Ինչպե՞ս պետք է աշխատի ոստիկանությունը ընտանեկան բռնությունից տուժածների և բռնարարների հետ  

 

Ոստիկանությունը հստակեցնում է իր գործողությունները ընտանեկան բռնության դեպքերի հետ կապված

 

Ընտանեկան բռնությամբ զբաղվող կազմակերպությունները բազմաթիվ փաստեր ունեն, որոնք վկայում են ոստիկանության  ոչ պատշաճ վարվելաձևից և  գործողություններից բռնությունից տուժված կանանց հանդեպ, բռնարարների հետ կանխարգելիչ աշխատանքի բացակայությունից, դեպքերին  արագ  ու պրոֆեսիաոնալ արձագանքնման  թերություններից:  Հուլիսի 17-ին   ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը ստորագրել է   մի շարք հրամաններ, որոնք առնչվում են ընտանեկան բռնության դեմ պայքարին և սահմանում են հստակ գործիքակազմ ոստիկանության ծառայողների համար: Հիշեցնենք, որ ոստիկանության այդ գործողությունները բխում են 2017թ. ընդունված  « Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եվ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի  պահանջներից:

 

Ինչպե՞ս գնհատել   սպառնացող վտանգը

 

Նախ, ոստիկանապետի հրամանով հաստատվում են ընտանիքում բռնության կրկնման կամ շարունակման անմիջականորեն սպառնացող վտանգի գնահատման չափորոշիչները: Այն է՝ ոստիկանության ծառայողը ընտանիքում բռնության կրկնման կամ շարունակման անմիջականորեն սպառնացող վտանգի առկայությունը գնահատում է բռնության ենթարկված անձի բացատրության, բռնություն գործադրողի բացատրության հիման վրա; բռնություն գործադրողի տիրապետության տակ զենքի առկայությունը; սպառնալիքներ հնչեցնելը և վարքագիծը; առերևույթ բռնության հետքերը մարմնի կամ հագուստի վրա; բռնության ենթարկված անձի ու նրա  խնամքի տակ գտնվող անձանց վարքագիծը; բռնությունը գործադրողի դեմ նախկինում ներկայացված բողոքները և հաղորդումները, և այլն:

 

Բացի այս, սահմանվում է հարցաթերթը, թե ի՞նչ հարցեր պետոք է տրվեն  ընտանեկան բռնության ենթարկված անձին: Օրինակ՝ արդյոք վնասվածք ստացել է, արդյոք վախ ունի, որ բռնության ենթարկած անձը սպառնացել է, որ իրեն կվնասի կամ իր խնամքի տակ գտնվող անձանց, արդյոք զենքի սպառնալիք հնչել է, արդյոք բռնություն կիրառած անձը երբևէ պարտադրել է սեռական հարաբերություն ունենալ իր հետ, արդյոք այդ անձը երբևէ դաժան վարվել է կենդանու հետ և այլն: 

 

Ընդհանուր առմամբ հարցաթերթիկում 21 հարց է ներառված: Նշվում է, որ եթե վերը թվարկված հարցերից 10-ին դրական պատասխան է ստացվում, ապա դա վկայում է ընտանիքում բռնության կրկնման կամ շարունակման անհետաձգելիորեն սպառնացող վտանգի առկայության մասին:

 

Ինչպե՞ս կանխարգելել բռնությունը

 

Ի դեպ, հատուկ սահմանված հարցաշար կա նաև բռնություն գործադրած անձի համար: Օրինակ, նրան հարց է ուղղվում՝ արդյոք նա բռնություն է գործադրել, որո՞նք են դրա պատճառները, իսկ եթե ոչ, ապա ինչպե՞ս է բացատրում ընտանիքում բռնության ենթարկված անձի մարմնի կամ հագուստի վրայի բռնության հետքերը, արդյոք նրա տիրապետության տակ կա զենք:

 

