Ի՞նչ են ուտում հայաստանցի դպրոցականները
Վերջերս սոցիալական ցանցերում բավականին լայն արձագանք գտավ ուշագրավ մի նյութ՝ տարբեր երկրներում դպրոցական նախաճաշերի բաղադրության մասին: Առիթն օգտագործելով WomenNet.am –ը փորձեց պարզել ինչպես են վերաբերվում ծնորղները դպրոցներում գտնվելու ընթացքում երեխաներին՝ հնարավորինս առողջ սնունդով ապահովելու հարցին:
Ի դեպ, նկատեցինք , որ այս տարի սեպտեմբերին ընդառաջ դպրոցահասակ երեխաների ծնողներն ավելի շատ, քան նախորդ տարիներին, սկսեցին խանութներում գրենական պիտույքների ու հագուստի հետ միասին նաև «լանչ բոքս»-եր փնտրել:
…Երևանյան խանութներում երկար փնտրտուքներից հետո Կորյունի ծնողներին հաջողվել էր գտնել հարմարավետ լանչ բոքս: Վերոնիկան մեզ հետ զրույցում ասաց, որ չնայած մասնավոր դպրոցում վճարի դիմաց երեխաներին սնունդ տալիս են, սակայն որդին ինքնակամ հրաժարվել է դպրոցում աշխատող խոհարարի պատրաստած կերակուրներն ուտելուց: «Մայրիկի պատրաստածն ամենաահամովն է»,-պատճառաբանել է Կորյունը:
Արդեն մի քանի օր Վերոնիկան տանից է ուտելիք ուղարկում դպրոց. «Օրինակ, երեկ առավոտվա համար դրել էի «խլոպյաներ» ու կաթ, իսկ ճաշի համար՝ գրեչկա, վարունգ, հաց ու դամբուլ»:
Աշխատանքի վազող մայրիկներից շատերին միշտ չէ, որ վաղ առավոտյան սնունդ պատրաստելը հարմար է: Նրանք գերադասում են, թեկուզ ավել վճարեն, բայց երեխան դպրոցում սնվի:
Երևանյան մասնավոր դպրոցներից մեկ հաճախող Հասմիկի մայրիկն ասաց, որ վճարի մեջ մտնում է նաև երկու անգամյա սնունդը: Երկարօրյա դասապարապմունքի ժամանակ երեխաներին առավոտյան իրենց խոհարարի պատրաստած բուլկին կամ խաչապուրին են տալիս:
«Երեխան երկու օր է սնվել այնտեղ, առաջին օրը՝ հնդկաձավարով փլավ են տվել, հաց, պոմիդոր, վարունգ, իսկ երկորրդ օրը՝ բրնձով փլավ, հաց, պոմիդոր, վարունգ»,-ասաց առաջին դասարան հաճախող Հասմիկի մայրը:
Սուսաննայի որդին պետական դպրոց է գնում, որտեղ բուֆետ կա: Տարրական դասարանցիների համար երկար դասամիջոցների ժամանակ բուֆետի աշխատողն է ուտելիք տանում դասարանների մոտ՝ վաճառելու:
«Վաճառում են բուլիկ, խաչապուրի, հոթ դոգ… Երեխային բացատրել եմ նրբերշիկի հնարավոր վտանգները: Դրանից հետո մեկ տարի կամ խաչապուրի է առնում, կամ բուլկի: Առաջին դասարանի առաջին օրերին միշտ գումարը շատ էի տալիս, ասում էի, շատ եմ սիրում բուլկին, ինձ համար էլ առ բեր: Երեխան բերում էր տուն, համն էի փորձում, ժամկետները նայում, արտադրողի անունը տեսնում: Հետո համոզվեցի, որ թարմ են, անվնաս»,-ասաց 2-րդ դասարանի Նարեկի մայրը:
Դպրոցներում սնունդ մատակարարելու իրավունք ընկերությունները ստանում են ՏԻՄ –երի կողմից հայտարարված մրցույթների արդյունքում: Թե ինչպես են անցկացվում մրցույթները, ինչ պահանջներ են հաշվի առնվում իրականում, ովքեր են ու ինչու են հաղթում, դժվար է միանշանակ ասել: Ի վերջո, մանկապարտեզներում վերջին տարիներին գրանցված թունավորման ու աղիքային վարակի դեպքերը դրանց արդար անցկացման վերաբերյալ հիմնավոր կասկածներ ունենալու իրավունք են տալիս:
«Դպրոցական հաստատություններում սնունդի անվտանգության հարցերը գտնվում են ԳՆ Սննդամթմերքի անվտագության պետական ծառայության ուշադրության ներքո»,- WomenNet.am-ի հետ զրույցում վստահեցնում է ՍԱՊԾ մամուլի խոսնակ Նվարդ Առաքելյանը:
Նրա խոսքով, սեպտեմբերի կեսից մինչև դեկտեմբերը ներառյալ ոչ թե պատժելու, այլ կանխարգելելու նպատակով ծառայությունը դիտարկումներ է անցկացնելու՝ հնարավոր է նաև հասարակական սեկտոր կամ լրագրողներ ներգրավելով:
«Մատակարարներն էլ կլինեն ուշադրության կենտրոնում, հետագծելիության սկզբունքով հաճախ անհրաժեշտ է լինում դրանցում ևս սահմանել հսկողություն»,-ասաց Ն. Առաքելյանը: Նշենք, որ այսպես կոճված հետագծելիության սկզբունքն ենթադրում է, որ հնարավոր վտանգների բացահայտումը կատարվում է սնունդ մատակարարող կազմակերպության ողջ շղթան դիտարկելուց հետո ՝ բաղադրանյութերի ներմուծումից մինչեւ արտադրանք:
Առողջապահության ազգային ինստիտուտից Womennet.am-ին, որ անցած տարվանից՝ 2014-ից գործում է նոր կանոնակարգ՝ «Հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ»-ի վերաբերյալ: Այն ստորագրել է առողջապահության նախարարը:
Կանոնակարգում նշվում է, որ սովորողներին առողջ սննդով ապահովելու նպատակով անհրաժեշտ է մշակել սննդի օրաբաժին: Սննդի օրաբաժինը մշակելիս հաշվի են առնվում սովորողների առանձին տարիքային խմբերի (6-10, 11-14, 15-18 տարեկան) օրվա սննդի կալորիականության պահանջը, կերակրատեսակների սննդային և էներգետիկ արժեքը, վիտամինների և միկրոտարրերի օրվա պահանջը, ուսումնական հաստատությունում սովորողների գտնվելու ժամանակահատվածը, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:
Նշվում է, որ սովորողների տաք սնունդը կազմակերպվում է առնվազն 20 րոպե տևողությամբ դասամիջոցի ժամանակ` ըստ դասարանների, ուսումնական հաստատության ճաշասրահում: Միևնույն սննդամթերքը, ճաշատեսակը կամ խոհարարական արտադրանքը կրկնակի չի ներառվում նույն օրվա կամ հաջորդող 2-3 օրերի օրինակելի ճաշացուցակում: Կանոնակարգում նշված կետերը կոչված են գրեթե իդեալական իրավիճակ ապահովել երեխաներին առողջ եւ անվտանգ սնունդով ապահովելու հարցում, , բայց թե որքանով են դրանց ծանոթ դպրոցներում ու որքանով են դրանք պահպանվում, դժվար է ասել:
Մինչ համապատասխան պետական մարմնի անցկացրած դիտարկումների արդյունքները հայտնի լինեն, ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Լիլիթ Ավետիսյանը ծնողներին խորհուրդ է տալիս երեխաներին սովորեցնել սնվելու տարրական կանոնները:
Նա հորդորում է երեխաների պայուսակում միշտ անձեռոցիկներ դնել, ինչպես նաև բացատրել, թե ինչքան կարևոր է ուտելուց առաջ և հետո ձեռքերը լվանալ. «Դպրոցականի առողջության տեսակետից կարևոր է ձեռքերի և մաշկի հիգիենան: Ձեռքերի հիգիենայի պահպանումը կարող է զերծ պահել մի շարք վարակիչ հիվանդություններից: Նշանակալի է ներքին սպիտակեղենի հիգիենան և սեռական օրգանների ճիշտ հիգիենան: Երեխան պետք է իմանա, որ զուգարանից, խաղից հետո, պետք է լվացվել, քանի որ տարբեր բակտերիաներ կարող են ներթափանցել օրգանիզմ: Նաև երեխաներին պետք է բացատրել, որ չի կարելի տարբեր առարկաներ դնել բերանը, հատկապես գրչի ծայրը, որը լի է մանրէներով: Բացի այդ, ձեռքերը պետք է լվանալ օճառով, հոսող ջրի տակ»:
Հ. Կարապետյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Թունավորում Բաղրամյան գյուղի դպրոցում. մատակարար ընկերությունն առայժմ անհայտ է
Ի՞նչ են ուտում հայաստանցի դպրոցականները
«Երեխաներիս առողջ ու լիարժեք սննդով ապահովելն այսօր ինձ համար խնդիր է»…
Արմավիրում երեխաների թունավորման դեպքեր . Ի՞նչ է պարզել նախաքննությունը
Հեղինե Բիշարյան. «Բա ես չիմանա՞մ՝ ինչ եմ ուտում, էս ո՞ր դարն է»
500 հազար դրամ տուգանք` մանկապարտեզներին քիմիական նյութերով մշակած հավեր մատակարարողին
Առողջ սնվելու օր. հիվանդությունների 90 տոկոսը ոչ ճիշտ սնվելու արդյունք է
«Յուրաքանչյուր հինգերորդ երեխան Հայաստանում թերաճ է»
Հայաստանի բնակչության 60 տոկոսը ստանում է օրական 2100 կալ ցածր սնունդ
Ինչպե՞ս բացառել մանկապարտեզներում երեխաների թունավորման դեպքերը
Դիտումների քանակը` 5899