Դոնարա Հախինյան .«Ինձ իմ ժողովուրդն է աջակցում, մարդիկ իմ կողքին կանգնած են»

Նոյեմբերի 5-ին համայնքի ղեկավարի ընտրություններ կանցկացվեն  Լոռու մարզի թվով 12  համայնքներում: Համայնքապետի պաշտոնի համար մրցակցությունը հիմնականում տղամարդկանց միջև է:

 

WomenNet.am- զրուցակից  Դոնարա Հախինյանը Լոռու մարզում համայնքապետի պաշտոնի համար պայքարող միակ կին թեկնածուն է: Նա առաջադրվել է Օձուն խոշորացող համայնքում ու մրցակցում է երկու տղամարդկանց՝ Օձունի ներկայիս համայնքապետ, ՀՀԿ-ական,  կուսակցության կողմից առաջադրված Արսեն Տիտանյանի ու «Գրուրա» արտադրական կոոպերատիվի տնօրեն, Օձունի նախկին համայնքապետի որդու՝ Բարսեղ Այվազյանի հետ: Հիշեցնենք, որ Օձունի կազմում են ընդգրկվել Այգեհատ, Արդվի, Արևածագ, Ծաթեր, Կարմիր Աղեկ, Հագվի, Մղարթ, Օձուն համայնքները: Այս համայնքներից որևէ մեկի ղեկավարը կին չի եղել:

 

Դոնարա  Հախինյանը  37 տարեկան է, ամուսնացած է, ունի երեք երեխա, ներկայումս չի աշխատում: Որդին ծառայում է հայոց բանակում, աղջիկը սովորում է 11-րդ դասարանում, կրտսեր որդին 4 տարեկան է:Թեկնածուն մասնագիտությամբ տնտեսագետ է:

 

-Ո՞րն է պատճառը, որ որոշեցիք առաջադրվել որպես համայնքապետի թեկնածու:

 

-Առաջին պատճառը ժողովրդի վիճակն է: Ես էլ եմ այս գյուղի բնակիչ, ես էլ եմ տեսնում այս պայմաննները: Տեսնելով, որ ժողովուրդը շատ վատ պայմաններում է ապրում, որոշեցի առաջադրվեմ: Դեռ նախորդ ընտրությունների ժամանակ էի ուզում թեկնածությունս առաջադրեմ, բայց ինչ-ինչ պատճառներով չարեցի դա: Մարդիկ շատ էին գալիս, ասում էին՝ անպայման առաջադրվի, որոշեցի ժողովրդի խնդրանքը հաշվի առնել:

 

-Մրցակցելու եք երկու տղամարդկանց հետ: Ի՞նչ դժվարությւններ ունի նման  մրցապայքարը:

-Մենք իրար ասելու ոչինչ չունենք, ես իմ ընտրարշավով եմ զբաղվելու: Մարդկանց մեջ եմ մտնում, մարդիկ շատ լավ են ընդունում որպես կին, որպես ակտիվիստ:Շատ լավ թիմ ունենք, որոնք ամեն կերպ աջակցում են ինձ: Որպես տղամարդ իրենք առավելություն ունեն միայն ունեցած գումարի չափով, քանի որ նրանցից մեկը 9 տարի է, գործող համայնքապետ է, մյուսն էլ նախկին գյուղապետի որդին է… Անկախ նրանից, թե ով կընտրվի, պարտավոր ենք շնորհավորել միմյանց:

 

-Ըստ Ձեզ, ո՞րն է պատճառը, որ համայնքապետի թեկնածու կանանց թիվը փոքր է:

-Չգիտեմ, որն է պատճառը, բայց կարծում եմ, կինն ավելի լավ ղեկավար կարող է  լինել, քան տղամարդը: Կինն ավելի կազմակերպված է, ավելի տնտեսող է: Գերմանիայի ղեկավարը՝ կանցլերն  այսօր  կին է, ինչ լավ է իր երկիրը ղեկավարում…  Այսօր ժողովուրդն ավելի շատ կնոջն է  տեղ տալիս, քան տղամարդկանց: 21 տարի է, ես հետևում եմ ընտրություններին: Տարիներ շարունակ տղամարդիկ ղեկավարել են, ոչ մի դրական բան չեմ տեսել: Ընդհակառակը, իրենց համար գյուղը բաժանել են երկու մասի, հնդկական դղյակներ են սարքել…

 

-Անկուսակցական եք, ինքնառաջադրված : Ձեզ օգնո՞ւմ, թե խանգարում է այն հանգամանքը, որ որևէ քաղաքական ուժ Ձեզ չի սատարում:

-Գործող համայնքապետը հանրապետական է, իրենց խոսքն է՝ էսօր մեր թիկունքը շատ ուժեղ է, մեզ հանրապետական կուսակցությունը աջակցում է: Այսօր նրանց 20 տոկոսը աշխատող ուժ  է, թող աջակցեն,  բայց հիմնական՝ 80 տոկոսը չաշխատող մարդիկ են: Ինձ իմ ժողովուրդն է աջակցում, նրանք իմ կողքին կանգնած են:

 

-Որո՞նք են առաջնահերթ լուծում պահանջող երեք խնդիրները, որոնց լուծմամբ կզբաղվեք ընտրվելու դեպքում:

-Խնդիրներ շատ կան: Օրինակ, Մղարթ գյուղում ջրի խնդիր կա. 41 թիվն է կարելի է  ասել: Դույլը դրված է գյուղի աղբյուրի մոտ, մարդիկ հերթի մեջ կանգնած ջրի են սպասում: Այդ խնդրի լուծումն արժե 300.000 ԱՄՆ դոլար: Թեկնածուներ կան, որ մոտեցել, խոստացել են՝ ժողովուրդ ջան, ընտրվելուց 10 օր հետո ձեր ջուրը ձեր գյուղում կլինի: Ես նման սուտ խոստումներ չեմ կարող մարդկանց տալ…

 

-Իսկ ի՞նչ եք խոստանում:

-Օրինակ, գյուղեր կան, որ ակտիվ գյուղատնտեսությամբ են զբաղվում: Կաջակցենք, որ այդ ոլորտում առաջընթաց գրանցեն: Գյուղ կա, անասնապահության  ոլորտն է զարգացած: Կաջակցենք, այդ ուղղությամբ առաջ գնան: Հողերն ընկած են, վարելահողերը խոտհարք են դարձել: Կաջակցենք, մարդիկ այդ վարելահողերը ցանեն, մշակեն, աշնանն իրենց պարտքերը մարեն: Ես սուտ խոստումներ չեմ կարող մարդկանց տալ:

 

-Ինչո՞ւ մարդիկ պետք է ընտրեն հենց Ձեզ:

-Նրանց աշխատանքն արդեն տեսել են: Գործողն արդեն 9 տարի գործում է, նրա աշխատանքը լավ ենք տեսել: Մյուս թեկնածունին էլ ենք ճանաչում…Մարդիկ բոլորին էլ ճանաչում են:

 

-Որքանո՞վ է կարևոր կանանց ներգրավվածությունը ՏԻՄ-ում:

-Ես կարևորում եմ կանանց մասնակցությունը ՏԻՄ աշխատանքներում ու ոչ միայն: Ղեկավար օղակներում որքան մեծ լինի կանանց թիվը, այնքան մեր երկրի վիճակն ավելի լավ կլինի:Մեր ղեկավար օղակներում կանայք շատ քիչ են: Կանանց ու տղամարդկանց թիվը պետք է հավասար լինի, ես կողմ եմ 50/50 հարաբերակցությանը բոլոր ոլորտներում: Այսօր կնոջ աշխատասենյակ մարդիկ ավելի ազատ են մտնում, քան տղամարդկանց մոտ:

 

Գայանե Սարգսյան

 

 

Դիտումների քանակը` 2412

Գլխավոր էջ