Կարանտինը խախտում է ընտանեկան անդորրը

 

 Համընդահանուր մեկուսացման պայմաններում, երբ բոլորը տանն են շաբաթը՝ յոթ օր, օրը՝  24 ժամ, ոչ բոլոր ընտանիքներն են կարողանում հաղթահարել կարանտինը՝ ապրելով  սիրո և համերաշխության մեջ:  Արտակարգ դրության ժամակահատվածում`երբ սահմանափակվում է մարդկանց ազատ տեղաշարժը, ընտանեկան բռնության ռիսկերն ավելի են  մեծանում: Ողջ  աշխարհում  ընտանեկան բռնության դեպքերի, ամուսնալուծությունների  աճ է արձանագրվում, ինչը  փորձագետների գնահատմամբ, կանխատեսելի հետևանք է փակ տարածքում և երկարատև սթրեսային իրավիճակում գտնվող  այն ընտանիքների համար, որտեղ մինչ այդ էլ առկա էին  կոնֆլիկտային իրավիճակներ:  Դրա հետ մեկտեղ, նույնիսկ այն թեթև  տարաձայնությունները, որոնց  մինչ այդ իրեն համերաշխ համարող ընտանիքում  ուշադրության չէին արժանացնում, մեկուսացման պայմաններում  կարող են խորանալ և գերաճել  լուրջ կոնֆլիկտների…  

 

 

«Միգուցե կարանտինից հետո  ամեն ինչ նորից առաջվա նման լինի»

 

 

Սոնայի ընտանիքը հենց նման իրավիճակում է հայտնվել … Նա  ամուսնացած է արդեն 14 տարի, ունի 2 աղջիկ 11 և 6 տարեկան: Մեկուսացման մեկ ու կես ամիսը ամբողջովին խախտել է նրա տան անդորը:

 

 

-Սկզբի օրերը ամեն ինչ լավ էր,- պատմում է նա,- կարծես թե վերջապես կարող էինք ամբողջ ընտանիքով  միասին լինել, ոչ մեկս ոչ մի տեղ չէր շտապում , ոչ դասեր կան, որ խմբակներն են գործում, կարելի է վերջապես տանը մնալ, շփվել մեկս մյուսի հետ` մանավանդ, որ ամուսինս շատ քիչ էր տանը լինում, հաճախ անգամ չէր էլ ընթրում, հոգնած գալիս էր և անմիջապես քնում, կամ էլ ընթրելուց հետո միայն կարողանում էր մի քիչ հեռուստացույց դիտել: Կարելի է ասել որ ուրախացել էի, վերջապես ընտանիքով կհանգստանանք միասին, մի քիչ անսովոր պայմաններում, բայց կլինենք միասին:

 

 

Սակայն  Սոնայի սպասումները չարդարացան` նրա ամուսինը շուտով սկսեց բարկանալ և վիճել անգամ ամենափոքր առիթներից` վիրավորել և հայհոյել: Կինը տարակուսանքի մեջ է, իր ամուսնու բնավորության այնպիսի գծեր է  բացահայտել, որոնց մասին մինչ այս պահը   ուղղակի չգիտեր, քանի որ նա տանը քիչ էր լինում… Մտածում էր, որ գուցե նրա  այս վարքը սթրեսի արդյունք է…

 

 

-Ամուսինս սկսեց ամենի ինչից դժգոհել, ամեն ինչ սկսեց ազդել նրա նյարդերի վրա,  ոչ մի բան իր ուզածով  չէր, մեկ ճաշն էր անհամ, մեկ տունն էր վատ մաքրած,  մեկ հացն եմ ուշ դրել սեղանին, կամ տան ինչ որ հեռավոր անկյունում փոշին հավաքած չի և սկսեցին անդադար մեղադրանքներն ու վիրավորանքները: Նման վարք ես նրա կողմից նախկինում չէի նկատել, նա երբեք չէր խառնվել տան գործերին, կամ որևէ անգամ դժգոհել ինձանից: Ես տարակուսանքի մեջ եմ, նա անընդհատ համեմատում է ինձ և երեխաների ուրիշների հետ, և չգիտես ինչի մենք միշտ ավելի վատն ենք: Ես ուրիշների կանանց նման ինաստուն և մաքրասեր չեմ,  չեմ կարողանում հասկանալ ինչպես վարվել ամուսնու հետ: Երեխաներն են անդաստիարակ, որովհետև իմ դաստիարակությունը չի բավարարել նրանց ճիշտ դաստիարակելու համար, շատ են աղմկում, ուրիշների երեխաների նման խելացի չեն:  Ամեն մի մանրուք դառնում է վեճի, վիրավորանքների և հայհոյանքների առիթ: Մեր համատեղ 14 տարիների ընթացքում երբևէ այսքան չենք վիճել, երբևէ այսքան չի վիրավորել և չի հայհոյել ինձ ամուսինս: Վերջին մեկ ամսվա ընթացքում ես անդադար մեղադրվողի և արդարացողի կարգավիճակում եմ, ամուսինս միշտ մեղադրողի և աղմկոտ դժգոհողի:

 

 

 

Սոնան շփոթված է ու փորձում է հասկանալ ինչ է կատարվում իր ընտանիքում, սակայն մի բան հաստատ պնդում է, որ ինքն այսպես այլևս չի կարողանում դիմանալ:

 

 

 

-Մեկ շաբաթ առաջ, չգիտեմ նյարդային պորթկում անվանեմ թե ինչ, բայց ամուսինս դատարկ առիթից սկսեց վեճ սարքել, երբ ես փորձեցի նրան որևէ բան բացատրել, նա զայրացավ ասելով, որ ես մտածված հակաճառում եմ և էլ ավելի զայրացնում եմ իրեն: Ամեն ինչ ավարտվեց նրանով, որ ամուսինս ամբողջ ուժով քաշեց ականջս: Ամբողջ օրը մտածում էի ինչպես հանդարտեցնեմ այս լարված մթնոլորտը: Մեծ ամանով  արևածաղկի սերմեր դրեցի սեղանին, ասում են դա օգնում է հանել սթրեսը, սակայն այս անգամ էլ նրան հունից հանեց այն, որ ես անցա հեռուստացույցի էկրանի առջևիից, և նա ինչ որ կադր չտեսավ: Նա վերցրեց ամանը և հայհոյելով շպրտեց ինձ վրա, ասելով, որ այլևս իր աչքին չերևամ:

 

 

Դեպքից հետո քնում եմ աղջիկներիս սենյակում, ամուսնուս հետ շփվում եմ բացառապես երեխաների միջոցով, և անընդհատ մտածում եմ,  ի՞նչ է լինելու հետո, մենք հիմա ոչ միայն չենք կարողանում շփվել իրար հետ, այլև ապրել մեկ հարկի տակ: Կարանտինը գուցե կավարտվի 3 շաբաթից, իսկ այդ ընթացքում մենք ու՞ր կհասնենք, կբաժանվե՞նք, թե՞ կապրենք մի հարկի տակ երկու օտարների նման: Ես ամուսնուս չե՞մ ճանաչել, թե կորոնավիրուսը փոխեց նրան, ավելի ճիշտ լարվածությունն ու սթրեսը փոխեցին նրան: Իսկ միգուցե ամեն ինչ նորից առաջվա նման լինի, – փորձելով լավատես լինել ասում է նա:

 

 

«Երբ են նորից գործի գնալու, որ  հանգիստ խղճով ապրենք»

 

 

 

Անահիտի ընտանեկան անդորն էլ է խախտվել կարանտինի պատճառով…

 

 

-Դիմանալու չի,- դժգոհում է նա,- հարսս և տղաս ամեն մեկը մի սենյակում համակարգչի առաջ նստած աշխատում են տանից, գոնե իրենք էդպես են ասում, ես ինչ իմանամ աշխատում են, թե էդ անտեր ֆեյսբուքներում են,- զայրանում է նա,- միայն գիտեմ,որ նրանց չեն հետաքրքրում, ոչ տունը, ոչ երեխաները և ոչ ընդհանրապես որևէ բան: Ինձ և երեխաներին  արգելում են մտնել սենյակներ և մենք մեր առօրյան պետք է կազմակերպենք  խոհանոցում ու պատժգամբում, էն էլ պայմանով, որ չաղմկենք, բարձր չխոսենք, չխաղանք` իրենց խանգարում ենք: Երկու սենյականոց բնակարանում կարելի՞ է 2 երեխա պահել էնպես որ ձայն չլինի… Երեխա են աշխույժ, էներգիայով լիքը, պիտի խաղան, պարպեն էներգիան, ով է հասկանում:

 

 

Թոռներին մինչև կարանտինն էլ  Անահիտն է պահում , հարսն ու տղան աշխատում էին,  վերջին ամսում նրանց տանը վեճեր են սկսել.

