Պաշտոնապես հրապարակվել է Ընտանեկան բռնության մասին  օրինագիծը

Պաշտոնապես հրապարակվել են ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված   «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերը: Նշենք, որ նախագծերը հրապարակվել են սեպտեմբերի 20-ին և մինչև հոկտեմբերի 10-ը հնարավոր է հանդես գալ փաստաթղթերի հետ կապված բովանդակային առաջարկություններով կամ առարկություններով: Դրանք ներառվելու են ամփոփաթերթում. առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլեկտրոնային փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում: Նույն էջում նախատեսվում է նաև  օրինագծին կողմ և դեմ  առցանց քվեարկությունը:

 

Արդեն իսկ նախագծի անվանումից հասկանալի է դառնում, որ օրենքի հիմնական  նպատակն է կանխարգելել ընտանեկան բռնությունը  ու պաշտպանել բռնության զոհերին: Ինչ վերաբերում է բռնություն գործադրողների նկատմամբ  պատիժներին ապա այդ հարցերը կարգավորվում են հիմնականում ՀՀ Քրեական օրենսգրքով, թեպետ նախագծով նույնպես նախատեսվում են որոշակի պատիժներ:

 

Ինչ է ընտանեկան բռնությունը

 

Օրենքն ամրագրում է, թե ինչ է ընտանեկան բռնությունը. «Ընտանեկան բռնությունը ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բնույթի բռնի արարքների կիրառումն է ընտանիքի անդամների կամ նախկինում ընտանիքի անդամներ հանդիսացած անձանց միջև՝ անկախ նրանից, թե արդյոք բռնություն գործադրած անձը և բռնության ենթարկվածը բնակվել կամ բնակվում են համատեղ»: Ըստ այդմ նաև նշված են  ընտանեկան բռնության տեսակները.

 

1) ֆիզիկական բռնություն` ծեծը, կամ դիտավորությամբ ֆիզիկական ցավ կամ ֆիզիկական տառապանք պատճառելը,  կամ ցանկացած եղանակով առողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելը, ինչպես նաև ազատությունից ապօրինի զրկելը.

2) սեռական բռնություն` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված՝ սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված   հանցագործությունները.

3) հոգեբանական բռնություն` դիտավորությամբ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը՝ այդ թվում՝ ֆիզիկական, սեռական կամ տնտեսական բռնություն գործադրելու սպառնալիքը, հետամտումը, արժանապատվության պարբերական նվաստացումը, սոցիալական ծայրահեղ մեկուսացումը.

4) տնտեսական բռնություն` դիտավորությամբ բնակության վայրից, սննդից կամ  այլ անհրաժեշտ միջոցներից զրկելը, որոնց նկատմամբ անձն ունի օրենքով սահմանված՝ տնօրինման, տիրապետման կամ օգտագործման իրավունք, ինչպես նաև անձի աշխատելու իրավունքն ապօրինաբար սահմանափակելը կամ օրենքով նախատեսված այլ աղբյուրներից նյութական միջոցներ ստանալն արգելելը: 

 

 

Օրենքի անհրաժեշտությունը

 

 

Օրինագծի հիմնավորման մեջ  նշվում է, որ  վերջին տարիներին ընտանեկան բռնության տարածվածությունը և դրա ծանր հետևանքներն ավելի և ավելի մտահոգիչ են դառնում: Մասնավորապես,  ՀՀ քննչական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2015 թվականին ընտանեկան բռնության համատեքստում սպանությունները կազմում են հանրապետությունում գրանցված սպանությունների 17 տոկոսը: Ընտանեկան բռնության խնդրով զբաղվող  հասարակական կազմակերպությունների տվյալների համաձայն՝ 2010-2015 թվականների ընթացքում ընտանեկան բռնության արդյունքում սպանվել է 30 կին: ԵԱՀԿ օժանդակությամբ «Պրոակտիվ հասարակություն» ՀԿ-ի կողմից անցկացված հարցման համաձայն՝ հարցվողների 59.6%-ը իրենց կյանքի ընթացքում ենթարկվել է ընտանեկան բռնության: Դրա հետ մեկտեղ,  օրինագծի հեղինակները  ընդգծում են, որ ընտանեկան բռնությանը հատուկ է լատենտայնության բարձր մակարդակը, ինչը նշանակում է, որ ընտանեկան բռնության իրական պատկերն էլ ավելի մտահոգիչ է:

