Ընտանեկան բռնությունը մեկուսացման պայմաններում. իրավիճակը Հայաստանում և այլ երկրներում

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով ու այն կանխարգելելու նպատակով աշխարհի շատ երկրներ կոշտ սահմանափակումներ են կիրառում՝ արգելելով մարկանց լքել իրենց տները: Այս իրավիճակը ի հայտ բերեց լրջագույն մի խնդիր՝ բազմաթիվ քաղաքացիներ պարտադրված են մնալ տանը բռնարարների հետ, և այս խնդիրը առկա է նաև Հայաստանում:

 

 

«Դժոխքային մեկուսացում». ինչպես են պայքարում ընտանեկան բռնության դեմ Ֆրանսիայում

 

 

Միջազգային մամուլի տվյալների համաձայն, Ֆրանսիայում մոտ 200000 կին մեկուսացված է չորս պատի մեջ բռնարարների հետ:  Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաների խոսքով ՝ կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակիչ միջոցների կիրառումից հետո ընտանեկան բռնության դեպքերով ոստիկանության միջամտությունների թիվն աճել է 36% -ով: Այս ֆոնի վրա Ֆրանսիայի կառավարությունը հայտարարեց, որ ընտանեկան բռնության զոհերի համար հյուրանոցային սենյակների վարձ կվճարի 20 հազար գիշերվա համար  և սուպերմարկետներում ժամանակավոր խորհրդատվական կենտրոններ կբացի:

 

 

Չինաստանում, որտեղից սկիզբ առավ կորոնավիրուսային համաճարակը, հունվարին մտցվեց կոշտ կարանտին, և նախորդ տարվա համեմատ ընտանեկան բռնությունից տուժածների թիվը եռապատկվեց: Այս տվյալները հրապարակել է Հուբեյ նահանգի ընտանեկան բռնության դեմ պայքարի ասոցիացիան:

 

 

Մի շարք եվրոպական երկրներում կարանտինով պայմանավորված չեն գործում թեժ գծերը, որոնց կարող են ահազանգել ընտանեկան բռնության ենթարկված մարդիկ, իսկ կազմակերպությունները չեն կարող ընդունել իրենց հարկի տակ դժվար իրավիճակում հայտնվածներին: Բարեբախտաբար, մարտի վերջին Ֆրանսիայի Գենդերային հավասարության նախարարը հայտարարեց, որ այդ ծառայությունը վերսկսել է իր աշխատանքը: Սակայն  զանգերի թիվը սովորականից բարձր չէ՝ հավի առնելով այն փաստը , որ բռնարարի հետ միասին  մեկուսացման մեջ գտնվելու պայմաններում  կանայք միշտ չէ , որ կարողանում են զանգել: 

 

 

Ընտանեկան բռնությունից տուժածներին օգնելու համար Ֆրանսիայի, Իտալիայի և Իսպանիայի կառավարությունները ներդրել են օգնության նոր սխեմաներ: Հիմա օգնության կարիք ունեցողները պետք է գնան դեղատուն և պաշտպանություն խնդրեն, բայց եթե ինչ-ինչ պատճառներով նրանք չեն կարողանում  դա անել բացահայտ, ապա պետք է օգնություն մասին խնդրեն՝ արտասանելով  կոդային  բառը `«դիմակ 19 »:

 

 

Ավստրալիան նույնպես  հաղորդել է ընտանեկան բռնության աճի մասին: Կառավարությունը զեկուցել է, որ կորոնավիրուսի բռնկման ժամանակ ընտանեկան բռնության մասին ահազանգերի թիվն աճել է 75% -ով: Արդյունքում ՝ կառավարությունը 150 միլիոն ավստրալիական դոլար է հատկացրել  ՝ ընտանեկան և սեռական բռնության զոհերին աջակցելու համար ՝ կորոնավիրուսային ազդեցության պատճառով:

 

 