Վալերիյ Օսիպյանի հրամաններից մեկը  վերաբերում է ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքներում  ընտանիքում բռնություն գործադրած անձանց կանխարգելիչ հաշվառման վերցնելու կարգը հաստատմանը: Այն սահմանում է ընտանեկան բռնություն կիրառած անձին հաշվառման վերցնելու և հաշվառումից հանելու կարգը` տեղեկանքների ձևերը և այլն: Բացառություն է արվելու միայն քրոնիկ հիվանդության, հոգեկան գործունեության ժամանակավոր խանգարման, տկարամտության կամ հոգեկան այլ հիվադնագին վիճակի հետևանքով իր գործողությունների վտանգավորությունը չգիօտակցող  անձանց համար, որոնք հաշվառված են բժշկական հաստատությունում: Նման դեպքերում, եթե առկա է ընտանեկան բռնության փաստ, մասնագիտացված ստորաբաժանման ծառայողը մեկ օրվա ընթացքում այդ մասին պետք է տեղեկացնի համայնքային ոստիկանության բաժին: Սահմանվում է նաև, որ հաշվառումից հանված անձանց քարտերը պահվում են մեկ տարի: Ընդ որում, հաշվառման է ենթակա նաև անչափահաս անձը:

 

Ոստկանության պետի մեկ այլ   հրամանով սահմանվում են ընտանիքում բռնություն գործադրած անձի նկատմամբ նախազգուշացման և անհետաձգելի միջամտության որոշումների ձևերը, ինչպես նաև    

 

 

Ինչպե՞ս բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը

 

Հայաստանի ոստիկանապետի հաջորդ հրամանը վերաբերում է ընտանիքում բռնության դեպքերի արձագանքման և բռնության ենթարկված անձանց հետ իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:  Նախ նշվում է, որ հանցագործությունների և պատահարների մասին հաղորդում, տեղեկություն ստանալու դեպքում, եթե դրանք պարունակում են ընտանիքում բռնության հատկանիշներ դեպքի վայր մեկնող խմբում պետք է ներգրավվի ոստիկանության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողը: Բացի այս, բռնության ենթարկված անձանց հետ աշխատանքների իրականացումը ոստիկանությունում պետք է իրականացվի առանձնացված սենյակում:

 

Վիճակագրություն

 

ՀՀ Քննչական կոմիտեի 2018 թվականի տվյալներով ,  Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերն ավելացել են: 2018 թվականին  քննվել է ընտանիքում բռնության վերաբերյալ 519 քրեական գործ՝ նախորդ տարվա 458-ի դիմաց։ 

 

Քրեական գործերի մեծ մասի` 193 դեպքում բռնությունը կիրառողը եղել է ամուսինը, 12 դեպքում՝ կինը, 12 դեպքում` մայրը, 27 դեպքում՝ հայրը, 2 դեպքում` խորթ հայրը, 13 դեպքում՝ եղբայրը կամ քույրը, 4 դեպքում` տատը կամ պապը, 40 դեպքում` հարազատ կամ որդեգրած զավակը, 7 դեպքում` թոռը, 9 դեպքում՝ ամուսնու ծնողները, 13 դեպքում՝ հարսը կամ փեսան։

 

Գործերի հիմնական մասում (267) բռնություն կիրառողը ծեծել է հարազատներին, 66 դեպքում սպառնացել է սպանել, առողջությանը ծանր վնաս պատճառել կամ ոչնչացրել գույքը։ 34 գործով առողջությանը թեթև վնաս է պատճառվել։ 17 դեպքում բռնությունը կրել է սեռական բնույթ 16 տարին չլրացած անձի նկատմամբ։ 15 դեպքում ծնողը խուսափել է երեխային պահելուց, 12 գործով տուժողին պատճառվել է ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք, 12 գործով` միջին ծանրության առողջության վնաս, 11 գործով` ծանր վնաս, 10 դեպքում հարազատը սպանել է հարազատին, 8 դեպքում` բռնաբարել։

 

Լիա Խոջոյան

 

Դիտումների քանակը` 1929

Գլխավոր էջ