«Այս դատավճիռը ցույց տվեց, որ ընտանեկան բռնությունը չի պատժվում մեր երկրում»:

Ինը տարվա ամուսնական կյանքի ընթացքում Հասմիկ Խաչատրյանը ամուսնու կողմից մշտապես ենթարկվել է բռնությունների և խոշտանգումների: Երկու օր  առաջ Գավառի դատարանի որոշմամբˋ Հասմիկ Խաչատրյանի նախկին ամուսին` Սարգիս Հակոբյանը  ազատազրկման դատապարտվեց Քրեական օրենսգրքի 119 –րդ հոդվածի 1-ին մասով, սակայն նույն պահին  համաներմամբ ազատվեց այդ պատժից:  Հասմիկ Խաչատրյանի քաղաքացիական հայցը` առողջական վնասի փոխհատուցման  և բարոյական փոխհատուցման պահանջով, մերժվեց՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:  Այսօր «Մեդիա կենտրոնում»   ասուլիս էր հրսավիրվել`  դատարանի կողմից կայացած վճռի վերաբերյալ: 

 

«Այս վճիռը ցույց տվեց, թե ինչ իրավիճակում է այսօր մեր երկրի դատական համակարգը: Սա շատ հստակ պատգամ էր համակարգի կողմից, որ ընտանեկան բռնությունը չի պատժվում այս երկրում: Ընտանեկան բռնությունը հասարակության նկատմամբ է նաև բռնություն, դա միայն մեկ կնոջ խնդիր չէ: Մենք այսպիսի դեպքեր էլի ենք ունեցել, երբ ընտանեկան բռնության դեպքում արդար վճռի չեն հասել: Միակ դեպքը, որ հասավ արդար դատավճռի, դա Զարուհի Պետրոսյանի գործն էր, բայց դա էլ մահվան ելք ունեցավ: Այսինքն, եթե դու ընտանեկան բռնության ես ենթարկվում, միակ ձևը, որ կարող ես արդարության հասնել, դա այն է, եթե դու մահացել ես»,- այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» անցկացված ասուլիսին ասաց «Կանանց ռեսուրս կենտրոնի» ղեկավար Լարա Ահարոնյանը:

 

Տուժող Հասմիկ Խաչատրյանը ասաց, որ նման դատավճիռը իր համար շատ ցավալի էր: «Ես բազմիցս տեսել եմ վատ արարքներ, հանցագործությունները, որ արել է նախկին ամուսինս, բայց միշտ գումարով, իր մոր ծանոթներով, կամ մի զանգով հարցերը լուծվել են: Բազմիցս շեշտում էր, որ եթե ես քեզ սպանեմ էլ, միևնույն է պատասխանավտության չեմ ենթարկվի: Նա ասում էր, որ ես չեմ կարող իմ իրավունքները պաշտպանեմ: Ես հիմա կարող եմ ասել, որ չեմ նահանջելու, չեմ հուսախաբվելու անգամ այս վճռից հետո, շարունակելու եմ իրավական դաշտում պայքարել և ավելի բարձր ատյանների դիմել: Ինքը իր կատարած հանցագործությունների դիմաց պետք է փոխհատուցի»,-ասաց Հասմիկ Խաչատրյանը:

 

Ասուլիսին ներկա «Կանանց աջակցման կենտրոնի» ծրագրերի ղեկավար Հասմիկ Գևորգյանն էլ նշեց, որ վճիռը անարդար էր և ապացուցում է կանանց նկատմամբ բռնության համընդհանուր հանդուրժողականությունը:

 

«Մեր երկրում համապատասխան մասնագետներ չկան: Ոստիկանությունից սկսած մինչև դատարան, որևէ մի կառույց չի մոտեցել այս դեպքին որպես ընտանեկան բռնության դեպք, և հաշվի չեն առել ընտանեկան բռնության առաձնահատկությունները»,- նշեց Հասմիկ Գևորգյանը:

 

«Կանանց աջակցման կենտրոնի» փաստաբան Նոնա Գալստյանն էլ հավելեց, որ դատավճիռը կայացվել է անօրինական հիմքերով:

 

«Դատարանը կիրառել է համաներում Սարգիս Հակոբյանի նկատմամբ, երբ առաջ է եղել քաղաքացիական հայցˋբարոյական և նյութական վնասների փոխհատուցման պահանջով: Նման պայմաններում, եթե առկա է քաղաքացիական հայց, ապա դատարանը իրավունք չունի մերժելու քաղաքացիական հայցը և կրառելու համաներում: Բոլորս այն համոզմունքին ենք, որ սա ուղղորդված և նախապես որոշված, գրված դատավաճիռ էր»,-ասաց Նոնա Գալստյանը:

 

Ասուլիսի ամբողջական տեսագրությունը դիտեք այստեղ:  

 

Կարդացեք թեմայի շուրջ .

 

Կնոջը խոշտանգելու մեջ մեղադրվող ամուսինը համաներմամբ ազատ արձակվեց

 

  5 տարի ազատազրկում ամուսնուն՝ կնոջը խոշտանգելու համար


Ծխախոտը հանգցրել է ձեռքին. այրվածքն ապացուցվել է փորձաքննությամբ

 

Խոշտանգումների ենթարկված հարսն արդարություն է փնտրում

 

Բախտագուշակ Վարսիկի` խոշտանգումների ենթարկված հարսն արդարություն է փնտրում

 

7-ամյա երեխան դարձել է ծնողների վեճի զոհը

 

Տանից փախուստի դիմած կինը պնդում է՝ ամուսինը երեխաներին որպես զենք է օգտագործում իր դեմ

 

 

 

 

Դիտումների քանակը` 3828

Գլխավոր էջ