 

 

Գործող օրենսդրությունն ունակ չէ համարժեք պատասխան տալ ծագած մարտահրավերներին. այն չի ապահովում ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության համար անհրաժեշտ գործուն իրավական կառուցակարգեր, ասված է օրինագծի հիմնավորման մեջ: Նման գործառույթներ իրականացնող պետական մարմինների գործունեությունը չի ենթարկվում համակարգային կարգավորման, ամբողջ ծավալով չի ապահովվում ընտանեկան բռնության ենթարկվածների` արդարադատության մատչելիության իրավունքը, մի շարք դեպքերում օրենքում առկա բացերի պատճառով հնարավոր չի լինում ապահովել ընտանեկան բռնության իրական սպառնալիքի ներքո գտնվող անձանց անվտանգությունը և պաշտպանությունը, չի վարվում ընտանեկան բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառում, ոլորտում առկա են մի շարք այլ բացեր:

 

 

Վերոգրյալ բացերը լրացնելու նպատակով ՀՀ կառավարությունը 2014թ. փետրվարի 27-ին հաստատված` Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրում (40-րդ կետ) ընդգծել է միջազգային չափանիշներին համապատասխան` ընտանեկան բռնության դրսևորումների կանխարգելման և պատասխանատվության գործուն իրավական մեխանիզմների նախատեսման անհրաժեշտությունը: Վերոնշյալ ազգային, ինչպես նաև մի շարք միջազգային իրավական զարգացումների համատեքստում մշակվել է «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը մշակելիս ուսումնասիրվել  է քննարկվող բնագավառում առաջադեմ միջազգային փորձը:

 

 

Ինչպես է օրենքը պաշտպանելու  բռնության ենթարվածներին

 

 

Օրինագծով նախատեսվում են  ընտանեկան բռնության ենթարկվածների անվտանգության ու պաշտպանության ապահովման համար տարբեր միջոցներ: Մասնավորապես, գաղտնիք չէ, որ իրենց նկատմամբ գործադրված բռնության մասին իրավապահ մարմիններին հաղորդում,  ինչպես նաև բռնարարից ամուսնալուծվելու նպատակով դատարան դիմում  ներկայացրած  տուժողները շարունակաբար ենթարկվում են սպառնալիքների և ֆիզիկական բռնության ծանր դրսևորումների: Եթե բռնարարը մնում է ազատության մեջ, իսկ բռնության ենթարկվածը բացի ընդհանուր բնակարանից, այլ վայրում բնակվելու հնարավորություն չունի, կամ նրա բնակության նոր վայրը հայտնի է բռնարարին, բռնության ենթարկվածի և նրա մտերիմների կյանքը և առողջությունը կարող է լրջորեն վտանգվել: Նման դեպքերում առաջանում է բռնության ենթարկվածների կամ ենթադրաբար ենթարկվածների անվտանգությունը և պաշտպանությունն ապահովելու անհրաժեշտություն:

 

Այս խնդիրը մասամբ լուծվում է ապաստարանների միջոցով, սակայն, ինչպես հայտնի է, ապաստարանները տրամադրվում են հասարակական կազմակերպությունների կողմից, որոնց ֆինանսավորումը կայուն չէ, իսկ պետությունը ներկայում ընտանեկան բռնությունից տուժողներին չի ապահովում ապաստարաններով՝ դրա համար անհրաժեշտ կազմակերպական, նյութական և մարդկային ռեսուրսների բացակայության պատճառով: Ուստի, տուժողների անվտանգության ապահովման խնդիրը շարունակում է մնալ առաջնային:

 

 Օրենքի  նախագիծը ներկայացված խնդրի կարգավորման նպատակով նախատեսում է անհետաձգելի միջամտության, պաշտպանական որոշումների ինստիտուտները և պետության կողմից ապաստարանների հիմնադրումը կամ սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների կողմից հիմնադրված ապաստարաններին պետական աջակցությունը:

 

 

Նյութական և այլ աջակցություն

 