 

 

-Երեխաները միշտ ուզում են, որ ինչ-որ մեկը գնահատի իրենց կատարած ամեն մի փոքր մանրուք, հատկապես երեխաների համար կարևոր է  ծնողի հիացած գնահատականը,-ասում է նա,- իսկ եթե ծնողը անընդհատ մերժում է երեխային և չի ուզում զբաղնել նրանով ես դա չեմ հասկանում: Երեխայից կարևոր ինչ կա և հետո կարելի է մեկ րոպե կտրվել էկրանից գովել երեխային, ժպտալ և վերջ:

 

 

Հատկապես աղջիկ թոռս շատ է ուզում որ մայրը մասնակցի իր ամեն ինչին, մանավանդ որ ամբողջ օրը տանն է, և օրը մի քանի անգամ նրա մոտ է գնում, ասում, տես ինչ եմ նկարել, արի միասին նկարենք, խաղանք, և նման մանր բաներ, բայց հարսս նրան սենյակից զայրացած դուրս է հրավիրում: Մի քանի օր առաջ երեխային հարվածել էր և զայրացել, որ իրեն խանգարում է, երեխան էլ պատասխանել էր, թե դու լավ մամա չես, ես քեզ չեմ, սիրում:  Հարսս էլ ինձ մեղավոր ճանաչեց,  ասում է, թե ես մտածված եմ նրանց անընդհատ իր մոտ ուղարկում երեխային, որ իրեն հասկացնեմ, թե տան գործերն էլ պետք է արվեն և որ ես եմ սովորեցրել երեխային, որ իրեն ասի թե չի սիրում: Տղաս էլ փորձում է հանդարտեցնել և ստացվում է մեծ աղմուկ ու վեճ: Երբ են նորից գործի գնալու հանգիստ խղճով ապրենք,- ասում է Անահիտը:

 

 

«Չեմ հասկանում նրա անհոգ պահվածքը»

 

 

Մեկուսացման լարվածությանը չդիմակայեցին նաև Լուսինեի և իր եղբոր հարաբերությունները: Նրանք  Գեղարքունիքի մարզից են,  որոշել են այս օրերին մնալ Երևանում և հայրենի գյուղ չեն վերադարձել: Նրանց էլ շատերի պես դժվար է  օրերով փակված մնալ բնակարանում: Լուսինեն դեռ կարողանում է իր օրերը անցկացնել սոցցանցերում, կամ հեռախոսով զրուցել ընկերների հետ, իսկ եղբայրը դժվարանում է անընդհատ տունը նստել, և ավելի հաճախ է ունից դուրս գալիս.

 

 

-Ես ընտանիքի մեծն եմ, 10-ը տարով մեծ եմ եղբորիցս, աշխատում եմ, իսկ եղբայրս սովորում է Գյուղտնտեսականի վերջին կուրսում: Վերջին շաբաթների ընթացքում  սկսել ենք շատ վիճել` նախկինում գրեթե չենք վիճել: Վեճերը միշտ նույն թեմայի շուրջ են, եղբայրս չի ուզում մնա տանը, դուրս գալուց էլ հրաժարվում է դիմակ կրել, կամ ձեռնոցներ հագնել, տուն վերադառնալիս էլ չի փոխում շորերն ու կոշիկները: Երբ փորձում եմ նրան խրատել,  կոպտում է, մտածում է, որ ամեն ինչից ինքն ապահովված է: Ամեն դեպքում չեմ հասկանում նրա անհոգ պահվածքը և չեմ հոգնում նրան անընդհատ ասելուց, որ գոնե ձեռնոցներ դնի:  

 

 

 

 Քրոջ և եղբոր հարաբերություններն այնքան են սրվել, որ անգամ մի քանի օր առաջ եղբայրը ապտակել է քրոջը, այն բանից հետո, երբ վերջինս նրան նկատողություն է արել գնումների տոպրակը առանց ախտահանելու սեղանին դնելու համար…

 

 

 

Նշենք, որ ընտանեկան բռնության դեպքերը Հայաստանում կարանտինի պայմաններում աճել են: Ըստ տարբեր աղբյուրների նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը տատանվում է   30-50%-ի սահմաններում, սակայն հաշվի առնելով  ընտանեկան բռնության լատենտ բնույթը և այն փաստը, որ կանայք ահազանգում են բռնության մասին միայն ծայրահեղ դեպքերում, կարելի է ենթադրել, որ  իրական պատկերը շատ ավելի տխուր կարող է լինել, քան փաստում են թվերը…

 

 

Կարինե Պետրոսյան

Դիտումների քանակը` 1191

Գլխավոր էջ