Ընտանեկան բռնության օրենքը պառակտել է հանրապետականներին
«Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագիծը ակնհայտ տարաձայնությունների առիթ է դարձել իշխող Հանրապետական կուսակցության ներսում: Մի կողմից՝ ՀՀԿ–ական նախարարը հայտարարում է, որ օրենքն անհրաժեշտ է ընդունել և հիմնավորումներ ներկայացնում դրա շուրջ, մյուս կողմից՝ կուսակցության որոշ ներկայացուցիչներ իրենց մտահոգություններն են բարձրաձայնում այնպիսի զավեշտալի փաստարկների միջոցով, որ կլոունադայի են վերածում օրենքի շուրջ քննարկումները:
Երբ օրենքի ընդունումը «քֆուր ուտելու» տրամաբանությամբ են պայմանավորում…
Վերջին մեկ շաբաթում ՀՀԿ-ի որոշ անդամներ, հատկապես նրանք, ովքեր մինչ այդ երբեք աչքի չենք ընկել որևէ օրենքի մասին մեկնաբանություններով , մեկը մյուսին հերթ չտալով, իրենց պարտքն են համարում արտահայտվել ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի դեմ: Նման ակտիվության առիթ հանդիսացավ ՀՀԿ ԳՄ վերջին նիստից հետո ԱԺ փոխնախագահ և ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի կողմից արված հայտարարությունը այն մասին, որ օրինագծում կան կուսակցության համար վիճահարույց կետեր: Այդ մտահոգությունը ՀՀԿ որոշ անդամներ իրենց մեկնաբանություններով հասցրեցին զավեշտի և այսօր արդեն Շարմազանովը ստիպված էր բացատրություններ տալ մամուլում հայտնված այն տեղեկությունների առիթով , ըստ որոնց, իր գործընկերները ՀՀԿ ԳՄ վերջին նիստի ժամանակ «քֆուր են կերել, որ դեմ են քվեարկելու օրենքին»: Նշենք, որ մամուլը գրել էր, թե ՀՀԿ գրասենյակում կրքերը հասել են գագաթնակետին, ՀՀԿ անդամների մի մասը հայտարարել է, թե «մատներս էլ կտրեք, էսքան վախտ ինչ օրենք բերել եք, սուսուփուս քվեարկել ենք, էս մեկը չենք քվեարկելու»:
«Դա պրիմիտիվ ձևակերպումներ են, որոնք հարիր չեն ո’չ Հանրապետականին, ո’չ էլ մամուլին: Նման բան չկա, դա անհեթեթություն է, պարզապես նախկինում ես էլ ասել եմ, որ օրենքի նախնական տարբերակում կան վիճահարույց կետեր , օրենքն այս տեսքով խնդրահարույց է. մենք քննարկումներ ենք անում, որպեսզի բերենք օրենքն այն տեսքին, որն ավելի ընդունելի է»,- լրագրողների հետ զրույցում ասել է Շարմազանովը՝ փորձելով շտկել իրավիճակը:
Միևնույն ժամանակ նա կոչ է արել չզարմանալ, որ որևէ նախագծի նկատմամբ կան տարբեր մոտեցումներ, քանզի միշտ էլ այդպես է լինում, և այս օրենքը բացառություն չէ: Կոնկրետ այս նախագծում իր համար վիճահարույց են տնտեսական և հոգեբանական բռնության մասին կետերը, որոնք որոշակիություն չեն պարունակում և տարընթերցումների տեղիք են տալիս: Հաջորդ վիճահարույց կետը, իր կարծիքով, ապաստարանների քանակն է և, առհասարակ, հարցը` արդյոք ապաստարանները պետք են: Եվ վերջինը, որ նշեց Շարմազանովը, ծնողի հեղինակության հետ կապված խնդիրն է ( խասքն, ըստ երևույթին, «հայրական ապտակի» ինստիտուտը կանգուն պահելու մասին է – խմբ.):
«Շատ նրբություններ կան: Մենք ազգային-պահպանողական կուսակցություն ենք և մեկ անգամ չէ, որ ասել ենք, որ պետության հիմնասյունը ավանդական հայկական ընտանիքն է»,- ասաց ԱԺ փոխնախագահը:
«Օրենքը չի կարող մեկնաբանվել ոչ ողջամիտ»
Գրեթե նույն ժամին ԱԺ մեկ այլ հատվածում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն էլ հայտարարեց` օրենքը հետ չի կանչվի , այն պետք է ընդունվի, քանի որ այն Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններից է բխում:
