«Սպանության ականատես եղած աղջիկներին պետք չէ կրկին սթրեսի ենթարկել»

Ինչպես արդեն տեղեկացրել էինք   իր քաղաքացիական կնոջը Դիանա Նահապետյանին դաժանորեն սպանած Վոլոդյա Մուրադյանի դատապաշտպանը դատարանին միջնորդել էր վերադառնալ դատաքննության փուլին: Թեեւ  տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը եւ դատախազը կարծիք հայտնեցին, որ  միջնորդությունն անհիմն է, սակայն դատարանը բավարարեց այն:

 

 

«Սպանության ականատես եղած աղջիկներին եւս մեկ անգամ պետք չէ սթրեսի ենթարկել, կարիք չկա, որ նրանք նորից գան դատարան եւ մանրամասնորեն պատմեն, թե ինչպես է Վոլոդյա Մուրադյանը սպանել իրենց մորը»,- «WomenNet.am»-ի հետ զրույցում ասաց Դիանա Նահապետյանի մոր փաստաբան Նարինե Մկրտչյանը՝  ոսելով  դատաքննության փուլին վերադառնալու   դատարանի որոշման հետեւանքների մասին:

 

 

Փաստաբանն այսօր Արարատ և Վայոց Ձոր մարզերի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատաքննության ժամանակ միջնորդեց աղջիկներին չվկայակոչել դատարան: Փաստաբանի միջնորդությանը միացավ նաեւ գործով մեղադրող դատախազ Հայկազ Նիկողոսյանը:

 

 

Դատարանը սույն միջնորդությունը բավարարելու համար պահանջեց ներկայացնել հոգեբանի եզրակացություն այն մասին, որ դատարանում իրենց մոր սպանության վերաբերյալ հարցաքննվելը կարող է բացասաբար անդրադառնալ աղջիկների հոգեկան առողջության վրա:

 

Հիշեցնենք, որ 35-ամյա Դիանա Նահապետյանին 21 դանակի հարվածով սպանած Վոլոդյա Մուրադյանի պաշտպանը փորձում է դատարանում ապացուցել, թե հանցագործության պահին նա  գտնվել է աֆեկտի տակ: Այդպիսով դատապաշտպանը փորձում է փոխել իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքն ու պատժաչափը: Նշենք, որ Մուրադյանը մեղադրվում է առանձնակի դաժանությամբ կատարված սպանության մեջ եւ դատախազը դատարանին միջնորդել էր նրան դատապարտել 12 տարվա ազատազրկման:

 

Հաջորդ դատական նիստ տեղի կունենա հոկտեմբերի 9-ին` ժամը 15.00-ին:

 

Արման Ղարիբյան

Դիտումների քանակը` 3389

Գլխավոր էջ