Աշխատանքի տոնավաճառ հաշմանդամություն ունեցող անձանց համար

Երևանում այսօր կայացավ արդեն երրորդ աշխատանքային տոնավաճառը հաշմանդամություն ունեցող անձանց համար, որին թափուր աշխատատեղերի իրենց առաջարկներով ներկայացված էին ավելի քան 30 գործատու-ընկերություններ` «Ռոսգոստրախը», «Bet construct»-ը և այլն: Կազմակերպիչները հենց սկզբից նշեցին, որ ամեն տարի մասնակիցների թիվը ավելանում է, տոնավաճառի հանդեպ հետաքրքրությունն աճում և որ նույնսիկ մեծացել է պահանջարկը նման տոնավաճառներ անցկացնել ոչ միայն Երևանում, այլ մարզային խոշոր քաղաքներում` հնարավորություն տալով մարզերում բնակվող, հաշմանդամություն ունեցող անձանց ևս լուծել իրենց զբաղվածության խնդիրը:

 

31-ամյա Արմինեն տոնավաճառի եկել էր, որպեսզի աշխատանք  գտներ ինչ-որ կարի արտադրությունում:  «Մի քանի տարի առաջ հասկացա, որ կարող եմ աշխատել նաև ես, որ որոշակի բան է փոխվել իմ և իմ բախտակիցների հանդեպ: Բայց սկզբում տանից էի աշխատում` սփռոցներ ձեռագործում, ասեղնագործում, դրանք տանում էին Հունաստան, Թուրքիա, այլ երկրներ վաճառքի: Այդ աշխատանքը թեև լավ էր վարձատրվում, բայց մշտական չէր, ու դրա համար ուժերս հավաքեցի ու սկսեցի աշխատանք փնտրել»,- WomenNet.am-ի հետ զրույցում պատմեց նա: Արմինեի խոսքով` նախկինում նա փորձել է աշխատել և խանութում` որպես հավաքարար, և կրպակում որպես վաճառողուհի, բայց երկարատև չի ստացվել: Միշտ ինչ-որ բան խանգարել է ու թեև շատ դեպքերում դա իր անձի հետ կապված չի եղել, բայց նա մշտապես այդ կարծրատիպի ծանրության տակ է եղել` ամեն բան վերագրելով իր հաշմանդամությանը (ոտքերի խնդիր ունի): Իսկ մի օր բարեկամուհին Գյումրիից հեռախոսազրույցում ասել է, որ կարի արտադրամասում է աշխատում, որտեղ կան նաև հաշմանդամություն ունեցող կանայք ու ամեն բան այնքան լավ ու հուսադրող նկարագրել, որ Արմինեն միանգամից որոշել է` կաշխատի, որպեսզի աշխատի կարի արտադրամասում.

 

«Ինձ ասացին, որ անգամ եթե ես այսօր չգտնեմ աշխատանք իմ սրտով, ապա իմ տվյալները մնալու են իրենց տվյալների բազայում ու օրերից մի օր անպայման իմ ուզած աշխատանքը կգտնեն ինձ համար»,- հավատով ասաց նա` շտապելով մոտենալ առկա գործատուների տաղավարներին:

Նշենք, որ պաշտոնապես Հայաստանում գրանցված է 196 703 հաշմանդամություն ունեցող անձ: Այս թվից շուրջ 110 հազարը աշխատունակ տարիքի են, սակայն նրանց  92 տոկոսը չունեն աշխատանք: Եվ ահա այսօր տոնավաճառի շրջանակում որոշ գործատուներ արժանացան շնորհակալագրերի` իրենց ընկերություններում  աշխատելու հնարավորություն ընձեռելով հաշմանդամություն ունեցող անձանց:

 

