«Այր և կին մեկ մարմին, եթե ծեծում ես կնոջդ, ուրեմն ծեծում ես ինքդ քեզ».
Մարզերում ընտանեկան բռնությունների դեմ պայքարին աջակցում է նաև եկեղեցին
Եղիազար Հարությունյանն ու Ժաննա Բաբայանը պսակի են պատրաստվում. 20 տարվա ամուսինները որոշել են վերջնական փակել նախկին կյանքի խնդիրների էջերն ու եկեղեցական հանդիսությամբ ամուսնանալ:
Երկու տասնամյակ տևած համատեղ կյանքը զույգին հեշտ չի տրվել, ամուսնության առաջին յոթ տարիներին երեխաներ չէին ունենում, ինչից ծագում էին վեճեր, կռիվներ, ապա ծնվեց առաջնեկը՝ Ջուլիաննան, սակայն ծանր՝ բժիշկների կողմից ֆենոմենալ որակված, հիվանդությամբ, որը հաճախ ուղեկցվում է էպիլեպսիայի սինդրոմներով:
Ընտանեկան խնդիրները կրկնապատկվեցին, թվում էր ամեն ինչ ավարտված է, համատեղ կյանքն՝ այլևս անիմաստ, սակայն բոլոր ընտանիքների համար թունելի վերջում լույսը նշմարվում է, պետք է պարզապես համբերությամբ զինվել:
«Այժմ անգամ խնդիրներն են սիրով արտահայտվում, դժվարություններ բոլորն ունեն, բայց այսօր այդ դժվարությունները մեզ չեն տկարացնում: Տան շինողն ու քանդողը կինն է, երբ գիտես, որ ամուսնուդ համար կարևոր ես, քանդելու մասին այլևս խոսք լինել չի կարող»,- ասում է Ժաննա Բաբայանը:
Եղիազար Հարությունյանը հիշում է՝ կային ժամանակներ, երբ գյուղերում ընտանեկան բռնությունները լուրջ բնույթ էին կրում, այժմ բարքերը փոխվել են:
«Նախկինում մեր գյուղում Պարսամ պապ է եղել, եթե որևէ մեկի տնից բարձր ձայն է լսել, այդ երեկո գնացել է հյուր, կանչել ամուսիններին, խոսել հետները՝ հանդարտեցրել: Հիմա կանայք էլ շատ ուժեղացել են, տղամարդուն հավասար ամբողջ ընտանիքով աշխատում են,- ասում է Եղիազարը՝ իր փորձից եզրակացություն անելով.
«Իմ ընտանեկան խնդիրներից հետո միայն շատ կարճ կասեմ՝ եթե մարդ բռնության է ենթարկում իր կնոջը, ուրեմն՝ նա ուղեղ չունի»:
Ժաննան ընդհատում է ամուսնուն, զարմանում այն կանանց վրա, ովքեր թույլ են տալիս ամուսիններին բռնության ենթարկել իրենց. «Հիմա առաջվանը չի, շատ բան է փոխվել, կանայք ավելի իրազեկ են իրենց իրավունքներից»:
Ամուսինները հաղթահարել են ոչ միայն իրենց միջև առկա խնդիրները, այլև, շատ հաճախ ընտանեկան վեճերի պատճառ դարձող կարծրատիպերը, այստեղ հավասարություն է, այսօր ճաշն ամուսինն է եփել, կնոջից վաղ է վերադարձել աշխատանքից, ողջ ընտանիքի համար ճաշ է պատրաստել ու կերակրել դստերը:
Եղիազարն ու Ժաննան նոր պսակի որոշում կայացրեցին գյուղում քահանա հայտնվելու, նրա հետ շփումների ու զրույցների արդյունքում:
Աբովյանի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Զոհրաբ Քահանա Մանասյանը 2011-ից շրջակա 14 գյուղական համայնքներն է սպասարկում, հիսուն տարիների ընթացքում այս համայնքները քահանա չէին տեսել, Տեր Զոհրաբն այս կողմերում հայտնվել է ոչ միայն քահանայական ծառայությամբ, այլև Միջեկեղեցական բարեգործական կլոր սեղան հիմնադրամի «Ամուր ընտանիք» ծրագրի շրջանակում՝ ընտանիքներում քարոզելու սեր և հարգանք:
Մի քանի պատարագից և գյուղացիների հետ հանդիպումներից հետո քահանան դարձել է ոչ միայն այս, այլև շատ այլ ընտանիքների հոգևոր հայրը, ընկերը, խորհրդատուն ու հաշտարարը:
«Ընտանիքներում հաճախ երեխաների ազդեցությամբ ծնողները հաշտության եզրեր գտնում են, ռիսկային են, սակայն, այն ընտանիքները, որտեղ հաշմանդամություն ունեցող երեխա է մեծանում, ծնողները պետք է երկուստեք ուժեղ լինեն ու միահամուռ կերպով երեխային օգնեն»,- ասում է Տեր Զոհրաբը:
Միջեկեղեցական բարեգործական կլոր սեղան հիմնադրամի կարողությունների զարգացման ծրագրի շրջանակում իրականացվող «Ամուր ընտանիք» ծրագիրը աջակցություն է հասցրել արդեն 485 ընտանիքի:
Հիմնադրամի տնօրեն Կարեն Նազարյանը նշում է, որ իրենց հարցախույզների արդյունքում պարզվել է՝ ընտանեկան բռնության հարցը մարզերում հիմնականում քողարկված է և պահանջում է լուծման այլ մոտեցումներ:
«Սկզբից մեր հոգևորականներին փոխանցել ենք այդ պատգամը, ցույց տվել, թե դրանից շեղումները ինչ հետևանքներ են ունենում և որ կան խնդիրներ ունեցող ընտանիքներ, ում հետ քահանաներն աշխատանք ունեն տանելու: Մեր երկրի մարզային համայնքների համար կարևորագույն սոցիալական հարց է, քանի որ մարզերում ընտանեկան բռնության հարցերն ավելի դժվար է քննարկել, սակայն հենց փոքր համայնքներում է, որ հոգևորականի դերն ավելի մեծ է, ուստի ծրագիրն իրագործելու համար հենց նրանց ընտրեցինք»,- ասում է Նազարյանը:
Ծրագրով հանդիպումներ են տեղի ունենում համայնքային դպրոցներում, ապա տեղի քահանան այցելում է խնդիրներ ունեցող ընտանիքներ: Տեր Զոհրաբի պրակտիկայում երևանյան դեպքերն ավելի շատ են, գյուղերում նա ավելի ազնվագույն արժեքներ է գտել, քան մայրաքաղաքում.
«Լեռնային և կիսալեռնային այս շրջաններում տղամարդիկ իրենց հարաբերությունների և խոսքի մեջ կարող են խիստ լինել, բայց ոչ բռնակալ, այդ գազանը չի մտել նրանց մեջ, իհարկե չկա գյուղ, որ չլինի շուն, բացառիկ դեպքեր միշտ են լինում»:
Կոտայքի հարևան Ակունք գյուղում դեռ սարսափով են հիշում 2013-ի հունիսի 9-ի սպանության դեպքը, երբ ամուսինը դանակահարել էր կնոջն ու անչափահաս դստրերին: Դստրերն այդ օրից գյուղ չէին եկել, մի քանի ամիս առաջ, առաջին անգամ քահանայի ուղեկցությամբ հայրական օջախ են մտել:
«Շատ համեստ և առաքինի ընտանիք էին, ոչ ոք չէր հավատում ընտանիքում տեղի ունեցածին, հոր մոտ հոգեկան շեղումներ են եղել, և այսպիսի դաժան կերպով է արտահայտվել: Նման դեպքերն էլ աչքի առաջ ունենալով՝ ընտանեկան բռնությունների հաղթահարման համար դեռահասների հետ ենք հանդիպում և խոսում, քանի որ նրանք են ապագա հայրերն ու մայրերը, նրանց միջոցով մենք ավելի դյուրությամբ ենք կարողանում իմանալ, թե ընտանիքներում ինչպիսի փոխահարաբերություններ են, շատ ժամանակ դեռահասները հարցեր են տալիս երրորդ դեմքով, և մենք հասկանում ենք, որ այդ հարցերն իրենց ընտանիքներից են դուրս գալիս»,- ասում է Տեր Զոհրաբը:
Ընտանեկան բռնության դրսևորման սցենարով մարզերում գրեթե տարբերություններ չկան, համայնքներն առանձնանում են ընտանիքում կնոջը դաս տալու ձևակերպումներով: «Այր և կին մեկ մարմին, եթե ծեծում ես կնոջդ, ուրեմն ծեծում ես ինքդ քեզ»,- Կոտայքում այսպես են սիրում կնոջը:
Կանանց աջակցման կենտրոնի կացարանում ձևակերպումներն ավելի խիստ են, այստեղ տարբեր մարզերից ժամանակավորապես ապաստանել են ընտանեկան բռնությունների զոհ դարձած կանայք:
«Ծո՛, ո՞վ է տեսել լավ մարդուց կինը փախնի, լավ մարդու կինը միշտ կողքը կմնա»,- կացարանի գյումրեցի կանայք են ասում:
«Մարդու տփուկ, վարդու թփուկ»,- իր մարզի հայտնի խոսքն է փոխանցում Հասմիկ Խաչատրյանը:
Բախտագուշակ Վարսիկի հարս՝ Հասմիկը, Գավառում քչերից էր, ով հաղթահարեց ամոթն ու դեմ դուրս եկավ ավանդական «վարդու թփուկի» դեմ և այժմ դատարանի միջոցով պայքարում է իր իրավունքների վերականգնման համար:
«Ես վառ օրինակ եմ նրա, որ ամեն մարդ ինքը պետք է պաշտպանի իր իրավունքները: Ինձնից ավելի բարդ վիճակում գտնվող կանայք կան, բոլորս խոսում ենք իրար հետ, կիսվում, ես բոլորին դա եմ ասում»,- ասում է Հասմիկը:
Կացարանում ամենօրյա եռուզեռ է, ոգեշնչում են Հասմիկին, սպասում դատարանի որոշմանը, ոմանք իրենց հետ պատահածը հանրայնացնել դեռ չեն շտապում, ասում են՝ ամեն հաջողված դեպք իրենց ոգևորում է ոչ թե ապաստարանում քողարկվել, այլ դուրս գալ, խոսել ու հաղթել:
Կանանց աջակցման կենտրոնում մարզերում բռնությունների ենթարկված միջինը 60-70 կնոջ հետ են աշխատում, թեժ գիծը տարեկան 500-1000 ահազանգ է ստանում:
Կենտրոնի արտաքին կապերի պատասխանատու Պերճուհի Կաժոյանը նշում է, որ խնդիրը համայնքների փակ դռների հետևում պահելը, ամոթը, հասարակության ճնշումները սկսում են նվազել, կանայք ավելի գիտակից են դարձել:
Մինչ այժմ ընտանեկան բռնության զոհ դարձած և իրենց պատմությունը բարձրաձայնած կանայք մարզերից են եղել, Երևանում չի եղել դեպք, որ կանայք հանրայնացնեն բռնության ենթարկվելը:
«Դեպքերի սաստկությունից է կախված նաև հանրային հնչեղությունը, որքան դանակը ոսկորին խորն է հասնում, այնքան ավելի է բարձրանում հանրայնացման կարիքը, գուցե դրանից է, որ մարզերում կանայք լռում-լռում են, ու պայթում՝ հանրային դարձնելով իրենց հանդեպ բռնությունները»,- ասում է Կաժոյանը:
Կանանց աջակցման կենտրոնի ծրագրերի ղեկավար Հասմիկ Գևորգյանը մարզերում կանանց բռնությունների զգալի թիվը պայմանավորում է նրանով, որ Հայաստանում պետականորեն որևէ կառույցում չի պաշտպանվում բռնության ենթարկված կնոջ իրավունքը.