Բացի այդ, գործնական փորձը վկայում է, որ ընտանեկան բռնության ենթարկվածներին անհրաժեշտ է այնպիսի վայր, որտեղ նրանք առանց որևէ վճարի ստանան հոգեբանական աջակցություն, առաջնային բժշկական խորհրդատվություն, ծանոթանան իրենց իրավունքներին և պարտականություններին, ինչպես նաև տեղեկացվեն աջակցության տարբեր ծրագրերից օգտվելու հնարավորությունների մասին,  (նշված գործառույթը չի կարող իրականացվել միայն ապաստարանների կողմից, քանզի դրանց վայրը պետք է գաղտնի պահվի): Հատկանշական է, որ նման կենտրոններին վերապահվում է նաև ենթադրյալ բռնարարներին և ենթադրաբար ընտանեկան բռնության ենթարկվածներին հոգեբանական աջակցություն տրամադրելու գործառույթ, ինչն ուղղված է ընտանիքի պահպանությանն ու աջակցությանը: 

 

Վերոհիշյալ նպատակներով առաջարկվում է վերազինել «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքով նախատեսված սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունները` վերոգրյալ գործառույթների համատեքստում: Այդ կենտրոնները գործելու են ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ մարզերում:

 

 

 

Պետական մարմինների գործառույթները կհստակեցվեն

 

Երկրորդ կարևոր խնդիրն առնչվում է ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի բնագավառում պետական մարմինների գործառույթների հստակեցմանը: Նախագծով մի շարք գործառույթներ վերապահվել են ՀՀ վարչապետին կից ներկայացուցչական խորհրդին, որի կազմում հավասար թվով կընդգրկվեն հանրապետական գործադիր և իրավապահ մարմինների, հասարակական կազմակերպությունների և հենց բռնության ենթարկվածների հետ անմիջականորեն աշխատող ապաստարանների և Աջակցության կենտրոնների ներկայացուցիչներ: Ընդ որում, որպես խնդրո առարկա բնագավառում պետության և քաղաքացիական հասարակության համագործակցության խորացման գրավական` առաջարկվում է նշված խորհրդի նախագահին ընտրել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների թվից:

 

 

Կհիմնվի Ընտանեկան բռնության ենթարկվածների աջակցության հաշվեհամար

 

Հաջորդ խնդիրը, որին գործնականում հաճախ բախվում են ընտանեկան բռնության ենթարկվածները, առնչվում է գոնե ժամանակավոր նյութական աջակցություն ստանալու կայուն աղբյուրի բացակայությանը: Նախագիծն առաջարկում է մատնանշված խնդրի լուծման համար հիմնել Ընտանեկան բռնության ենթարկվածների աջակցության հաշվեհամար` ոչ ամբողջական պետական ֆինանսավորմամբ: Նախագիծը նաև կարգավորում է պատասխանատու մարմինների ֆինանսավորման աղբյուրների հետ կապված հարցերը:  

Կարգավորման ենթակա եվս մեկ զգայուն հարց է տարբեր մարմինների և հանրության միջև գործակցության ընթացքում ընտանեկան բռնության ենթարկվածների անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքի պաշտպանությունը: Այդ նպատակով նախագծում առանձին գլուխ է նախատեսվում` նվիրված շահառուների տվյալների գաղտնիության պահպանմանը` վերաբերելի այլ օրենքների պահանջների համատեքստում:

 

 

Ի՞նչ  կտա  օրենքի ընդունումը

 

Հեղինակներն ամրագրում են, որ նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է ապահովել ընտանեկան բռնության կանխարգելման կազմակերպաիրավական հիմքերը, ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանությունն ու անվտանգությունը, արդարադատության մատչելիությունը, նրանց տրամադրել անհրաժեշտ հոգեբանական, իրավաբանական, սոցիալական, համապատասխան դեպքերում` նաև ժամանակավոր նյութական աջակցություն, նվազեցնել ընտանեկան բռնության լատենտայնության մակարդակը, կանոնակարգել պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների միջև ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի բնագավառում համագործակցությունը և հստակեցնել դրանց գործառույթները:

 

 

WomenNet.am-ը առաջիկայում  անդրադառնալու է օրինագծի դրույթներին առավել մանրամասն:

 

 

Օրինագծին կարելի է ծանոթանալ այստեղ

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Ընտանեկան բռնությունը պաշտոնական թվերով

Ե՞րբ կդադարի ընտանեկան բռնությունը

«Վերցրու, կտաս Լիանային, ինքն ա բռնության ենթարկվում»

Դիտումների քանակը` 3838

Գլխավոր էջ