Տոնավաճառի մասնակիցներին ողջունելով «Ունիսոն» հկ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը հայտարարեց, որ տոնավաճառին բոլորի ներկայությունը կարևոր է,  քանի որ եթե անգամ նրանք աշխատանք այսօր չգտնեն, ապա կշփվեք գործատուների հետ և կհասկանան, թե ինչ պահանջարկ  այսօր կա աշխատաշուկայում, ինչ հմտություններ են հարկավոր խորացնել ու զարգացնել:  Իսկ «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության LIFE  ծրագրի տնօրեն Ջինա Սարգիզովան  WomenNet.am-ի հետ զրույցում ասաց, որ տարեց տարի աշխատանքային տոնավաճառին ավելանում է գործատուների քանակը և այսօր արդեն կարող են հպարտությամբ ասել, որ LIFE-ի ընդհանուր բոլոր գործողություններում , տարբեր միջոցառումներում ներգրավված են եղել 500-600-ից ավելի գործատուներ.

«Եթե մենք այսօր խոսում ենք 17 սոցիալական ձեռնարկության մասին, ուրեմն մենք խոսում ենք 17 բիզնես կառույցների մասին, որոնք պատրաստ են եղել ընդունել աշխատանքի մեծ թվով` 10-15 հաշմանդամություն ունեցող անձի: Եթե մենք այսօր խոսում ենք 350 աշխատանքի տեղավորվածների մասին, ուրեմն մենք խոսում ենք ոչ պակաս, քան 300 գործատուների մասին, որոնք նույնպես , հրաժարվելով իրենց կարծրատիպերից, գնացել են այս ճանապարհով: Եթե մենք այսօր շնորհակալագրեր ենք հանձնում տարբեր կազմակերպությունների, ուրեմն դրանք մեծ թվով աշխատանքի տեղավորվածների համար է, օրինակ ինչպես «Սեքյուրթի դրիմ» կազմակերպությունն է , որտեղ 20-ից ավելի հաշմանդամություն ունեցող անձիք են ընդունվել աշխատանքի: Կամ ինչպես ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունն է, որտեղ հաշմանդամություն ունեցող աշխատակիցների թիվը հասնում է 30-ի` ոչ միայն Երևանում, այլ նաև մյուս մարզերում»,- ասաց նա: Ջինա  Սարգիզովայի խոսքով` այս բոլոր օրինակները խոսում են այն մասին, որ թե հասարակությունն է այսօր արդեն հրաժարվել կարծրատիպերից, ընդունելով հաշմանդամություն ունեցող անձին և տեսնելով, որ այդ անձը նույնպիսի աշխատող է, ինչպես և հաշմանդամություն չունեցողը, թե  գործատուները.

 

«Իսկ աշխատանքի տոնավաճառը իրոք լավ հնարավորություն է, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձը հանդիպի գործատուին և անմիջապես կարողանա ներկայացնել իրեն ու իր հնարավորությունները:  Եվ  եթե նա հենց այսօր չգտնի աշխատանք, ապա գոնե փորձ է  ձեռք է բերում ` շփվելու գործատուի հետ, ներկայացնելու իր կարողությունները»:

Տիկին Սարգիզովան տեղեկացրեց, որ իրենց  ծրագրի շրջանակներում իրենք արդեն երրորդ տարին է կազմակերպում են աշխատանքի հմտությունների դասընթացներ, որտեղ սովորեցնում են գրել ռեզյումե, անցնել հարցազրույց և այլն: Եվ բոլոր գործատուները փաստում են, որ աշխատանքի տոնավաճառի եկած դասընթացի մասնակիցները արդեն պատրաստված են բոլոր իմաստներով:

 

Հարցին` տեղյակ է արդյոք, որ գործատուների կողմից կա խտրական մոտեցում, երբ նույն պաշտոնի համար հավակնող հաշմանդամություն ունեցող անձը ստանում է ավելի քիչ վարձատրություն, քան հաշմանդամություն չունեցողը, Ջինա Սարգիզովան նշեց, որ նման տվյալների չի տիրապետում , բայց այն կարծիքին էլ չէ, որ նման մոտեցում առկա է, պարզապես սեգրեգացիան, ըստ նրա, այլ կերպ է ընթանում.

