շարք գործերով դատարաններում ներկայացնում է ընտանեկան բռնության ենթարկված կանանց շահերը: Փաստաբանը ներկայացրեց «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի առաջարկություններն ու նկատառումները օրենքի նախագծի վերաբերյալ:

 

«Որպես դաշտում գործող փաստաբան ես ողջունում եմ այն, որ ի վերջո նախագծի ընդունման ուղղությամբ պետությունը բովանդակային քայլեր է ձեռնարկում: Զգացվում է, որ կա ցանկություն այդ նախագիծը կյանքի կոչելու և ընտանեկան իրավահարաբերությունների դաշտում էական գործուն մեխանիզմներ ներդնելու համար»,- նշեց Նոնա Գալստյանը: Փաստաբանի խոսքով՝ ողջունելի է նախագծով զոհի համար նախատեսված պաշտպանական մեխանիզմների՝ պաշտոնեական նախազգուշացման, պաշտպանական որոշման և անհետաձգելի միջամտության որոշման մեխանիզմների ներդրումը: Դրանք էականորեն կթեթևանցեն զոհերի պաշտպանության և աջակցման գործում:

 

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի ներկայացուցիչները կարծում են, որ պետությունն այս փուլում արդեն իսկ պիտի գիտակցի, որ առանց ռեսուրսներ ներդնելու օրենքը չի գործի: Եթե նպատակ կա օրենքը կյանքի կոչելու, ապա դա պետք է հանգեցնի ոստիկանների, քննիչների և դատավորների վերապատրաստմանը, համապատասխան հաստիքների ներդրմանը:

 

Ինչ վերաբերում է օրենքի նախագծի մշակման փուլում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին ներգրավվելուն, Նոնա Գալստյանը նշում է, որ Կոալիցիայի առաջարկությունների միայն չնչին մասն է արտացոլվել այս նախագծում: «Այսօր հրավիրում են հասարակական կազմակերպություններին և ներկայացնում արդեն պատրաստի նախագիծ, բայց մենք դեռ մշակման փուլում բազմաթիվ առաջարկություններ ենք արել, որոնք չեն ներառվել նախագծում: Ես կարծում եմ, որ դաշտում գործող կազմակերպություններն ունեն բավարար փորձ և ռեսուրսներ, որպեսզի իրենց կարծիքը ևս հաշվի առնվի: Որքան էլ մենք ասենք, որ անհնար է ստեղծել կատարյալ օրենք, սակայն փորձառու կազմակերպությունների առաջարկությունները ընդունելու դեպքում այդ օրենքը կարող է կատարյալին մոտ լինել»,- կարծում է ընտանեկան բռնության գործերով մասնագիտացած փաստաբանը:

 

Ներկայացնում ենք «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի առաջարկությունների ու նկատառումների մի մասը, որոնք դեռևս չեն ընդունվել Արդարադատության նախարարության կողմից: 

 

Պատասխանատվություն բռնության բոլոր տարատեսակների համար

«Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագիծը սահմանում է ընտանեկան բռնության չորս տարատեսակ՝ ֆիզիկական, սեռական, հոգեբանական, տնտեսական: Տարատեսակներից երկուսի՝ հոգեբանական և տնտեսական բռնության համար իրավական հետևանք, պատասխանատվության միջոց նախատեսված չէ: Ըստ Կոալիցիայի՝ պատասխանատվություն պետք է սահմանվի բռնության բոլոր տարատեսակների համար:

 

Ապաստարանի գտնվելու վայրի մասին հայտնելու վերաբերյալ

 