Ռուսական RIA Novosti գործակալության հաղորդմամբ, Ռուսաստանում կարանտինի օրերին ավելացել են ընտանեկան բռնության դեպքերը ևս, ընդ որում զոհ են դառնում ոչ միայն կանայք, այլ նաև տարեցները: Պետական Դումայի ընտանիքի, կանանց  և երեխաների հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Օքսանա Պուշկինան հայտնել է, որ այս օրերին շատ ահազանգեր է ստանում, և իրավիճակը բարդանում է նրանով, որ երկրում շատ ճգնաժամային կենտրոններ փակվել են, թեև ամբողջ երկրում դրանց թիվը չի գերազանցում 15-ը: Բացի այս, Ռուսաստանը չի ընդունել ընտանեկան բռնության դեմ պայքարի օրենքը, և այս ամենի բացասական հետևանքները այսօր ավելի քան ակնառու են դարձել:

 

 

Ի՞նչ իրավիճակ է Հայաստանում

 

Վերջին օրերին ՀՀ ոստիկանության կողմից ներկայացվող օպերատիվ իրավիճակի մասին տվյալներում մշտապես առկա է ընտանեկան բռնության առնվազն  մեկ դեպքի մասին ահազանգ: Օրինակ, մարտի 31-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանությունը ստացել է այդպիսի մեկ ահազանգ, մարտի 27-30-ն ընկած ժամանակահատվածում՝ 3 ահազանգ: Այլ կերպ ասած, միջինում օրը մեկ դեպք, որի մասին ահազանգում են, իսկ թե իրականում այդ թիվը որքան է՝ մնում է միայն կռահել:

 

 

2020-ի մարտին Կանանց աջակցման կենտրոնի թեժ գծին կատարված հեռախոսազանգերի թիվը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 26-ով ավելացել է։ Առաջնային 86 զանգերից 56-ը ընտանեկան բռնության ահազանգեր են, իսկ 30-ը՝ սոցիալական աջակցության։ Այս մասին տեղեկացնում է Կանանց աջակցման կենտրոնը , որն ուսումնասիրել է ընտանեկան բռնության զոհերի խնդիրները՝ պայմանավորված կորոնավիրուսային համավարակի սահմանափակումներով։

 

 

 

Սահմանափակումների պատճառով առաջացած խնդիրները 

 

Կորոնավիրուսի սահմանափակումների պայմաններում   Կանանց աջակցման կենտրոնը արձանագրել է հետևյալ խնդիրները ընտանեկան բռնության զոհերի հետ կապված. սոցիալական վիճակի վատթարացում, կապի միջոցների մատչելիության խնդիր, տրանսպորտային միջոցների բացակայություն, ոստիկանության աշխատակիցների զգայնության պակաս:  Մասնվորապես կենտրոնն ահազանգել է, որ տրանսպորտային միջոցների բացակայության պատճառով բռնության ենթարկվող կանայք չեն կարողանում հասնել նույնիսկ տեղամասային ոստիկանություն, կամ Կանանց աջակցման կենտրոնի գրասենյակ։ Կենտրոնը նաև դեպք է արձանագրել, երբ  ոստիկանության աշխատողը պատշաճ կերպով չի արձագանքել իրեն օգնության դիմած կնոջը, ով ապաստարանի տեղն էր փնտրում: 

 

 

«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում մեզ դիմած կանանցից մեկը, որը 25 տարի շարունակ ամուսնու կողմից ենթարկվել էր բռնության, ուղղակի ոտքով դուրս է եկել տնից՝ այս օրերին սակավ տրանսպորտի պատճառով և մոտեցել առաջին իսկ հանդիպած ոստիկանին՝ աջակցության ակնկալիքով։ Վերջինս առաջարկել է տեղամասային ոստիկանություն դիմել, իսկ կնոջ հարցին, թե ինչպես հասնել այնտեղ, պատասխանել է, թե իր գործը չէ։ Կինը հուզված մոտեցել է պատահական տաքսու վարորդի և խնդրել, որ օգնի իրեն։ Ի վերջո, կարեկից մարդկանց աջակցությամբ, ինչպես նաև կենտորն ոստիկանության ուղղորդմամբ կինը հայտնվել է մեր ապաստարանում», –  նշված է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի կողմից տարածված հաղորդակցության մեջ: 

