Դա իր որոշումը չէ, դա մեր հասարակության վճիռն է… / լրացված

Երեւանում Դաունի համախտանիշով ծնված երեխայի պատմությունը, որը  վերջին շրջանում հայտնվեց  միջազգային եւ տեղական   լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում,  մեր հասարակության համար շատ ցավոտ  խնդիրներ  բարձրացրեց ՝ գուցե նաեւ  ստիպելով  սովորականից ավելի խորը  մտորել դրանց շուրջ… 

 

 

Առաջինը, եւ ամենակարեւորը այն է, ինչ բոլորս գիտենք, սակայն գերադասում ենք չնկատել: Գիտենք  եւ համակերպվել ենք այն մտքի հետ, որ  մեր հասարակությունն ու  պետությունը պատրաստ չեն արժանապատիվ   ապրելու  հնարավորություններ ընձեռել  ոչ միայն արատներով  ծնված երեխաներին, այլ ընդհանրապես հատուկ կարիքներ ունեցող մարդկանց:  Եվ երկրի աղքատության ցուցանիշներն այս հարցում արդարացում չեն հանդիսանում: Կարծրատիպերը մեր մեջ են եւ դրանք հաղթահարելու համար  դեռես երկար ճանապարհ ունենք անցնելու:  Առայժմ պատրաստ ենք միայն  մխիթարելու, ցավակցություն հայտնելու  անսպասելի ախտանիշից  շփոթված  ծնողին, այնինչ նրան   այդ պահին   օգնության ձեռք  պետք է մեկնել, այդ թվում մասնագիտական օգնության:  Խնդրի շուրջ ֆեյսբուքյան գրառումներից շատերը  միայն  հաստատում են  հասարակության  երեսպաշտությունն այս հարցում.

 

«Հեշտ ա մորը քննադատել, երբ դու ինքդ չես հայտնվել նման սարսափելի ընտրության առաջ, ու դա ոչ միայն անհատների խնդիրն ա, այլ երկրի, երբ չկա որևէ հարմարություն հաշմանդամ երեխային պահելու, հասանելի չեն ուսումնական հաստատությունները, երբ շուրջ բոլորը թարս են նայում երեխայիդ… էս հեռանկարը իսկապես շատ դաժան ա ծնողի համար, ես չեմ մեղադրում մորը, ես մեղադրում եմ մեզ բոլորիս, բոլորս պիտի պայքարենք, որ նման ընտրության առաջ կանգնած մայրը ցավակցություններ ստանալու փոխարեն, ոգևորիչ ու աջակից ձայներ լսի հենց հիվանդանոցում …», – գրել  է  իր էջում լրագրող Գայանե Աբրահամյանը:

 

 

Բարոյական աջակցությունից բացի ծնողն անշուշտ պետք է համոզված լինի, որ իր երեխան մերժված չի լինի  հասարակության կողմից , որ նա  զրկված չի լինի  զարգանալու եւ  կյանքում  կայանալու հնարավորություններից:  Մեզանում   սակայն հաճախ բացակայում  է  նաեւ  հույսը, քանի որ մենք հաջողված օրինակներ չենք տեսնում մեր շրջապատում :   Հենց դա էլ նկատի ուներ   Huffingtonpost-ի    հոդվածագիրը՝ նշելով. «Հայրը անշուշտ  արեց այն, ինչ մեր պատկերացումների մեջ է տեղավորվում որպես   միակ ճիշտ ու բարոյական որոշում: Նա արեց այն, ինչ տեսել էր  իրեն շրջապատող կյանքում  մինչ այդ: Մայրն արեց նույնը… »:

 

 

Երկրորդ խնդիրը, որն ի հայտ եկավ այս պատմության լուսաբանման ընթացքում , այդքան էլ տեսանելի չէ, սակայն նույնպես կարծրատիպային բնույթ է կրում: Մենք տարբեր կերպ ենք ընկալում  հայրերին եւ մայրերին, ծնողական տարբեր պահանջներ ներկայացնում նրանց:  Ի դեպ, խոսքը միայն տեղական մամուլի մասին չէ, այլ նաեւ արտասահմանյան:  Ու մենք էլ բոլորի նման  պատրաստ ենք   անմիջապես  հերոսացնել հորը , ով գուցե դժվար, բայց ծնողի համար  միանգամայն բնական որոշում է կայացրել՝  միայնակ մեծացնելու իր  երեխային,  եւ միաժամանակ   չենք նկատում այն հարյուրավոր  մայրերին, ում  լքում են ամուսինները ՝ արատով ծնված երեխաների պատճառով,  եւ  ովքեր միայնակ են  պայքար տանում  իրենց  հաշմանդամություն  ունեցող երեխաներին  հասարակության  լիարժեք   անդամ դարձնելու համար:   Ինչ խոսք , այդ կանանցից   իրականում հերոսական ջանքեր են պահանջվում՝  հասարակության  կողմից  կառուցած բարոյական , ֆիզիկական եւ նյութական պատնեշները հաղթահարելու համար:   Եվ միշտ չէ, որ դա նրանց հաջողվում է…

 

 

