«Եթե դուք սպասեք ճիշտ ժամանակի գալուն, ապա այն երբեք չի գա»

Այսօր հրապարակվեց «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայով (Ստամբուլի կոնվենցիա) սահմանված չափանիշների տեսանկյունից ՀՀ քրեական օրենսդրության վերլուծությունը: Միջազգային և տեղական փորձագետներն ուսումնասիրել են ՀՀ քրեական օրենսդրությունը, համեմատելով այն չափանիշների հետ, որոնք սահմանված են ինչպես Ստամբուլի կոնվենցիայով, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով, ԵԽ անդամ երկրների ազգային օրենսդրություններով:

 

 

Զեկույցում տեղ գտած հիմնական եզրակացություններից մեկն այն է, որ Հայաստանը պետք է ապահովի համապարփակ իրավական համակարգի առկայությունը՝ կանխելու կանանց նկատմամբ բռնությունը, պաշտպանելու տուժողներին և քրեական պատասխանատվության ենթարկելու հանցանք կատարած անձանց:

 

 

Զեկույցի ներկայացմանը մասնակցում էր նաև Երևանում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, ով ՀՀ իշխանություններին կոչ արեց միանալ Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիային: Վուտովան նշեց, որ Հայաստանը ԵԽ այն քիչ երկրներից է, որ դեռ չի ստորագրել Ստամբուլի կոնվենցիան. «Հայաստանը կարող է օգտագործել Կոնվենցիան որպես ճանապարհային քարտեզ իրավական բարեփոխումներ կատարելիս»:

 

 

Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարը նշեց, որ այս օրերին շատ է հնչում այն հարցը, թե արդյո՞ք այժմ ճիշտ ժամանակն է ընտանեկան բռնության մասին օրենք ունենալու: «Իմ պատասխանն է՝ այո: Միշտ էլ ճիշտ ժամանակն է: Եթե դուք սպասեք ճիշտ ժամանակի գալուն, ապա այն երբեք չի գա»:

 

 

Զեկույցում անդարդարձ կա բռնության տարատեսակների վերաբերյալ օրենսդրական բացերին: Օրինակ, սեռական բռնության վերաբերյալ փորձագետները խորհուրդ են տալիս ընդլայնել բռնաբարության հանցակազմի հասկացությունը, քրեականացնել կամ որևէ այլ կերպ արգելել սեռական հետապնդումը, դրա համար նախատեսել համապատասխան պատիժներ:

 

Առաջարկվում է ընտանեկան բռնության գործերը քննելիս հաշվի առնել մի շարք  ծանրացնող հանգամանքներ, օրինակ, երեխայի ներկայությամբ բռնություն գործադրելը, զենքի գործադրումը կամ զենքի սպառնալիքով կատարված հանցագործությունը: Ի դեպ, զեկույցի հեղինակները խորհուրդ են տալիս բացառել հաշտության հնարավորությունը ընտանեկան բռնության գործերով, իսկ ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծով նախատեսվում է ստեղծել ընտանեկան բռնության գործերով հաշտարարի ինստիտուտ, ինչին դեմ են արտահայտվել Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի իրավաբանները:

 

Մասնագետները նաև եզրակացրել են, որ անհրաժեշտ է քրեականացնել հարկադիր ամուսնությունները, ինչպես նաև կարելի է հղիության հարկադիր ընդհատումը քրեականացնել առանձին հանցակազմով:

 

Արման Ղարիբյան

Դիտումների քանակը` 3093

Գլխավոր էջ