Ընտանեկան բռնության զոհերի համար նախատեսված ապաստարանի վայրի մասին երրորդ անձին (ով այդ մասին տեղեկանալու իրավասություն չունի) հայտնելու համար նախատեսված է վարչական պատասխանատվություն՝ 200-400 հազար դրամ տուգանքի չափով: Նոնա Գալստյանը նշում է, որ ապաստարանի վայրը գաղտնազերծելու  դեպքում ոչ միայն այնտեղ գտնվող անձանց կյանքի ու անվտանգության համար է լուրջ սպառնալիքներ ստեղծվում, այլև այն կազմակերպության, որը ստեղծել է այդ ապաստարանը: «Այսինքն՝ դա անխուսափելիորեն կառաջացնի ապաստարանի գտնվելու վայրի փոփոխության անհրաժեշտություն: Իսկ դա ոչ միայն ֆինանսական ռեսուրսներ է պահանջելու, այլև մարդկային, կազմակերպչական և նյութական: Կարծում եմ, պետք է սահմանել քրեական պատասխանատվություն ցանկացած անձի համար, ով կբացահայտի ապաստարանի գտնվելու վայրը»,- ասում է փաստաբանը:

 

Օրենքի սկզբունքների մասին

 

Նոնա Գալստյանի կարծիքով՝ օրենքի սկզբունքներում անպայմանորեն պետք է ներառել գենդերային խտրականության սկզբունքը` շեշտելով, որ գենդերային հիմքով ընտանեկան բռնությունն անթույլատրելի է: «Դա ընդունված սկզբունք է նաև Ստամբուլի կոնվենցիայով, ՀՀ «Հավասար իրավունքների և հավարասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքով, իսկ այս նախագծում չգիտես ինչու սահմանված չէ, միայն սահմանված է ընդհանուր խտրականտության արգելքը, ինչը գենդերային խտրականության բովանդակությունն արտահայտել չի կարող»,- նշում է փաստաբանը: Կոալիցիան առաջարկում է օրենքի սկզբունքներում ներառել նաև կրկնակի զոհականացման սկզբունքը:

 

Ընտանեկան բռնության կանխարգելման խորհրդի անկախության խնդիրը

 

Կոալիցիան բավականին ծավալուն առաջարկներ էր ներկայացրել Ընտանեկան բռնության կանխարգելման խորհրդի հետ կապված, այդ առաջարկները, սակայն, չեն ընդունվել նախագծի մշակման փուլում: Փաստաբանի խոսքով՝ նախագծով նախատեսվում է ստեղծել մի մարմին, որը մեծ կախում է ունենալու Կառավարությունից: «Իհարկե, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ընդգրկված են լինելու խորհրդում, նույնիսկ գրված է, որ Խորհրդի նախագահը պետք է հասարակական կազմակերպության ներկայացուցիչ լինի, բայց ՀԿ ներկայացուցիչներին ընտրում է Վարչապետը: Այստեղ կամայականության գործոնը շատ մեծ է»,- կարծում է Նոնա Գալստյանը:

 

Կոալիցիան Ընտանեկան բռնության կանխարգելման խորհրդի վերաբերյալ մեկի փոխարեն երկու այլ տարբերակներ է առաջարկել, որտեղ նաև խորհրդի գործառույթների վերաբերյալ նկատառումներ են ներկայացվել: «Մեր կարծիքով, կանխարգելման խորհուրդը պետք է ունենա օրենքի իրականացման վերահսկման գործառույթ, մշտադիտարկում իրականացնի, հաշվետվություններ պահանջի պետական մարմիններից օրենքի կիրառման վերաբերյալ, գնահատականներ տա նրանց աշխատանքին: Այս գործառույթներն ամրագրելու փոխարեն ամրագրվել են այնպիսի գործառույթներ, որոնք ավելի տեսական ու ձևական բնույթի են»,- նշում է փաստաբանը:

 

Պաշտպանական ու անհետաձգելի միջամտության որոշումների կիրառման վերաբերյալ

Պաշտպանական որոշման դեպքում նախատեսված է տեսակցությունների ժամանակավոր արգելում երեխաների հետ, իսկ անհետաձգելի միջամտության որոշման դեպքում նախատեսված չէ: Փաստաբանը կարծում է, որ երկու դեպքում էլ պետք է լինի այդ արգելքը, քանի որ հաճախ տեսակցությունները բռնարարներն օգտագործում են որպես պատրվակ, որպեսզի ազդեցություն ունենան զոհերի վրա, անգամ ֆիզիկական բռնություն կարող են կիրառել այդ ընթացքում:

 

«Նաև նախատեսված է, որ եթե զոհը խոչընդոտում է անհետաձգելի միջամտության որոշման կիրառմանը, ապա այդ որոշումը կարող է վերացվել: Սակայն այդ խոչընդոտումը կարող է լինել բռնարարի սպառնալիքի կամ հոգեբանական այլ ճնշումների արդյունքում, դրա համար այդ հիմքով չպետք է որոշումը վերացնել: Ոստիկանը պետք է կատարի քննություն, որպեսզի պարզի, թե ինչն է հիմք հանդիսացել, որպեսզի զոհն ինքը խոչընդոտի անհետաձգելի միջամտության որոշման կիրառմանը: Եթե քննության արդյունքում կհամոզվեն, որ զոհի արարքները պայմանավորված չեն բռնարարի ազդեցությամբ, թող նոր վերացնեն այդ որոշումը»:

 

Երեխաների նկատմամբ բռնության հարցը

 

Նոնա Գալստյանն ասում է, որ նախագիծը չի կարգավորում երեխաների նկատմամբ բռնության դեպքերը, շատ հպանցիկ է անդրադառնում դրան. «Կարծում եմ, որ կարող էր լինել առանձին գլուխ այդ մասին, քանի որ պրակտիկայում շատ լուրջ խնդիրներ ունենք, երեխաների պաշտպանության հարցում ունենք մեխանիզմների լուրջ բացեր: Այս պահին էլ Խնամակալության և հոգեբարձության մարմինների գործունեությունը կարգավորող իրավական ակտերում շատ բացեր կան, և եթե մենք հնարավորություն ունենք նոր օրենքով սահմանել մեխանիզմներ երեխաների իրավունքների պաշտպանության համար, ապա պետք է անենք դա»:

 

Զուգընկե՞ր, թե՞ փաստացի ամուսիններ

 

Նախագծում «զուգընկեր» հասկացություն չկա, փոխարենը նշված է փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող անձինք: Սակայն շատ զուգընկերներ փաստացի ամուսնական կյանքով չեն ապրում, այսինքն՝ համատեղ կենցաղ չեն վարում, բայցևայնպես նրանց միջև էլ տեղի է ունենում բռնություն, որը ևս ընտանեկան բռնություն է: «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան առաջարկում է օրենքով պատասխանատվություն սահմանել նաև զուգընկերոջ կողմից կիրառվող բռնության համար:

 

Հաշտարարության համակարգի վերաբերյալ

 

Ներկայացված նախագծի նորարարություններից մեկն էլ հաշտարարության համակարգի ներդրումն է, որը հնարավորություն է տալու բռնարարին ու զոհին հաշտվել որոշակի վերահսկողության պայմաններում, եթե իհարկե առկա է երկու կողմերի համաձայնությունը: «Կարծում եմ, որ հաշտարարության մեխանիզմի ներդրումն այս փուլում դեռ վաղ է, քանի որ դեռ չունենք հստակ մեխանիզմներ, անվտանգության երաշխիքներ,  դա կարող է լուրջ վտանգներ ստեղծել թե ընտանեկան բռնության զոհերի, թե հասարակական կազմակերպությունների ու հանրային մարմինների ներկայացուցիչների համար»,- ասում է փաստաբանը:

Նշենք, որ օրենքի նախագծի վերաբերյալ բոլոր շահագրգիռ կողմերը կարող են հանդես գալ առաջարկություններով e-draft համակարգում մինչև հոկտեմբերի 9-ը:

 

Արման Ղարիբյան

Դիտումների քանակը` 3353

Գլխավոր էջ