« Հայաստանը միջազգային պայմանագրեր է ստորագրել այդ ուղղությամբ 1993 թվականից սկսած: Ընդ որում, ընտանեկան բռնության դեմ պայքարը չի սահմանափակվում զուտ Եվրոպայով` կա Ստամբուլյան կոնվենցիա, որը մշակվել է ԵԽ կողմից, բայց մենք ունենք նաև ՄԱԿ-ի մի շարք կոնվենցիաներ, որոնցով երկիրը չի կարող չկատարել ընտանեկան բռնության զոհին պաշտպանելու իր պարտականությունը»,- հիշեցրել է Հարությունյանը:
Անդրադառնալով այն խնդրին, թե կվատթարանան արդյոք Եվրամիության հետ հարաբերությունները, եթե օրենքը չընդունվի, նախարարը նշել է, որ չի ցանկանում խնդիրը պարզունակ դարձնել կամ կապել այն ԵՄ-ի հետ հարաբերությունների հետ: Նա նաև ընդգծել է , որ պայքարը ընտանեկան բռնության դեմ ոչ թե եվրոպական, այլ համաշխարհային երևույթ է:
Ըստ Դ.Հարությունյանի` քանի որ առկա են մտահոգություններ, ուստի այժմ որոշակի աշխատանք են կատարում և փորձում են հստակեցնելով ձևակերպումները, փարատել կասկածները: «Բնականաբար յուրաքանչյուր օրենքի հետ կապված կարող են լինել տարբեր մեկնաբանություններ, տարբեր հարցադրումներ և, բնականաբար այս օրենքը, քանի որ արժանացավ բավականին բուռն արձագանքի նաև հանրության կողմից, ապա յուրաքանչյորր բառ և յուրաքանչյուր տառ փորձվեց մեկնաբանել և մեկնաբանել երբերմն ոչ ողջամիտ: Բայց օրենքի հիմքը հետևյալն է` օրենքը չի կարող մեկնաբանվել ոչ ողջամիտ», – ասել է նախարարը:
«Մեր ադաթով թազա հարսին գլխին պտի խնձորով խփես»
Նշենք, որ ՀՀԿ որոշ անդամների կողմից հնչեցվող փաստարկները, ցավոք, արդեն իսկ հատել են ողջամտության սահմանը: Այդպես, «Հրապարակ» թերթը գրում է, որ ՀՀԿ խմբակցությունում «Ընտանեկան բռնության մասին» օրենքի քննարկման «բոցը» եղել է ազգությամբ եզդի Ռուստամ Մախմուդյանի «խոստովանությունը»․ նա, մասնավորապես, Դավիթ Հարությունյանին ու Արփինե Հովհաննիսյանին հարցրել է․ «Մեր ազգի մեջ ադաթ կա․ հենց թազա հարսը մտնում ա փեսի տուն, իրա գլխին պտի խնձորով խփես, խնձորն էլ պտի կիսվի, կտոր-կտոր ըլնի, եթե չէ, ուրեմն բեխեր հարս ա։ Ախպեր, ես էլ եմ ըտենց ամուսնացել, հիմա որ մերոնք էդ ադաթը շարունակեն, պետք է տանեն-դատե՞ն, դա ընտանեկան բռնությո՞ւն է: Երբեմն խնձորով խփելիս հարսի ուշքը գնում է»:
Սույն էթնիկ-ազգագրական ավանդույթը լրիվ հունից հանել է Դավիթ Հարությունյանին։ «Կարո՞ղ ա էստեղ հոգեբույժի կարիք կա, էս ի՞նչ կերպ եք օրենքը մեկնաբանում»,- բացականչել է նա: Մյուս ուշագրավ ելույթն ունեցել է Հայկ Բաբուխանյանը: Երբ Աշոտյանը փաստարկել է, թե օրենքի ընդունումը բխում է ԵՄ հանձնարարականներից, դա մեզ պետք է վիզաների ռեժիմի դյուրացման, Եվրոպա մուտք ունենալու համար, Բաբուխանյանը հայտարարել է՝ ինձ պետք չէ վիզա, մեր ժողովրդին էլ»:
Մնում է հուսալ, որ խորհրդարանական մեծամասնություն կազմող Հանրապետական կուսակցության ներսում առկա տարաձայնությունները հնարավոր կլինի վերադարձնել կառուցողական դաշտ ու գալ խելամիտ հայտարարի: Իրականում աբսուրդային փաստարկներով օրինագիծը վարկաբեկելու փորձերը, վարկաբեկում են առաջին հերթին կուսակցությունը: Ինչ վերաբերում է ավանդական արժեքներին, ապա ընտանեկան բռնության դիտարկումը դրանց թվում կամ նույնիսկ համատեքստում որևէ մեկին պատիվ չի բերում:
Լիա Խոջոյան
Դիտումների քանակը` 4145