«Հավաքվել են՝ կնկա իրավունքները պաշտպանե՞ն»…
Կնոջը երեխաների աչքի առջև դաժանաբար սպանած ամուսինն իր արարքը տղամարդու քայլ է համարում
37-ամյա Դիանա Նահապետյանի մահից անցել է ավելի քան մեկուկես տարի, սակայն նրա դուստրերը` 15-ամյա Արփինեն ու 18-ամյա Անահիտը շարունակ մղձավանջներ են ունենում և լցված են իրենց մորը դաժանաբար կյանքից զրկողին սպանելու անհագ ցանկությամբ: Այս դեպքի մանրամասներին եւս մեկ անգամ անդրադառնում է Armlur.am-ը` Դիանայի մոր` Վալյա Նահապետյանի հետ զրույցում:
Մայրը նշում է, որ վերջին դատական նիստին խնդրել է մեղադրողին և պաշտպանին երեխաներին դատակոչելու միջնորդությամբ հանդես չգալ: Նրա խոսքերով` ամեն անգամ, իրենց կյանքի ամենադաժան դրվագը վերհիշելով, երեխաներն ավելի մեծ սթրես են ապրում:
«Դեպքից հետո երեխաների հետ հոգեբաններ աշխատեցին, ու, անկեղծ ասած, արդյունքը բավականին գոհացնող էր: Սակայն ավելի ուշ նրանց մոտ կրկին սկսվեցին սթրեսային վիճակները: Մանավանդ սկզբի շրջանում թոռներս ագրեսիվ էին դարձել: Մեծս ասում է՝ տատի՛, եթե դրան բան չլինի, ես իմ ձեռքերով եմ դրա վերջը տալու: Իսկ փոքր թոռս էլ մեկ-մեկ ասում է` տատի՛, որ բալկոնից ինձ քցեմ, ի՞նչ կլինի: Խեղճ էրեխեքս փոքր-փոքր էդ անասունի պատճառով հիստերիկ են դառել»,- հուսահատ ասաց սպանված կնոջ մայրը:
Հիշեցնենք, որ 2012 թվականի դեկտեմբերի 4-ին 51-ամյա Վոլոդա Մուրադյանը, իր կնոջ` Դիանա Նահապետյանի բնակարանում ամուսնական անհավատարմության հարցի շուրջ վիճաբանության մեջ է մտել նրա հետ: Վիճաբանության ընթացքում ձեռքերով, ապակյա վազով հարվածներ է հասցրել կնոջ մարմնի տարբեր մասերին, այնուհետև մազերից քաշելով տարել է խոհանոցի մուտքի մոտ և խոհանոցային դանակներով կրկին սկսել է հարվածել Դիանային, ինչի հետևանքով կինը տեղում մահացել է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1 մասի հատկանիշներով (սպանություն), սակայն տուժողի իրավապաշտպանը միջնորդություն պետք է ներկայացնի 104 հոդվածի 5 մասի հատկանիշների առաջադրման մասին, այն է` սպանություն՝ առանձնակի դաժանությամբ, ինչը նախատեսում է 12-20 տարվա կամ ցմահ ազատազրկում:
Նշանակված դատահոգեբանական փորձաքննությամբ պարզ է դարձել, որ Վոլոդյա Մուրադյանը կոմուլյատիվ աֆեկտի տակ չի գտնվել, նա եղել է հոգեկան բարձր հուզական վիճակում, սակայն հանցանքը կատարելիս ամբողջովին գիտակցությունից զրկված չի եղել: Այսինքն՝ մեղսունակ է և գիտակցելով է կատարել հանցանքը: Իսկ դատական նիստերից մեկի ժամանակ, ինչպես մեզ հայտնեց Վալյա Նահապետյանը, Վոլոդյան ասել է. «Ո՞ւր ա Հայաստանում տղամարդ: Դրանց շալվարները պետք ա հանել, յուբկա հագցնել: Հավաքվել են՝ կնկա իրավունքները պաշտպանե՞ն»:
Սպանվածի մայրն Armlur.am-ին հայտնեց. «Փոքր թոռս` Արփինեն, պատմել է, որ երբ տեսել էր մորը սպանելիս, էդ սվոլոչին հարցրել է` ինձ է՞լ եք ուզում սպանել, դա ասել է` չէ, Ափո՛ ջան, դու կարաս գնաս քո սենյակում քնես: Բա աֆեկտի տակ եղած մարդը տենց բան կասե՞ր»: Վալյա Նահապետյանի խոսքերով՝ նա այս դիտարկումն արել է նաև դատարանում, սակայն արձագանք չի ստացել:
Մոր փոխանցմամբ` իր 18-ամյա թոռնուհին ականատես է եղել մոր սպանությանը: Ավելի ուշ իրեն պատմել է, թե ինչպես է արթնացել մոր բղավոցներից, ու տեսել, որ ճաշասենյակի դուռը կողպված է: «Ասում ա` Վալոդն էլ մամային էն կողմից հրում էր անընդհատ: Ներս ա մտել, տեսել վազը վերցրել է ու խփում է: Էրեխեն փորձել ա Դիանայիս փախցնի, բայց ետևից հասցրեց էլի խփի: Ասում ա` հետո մամային քարշ տալով տարավ խոհանոց, ու սկսեց դանակով խփել»: Տեսնելով, որ չեն կարողանում փրկել մորը, քույրերը վազել են դուրս: Չորրորդ հարկից վազում են ներքև և օգնություն կանչում՝ ծեծելով հարևանների դռները, սակայն ոչ ոք չի արձագանքում: Ոտաբոբիկ աղջիկները վազում են մինչև Ոստիկանության շենք: Մինչև բնակարանից դուրս փախչելը խորթ հայրը հասցնում է դանակի հարվածով վնասել նաև Անահիտի ոտքի ներբանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Սպանության ականատես եղած աղջիկներին պետք չէ կրկին սթրեսի ենթարկել»
Կնոջը 21 հարվածով սպանած ամուսինը աֆեկտի տակ չի եղել (տեսանյութ)
Պահանջում են խստացնել մեղադրանքը կնոջը առանձնակի դաժանությամբ սպանած ամուսնու նկատմամբ
«Տղամարդը իրավունք ունի ապտակելու իրա կնոջը». նախագահի նախկին թեկնածուն իրեն խայտառակեց
«Բա խի՞ էր ծեծել» – սա միայն հարց չէ, սա մտածելակերպ է…
Դիտումների քանակը` 3345