«Գյուղապետարաններում, մարզեպարաններում աշխատում են նույն կարծատիպով մարդիկ, ուստի շատ ժամանակ ծիծաղով են քեզ ընդունում, զարմանում են, թե էլ ի՞նչ տղամարդ, եթե կնոջը մի հատ էլ չծեծի, շատ դժվար է նրանց մոտ հնչեղություն առաջացնել հարցի լրջության մասին: Յուրաքանչյուր բարձրաձայնված օրինակից է, որ կանայք սկսում են ոտքի կանգնել»:
Գևորգյանը հավելում է, որ ընտանեկան բռնության շղթայական ազդեցությունը մտահոգիչ է հատկապես երեխաների հոգեբանության ձևավորման փուլում:
«Ընտանեկան բռնությունից տուժում են ոչ միայն կանայք, այլև երեխաները, հատկապես տղա երեխաների մոտ արդեն ձևավորված է լինում բռնարարի կերպարը, իսկ աղջիկների մոտ՝ կինը պետք է լռի և հանդուրժի կերպարը»,- ասում է Գևորգյանը:
ՄԱՀԲ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը մարզերում ընտանեկան բռնությունների բացահայտման նպատակով այս տարի մարզային բուժաշխատողների վերապատրաստման աշխատանքներ կտանի, նախատեսվում է հարցաշարի կազմում, որը հնարավորություն կտա սոցաշխատողներին, համայնքներում ըստ հարցման պատասխանների, պարզել ընտանիքում տվյալ կինը բռնության ենթարկո՞ւմ է, թե՞ ոչ:
Սակայն նախատեսվող ծրագրերը մարզերում բռնությունների միայն փոքր մասը կարող են բացահայտել, ամբողջական պատկեր ունենալու համար ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ծրագրերի պատասխանատու Ծովինար Հարությունյանը կարևորում է Ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունումը, որտեղ հստակ սահմանված կլինի ընտանեկան բռնություն տերմինը:
«2004-ից աշխատելով ոլորտում՝ նկատել եմ, որ մեր երկրում դա տարածված երևույթ է և հատկապես մարզերում՝ լուրջ հիմնախնդիր, այն մարզերում, որոնք կոնսերվատիվ են, հայրիշխանությունը գերակշռում է, շատ ավելի վատ է վիճակը: Սովորաբար մարզերում ուղղակիորեն բռնության են ենթարկում ամուսինները, սակայն անուղղակիրորեն նրանց դրդում են սկեսուրները»,- ասում է Հարությունյանը:
Մինչ ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունման հնարավորությունը, որը մերժվեց 2013-ի սկզբին և շուտով լրամշակված տարբերակով պետք է ներկայացվի կառավարությանը և Ազգային Ժողով, հասարակական տարբեր կառույցները աջակցում են բռնության ենթարկված կանանց ու երեխաներին: Սակայն նրանց համար առավել մեծ աջակցություն է տեսնել խնդիրները հաղթահարած ամուսինների:
Պսակի պատրաստվող Ժաննան և Եղիազարը, հերթական անգամ պատարագից տուն վերադառնալիս հիշում են անցյալն ու ներկան՝ միասնական ուժերով խնդիրները ամենահեշտ հաղթահարելու վառ օրինակ համարելով իրենց:
«Մենակ կինը, կամ մենակ տղամարդը երբեք չեն կարող ամրության հիմք լինել երեխայի համար, որքան էլ դժվար, սակայն սիրով ու պատասխանատվության բարձր գիտակցումով ամեն ընտանիք իր ամուր պատերը պետք է շարի, որտեղ անելիք չունենա բռնություն կոչվող թշնամին»,- ասում է Ժաննա Բաբայանը:
Փառանձեմ Հովհաննիսյան
Լուսանկարը՝ Նելլի Շիշմանյանի
«Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնություն
Ծրագրի ղեկավար և խմբագիր՝ Գայանե Աբրահամյան
Սկզբնաղբյուրը՝ Aravot.am
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Բա խի՞ էր ծեծել» – սա միայն հարց չէ, սա մտածելակերպ է…
«Էրեխեքի աչքի առաջ էլ խփում էր, կարող ա արյուն գար, էդ իրա վրա չէր ազդում, էլի խփում էր…»
«Հավաքվել են՝ կնկա իրավունքները պաշտպանե՞ն»…
«Այս դատավճիռը ցույց տվեց, որ ընտանեկան բռնությունը չի պատժվում մեր երկրում»:
Այս տարի ընտանեկան բռնություններից տասներկու կին մահացել է
«Մի՛ լռիր, ԽՈՍԻ՛Ր: Մենք կարող ենք օգնել քեզ». պատրաստվել է երկրորդ տեսահոլովակը
Ինչ հարցեր է կարգավորում «Ընտանեկան բռնության կանխարգելման» օրենքը
Հեռուստադիտողը սիրո՞ւմ է կին ծեծող տղամարդկանց
Վերադառնա՛նք մեր արմատներին, ամուր պահե՛նք մեր ընտանիքները / տեսահոլովակ
«Տղամարդը իրավունք ունի ապտակելու իրա կնոջը». նախագահի նախկին թեկնածուն իրեն խայտառակեց
Դիտումների քանակը` 3614