 

 

Այս առումով կարևոր է, որ  հանրային վայրերում հսկողություն իրականացնող ոստիկանները  զգայուն լինեն ընտանեկան բռնության զոհերի նկատմամբ, տիրապետեն ուղղորդման մեխանիզմներին, ինչպես նաև՝ ձեռքի տակ ունենան հասարակական կազմակերպությունների թեժ գծերն ու ահազանգեն, նշում են կոալիցիայի փորձագետները։

 

 

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան ակնկալում է պետական մարմինների, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների և անհատների աջակցությունը, այս բարդ ժամանակահատվածում կանանց աջակցելու և նրանց՝ բռնությունից դուրս ապրելու իրավունքը պաշտպանելու գործում», – նշված է հաղորդագրության մեջ։

 

 

Բոլոր թեժ գծերն աշխատում են 

 

 

Բարեբախտաբար, ի տարբերություն այլ երկրների, կանանց համար հակաճգնաժամային հեռախոսահամարները շարունակում են գործել: Թեև մասնագետները նշում են, որ այլ խնդիր է առկա՝ թեժ գծերը գործում են, բայց զանգողները քիչ են  օբյեկտիվ պատճառներով:

 

 

Ինչպես դիմել.

 

Շուրջօրյա թեժ գիծ՝ 099 88 78 08 

 

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» հանրային կապերի պատասխանատու, իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը WomenNet.am-ի հետ զրույցում նշեց, որ այս օրերին ընտանեկան բռնության ենթարկվող կանանց վիճակը ծայրահեղ վատ է, քանի որ նրանք, փաստացի, անգամ չեն կարող ահազանգել և օգնություն ստանալ՝ բոլորը տանն են և դուրս գալու հնարավորություն գրեթե չկա: Խոսքը ոչ միայն ամուսնու, այլև ամուսնու ծնողների, այլ ազգականների մասին է, որոնք ևս կարող են բռնություն գործադրել:  «Կանխատեսելով նման իրավիճակ մենք մեկ հարթակում  հավաքել ենք բոլոր թեժ գծերը, որպեսզի մարդկանց համար ավելի տեսանելի և հասանելի լինեն անհրաժեշտ հեռախոսահամարները: Իհարկե, մենք նաև գիտակցում ենք, որ այսօր ամեն ինչ ավելի դժվար է և շատ դեպքերում գրեթե անհնար է կապ հաստատել մեր հետ»,- ասաց նա:

 

 

Բացի ընտանեկան բռնությունից, այս օրերին կանայք բախվում են մեկ այլ խնդրի ևս՝ ընտանեկան պատրականությունների անհամաչափ բաշխմանը, երբ ընտանիքի բոլոր անդամները տանն են, բայց միայն կնոջ պարտականություններն են ավելանում՝ երեխաներ, ամուսին, որոշ դեպքերում տանից հեռավար աշխատանք և այլն: Սա հավելյալ ծանրություն է առաջացնում կանանց համար, որոնք այժմ հանգստի, գոնե մեկ ժամ մենակ մնալու հնարավորությունից զրկվել են և սա էլ հավելյալ լարվածություն է բերում ընտանիքներ ու հոգեբանական ճնշվածություն: Այս իրավիճակը ևս բռնության օջախներ ստեղծելու տեսանկյունից բավականին վտանգավոր է ու նպաստող:

 

 