«Ունեմ երկու երեխա՝ տղա և աղջիկ: Աղջիկս հաշմանդամ է, տասներկու տարեկան է, ապրում ենք սահմանամերձ համայնքում, չենք աշխատում: Ստանում ենք երեխաների նպաստ: Լուսինեն ծնվել է արդեն հաշմանդամ՝ բժիշկների մեղքով, ծննդաբերության ժամանակ սխալ միջամտության արդյունքում երեխան դարձավ հաշմանդամ: Երբ փոքր էր, ես չեի ցանկանում, որ նրան տեսնեն, երբ տունը հյուր էր գալիս ես երեխային մյուս սենյակ էի տանում, վատ էի զգում, որ աղջիկ երեխաս նման վիճակում է: Եթե տղա լիներ ես ուրիշ կերպ կվարվեի, աղջիկ երեխա էր, թաքցրեցի, մտածելով,որ ճիշտը դա է : Դպրոցական տարիքի երբ դարձավ, ես մտածում էի, ի՞նչ անեմ: Խորհրդակցեցի դպրոցի տնօրենի հետ, նա խորհուրդ տվեց, որ երեխային դպրոց տանեմ, բայց դպրոցը չուներ պայմաններ՝ թեքահարթակ չկա, դրա համար խնդրեցի դպրոցի տնօրենին, որ տնային ուսուցման միջոցով իրականացվի ուսուցումը և դպրոցի ուսուցիչները համաձայնվեցին  Լուսիների հետ զբաղվել մաթեմատիկայով և հայոց լեզվով: Շատ խելացի երեխա է:  Լուսինեն սիրում է զբաղվել համակարգչով, իրեն հուզող ցանկացած հարց մենք ենք փնտրում ինտերնետում, երեխայի ձեռքերը չեն աշխատում: Մեկ անգամ ես հարցրեցի,- Լուսինե՛, կցանկանաս դպրոց գնալ- նա պատասխանեց,- «ո՛չ, ես ամաչում եմ»…

 

Լուսինեի պատմությունը, ցավոք սրտի, եզակի դեպք չէ, եւ դրանցից յուրաքանչյուրի համար պատասխանատու է   ողջ հասարակությունը, որն այսօր խղճահարությունից զատ  պատրաստ չէ   անել ավելին :  Այս նույն իրավիճակն է  Դաունի համախտանիշով ծնված երեխաների պարագայում: Ֆեյսբուքի օգտատերերից մեկը՝ Շուշանիկ Հակոբյանը  նկատում է.  «Խնդիրն այն է, որ Հայստանում  իրոք նման սինդրոմով երեխաներին դուք փոխոցում  չեք հանդիպի. նրանք հիմնականում փակված են իրենց տներում:  Մեր հարեւանությամբ  մի կին նման երեխա է պահում, ով արդեն 40 տարեկան է : Ժամանակին  զարգացման ոչ մի հնարավորություն չունենալով  նա  աստիճանաբար էլ ավելի հետզարգացում ապրեց»…

 

Մի խոսքով,  մենք դեռեւս  բարոյական իրավունք չունենք քննադատել  մորը, ով որոշում է կայացնում հրաժարվել երեխայից  կամ  թաքցնել նրան   մարդկանց աչքերից ու չար լեզուներից հեռու:  Իրականում դա իր որոշումը չէ, դա  հասարակության   վճիռն է…

 

WomenNet.am

 

Հ.Գ. Փետրվարի 10-ին  ավստրալիական  Daily Mail-ը ընդարձակ հոդված է հրապարակել, որը նոր բացահայտումներ  է պարունակում Դաունի սինդրոմով ծնված երեխայի հոր՝ Սամուել Ֆորրեստի  մասին:  Պարզվում է նա նախորդ ամուսնությունից եւս 4 երեխա ունի Նոր Զելանդիայում, ընդ որում  այդ երեխաներից ամենափոքրը  նույնպես Դաունի սինդրոմով է ծնվել: Հայրը չի տեսել իր երեխաներին 2011 թվականից:

 

Ի՞նչ է փոխում այս բացահայտումը մեր  հասարակության համար: Ըստ էության ոչինչ , քանի որ Ֆորրեստի կենսագրության ի հայտ եկած  մանրամասներից մեզ մտահոգող հիմնախնդիրը չի վերանում:  Ի դեպ, ինչպես նշում է  Daily Mail-ը ,   Ֆորրեստը  խոստացել է,  որ   փոքրիկ Լեւոնի անունով հավաքված  կես միլիոն դոլար գումարի  մի մասը կուղղվի Դաունի սինդրոմով  երեխաներին խնամող  հայ ծնողներին:

 

Daily Mail-ի հոդվածը ամբողջությամբ  հայերեն այստեղ.

 

 

Կարդացեք թեմայի շուրջ.

 

«Չէմ ուզում, որ նա ապրի մեր երկրում, ուր չկան իր նման երեխաների համար որևէ հնարավորություններ»

 

Հայրը որոշել է միայնակ մեծացնել իր փոքրիկին՝ անկախ նրա համախտանիշից

 

Հաշմանդամ երեխաներին մանկատուն են տանում ոչ այնքան դժվարություններից, որքան՝ հասարակության պարսավանքից խուսափելու համար 

 

 

 Նաեւ արտասահմանյան մամուլում.

 

 Mother accused of abandoning her Down syndrome son because she was ‘ashamed’ hits back at her husband’s claims

 

Defending the Mother Who Abandoned Her Down Syndrome Baby

 

 Dad Refuses to Give Up Newborn Son With Down Syndrome

 

Dad Divorced by Wife Over Son With Down Syndrome Raises $350K

 

Wife divorces husband because he wouldn’t give up on their Down’s syndrome baby

 

 

EXCLUSIVE: Man who accused wife of abandoning their Down syndrome baby has four kids from a previous marriage… including a daughter he hasn’t seen since 2011 with the SAME condition

 

 

 

 

 

Դիտումների քանակը` 3846

Գլխավոր էջ