 

«Հնարավոր է ոչ այդքան պատասխանատու աշխատանքի համար հրավիրեն հաշմանդամություն ունեցող անձին, ինչն իհարկե բերում է ավելի ցածր աշխատավարձի: Բայց պետք է արձանագրեմ, որ այսօր մենք գնում ենք դրական խտրականություն կիրառելու  ճանապարհով և արդեն իսկ 2015թ-ի հունվարից ներդրվելու է աշխատանքային քվոտա հաշմանդամություն ունեցող անձանց համար, երբ 100-ից ավելի աշխատակիցներ ունեցող պետական կառույցը պետք է ունենա ոչ պակաս, քան 3 տոկոս հաշմանդամություն ունեցող անձ իր աշխատակազմում: Իսկ 2016թ-ի հունվարից այդ պահանջը կտարածվի  ավելի քան 100 աշխատակից ունեցող բիզնես և այլ մասնավոր կառույցների վրա, որոնք պետք է ունենան ոչ պակաս, քան 1 տոկոս հաշմանդամություն ունեցող անձ իրենց աշխատակազմում»,- թվարկեց նա և հավելեց, որ սա է հենց այն ճանապարհը, որով պետք է գնանք առաջ:

 

Նշենք, որ տոնավաճառը կազմակերպվել էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության կողմից իրականացվող «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագրի շրջանակներում:

 

Է.Մակարյան

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

LIFE-ը կոտրում է կարծրատիպերը

 

«Ես ԿԱՐՈՂ ԵՄ աշխատել». Ճամբարակում բացվեց «ԼԱՅՖ սրճարան» սոցիալական ձեռնարկությունը

 

«LIFE»-ը՝ լիարժեք կյանքով ապրելու եւ աշխատելու հնարավորություն է / վիդեո

 

«LIFE»-ը ` կյանք է արժանապատիվ ապրելու իմաստով

 

Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունը Հայաստանում. հետազոտություն

 

«Եկեք փոխենք հասարակության վերաբերմունքը հաշմանդամ կանանց նկատմամբ»

 

«Մոտենում են, որ խոսեցնեն, հասկանում են, որ չեմ տեսնում, թողնում գնում են…»

 

«Միսս Հայք» գեղեցկության մրցույթը կարծրատիպեր է կոտրում

 

Թռիչք առանց ձեռքերի. Ջեսիկա Քոկսի կյանքի պատմությունը/ վիդեո

 

Մանկական հաշմանդամությունը թվերով /վիդեո

 

‹Վերացնենք խոչընդոտները, բացենք դռները դեպի հասարակություն բոլորի համար››

 

«Ժամանակն է իրագործելու մեր ներուժը»

 

Հաշմանդամների իրավունքները խախտվում են «ամենակարևոր» ոլորտներում

 

Արդարությունը ձեր ձեռքերում է / սոցիալական տեսահոլովակ Հայկոյից և Մկոյից

 

«Ես ունեմ մայրանալու իրավունք»

 

“Հաշմանդամության խնդրին նույնպես պետք է գենդերային մոտեցում ցուցաբերել”…

 

Հայաստանի հաշմանդամ երեխաների 65 տոկոսը ապրում է աղքատության մեջ/ վիդեո

 

Հանրային կարծիքը հաշմանդամության խնդիրների վերաբերյալ՝ ինչպիսի՞ն է այն Հայաստանում

 

Կարինե Գրիգորյան . «Բոլորս էլ արժանի ենք, որ ապրենք արժանապատիվ կյանքով»:

 

Հաշմանդամ աղջիկներից ծնողներն ավելի հաճախ են հրաժարվում՛

 

 

 

Դիտումների քանակը` 4347

Գլխավոր էջ