«Այս պահի դրությամբ ընտանեկան բռնության դեպքերի վիճակագրությունը չի փոխվել Հայաստանում, ինչը մենք պայմանավորում ենք անհասանելիության գործոնով՝ կանայք ուղղակի չեն կարողանում ահազանգել: Բայց հետագայում մենք կփորձենք շահառուների շրջանում ճշտել, թե ինչ է կատարվում: Կլինեն դեպքեր, երբ այս օրերին աշխատանք կորցրած կանայք կփորձեն վերադառնալ ընտանիքներ, որպեսզի թեթևացնեն առօրյա հոգսը, և մենք հիմա փորձում ենք հասկանալ, թե ինչպես կարող ենք այդ խնդիրը լուծել՝ նրանց հավելյալ սոցիալական աջակցություն տրամադրելու տեսքով»,- ասաց Զառա Հովհաննիսյանը՝ հավաստիացնելով, որ չնայած երկրում արտակարգ դրությունով պայմանավորված խիստ սահմանափակումներ են տարբեր տեսակի գործունեությունների մասով, սակայն իրենց թեժ գծերը գործում են և հասանելի են նախկինի պես:

 

 

 

Ինչպե՞ս օգնություն ստանալ օմբուդսմենի գրասենյակից

 

 

Այս օրերին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը դարձյալ հրապարակել է  Ինչպե՞ս ստանալ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն ընտանիքում բռնության խնդիրներով ուղեցույցը:   Նշվում  է, որ ՄԻՊ-ին կարող է դիմել տուժված անձն անձամբ, նրա ներկայացուցիչը, իրավահաջորդը, ժառանգը, խնամակալության և հոգաբարձության մարﬕնները՝ երեխաների, անգործունակ և սահմանափակ գործունակ անձանց, ինչպես նաև ազատությունից զրկված անձանց և զինծառայողների ﬔրձավոր ազգականները: Բացի այս, Մարդու իրավունքների պաշտպանին կարող է դիﬔլ նաև հասարակական կազմակերպությունը, եթե կա անձի գրավոր համաձայնությունը:

 

 

WomenNet.am-ի հետ զրույցում ՄԻ պաշտպանի  հանրային կապերի բաժնի պետ Նունե Հովսեփյանը նշեց, որ արտակարգ դրության օրերին գրասենյակի Թեժ Գծին ընտանեկան բռնության մասին 2 ահազանգ է ստացվել: Նա ևս նշեց, որ վիճակագրությունն այսօր օբյեկտիվ ներկայացնելը դժվար է, քանի որ շատ կանայք ուղղակի չեն կարող ահազանգել:

 

 

«Մենք շարունակում ենք իրականացնել մշտադիտարկում թեմայի վերաբերյալ: Արտակարգ դրության ավարտից հետո մանրամասն կվերլուծենք, ընդհանուր ուումնասիրություն կարվի, որպեսզի պատկերը հասկանանք ավելի ճիշտ»,- ասաց մեր զրուցակիցը:

 

 

WomenNet.am-ը հիշեցնում է, որ արտակարգ դրության պայմաններում Մարդու իրավունքների պաշտպանն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ 24 ժամ սկզբունքով:

 

Ինչպե՞ս դիմել.

 

 

  • Էլեկտրոնային փոստով (ombuds@ombuds.am),
  • Առցանց (www.ombuds.am;  www.pashtpan.am),
  • Աշխատակազմ զանգահարելով (+374 10 53 76 51),
  • 116 թեժ գծին ահազանգ ներկայացնելով։

 

Լիա Խոջոյան

 

Կարդացեք թեմայի շուրջ. 

 

Ինչպե՞ս ստանալ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն ընտանիքում բռնության խնդիրներով

 

Ընտանեկան բռնության հետ կապված իրավիճակը՝ կորոնովիրուսի օրերին

 

Կանայք և COVID-19. հինգ  քայլեր, որոնք այժմ կարող են անել կառավարությունները

 

COVID-19. «Համավարակի աճին զուգահեռ կանայք և աղջիկները բախվում են ավելի մեծ ռիսկերի»

 

 

Դիտումների քանակը` 1702

Գլխավոր էջ